Կրքեր են եռում, այն էլ՝ մի այլ կարգի կրքեր
14.07.2020 | 13:49
Չհասցրինք էլ սկուդետեի նախորդ տուրում կայացած «Միլան»-«Յուվենտուս» դիմակայության տպավորությունը հիմնովին վայելել, երբ երկրի գործող չեմպիոնն այս անգամ արդեն «Ատալանտայի» հետ մրցավեճում երկրորդ բերկրալից զգացողությունը պարգևեց հանդիսատեսին։ Ընդ որում, եթե զգացողության առումով առաջին դիմակայության առնչությամբ ասածներս պիտի չակերտների մեջ առնենք, որովհետև այնտեղ իրենց փայլուն քամբեկով միլանցիները ստվերեցին թուրինցիների արածը, ապա այստեղ դերերը փոքր-ինչ փոխված էին, թեպետ Բերգամոյից ժամանած տղաների առաջ պիտի գլուխ խոնարհել ցույց տված խաղի համար։
ԱՆԳԼԻԱ
«Լիվերպուլի» ու «Մանչեստր Սիթիի» հանդիպումների վրայով հնարավորինս հպանցիկ անցնենք, քանզի առաջինը վաղաժամկետից էլ վաղաժամկետ է հաստատել իր չեմպիոնությունը, երկրորդի ձեռքից մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է խլել փոխչեմպիոնությունը, իսկ նման բան մոտավորապես կարող է լինել ուղեծրից Երկիր մոլորակի դուրս գալը։
Եվ այսպես, «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 1։1 է խաղացել «Բյոռնլիի» հետ՝ միավորների թիվը հասցնելով 93-ի, արտագնայում «Մանչեստր Սիթին» հինգ անպատասխան գնդակով է պատժել «Բրայտոնին»։ Նկատենք, որ Խոսեպ Գվարդիոլայի սաները նախորդ տուրում էլ էին նույն հաշվով պարտության մատնել «Նյուքասլին»։ Թերևս ավելորդ չհամարենք նշել, որ խփած գնդակների ցուցանիշով «քաղաքաբնակներին»՝ 91, ամենամոտ կանգնած թիմը «Լիվերպուլն» է դարպասի 76 գրավումով։
Պրեմիերայում լուրջ սրեր են ճոճվել «Շեֆիլդ»-«Չելսի» խաղում, որտեղ առավել համոզիչ են եղել տանտերերը, ինչը հավաստել են «ազնվականների» դարպասի եռակի գրավմամբ ու սեփականն անառիկ պահելով։ Ինչով էր հատկանշական այս խաղը։ Այն 54 միավորով, նախ, շեֆիլդցիներին տեղ ապահովեց առաջին յոթնյակում, երկրորդը՝ 60 միավոր ունեցող «Չելսիին» պահեց արդեն երերուն երրորդ հորիզոնականում, քանզի հաջող դիմակայությունների դեպքում այդ 60 միավորը հետևում կարող էին թողնել միանգամից երկու թիմ՝ «Լեստերն» ու վերջին չորս մրցակայությունը միայն հաղթանակով նշանավորած «Մանչեստր Յունայթեդը»։
Նկատենք, որ «Բոռնմուտի» հետ «Լեստերի» առճակատումը երկուսի համար էլ առանցքային նշանակության էր։ Առաջինը գրեթե վերջին հույսի ջանք էր գործադրելու պրեմիեր լիգայում մնալու համար, երկրորդը պիտի փորձեր վերադարձնել դեռևս ոչ այնքան վաղ անցյալում կայունորեն իրեն ամրագրված երրորդ հորիզոնականը։ Իր կամքի մեջ առավել զորեղ գտնվեց «Բոռնմուտը»՝ հաղթելով 4։1 հաշվով ու հյուրերին թողնելով ունեցած 59 միավորով։
Երեկ ուշ երեկոյան կայացել է «Մանչեստր Յունայթեդ»-«Սաուտհեմպտոն» դիմակայությունը։ Հաղթանակը «կարմիր սատանաներին» 61 միավորով ոչ միայն կարող է հանել բրոնզե մեդալներ խոստացող երրորդ հորիզոնական, այլև տալ Չեմպիոնների լիգայի խմբային խաղարկությունների մասնակցության հնարավորություն։ Այնպես որ «խաղադրույքները» չափազանց մեծ էին։
Սակայն «Չելսի»-«Լեստեր»-«Մանչեստր Յունայթեդ» հանգույցի վրա մենք կարծես թե վրիպում ենք «Վուլվերհեմպտոնի» պարագայում, որը, հյուր ժամանած «Էվերտոնին» պարտության մատնելով 3:0 հաշվով, 55 միավորով մաս կազմեց առաջնության առաջին յոթնյակի։
«Չելսի»-«Նորվիչ» մրցակցությունով այսօր մեկնարկում է պրեմիեր լիգայի 36-րդ տուրը։
ԻՏԱԼԻԱ
Նյութի նախաբանում «Յուվենտուս»-«Ատալանտա» դիմակայությանն անդրադարձել ենք, սակայն արձանագրված հաշվի պարագայում ենք «վրիպել», ինչը բնավ էլ մանրուք չէ. այդ մասին հարցրեք ցանկացած վիճակագրի ու կտեսնեք քանի ժամանոց դասախոսություն կկարդա ձեր խոնարհ գլխին։ Այնպես որ, ազատենք ձեզ նման հնարավոր փորձանք-փորձությունից ու ներկայացնենք ծավալված իրադարձությունները։
16-րդ րոպեին փայլուն կոմբինացիայի արդյունքում Դուվան Սապատան «շշին» հանեց «ծեր սինյորային», որը թեպետև նյարդեր քայքայող ուշացումով, այդուհանդերձ պարտքը վերադարձրեց 11-մետրանոցի նշանակետից դարպասի խոցումով։ Տուգանայինը «ստեղծել» էր Դիբալան (ի միջի այլոց մինչ այդ դարպասի գեղեցիկ գրավում էր ունեցել, սակայն մրցավարը գոլը չի հաշվել), իրացրեց Ռոնալդուն։ Սա հանդիպման 55-րդ րոպեին էր։
«Յուվենտուսին» երկրորդ անգամ պատժեց Մալինովսկին, որի հարվածը թնդանոթից արձակված գնդակ հիշեցրեց, ու դարձյալ հաշիվը վերականգնողը նույն Քրիշտիանու Ռոնալդուն էր՝ հավելյալ ժամանակում 11-մետրանոցի նշանակետից դարպասի գրավումով։ Հաղթեր այս անչափ գեղեցիկ խաղում «Ատալանտան», 69 միավորով առաջնության երկրորդ հորիզոնականն իրենը կլիներ, քանի որ 68 միավոր ունեցող «Լացիոն» սեփական հարկի տակ կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։ Հատկանշական է, որ այստեղ էլ «Սասուոլոն» է իր համար վճռական գոլը խփել հավելյալ ժամանակում ու փաստացի տոնել կամային հաղթանակ՝ 2։1։
Առանցքային նշանակության մրցավեճ է եղել նաև «Նապոլի»-«Միլան» դիմակայությունում, որտեղ հաղթանակը տանտերերին օդի պես անհրաժեշտ էր նախօրեին արտագնայում «Բրեշիայի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակ տոնած «Ռոմային» անկառավարելի հեռավորության վրա չթողնելու, իսկ հյուրերին՝ վերջապես լավագույն վեցյակ խուժելու համար։ Հիշեցնենք՝ վերջին հինգ խաղում «Միլանը» պատժել է թե՛ իտալական «գայլերին», թե՛ «Լացիոյին», թե՛ «Յուվենտուսին»։ Նայեք մրցաշարային աղյուսակին ու ավելորդ մեկնաբանությունների կարիք չեք զգա։
Ֆանտաստիկ լարվածության ու նույնքան ֆանտաստիկ գեղեցկության այս մրցամարտում հաղթող կողմ չի եղել, նկատենք միայն, որ հանդիպման հաղթական հիմքը դրած, գրանդների աչքի փուշ ու սարսափ «Միլանը» խաղավարտին եղել է պարտվող կողմ, սակայն կարողացել է անհրաժեշտ սրբագրումը մտցնել ու պահպանել իր բարձր ռենոմեն։
Երեկ ուշ երեկոյան կայացավ «Ինտեր»-«Թուրին» մրցավեճը։ Հաղթանակը Անտոնիո Կոնտեի սաներին ոչ միայն կվերադարձնի մրցաշարային աղյուսակում կորցրած երրորդ հորիզոնականը, այլև միավորներով կհավասարեցնի «Լացիոյին», սակայն առաջնության վերսկսումից հետո «Ինտերն» այնքան անկայուն խաղ է ցուցադրում, որ մարդ վախենում էլ է մի բառ ավելի ասի։
ԻՍՊԱՆԻԱ
Նախորդ տուրի «Ռեալ»-«Ալավես» մրցակցությունում «արքայականը» տեր կանգնեց իր հերթական երեք միավորին՝ 2։0, ու պահպանեց «Բարսելոնից» չորս միավորի պոկվածությունը, որը հազիվ թե առաջնության ավարտին մնացած երեք խաղում հաղթահարելի արգելք լինի, իսկ «Աթլետիկ»-«Սևիլիա» դիմակայությունում կամային հաղթանակի հասնելով՝ անդալուզցիները միավորներով՝ 63, հավասարվեցին «Աթլետիկոյին» ու երրորդ հորիզոնականում չհայտնվեցին զուտ լրացուցիչ գործակիցների պատճառով։
36-րդ տուրը լա լիգայում սկսվեց Մադրիդի «Աթլետիկոյի» ու «Բարսելոնի» հաղթանակներով, նույն նվազագույն հաշվով։ Առաջինը սեփական հարկի տակ պարտության մատնեց «Բետիսին», երկրորդն արտագնայում պարտության մատնեց «Վալիադոլիդին»՝ «արքայականից» հետ մնալը դարձյալ մեկ միավորի հասցնելով։ Հիշեցնենք, որ Գրանադայի» հետ «Ռեալի» դիմակայությունը կայացել է երեկ ուշ երեկոյան։ «Աթլետիկոյի» հաղթանակին նույն կերպ է պատասխանել լա լիգային հրաժեշտ տալու տխուր արարողությանը պատրաստվող «Մալյորկային» հյուրընկալած «Սևիլիան»՝ միավորներով կրկին հավասարվելով մադրիդցիներին՝ 66։
Մրցաշարային աղյուսակում կարող էին տեղաշարժեր առաջացնել երեկ կայացած «Վիլիառեալ»-«Ռեալ Սոսիեդադ», «Ալավես»-«Խետաֆե» դիմակայությունները։ Մասնավորապես դրանցից առաջինը կարող էր առաջին յոթնյակից դուրս մղել այնտեղ ներխուժած «Աթլետիկին»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ