ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բաղրամյան պողոտան մնում է ռիսկի գոտի

Բաղրամյան պողոտան մնում է ռիսկի գոտի
29.06.2015 | 12:42

Երեկվա խելահեղ լարումից հետո լուսաբացը Բաղրամյանում խաղաղ է: Փաստացի՝ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը մղվել է հետին պլան և առաջնայինը դարձել է ցուցարարներ-ոստիկանություն բախման հարցը, այսինքն՝ իշխանությունը ուժ կկիրառի՞ խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ տեղիք տալով բռնությունների նոր ալիքի ու հեռագնա հետևանքների՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության արտաքին քաղաքական մակարդակով, կոնկրետ իրավիճակի զարգացումների ներքաղաքական մակարդակով, թե՞ կգերակայի սթափ գնահատականը՝ հետևանքների անդառնալիության գիտակցումով: «Ոչ թալանին» նախաձեռնությունը կիսվեց՝ Ազատության հրապարակում նստացույց անողների և Բաղրամյան պողոտայում մնացածների: Բաղրամյան պողոտայի ամբիոնը մնացել է թափուր, բայց ցուցարարները չեն հեռանում: Գյումրիի Թատերական հրապարակը ևս գիշերը տուն չի գնացել՝ հոգևորականների ու ոստիկանների հետ սպասելով, թե Երևանում ինչ կլինի:

Առավոտվա միակ նորությունը աղբամանների «պատերազմն» է՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը», հունիսի 28-ին քննիչը որոշում է կայացրել առգրավել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող և Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները: Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը փորձում էր Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ առգրավել բարիկադ դարձած աղբամանները: Ցուցարարները պահանջեցին ներկայացնել իրազեկման 15,000 օրինակ, որ կարողանան ծանոթանալ: Ավելի ուշ՝ ՛՛Սանիտեկը՛՛ հրաժարվեց իր պահանջից, որ իր պահանջը չէր, այլ՝ իշխանության թելադրանքը և դատարանի կախյալության ապացույցը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ իրեն բնորոշ արտիստիզմով հայտարարեց, որ միայն Ազատության հրապարակում է տեսնում լուսավոր դեմքեր, որ թարգմանաբար նշանակում է՝ Բաղրամյան պողոտան մնում է ռիսկի գոտի:
Հակառակ ՀՀ վարչապետի ազնիվ զայրույթի ու Բաղրամյան պողոտայի
ցուցարարներին «չհասկանալուն», ակնհայտ է, որ ՀՀ նախագահի առաջարկած աուդիտն իբրև միջանկյալ լուծում չընդունվեց: Իշխանությունը չգտավ ժողովրդին տուն ուղարկելու բանաձև, քաղաքացական հասարակությունը բավականաչափ հասունացել է՝ հասկանալու համար, որ պետական գանձարանը ևս իր գրպանն է, եթե ոչ անձնական, ապա՝ ընդհանրական, ուստի չի կարող համաձայնել միջնորդավորված վճարել այն սակագինը, որը համարում է չարդարացված ու չհիմնավորված:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ ինչ-որ պահի ցուցարարների ու ոստիկանների բախումը թվում էր անխուսափելի՝ դատելով Բաղրամյան պողոտայում ու հարակից տարածքներում կուտակված ոստիկանական ուժերից ու հատուկ տեխնիկայից, ցուցարարների անզիջում կեցվածքից: Գերակշռեց իմաստնությունը՝ Բաղրամյան պողոտայում վերուվարող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախագահականից գրոհի հրահանգ չստացավ, իրավիճակն աստիճանաբար լիցքաթափվեց: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը համարյա անընդհատ կոչ էր անում կանանց ու երեխաներին հեռանալ ոստիկանների ու ցուցարարների արանքից, բայց նրանք չհեռացան, ու նաև այդ փաստը կասեցրեց ոստիկանության գրոհը՝ պատգամավորների, քաղաքական ու հասարակական գործիչների, շոուբիզնեսմենների ներկայությամբ: Ու ի՞նչ: Ոչ ոք այս հարցի պատասխանը չունի:

Դիտվել է՝ 1867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ