«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն շարունակում է մնալ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը։ Marca-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբում վստահ են, որ 2021 թվականի ամռանը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենից» կկարողանան ձեռք բերել Մբապեի տրանսֆերը։ Միջանկյալ նկատենք, որ ֆուտբոլիստն էլ մեծ համակրանք ունի «արքայականի» նկատմամբ, իսկ նրա գլխին կանգնած Զինեդին Զիդանը եղել ու մնում է Մբապեի կուռքը։
Եթե փարիզյան ակումբը ցանկանում է պահել Մբապեին, ապա պետք է երկարաձգի նրա հետ պայմանագիրը մինչև 2022 թվականը, սակայն կողմերը համաձայնություն ու նախնական պայմանավորվածություն չունեն այս հարցի շուրջ։ «Ռեալը», իհարկե, անցնելու է գործի հաջորդ ամառ, սակայն ՊՍԺ-ն չի պատրաստվում հեշտությամբ թողնել իր աստղին։
Փարիզյան ակումբը ցանկանում է Մբապեի վաճառքից ռեկորդային գումար ստանալ։ Որ այն այդպիսին կլինի, կասկած չկա, այլ հարց է, թե կորանավիրուսի այս համաճարակն ինչպես ու ինչքանով է ազդել ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի վրա, որովհետև դեռ խոշոր հարց է՝ առաջնությունները նոր մրցաշրջանում մարզադաշտերում հանդիսատեսին տեսնելու երջանկությունը կունենա՞ն։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ