«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ռաբիսի սմբակները խուժանաերթերում

Ռաբիսի սմբակները  խուժանաերթերում
10.02.2015 | 12:31

ՈՒղևորատար տրանսպորտի աշխատանքը վերածվել է խուժանաերթի։
Այստեղ դրության տերը վարորդն է, ավելի ստույգ՝ վարորդի անվան տակ ղեկը «ժառանգած» փողոցայինը։ Այո, մայրաքաղաքի տրանսպորտը (բացառությամբ տրոլեյբուսն ու մետրոպոլիտենը) բարեփոխվում է, ավտոբուսներն արդեն իշխում են ուղեգծերում և կարծես թե ժամանակն է անհոգ շունչ քաշելու։ Մեղանչած կլինենք, եթե ասենք, որ խոր և հուսաշող շունչ չենք քաշում։ Քաշում ենք, միայն թե ավտոբուսն ու երթուղայինը լքելուց հետո։ Դրության տերը, այո, վարորդն է, ով պարտադիր անթրաշ է, եթե ծխող է, ապա անկաշկանդ «բքում» է ողջ ուղերթի ընթացքում, ով պարբերաբար օգտվում է բջջայինից և ամենակարևորը՝ շարժակազմի սրահում անընդմեջ երգեր են հնչում, այսպես կոչված, «փնթի ռաբիսի» հատընտիր նմուշներ, որոնք, ինչ խոսք, վարորդի ճաշակի դրսևորույթն են։ Իհարկե, տեղին չի լինի անթրաշ «բքող» և տարրական բարեկրթությունից մղոններով հեռու վարորդի ձայնադարանում փնտրել Վիվալդի կամ շարական։ Դրա կարիքը չկա, խոսքն էլ երաժշտության որակի մասին չէ։ Եթե անգամ ողջ ուղերթի ընթացքում հնչի Օգինսկու «Պոլոնեզը», և այն ընդմիջվի Արթուր Մեսչյանի երգերով, միևնույն է, խախտվում է կարևոր մի բան՝ տրանսպորտային փոխադարձ հարգանքը. վարորդը խարտում է ուղևորների նյարդերը, անկախ այն բանից՝ ռաբի՞ս է փաթաթում նրանց պարանոցին, թե՞ ծանր ռոք։ Բացի սա, մեր քաղաքի (և ոչ միայն Երևանի) ավտոբուսները, տրոլեյբուսներն ու երթուղային տաքսիները զարմանալիորեն բոմժական կուլտ են դավանում, այսինքն, մաքրվում են եռամսյակը մեկ, երթուղագիծ են դուրս գալիս հաճախ անսարք վիճակում, այսինքն, հարազատորեն ներդաշնակ են իրենց վարորդների անթրաշ այտերի, խառնափնթոր հագուկապի և մերթ մղկտացնող, մերթ էլ ոմն Լալայի ոտքերի տակ վարդ-մանուշակ փռող սրտակեղեք «ռոմանսների» հետ։

Վարորդը անհետանում է, վարորդի մասնագիտությունը, հավատացեք, կնքում է մահկանացուն։ Սոցիալ-բարոյական բռնաճնշումների արդյունքում իսկական պրոֆեսիոնալները լքեցին ղեկերը։ Եվ գծատերերը ձեռքները փրփուրին են գցում, այստեղից-այնտեղից հայտնաբերելով ղեկը բռնել իմացող պատահական սուբյեկտների, որոնք այս կյանքում, ամենայն հավանականությամբ, այլևս ոչինչ անել չեն կարող, նրանց մնում է կա՛մ արտագաղթել, կա՛մ գործազուրկի նպաստ ստանալ, կա՛մ էլ ղեկը գրկել։ Այս ամենը, ինչ խոսք, մեր կառավարության տնտեսական բարեփոխումների վառ ցուցանքներից է։ Սպանվում է արհեստավարժ մարդը, իհարկե, փոխաբերական իմաստով, ասպարեզում դրության տեր են դառնում զանազան դուրսպրծուկներ։ Ահա ելման կետից երթուղայինը մեկնարկում է։ Անմիջապես վարորդը քոքում է ռաբիսը, և նրա վրա որևէ ազդեցություն չեն գործում ո՛չ ուղևորների բողոքները, ո՛չ էլ խնդրանքները։ Սա մարդկային զարմանալի մի տեսակ է, որի գլխավոր նպատակը ինքնադրսևորումն է, իհարկե, ի հաշիվ հասարակության։ Իսկ գծատերերի և դրանց աշխատանքը կանոնակարգող ու վերահսկող ծառայությունների գերնպատակը հնարավորինս մեծ շահույթ կորզելն է. ում համար է այսօր գաղտնիք, որ գծերի ճնշող մեծամասնությունը ախպերաբաժնի հիմունքներով աշխատում է իշխանակառավարական վերնադասի հետ։

Սա, սակայն, երևույթի ընդամենը մեկ ստվերն է։ Հատկապես երթուղային ավտոբուսներում մեծ տարածում ունի հեռախոսային սիրաբանումը գործընկերների հետ։ Անթրաշ-ռաբիսամոլները հարյուր մետրը մեկ ճշտում են դիմացից ընթացող (նաև իրենց հետապնդող) շարժակազմի որպիսությունը, այսինքն` հո չի շեղվել գործընկերը ժամանակացույցից։ Եվ ուղևորների բախտը կրկնակի է բերում, երբ շեղում է հայտնաբերվում։ Սկսվում են սպառնալիքները, հայհոյախառն բացատրությունները և այլն։ Նման դեպքերում ահն ու սարսուռը ուղղակի կառչում են կոկորդիցդ, քանի որ ամեն վայրկյան սպասում ես աղետի։ Այստեղ որևէ չափազանցում չկա. մի ձեռքով վարորդ-ահաբեկիչը բջջային է բռնել, մյուսով` ղեկը, շուրթերից ծուխ է ժայթքում, երաժշտական բռնաբարումն էլ լրացնում է այս ամենը։
Բայց գուցե այս ամենը համապատասխան ծառայությունների յուրօրինակ վրե՞ժն է հասարակությունից. մարդիկ ահա տասը տարի է` կամենում են ուղեվարձը թանկացնել, ոչ մի կերպ չի ստացվում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ