ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՄԻ՛ ՆՈՐՄԱՎՈՐԵՔ ԲՆՈՒԹՅԱՆ ԸՆԾԱՅԱԾ ՓՐԿԱՐԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՍևԱՆԱ ԼՃԻՆ

ՄԻ՛ ՆՈՐՄԱՎՈՐԵՔ ԲՆՈՒԹՅԱՆ ԸՆԾԱՅԱԾ ՓՐԿԱՐԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՍևԱՆԱ ԼՃԻՆ
24.09.2010 | 00:00

Արդեն իսկ հուսադրող ու սփոփիչ է այն փաստը, որ Սևանա լիճը, վերջին 70 տարիներին ենթարկվելով աննկարագրելի դժվարին, դաժան ու մեծ փորձությունների, այսօր, այնուհանդերձ, առանց կողմնակի լուրջ միջամտության, բնության բարի կամքով և օգնությամբ սկսել է համաչափ, նկատելի արագությամբ վերականգնել իր երբեմնի ունեցած ջրի հսկայական պաշարների որոշ մասը, ինչի վառ ապացույցն է վերջին ինը տարիների հանրագումարում` այս ամռանը գրանցված նրա մակարդակի աննախադեպ մեծ աճը` մոտ 3,6 մետր։
Իրոք, այդ ինը տարիներին բնակլիմայական հիրավի աներևակայելի բարենպաստ պայմանների` հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումների շնորհիվ` կապված մեր մոլորակի համընդհանուր (գլոբալ) տաքացման` դեռևս շատ տարիների մեծ պոտենցիալ և իներցիա ունեցող գործընթացի հետ, Սևանա լճի մակարդակի միջին տարեկան բարձրացման չափը (ինտենսիվությունը) այս օրերին տատանվում է 37 սմ-ի սահմաններում։ Եվ դա այն դեպքում, երբ վերջին 3-4 տարիներին հաճախակի էին դարձել, տարբեր պատրվակներով և պատճառաբանություններով, ջրի անթույլատրելի, նախատեսվածից շատ ավելի մեծ ծավալների բացթողումները, որոնց արդյունքում տարեվերջին գրանցվում էին լճի` ամռան ընթացքում բավականին բարձր նիշ գրանցած մակարդակի անցանկալի, երբեմն էլ կտրուկ և չարդարացված անկումներ։ Չլինեին ջրի այդպիսի «շռայլ», գուցե և մեր թյուրըմբռնմամբ` «անհարկի» բացթողումները, լճի մակարդակն այսօր է՛լ ավելի բարձր կլիներ։
Այդ են վկայում վերջին ութ (2002-2009 թթ.) տարիներին լճի մակարդակի բարձրացման դինամիկան արձանագրող պաշտոնական վիճակագրական (տեղեկատվական) տվյալների վերլուծության արդյունքները։ Եթե առաջին երեք տարիների (2002-2005 թթ.) ընթացքում լճի մակարդակը (տարվա առավելագույն մակարդակների հաշվարկով) բարձրացել է մոտ 135 սմ-ով, ապա նախավերջին երեք տարիներին (2006-2009 թթ.) այն աճել է ընդամենը 75 սմ-ով, չնայած այդ նույն տարիներին Սևանի ավազանում գրանցված միջին տարեկան մթնոլորտային տեղումների ծավալների տարբերությունը շատ չնչին է եղել։ Իսկ ահա այս տարի, ավելի հորդառատ տեղումների շնորհիվ, լճում գրանցված ջրի առավելագույն մակարդակը կազմել է 1900,04 մ` ծովի մակերևույթից, այսինքն` լճի մակարդակը տարվա սկզբի համեմատ բարձրացել է 82 սմ-ով (առավելագույնը` վերջին 22 տարիների ընթացքում)։
Այս ամենից հարց է ծագում` ինչո՞ւ այսուհետև էլ չօգտվել արդեն տարիներ շարունակ նորին մեծություն բնության մեզ ընձեռած երկարատև և շատ բաղձալի պարգևից` համեմատաբար ավելի սեղմ ժամկետում վերադարձնելու լճի կորցրած ջրի ծավալների գեթ մի մասը, դրանով իսկ փրկելով լիճը հնարավոր, անակնկալ վտանգներից։
Ինչո՞ւ լճի մակարդակի` մինչև հաշվարկային 1903,5 մ նիշ բարձրացումը նախատեսված է մինչև հեռավոր 2031 թիվը (միջին տարեկան բարձրացման չափը` 20 սմ), երբ դա միանգամայն հնարավոր է իրագործել մոտակա 10-12 տարիներին։ Չի բացառվում անգամ` ավելի կարճ ժամանակահատվածում, առավել ևս, որ մի քանի տարի հետո կավարտվեն «Արփա-Սևան» թունելի վերականգնողական աշխատանքները, և ջրի տեղափոխումը Սևանա լիճ կհասնի իր նախագծային հզորությանը` 250 մլն խմ-ի։ Չի բացառվում նաև, որ մոտակա տարիներին կարող են վերանորոգվել կամ էլ կառուցվել նոր ջրամբարներ, որոնք կօգնեն Սևանա լճին համեմատաբար ավելի քիչ ծավալի ջուր բաց թողնելու ոռոգման նպատակով։
Վերը բերված պարզ, բնական և արդարացի հարցին մեր իշխանավորների պատասխանը հիմնականում եղել է` «դա արվում է Սևանա լիճն էկոլոգիական աղետից փրկելու նկատառումով», նկատի ունենալով լճի հսկայական ափամերձ տարածքներում դեռևս լրիվ չմաքրված անտառների` հետագայում ջրի տակ հայտնվելու անկանխատեսելի հետևանքները։
Շատ պաշտոնյա այրերի, ինչպես նաև որոշ գիտնականների կողմից հաճախ էին հնչում, և այսօր էլ շարունակում են հնչել մտքեր, թե իբր «լճի մակարդակի հետագա բարձրացումը կարող է վտանգել նրա էկոհամակարգը, արդեն հասել է պահը` կասեցնելու նրա հետագա բարձրացումը»։ Ցավն այն էր, որ նման տեսակետներ հնչում էին նաև Հայաստանում կազմակերպված` Սևանա լճի և նրա ավազանի էկոլոգիային նվիրված սեմինարներին և այլ միջոցառումներին, որոնք ավելորդ անգամ հիմք և իրավունք էին տալիս լճի խնդիրներով այդ տարիներին զբաղվողներին` արդարացնելու լճի նկատմամբ իրականացվող իրենց ապաշնորհ, վտանգավոր և անհեռանկարային, ես կասեի` հանցավոր քաղաքականությունը։
Եվ ահա ափամերձ տարածքների անտառների մաքրման շատ անհրաժեշտ, խիստ կարևոր և անհետաձգելի աշխատանքները, հատկապես վերջին տարիներին, այնքան ձգձգվեցին (գուցե և միտումնավոր), որ այսօր, իրոք, դրանք դարձել են շատ բարդ և դժվար լուծվող, լուրջ պրոբլեմների հետ կապված` միգուցե իշխանությունների համար «անլուծելի» խնդիր, որի ամենահեշտ և «ամենախելամիտ» լուծումը ջրի մակարդակի հետագա բարձրացման կասեցումն է կամ նրա չարդարացված ձգձգումը մինչև 2031 թիվը։
Մեր հասարակությունն այսօր այլևս չի կասկածում, որ ջրի այդպիսի մեծ ծավալների անարգել բացթողումն ուղղված է եղել ոչ թե լճի էկոհամակարգն աղետից փրկելուն, այլ հզոր իշխանական լծակներ ունեցող որոշ բարձրաստիճան ղեկավարներին և օլիգարխներին պատկանող` լճի ափամերձ հսկայական տարածքները զբաղեցրած բազմաթիվ գերշահութաբեր օբյեկտների պահպանմանը կամ էլ դրանց «երկարակեցության» ապահովմանը։
Հուրախություն Սևանա լճի ապագայով մտահոգվածներիս` վերջերս լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ նախագահին կից Սևանի հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը հայտարարեց, որ լճի ափամերձ ջրածածկ անտառների մաքրման չարչրկված, թերևս, անլուծելի թվացող խնդիրը վերջապես լուծում է ստանալու` մոտ ապագայում արտերկրից ներկրվելիք հատուկ տեխնիկայի օգնությամբ, որն անհամեմատ կարճ ժամկետներում որակով կիրագործի այդ դժվարին աշխատանքները։
Ի դեպ, Վ. Մովսիսյանը շատ հանգամանալից, հակիրճ և հասկանալի լեզվով տեղեկացրեց Սևանա լճի էկոհամակարգի, լճի մակարդակի բարձրացման դինամիկայի և ընդհանրապես լճին ու նրա ավազանին վերաբերող բազմաթիվ և բազմաբնույթ` դեռևս չլուծված, երկար տարիներ ձգձգվող, սակայն այսօր լուծում ստացող և մոտ ապագայում հնարավորինս լուծվելիք առաջնահերթ խնդիրների մասին։ Ներկայացրեց այդ խնդիրների լուծման ծրագիրը, ուղիներն ու ժամանակացույցը։
Տարեցներից շատերին է հայտնի, որ Վլադիմիր Մովսիսյանը հանրապետության այն սակավաթիվ, բազմափորձ, հանրության հեղինակությունը վայելող պետական նախկին ղեկավարներից է, ով անմիջականորեն ծանոթ և տեղյակ է Հայաստան աշխարհի ամբողջ տարածքում վերջին տասնամյակներում կուտակված հազարավոր, բազմաբնույթ պրոբլեմներին և, թերևս, գիտե նրանց մեծ մասի լուծման ճիշտ և ռացիոնալ ուղիները, այդ թվում` Սևանա լճի ու նրա ավազանի հետ կապված բարդ և դժվարին խնդիրների լուծման գաղտնիքները։ Այդ իսկ առումով հուսանք, որ նրա ղեկավարած հանձնաժողովի առաջարկներն ու խորհուրդները, անկասկած, կօգնեն համապատասխան կառույցներին` ավելի արագ, կարճ ժամանակահատվածում, համալիր միջոցառումներով լուծելու լճի ու նրա ավազանի հետ կապված վերոհիշյալ խնդիրները` նպատակաուղղված լճի էկոհամակարգի առողջացմանը։ Որքանո՞վ կօգնեն կամ կխանգարեն նրա աշխատանքներին` «կողքից», և որքանո՞վ զորավիգ կլինեն «վերևից» իր ծրագրերն իրականացնելու գործին, ցույց կտա կյանքը։
Այնուամենայնիվ, այսօրվա Սևանա լճի էկոհամակարգի անմխիթար և աղետալի վիճակը, տարեցտարի նրա վատթարացումն արդեն իսկ շատ լուրջ կասկած են հարուցում` արդյո՞ք ջրի մակարդակի բարձրացումը մինչև 1903,5 մ նիշը (այն էլ` 21 երկար ու ձիգ տարիների ընթացքում) կարող է կանխել, կասեցնել լճի այդ աղետալի գործընթացի հետագա զարգացումը։ Հարց, որն այսօր պատասխան չունի։
Իզուր չէր, որ 1970-ականների վերջից սկսած ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը մեծ տագնապով և ցավով, ի լուր մեր ժողովրդի և իշխանությունների, երկար ժամանակ և անընդմեջ ահազանգում էր Սևանի լճային համակարգում արդեն տեղի ունեցած և արագ զարգացող ձևաչափական, հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական շատ խոր փոփոխությունների մասին։
Սևանա լիճը մեր սերունդների համար մեծագույն արհավիրքից փրկելու նպատակով հանձնաժողովը, այնուամենայնիվ, կարողացավ ապացուցել, հորդորել, համոզել և, վերջապես, ուժ գտավ իր մեջ` պահանջելու այն տարիների ոչ միայն մեր իշխանություններից, այլև ավելի «վերևներից»` անհապաղ, հնարավորինս սեղմ ժամկետում լճի մակարդակը բարձրացնել առնվազն 6 մետրով (մինչև 1903,5 մ նիշը), թեև լճի լիիրավ ապաքինման համար պահանջվում էր ջրի անհամեմատ ավելի բարձր մակարդակ։ Իշխանությունների թույլ տված 6 մետրն այն նվազագույն (հաշվարկային) չափն էր, որի դեպքում լիճը պետք է կարողանար հետագայում գոյատևել առանց էկոլոգիական աղետալի գործընթացների հետագա զարգացման, համոզված էր հանձնաժողովը։ Այսինքն, այն հույսով, որ լճի արդեն իսկ զգալիորեն խախտված էկոլոգիայի վիճակը որոշ չափով բարելավելուց հետո այն կպահպանվեր նույնությամբ, աննշան փոփոխություններով, ինչպես կասեին բժիշկները` «կայուն կրիտիկական վիճակում»։
Չնայած այն օրից, երբ փորձագիտական հանձնաժողովը հորդորեց` «հնարավորինս սեղմ ժամկետում լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով», արդեն անցել է ավելի քան 30 տարի, սակայն այսօր լճի մակարդակը, այդ նույն օրերի համեմատ, բարձրացել է ընդամենը 2,5 մետրով, իսկ վերը նշված հաշվարկային մակարդակին հասնելու համար, ցավոք, պետք է սպասել ևս 21 տարի, շատ մեծ ժամանակահատված, որն արդեն իսկ կասկածի տակ է դնում միջոցառման հետագա արդյունավետությունն ու իմաստն ընդհանրապես։
Չէ՞ որ լիճը բուժող համալիր միջոցառումներից հիմնական, ամենաորոշիչ, ամենաազդեցիկ և ամենաարդյունավետ բաղադրիչը ջրի լրացուցիչ, մեծ ծավալների «ներարկումն» է, առանց որի լճի էկոհամակարգը հայտնվել է ներկայիս անմխիթար և աղետալի վիճակում։ Ո՞րն է ելքը։ Թերևս, ճիշտ կլինի շարունակել ունկնդրել փորձագետների հեղինակավոր կարծիքը, առաջարկություններն ու խորհուրդները։ Համոզված եմ, որ լճի էկոհամակարգի ներկայիս վիճակին համապատասխանող` փորձագետների «նորացված» առաջարկությունների շարքում լճի երաշխավորված ապաքինման ամենաորոշիչ միջոցառման առաջնահերթության նախապատվությունը կրկին կտրվի նրա մակարդակը հետագայում ևս մի քանի (թեկուզ 2,5) մետրով բարձրացնելու անհերքելի անհրաժեշտությանը` հաշվարկային նիշը հասցնելով 1906 մ-ի։
Նկատի ունենալով տվյալ վարկածը` իրականությանը շատ մոտ, լրիվ հավանական ու հնարավոր, գուցե և բնության կողմից կանխորոշված, կյանքի կոչվելու մեծ հավակնություն ունեցող այս տարբերակի ակնարկն ու արձագանքն անգամ պետք է սթափեցնեն, զգուշացնեն լճի ափամերձ տարածքներում հիմնական շինարարություն ձեռնարկողներին` անելու համապատասխան հետևություններ, չդիմել ավելորդ ռիսկի և լճի ափին շինությունները կառուցելու արգելքը համարել ոչ թե 1905 մ բացարձակ նիշից ցածր տարածքը, ինչպիսին գործում է այսօր, այլ առնվազն 5 մետրով բարձր` 1910 մ-ը, հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ այսօր գործող լճի ափամերձ գոտու ալեկոծման առավելագույն տարածքի (ալեկոծման նիշի) 1,5 մ-ը` վերջին տարիներին կառավարության չհիմնավորած, հրամայական ձևով ընդունած արհեստական չափը, երեք անգամ քիչ է նախկինում մասնագիտական չափումների հիման վրա հաստատված չափից։
Չեմ կասկածում, որ լիճն ինքը «կապացուցի» այդ սխալ որոշումը` մի քանի մետր բարձրանալուց հետո...
Շատ ողջունելի կլիներ, եթե ՀՀ ներկայիս կառավարությունը Սևանա լճի առնչությամբ լիներ բավականին լայնախոհ, շրջահայաց և հեռատես, իր գործունեությամբ և գործելաոճով` հաջորդ իշխանությունների համար ապահովեր ավելի անկաշկանդ, առանց դժվարությունների գործելու և մանևրելու հնարավորություն, եթե դրա կարիքն ու պահանջն առաջանան հետագայում` լճի էկոլոգիայի է՛լ ավելի առողջացման, ափամերձ տարածքների խելամիտ և հանրօգուտ նպատակներին ծառայեցնելու գործում։
Հաշվի առնելով լճի մակարդակը հետագայում է՛լ ավելի բարձր նիշի հասցնելու վերը նշված հնարավոր տարբերակի փաստը` հեռանկարային, ճիշտ և խոհեմ քայլ կլինի (քանի դեռ ուշ չէ) մոտ ապագայում ՀՀ կառավարության կողմից օրենսդրորեն արգելել լճի ափերին հիմնական շինությունների կառուցումը` 1910 մ բացարձակ նիշից ցածր տարածքի վրա, ինչի արդյունքում կփրկվեն լճի ափամերձ գոտիները լրիվ և վերջնական կորստից ու ոչնչացումից։ Հակառակ պարագայում այսօրվա (և ոչ միայն այսօրվա) որոշ մեծամեծ իշխանավորների կողմից վերջին 10-12 տարիներին` իր գոյությամբ մեզ հավերժ պարծանք և հպարտություն պարգևող, բնության անգնահատելի մեծ հարստություններով օժտված, մեր լեռնաշխարհի հրաշք Սևանա լճի հանդեպ գործած և այսօր էլ դեռևս շարունակվող ապօրինի և հանցավոր քայլերը (ժամանակ առ ժամանակ ջրի մակարդակի ինքնաբուխ բարձրացման մասնակի, կանխամտածված կասեցումները, լճի ափամերձ տարածքների լրիվ, հանիրավի բռնազավթումն ու օտարումը, նրանց օգտագործումը զուտ իրենց շահադիտական նպատակների համար) չեն մոռացվի մեր կողմից, և նրանք վաղ թե ուշ պատասխան կտան իրենց անբարո, անօրեն և աններելի գործունեության համար։
Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ