«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՆ «ՆՈՐ» ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՆ «ՆՈՐ» ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
17.11.2009 | 00:00

Հնարավոր է, որ «նոր աշխարհաքաղաքական իրավիճակ» արտահայտությունն ինքնին նոնսենս է։ Այսինքն, երբ խոսվում է աշխարհաքաղաքականության մասին, իրավիճակի մասին խոսելն անընդունելի է։ Սակայն ներկայիս միջազգային իրողություններն են այդպիսիք, և հազիվ թե տեղին է խոսել որոշակի երկարաժամկետ ռազմավարությունների գոյության մասին, ինչն էլ աշխարհաքաղաքականության բնութագրական առանձնահատկություններից մեկն է։
Բազմաթիվ քաղաքագետներ նկատել են, որ համաշխարհային առաջատար պետություններից ոչ մեկն ի վիճակի չէ լիարժեք ռազմավարություն կառուցելու` ամենից առաջ աշխարհաքաղաքական իմաստով։ Հավանաբար, դա ներկա ժամանակի բնութագրական ցուցանիշն է և կիմաստավորվի մոտ ապագայում։ Այնուհանդերձ, բավական շատ քաղաքական գործիչներ ու քաղաքական ծրագրավորողներ, ովքեր արտահայտում են ԱՄՆ-ում ու Եվրոպայում գտնվող քաղաքական կենտրոնների շահերը, պնդում են, որ, այսպես կոչված, «վերաբեռնումը» ռուս-ամերիկյան հարաբերություններում, ոչ ավելի, ոչ պակաս, նշանակում է նոր աշխարհաքաղաքական իրադրության առաջացում ամենից առաջ Արևելյան Եվրոպայում։ Արևելաեվրոպական պետությունների (ավելի շուտ` Կենտրոնական և հարավարևելյան Եվրոպայի) նախկին առաջնորդները կոչով դիմեցին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` «չհանձնել» իրենց երկրները Ռուսաստանին, այլ շարունակել պաշտպանել այդ պետությունների շահերը։ Ընդ որում, օրինակ է բերվում ԱՄՆ-ի պահվածքն ու նրա միջամտության սահմանները ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Բայց արդյոք Ռուսաստանն իրականում այդքան մեծ սպառնալի՞ք է վաղուց ՆԱՏՕ-ի և Եվրամիության լիարժեք անդամ դարձած պետությունների համար։
Կասկած չկա, որ այդ «անհանգստության» պատճառները բոլորովին այլ են։ Ավելի շուտ պայմանավորված են ոչ թե Ռուսաստանի, այլ Գերմանիայի ու Ֆրանսիայի մտադրություններով, որոնք վերջին տարիներին Եվրատլանտյան կառույցների վզին փաթաթեցին իրենց կամքը, շատ կողմերով որոշիչ ազդեցություն ունեցան Եվրամիության և ՆԱՏՕ-ի որոշումների վրա։ Գերմանիան ու Ֆրանսիան կտրականապես սահմանափակեցին ՆԱՏՕ-ի ընդլայնումը, միաժամանակ ակտիվացնելով նրա մասնակցությունն Աֆղանստանում, ԱՄՆ-ին պարտադրելով իրենց որոշումն Իրաքի, Իրանի, Թուրքիայի, մերձավորարևելյան կարգավորման հետ կապված ու բազմաթիվ այլ հարցերում։ Գործնականում, Անգելա Մերկելի ու Նիկոլա Սարկոզիի իշխանության գալու հետ մեկտեղ, տեղի ունեցավ առաջին հայացքից անհնարինը` Եվրամիությունը կարծես ձեռք բերեց սեփական արտաքին քաղաքականություն։ Ֆրանս-գերմանական տանդեմը, չնայած ներքին հակասությունների սրմանը, ազդեցիկ է ինչպես երբեք, ձեռք է բերել իրական դաշնակիցներ մի շարք եվրոպական երկրներում, գործնականում ձևավորել է եվրոպական արտաքին քաղաքականությունն արաբական աշխարհի, Ռուսաստանի, Չինաստանի ու Լատինական Ամերիկայի նկատմամբ։ Վաշինգտոնում Նիկոլա Սարկոզիի համար Ջորջ Բուշի վարչակազմի կազմակերպած ցուցադրականորեն շքեղ ընդունելությունից շատ չանցած ամերիկացիներն ու բրիտանացիները հասկացան, որ Ֆրանսիայի նախագահն իրականացնում է շատ համաչափ քաղաքականություն, որն ուղղված է Ֆրանսիայի ազդեցության ուժեղացմանը Եվրամիությունում ու ՆԱՏՕ-ում։ Ինչպես արտահայտվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի իրանական բաժնի ղեկավարը` «ոչ թե Եվրոպայի դիրքորոշումն է Իրանի հարցում մոտեցել ամերիկյանին, այլ ընդհակառակը, ԱՄՆ-ն է իրականացնում եվրոպական դիրքորոշմանը մոտ քաղաքականություն»։
Արևելյան Եվրոպան եղել և մնում է կարևոր, եթե ոչ Եվրոպայի տարաբաժանման առավել արդյունավետ լծակը։ Այդ թվում նաև` Եվրոպան Ռուսաստանից տարաբաժանելու առումով, որպես արգելապատնեշ` Ռուսաստանի ու Գերմանիայի չափազանց մերձեցումը թույլ չտալու համար։ Առնվազն 250 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի ռազմավարական խնդիրներից մեկն է եղել ռուս-գերմանական դաշինքի ձևավորումը կանխելը, ինչն էլ հանգեցրեց երկու համաշխարհային պատերազմներին։ Հնարավոր է, որ «վերաբեռնում» արտահայտությունը ճիշտ չի հասկացվել և ենթադրում է նոր նախաձեռնություններ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Որքան էլ ԱՄՆ-ը զբաղված լինի Հարավային ու Կենտրոնական Ասիայի հիմնախնդիրներով, Չինաստանին զսպելու քաղաքականությամբ, երբեք չի կարող «մոռանալ» Եվրոպային առնչվող խնդիրները։ Եվրոպական ուղղությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքն է։ Ամերիկյան ազդեցության թուլացումը Եվրոպայում ամերիկացիներն ավանդաբար դիտարկել են իբրև անթույլատրելի երևույթ։ Այդ ազդեցության պահպանմանն էին նվիրված ՆԱՏՕ-ի ու Եվրամիության ընդարձակումը, պատերազմները Բոսնիայում ու Սերբիայում, վերջին տարիների գազային սկանդալներն ՈՒկրաինային առնչվող, Թուրքիային Եվրամիության կազմ խցկելու իմիտացիան և շատ այլ խնդիրներ։ Հարկ է ընդգծել, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն Արևելյան Եվրոպայում, չնայած մի շարք ակնհայտ տապալումներին, ըստ էության, եղել է բավական արդյունավետ։ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության ուղղություններից ոչ մեկն այդքան համարժեք չէ տեխնոլոգիաների ու արդյունքների առումով։ Արևելաեվրոպական պետությունները չունեն որևէ այլ աշխարհաքաղաքական կողմնորոշիչ, բացառությամբ ԱՄՆ-ի քաղաքականության։ Այդ պետությունները չեն թաքցնում իրենց անվստահությունը Ֆրանսիայի, Գերմանիայի և նույնիսկ Մեծ Բրիտանիայի նկատմամբ, որոնք կա՛մ ագրեսիա են կիրառել այդ երկրների հանդեպ, կա՛մ թողել նրանց ճակատագրի քմահաճույքին։ Արևելաեվրոպական երկրներում գործող ոչ միայն ատլանտյան, այլև ազգայնական կողմնորոշում ունեցող կուսակցություններն ու խմբավորումները խիստ թերահավատորեն են վերաբերվում առաջատար եվրոպական երկրներին` իբրև ռազմավարական գործընկերների։ Դա հնարավորություն է տալիս հանդես բերելու ամենատարբեր նախաձեռնություններ և կառուցելու, ըստ էության, ցանկացած տիպի նախագծեր Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի ազդեցության սահմանափակման ուղղությամբ։
ՈՒկրաինական և վրացական թեմատիկան, որ միշտ եվրոպացիների համար ունեցել է սպեկուլյատիվ բնույթ, այնուհանդերձ, ուսուցողական նշանակություն ունեցավ արևելաեվրոպական երկրների համար, ի ցույց դնելով նրանց խոցելիությունը, անգամ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության կազմում լինելու պարագայում։ Բայց խնդիրն այստեղ միայն Ռուսաստանի քաղաքականությունը չէ։ Նիկոլա Սարկոզին բառացիորեն ոչ միայն հանձնեց Վրաստանը, այլև տարածաշրջանի բոլոր այն երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ։ Ֆրանսիան ու Գերմանիան ռուս-վրացական ռազմական կոնֆլիկտից շատ ավելի մեծ օգուտներ քաղեցին և ավելի լուրջ դիրքեր ձեռք բերեցին, քան ԱՄՆ-ը։ Ֆրանս-գերմանական տանդեմը ցույց տվեց Արևելյան Եվրոպային, որ ԱՄՆ-ը բացարձակապես գիտակցաբար հրահրելով Վրաստանին պատերազմի, միաժամանակ ցույց չտվեց նրան անհրաժեշտ օգնություն իբրև գործընկերոջ։ Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշումն ընդգծեց ոչ միայն տարածաշրջանի պետությունների խոցելիությունը, այլև հենց ԱՄՆ-ի, որը չի ցանկանում և չի կարողանում կատարել իր պարտավորություններն այն պետությունների նկատմամբ, որոնք ամերիկյան քաղաքական գործիչները, այդ թվում` ԱՄՆ-ի նախագահը, բազմիցս բնորոշել են իբրև ռազմավարական գործընկերներ։ Ոչ միայն Կովկասում ռազմական ավանտյուրայի, այլև Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականության արդյունքում, որը դեմագոգաբար ներկայացվեց իբրև ամբողջ Եվրամիության դիրքորոշումը, ԱՄՆ-ն աշխարհին ներկայացվեց նոր որակով, իբրև «սահմանափակ արտաքին քաղաքական պատասխանատվություն ունեցող պետություն»։ Թեպետ, անկասկած է, որ ԱՄՆ-ն իրականացրեց ոչ քիչ աշխատանք Ռուսաստանի գործողությունները սահմանափակելու համար, իրականում գուցե և հանդես գալով իբրև գլխավոր հակազդող ուժ։ Սակայն հենց Նիկոլա Սարկոզին ստանձնեց ռուսական ագրեսիայից Եվրոպայի «փրկչի» դերը։ Բացի այդ, հենց Նիկոլա Սարկոզիի ակտիվ դիրքորոշումը և Անգելա Մերկելի քողարկված ռուսամետ կեցվածքը հանգեցրին հզոր հակաամերիկյան հասարակական ալիքի առաջացման Եվրոպայում, որովհետև ԱՄՆ-ի պարտությունը Կովկասում ընկալվեց իբրև, ոչ ավելի, ոչ պակաս, ամերիկյան հզորության անկման լրջագույն ազդակ։ Եվրոպայում տեղի էին ունենում ԱՄՆ-ի համար խիստ վտանգավոր գործընթացներ։ Հասել է ժամանակը գործողության մեջ դնելու բոլոր հնարավոր քաղաքական ռեսուրսները` ԱՄՆ-ի դիրքերը վերականգնելու համար։ Անկասկած է, որ Եվրոպային սպասում են մեծ անակնկալներ տարբեր տարածաշրջաններում։ Հնարավոր է ամենամեծ սպառնալիքը դառնա եվրոպացիների ներքաշումն աֆղանական իրադարձությունների և Պակիստանի մասնատման մեջ։ Համենայն դեպս, ցանկացած նախագծում, ուր ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համատեղ են հանդես գալիս, միաժամանակ տեղի է ունենում պայքար համաշխարհային քաղաքականության այդ երկու «բևեռների» միջև, և գործընկերներից յուրաքանչյուրը փորձում է սեղմել մյուսին։ Այդպիսի համարժեք նախագիծ է Թուրքիայի զսպման քաղաքականությունը, ուր ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ավելի ճիշտ, առաջատար եվրոպական երկրները, հանդես են գալիս համաձայնեցված և միաժամանակ` մրցակցության ռեժիմում։
ԱՄՆ-ի կամ Եվրամիության քաղաքականության բացարձականացումը հավասարապես վտանգավոր է տարբեր տարածաշրջաններում գտնվող, այդ թվում` Հարավային Կովկասի ոչ մեծ պետությունների համար։ Փոքր երկրները, որոնք մտահոգ են իրենց անկախության պահպանմամբ, փորձում են խուսանավել և հավասարակշռել հարաբերությունները խոշոր տերությունների միջև, ներառյալ Ռուսաստանը, բայց ԱՄՆ-ի ու Եվրամիության քաղաքականության ոչ միանշանակության, շահերի ու արտաքին քաղաքական հնարքների առկայության պայմաններում, կասկած չկա, որ եվրոպացիների քաղաքականությունը հարևանների հետ լուրջ խնդիրներ ունեցող այնպիսի պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է, ավելի վտանգավոր է, քան ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Այսպիսի պնդման համար բազմաթիվ հիմքեր կան։ Երկու համաշխարհային ուժային կենտրոններից` ԱՄՆ-ից ու Ռուսաստանից, որոնք շահագրգռված են պետական սահմանների վերաձևմամբ, միայն ԱՄՆ-ն է ընդունակ իրականացնելու դա լեգիտիմ ճանապարհով, ժողովրդավարական աշխարհի տասնյակ պետությունների հավանությամբ ու աջակցությամբ։ ԱՄՆ-ի համար նոր պետությունների անկախության ճանաչումն արտաքին քաղաքականության և գլոբալ անվտանգության, նոր աշխարհաքաղաքականություն կառուցելու կարևոր բաղադրիչ է։ Գործնականում միայն ԱՄՆ-ն է տիրապետում ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն իրականացնելու հնարավորությունների, միաժամանակ ունենալով օպերացիոն կառավարման իրական համակարգ։ Այդ դոկտրինն առաջնային է դառնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, և արդեն շատ գործընթացներ ու իրադարձություններ ենթակայեցված են այդ խնդրի իրագործմանը։ Եվրոպական պետություններն ուղղակի օրգանապես շահագրգռված չեն և թշնամաբար են ընկալում նոր պետությունների առաջացումը։ ԱՄՆ-ը փորձում է մասնատել ոչ միայն Մերձավոր Արևելքն ու Հարավային Ասիան, այլև Եվրոպան, առաջին հայացքից ամենակայուն ու կանխատեսելի տարածաշրջաններում հրահրելով անսպասելի անջատական շարժումներ տարբեր ազգերի սփյուռքի միջոցով։ Եվրոպացիները փորձում են դիմադրել այդ միտումներին, բայց առայժմ բացարձակապես պատրաստ չեն դրան։ Ըստ էության, ԱՄՆ-ը փորձում է ձևավորել իր համար նոր գործընկերների մի ամբողջ շարք, և նրան անհրաժեշտ են նոր պայմաններ համարժեք տարածաշրջանային կառավարում իրականացնելու համար։
ԱՄՆ-ի քաղաքականությունը եվրոպական պաշտպանական նախաձեռնության նկատմամբ հակասական է ու երկակի։ Փորձելով եվրոպական զինված ուժերն ուղղորդել Կովկասյան-Կասպիական և Կենտրոնասիական տարածաշրջանների (հնարավոր է` արևմտյան ու Կենտրոնական Աֆրիկայի ու Պաղեստինի) անվտանգության ապահովմանը, ԱՄՆ-ը միաժամանակ փորձում է ի ցույց դնել եվրոպական զինված ուժերի ռազմական ու քաղաքական անկարողությունը, որոնք չեն կարող յոլա գնալ առանց իր աջակցության։ ԱՄՆ-ը որոշակիացրել է իր դիրքորոշումը չճանաչված պետությունների վերաբերյալ, և այդ դիրքորոշումը դիֆերենցված է ու ընդհանուր առմամբ, դրական։ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը` ուղղված Կոսովոյի անկախության ճանաչմանը, որպես մոդել, չի կարող չտարածվել այլ տարածաշրջանների ու հակամարտությունների վրա։ Չճանաչված պետությունները գնալով ավելի ու ավելի են վերածվում աշխարհաքաղաքական սուբյեկտների և կարևոր բաղադրիչ են տարածաշրջանային անվտանգության համակարգերում։ Չճանաչված պետությունների գոյությամբ ԱՄՆ-ի շահագրգռվածությունը բացատրվում է ոչ միայն տարածաշրջանային կայունությունը պահպանելու և փաստացի իրավիճակն ամրագրելու հետևողականությամբ, այլև այդ տարածքները միջնաժամկետ հեռանկարում իր ռազմավարական շահերի համար օգտագործելու ձգտումով։ Վերջին ժամանակներս արևմտյան հանրության մեջ, հատկապես ԱՄՆ-ում, գնալով ավելի է ընդլայնվում ընկալումը, որ չճանաչված պետությունների ձևավորումը, այսինքն` էթնոքաղաքական հստակ տարաբաժանումը հանգեցրել է տարածաշրջանային անվտանգության մակարդակի բարձրացման կամ բարելավման։
Համաեվրոպական դիրքորոշումն այս հարցում ինչ-որ չափով, այսպես թե այնպես, արտահայտվում է առաջատար եվրոպական պետությունների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և մասամբ Իտալիայի քաղաքականությամբ։ Առաջատար եվրոպական քաղաքագետների խոստովանությամբ, հավանաբար, հետագայում էլ այս «մեծ քառյակը» կկանխորոշի եվրոպական արտաքին քաղաքականությունը, եթե այն կարող է գոյություն ունենալ ինչ-որ ընդհանրացված ձևի մեջ։ Միաժամանակ, գտնվելով սերտ տնտեսական և ռազմաքաղաքական դաշինքի մեջ, առաջատար եվրոպական պետությունները բավականին հակասական դիրքորոշում ունեն ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ, չնայած նրանց մոտեցումները համանման են տարածաշրջանային քաղաքականության առումով։ Խոսքը մասնավորապես, վերաբերում է Բալկաններին, Պաղեստինին, Հյուսիսային Աֆրիկային, Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, Չինաստանին, այլ երկրների ու տարածաշրջանների։ Այսպիսով, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ առաջատար եվրոպական պետությունները հարաբերականորեն համահունչ դիրքորոշում ունեն Արևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ։ Սակայն այդ հարաբերական նույնությամբ հանդերձ, եվրոպական տերությունները գործնականում արդեն իսկ իրագործել են իրենց շահերը Հարավային Կովկասում։ Միանգամայն հաջողված է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը` ուղղված իր նավթային ընկերությունների աջակցության ապահովմանը։ Նավթային ծրագրերը հաջողությամբ իրագործվել են, չկան հիմքեր կարծելու, թե այդ նախագծերին ինչ-որ բան սպառնում է։ Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում իրականացնում է խիստ զգուշավոր քաղաքականություն, խուսափելով իր գեոտնտեսական շահերին չառնչվող խնդիրներին միջամտելուց։
Ֆրանսիայի շահերը կապված են բացարձակապես աշխարհաքաղաքական հավակնությունների և ԱՄՆ-ին այլընտրանքային քաղաքական ներկայությունը ի ցույց դնելու ցանկության հետ։ Գերմանիայի շահերը Հարավային Կովկասում պայմանավորված են երկարաժամկետ քաղաքականությամբ, որն առնչվում է գլոբալ մայրցամաքային տնտեսական ու քաղաքական ազդեցության համակարգի կառուցմանը։ Այն միայն 10-15 տարի հետո անմիջական առնչություն կունենա Հարավային Կովկասին։ Կարելի է ենթադրել, որ առաջատար եվրոպական տերությունները կհանգեն միասնական դիրքորոշման Հարավային Կովկասում, և դա խարսխված կլինի 3-4 առաջատար եվրոպական երկրների շահերի վրա, ինչը խիստ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի համար, քանի որ եվրոպացիները գնալով ավելի միասնական «ճակատով» են հանդես գալիս տարածաշրջանի պետություններին ՆԱՏՕ և Եվրամիություն ընդունելու հարցում։ Ընդ որում, Մեծ Բրիտանիան չի թաքցնում, որ հարկադրված է միավորվել Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ Արևելյան Եվրոպայի երկրների Եվրատլանտյան կառույցներում ինտեգրացիայի առումով։
Մինչդեռ ամերիկյան հայեցակարգով Արևելյան Եվրոպային հատկացված է հատուկ դեր, որի շնորհիվ տեղի է ունենում Ֆրանսիայի ու Գերմանիայի արևելյան քաղաքականության շրջափակում։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան փորձում են թույլ չտալ, որ Արևելյան Եվրոպան վերածվի բացառապես Գերմանիայի ազդեցության, այսինքն` գերմանական գեոտնտեսական կայսրության գոտու։ Շատ իրադարձություններ Բալկաններում, ՈՒկրաինայում, բալթյան երկրներում պայմանավորված են Գերմանիայի աշխարհաքաղաքական շրջափակումն իրականացնելու ցանկությամբ։ Դա անմիջական առնչություն ունի Հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի շահերին և ռազմավարական անվտանգությանը։ Որովհետև հեռանկարում խոսք կարող է լինել Թուրքիայի ու Գերմանիայի դաշինքի մասին։ Այդպիսի հեռանկարը Գերմանիայի համար կարող է դառնալ միանգամայն ընդունելի ինչպես նախորդ պատմական ժամանակաշրջաններում, երբ Գերմանիայի ու Ռուսաստանի միջև սերտ գործընկերություն չի ստացվել։ Կամ էլ` Գերմանիան կնախընտրի Արևելքում ռազմավարական գործընկեր ունենալ ոչ միայն Ռուսաստանին, այլև Թուրքիային, որը միաժամանակ այլընտրանքային կամ հիմնական գործընկեր կդառնա ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Մերձավոր Արևելքում։ Մինչդեռ «տևտոնական և թուրանական «երկրաբանական պլաստների» համակցումը կդառնա ուղղակի աղետ Ռուսաստանի ու նրա դաշնակիցների համար»։ Ընդգծելով այս հանգամանքները, չի կարելի չկանխատեսել, որ մոտ ժամանակներս կարող է արդիականանալ Արևմտյան Եվրոպայի օնթոլոգիական սպառնալիքն ընդդեմ արևելաեվրոպական երկրների ու ազգերի։ Դրա համար էլ այդ լայնածավալ տարածաշրջանում կարիք կա ատլանտյան տերությունների ռազմաքաղաքական ու գեոտնտեսական ներկայության, որոնց շահերը, բոլոր դեպքերում հակադրվելու են եվրոպական պետությունների ու Ռուսաստանի շահերին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ