Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Դաշինքն ընդդեմ հրեշի («Մութ ժամերի» այգաբացը)

Դաշինքն ընդդեմ հրեշի («Մութ ժամերի» այգաբացը)
05.06.2015 | 11:32

Թե քծնանքի հին մատուռում
Մոմն այլևս լույս չի տալիս,
Իսկ աղոթքը վաղուց արդեն կեղծ կենաց է,
ՈՒրեմն սուտ խնկարկեքի ժամն անցել է,
Եվ մատուռում բուռն հրճվանքի հոգեհաց է...
«Անտրամաբանական սիլլոգիզմներ»,
Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

ԵՐԲ ՓԱՌՔԸ ՓԱՌԱԿԱԼՈՒՄ Է

(նավակայանում «Բարձր հովանի» կոթողի բացումն է)

Հողմահար մի երեկո էր. Երևանի Սպանդարյանի շրջկոմի գրասենյակներից մեկում (ուր հիմա ՄԱԿ-ի գրասենյակն է) «Անկախության բանակ» զորամիավորման մարտիկների հետ էի, նրանք քննարկում էին գալիք մարտերի ռազմավարությունը, ես սրտատրոփ սպասում էի կուսժողովի մեկնարկին, որտեղ նաև կուսակցությանն անդամագրվելու իմ թեկնածությունն էր ներկայացված։ Դուռը կտրուկ բացվեց, ներս մտավ առանց ուսադիրների զինվորական հագուստով, կառուցիկ կազմվածքով և ազնվական խստակյաց դեմքով մեկը։ Մարտիկները ոտքի ելան, նրանց հետ էլ ես։ Երբ հարցրին, թե ինչու է վրդովված, պատասխանեց այսպես. «Տղաներ, ասել եմ և նորից եմ ասում, որ թուրքն է մեզ կռվել սովորեցնում, մինչև մեր ամորձիներին չի խփում, մենք մեր մեջքը չենք շտկում»։ Լեոնիդ Ազգալդյանն էր։

Ի դեպ, կուսանդամակցության երաշխավորներս էին ՀՀԿ քաղաքական խորհրդի երկու անդամները` Յուրի Բախշյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը։

Հաճախ եմ հիշում Լեոնիդին։ Նրա ասածը թևավոր խոսք է դարձել։ Իսկապես, մի՞թե ժամանակը չէ, որ մենք շտկենք մեր կորաքամակ մեջքերն ու խաղաղ դիմակայությամբ «պատին դեմ տանք» իշխանություններին և կառավարությանը։ Դեմ տանք և վերջնագիր ներկայացնենք. կամ բարեպաշտորեն ղեկավարում եք երկիրը, կամ էլ մարդասիրաբար լքում եք հայրենիքը։ Այս հարցը հաճախ եմ քննարկում մտավորական և ազատամարտիկ ընկերներիս հետ։ Հարցի ռազմավարության կապակցությամբ նրանք (իմա՝ իշխանություններն ու կառավարությունը) ինձ հետ համամիտ են։ Այսինքն՝ կա՛մ, կա՛մ։ Տարակարծություններ են ծագում տակտիկական ձևաչափում. նրանք պիտի ունեզրկվեն, հետո հեռանա՞ն, թե՞ կարող են արյուն-քրտինքով կորզած գողոնը տանել հետները։ Ինքս առաջարկում եմ հետևյալ ելքը. վերնակույտը պետք է գողոն-գույքը վաճառի։ Հետո պիտի ճիշտ քառասուն օր ծոմ պահի, այնուհետև ճանապարհվի սահմանամերձ բնակավայրեր, բնակեցնի դրանք, աշխատի օրնիբուն և ապաշխարի։

(Վերջերս գերուշագրավ մի միտք լուսաբանեց մեր անցած և դեռ անցնելիք ուղին։ Նախկին քաղբանտարկյալ, ներկա իշխող կուսակցության համահիմնադիր, այսօր էլ փոխնախագահ Ռազմիկը Զոհրաբյան սահմանեց ահա սույնը. «Հայաստանը նոր է ոտքի կանգնում, բոլորը պիտի մնա՞ն, չարտագաղթե՞ն։ Մարդը Երկիր մոլորակի քաղաքացի է, որտեղ լավ է, գնում է այնտեղ ապրի»։ Կեցցե՛ս։)

Ի դեպ, ինչո՞ւ պետական տոների շարակարգում չավելացնել այս մեկը. «Հանրապետության պետգանձագողի տոն»։ Անկասկած այն պիտի հայտարարվի ոչ աշխատանքային օր, և պետք է այդ օրվա ընթացքում բնակչությանը թույլ տրվի անվճար երթևեկել տրոլեյբուսներով և դարձյալ անվճար՝ զբոսնել վերնակույտի դղյակներում։ Մի խոսքով, առայժմ լռիկ հանդուրժում ենք մեր միս ու արյուն իշխանիկների օր օրի ավելի հնարագետ դարձող վայրագությունները և բավարարվում ենք նրանց հրամցրած անյուղ վռիկով, որը մեզ է մատուցվում զանազան և զարմանազան հովանիների ներքո։

ԶԱՎԵՇՏ-ՆԱՄԵ

Վերջերս գինովցած մի քաղգործիք (ա՜յ քեզ փորձանք, հանկարծ պարզվեց, որ այս հերձվածող-սուբյեկտը ընթերցողս է) ներկայացրեց վերին օղակներից մեկի փառահեղ մտադրությունը. «Թումանյան» թանգարանը դարձնել մշակութա-որկորային կենտրոն, որը էապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն լուրջ գայթակղություն կկրի յուր մեջ։ Պատկերացրեք, հյուրերին կմատուցվեն իմաստամիտ լոռեցու սիրած ուտեստները (դիցուք, խորոված ձուկը) նրա հերոսների՝ Գիքորի, Քաջ Նազարի և շան ու կատվի ձեռքերով։ Բազազ Արտեմն էլ կհանդիսանա այս օբյեկտի տնօրենը։

Հ. Գ. Պատվելի ընթերցող, եթե սույն զավեշտը քեզ զառանցանք թվաց, պաղատում եմ, փորփրիր հիշողությունդ և վերականգնիր ՀՀ բիոզուգարանների մասին իրապատում-հեքիաթը։

ԱՎԱՐԱՅՐԸ ՄԵՐ ԴՌԱՆԸ

(նավաբեկություն մտավորականների մտքերում)

Փառք ու պատիվ իշխանական վերնակույտին։ Նա անում է հնարավորը, որ արթնանա երկրի քաղաքացին մեր երիցս թլպատված հոգիներում։ Թանկագին ստեղծագործական մտավորականություն, պատվարժան մանկավարժներ, հիացմունքի արժանի գիտնականներ, բոսորամիտ երիտասարդներ և, վերջապես, երկրիս ողն ու աղը հանդիսացող ազատամարտի վետերաններ, ժամանակը չէ՞ ընդունելու, որ հենց մեր ջերմոցային հլության վերջնարդյունքում 3-րդ հանրապետության կառավարող վերնադասը գրեթե ակնթարթորեն վերափոխվեց վերնակույտի և սպառնում է տեսանելի ապագայում վերաձևվել գարշակույտի։ Մի՞թե տեղի կտա 2017-ի ՀՀ խորհրդարանը այս ձևաչափում։ ՀՀ օլիգարխիատի դրածո մտավորական քծնասպետներ, բացահայտ գործող ԼԳՏԲ-ականներ և ակնհայտ հայտավորված աղանդավորներ։

Փառք ու պատիվ հայրենի իշխանություններին, զի անում են հնարավորը, որ Հայաստանում ձևավորվի քաղաքացիական հասարակություն, այսինքն՝ ակտիվորեն բարոյազրկում են հանրապետությունը և ջերմեռանդորեն հիմնավորում են բարոյազրկման հույժ անհրաժեշտությունը երկրի ներկա խայտառակ կեցության ապահովման և վաղվա գիշատչական եղելության ամրագրման գործում։ (Իսկ մենք լռիկ ճաշակում ենք մեր հանապազօր վռիկը)։ Ի դեպ, վերջերս խիստ ակտիվացել են ջերմոցավռիկային գործընթացները, ձևավորվել է հզոր մի ընդդիմադիր շարժում, երկրիս մտավորական ակտիվ խավը թևակոխել է համազգային ընդվզման վճռորոշ փուլը։ Նրանք ի մի են գալիս խորհրդավոր ակումբներում, և ի սարսափ վերնակույտի, քննության են առնում պետության բնական զարգացմանը խոչընդոտող բազմաբնույթ խնդիրները, քնարական ձոներգեր են երգում առ ազգի հարատևում և, պարպելով 13-րդ բաժակ սուրճը, սլանում են դեպի տուն։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ հայ մտավորականությունը չի միաբանվում համապետական խնդրի շուրջ՝ միաձուլվելով երկրի երիտասարդությանն ու ազատամարտիկներին։ Էլ ի՞նչ պիտի անի իշխանությունը, որ մենք սթափվենք, որ մենք բռունցքներս հանենք մեր գրպաններից և անցնենք երկարատև դիմակայության։ Գուցե գալիք աշնանը հրապարակ կիջնեն մտավորականները, ազատամարտիկներն ու երիտասարդությունը։ Հակառակ դեպքում, հավատացեք, խաղը տանուլ կտանք արդեն վերջնականապես, հրապարակներում աղավնիների ազատարար երփներանգ ձայներգության փոխարեն բայղուշների ու ղշերի հեղափոխական աղտոտ մուղամներն են լսելի, նոր քաղկառույցներն են փորձում գրավել սրտերը։

Լրագրող, նաև գրող, պատգամավոր Մարգարիտ Եսայանը վերջերս ուշագրավ մի միտք հրապարակեց. «Եթե հասարակությունը վախենա իր ոտնահարված իրավունքի մասին բարձրաձայնելուց, իրականությունը չի բացահայտվի»։ Գերազանց է։ Սակայն եթե ինքս, որպես հանրային մի համեստ, բայց աննկուն խոսափող, տարիներ շարունակ ծանր մի խնդիր բարձրացնում եմ պետական բարձրագույն ատյանների առջև և տարիներ շարունակ արժանանում եմ նրանց քամահրալից ծաղրուծանակին, ապա ենթադրում եմ, որ հանրային արժանապատվության կոխկրտումն իշխանական ռազմավարության հանգուցակետն է։ Արգո Մարգարիտ Եսայան, վերջերս, ճիշտ 1.30-ին ահաբեկված վեր թռա քնից, վեր թռավ ահաբեկված մի ողջ թաղամաս. ոմն անասնակերպ իր դղյակի բակում նշում էր ներանձնական երջանկությունն ահաբեկչական հրավառությամբ։ Այսպես է ամենուր։ Եվ բազում հրապարակումներս ու նամակ-բողոքներս (որոնք հուշում են, որ հրավառություններն ու նախատոնական պայթուցիկային խրախճանքը խիստ վտանգավոր են մարդկանց առողջության համար), դարձել են ձայն բարբառո՝ ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության որմնապատ անապատներում։ Ես այս խայտառակության ամփոփ տեղեկագիրն օրերս պաշտոնապես կհասցնեմ Ձեզ, խորապես հուսալով, որ Դուք հարցը կդարձնեք 131 պատգամավորների քննության առարկան։

Մի խոսքով, ժամն է միաբանման և խաղաղ դիմակայության։ Թե չէ նկարիչն իր կտավի առջև դիրքավորված, գրողն իր գրչին ապավինած, ազատամարտիկն էլ յուր անցյալի փառապանծ հուշերով տարված կամա-ակամա ջրում են ներկա իշխանակույտի տնամերձը, որի դարպասին ձյութե տառերով գրված է՝ «Էրիվանի խանություն»։

Սա՞ էր կանխագուշակում Ազգալդյանն այն հողամահար երեկոյան։

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ ԴԵՊԻ 4-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

(նավահանգստում 4-րդ հանրապետության օրհներգն է որոտում)

Թասդ բեր, պատվելի Գագիկ Նահապետյան։ (Թասդ լցնում եմ իմ խորհրդահայ 5-աստղանի կոնյակով)։ Եկ խմենք հայ պետականության վերականգնման կենացը։ Եվ հուսանք, որ ազգային-պետական բարոյականությունը կուղեկցի մեզ դեպի լյառն Արարատ։ Եվ քծնանքի հին մատուռներում ծնկի կգան մտավորական քծնասպետները, քաղաքական արհեստավարժ պոռնիկներն ու մյուս հերձվածող-հերետիկոսները։ Ամե՛ն։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ