Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ինչպես միշտ՝ Կալաշնիկով

Ինչպես միշտ՝ Կալաշնիկով
26.07.2019 | 01:47

Հայտնի է՝ եթե ուզում ես երկիրը քանդել, խարխլիր նրա կայացած կառույցները։ Իսկ սովետական երկրի ամենակայացած կառույցը նրա կրթական համակարգն էր։ Խորհրդային դպրոցն ավարտածի առջև բաց էին արտասահմանյան բուհերի դռները, հատկապես Միացյալ Նահանգներում։ Այդ կառույցը հիմնովին տակնուվրա անելու համար ներդրվեցին և իրականացվեցին մի շարք միջազգային ծրագրեր, որոնցից ամենակործանարարը, ըստ բնագավառի մասնագետների, բոլոնյան համաձայնագիրն էր։ Դրա գործնական կիրառության համար մշակվեցին մի շարք այլ ծրագրեր, որոնցից էր դպրոցների տխրահռչակ օպտիմալացումը, որը կյանքի կոչվեց 2000-ականների սկզբում։ Այդ տարիների կրթության նախարար Սերգո Երիցյանը հայտարարում էր, որ դա իր սրտով էլ չէ, բայց յոթ միլիոն դոլոր դրամաշնորհ էին ստացել, պետք էր գործը ավարտին հասցնել։ Այսինքն՝ կարևորը փողն էր։ Թե արդյունքում ինչ կունենանք, կարևոր չէ։ Իսկ արդյունքում ունեցանք քայքայված կրթական համակարգ։ Օպտիմալացումը ենթադրում էր դպրոցներից հեռացնել տարիքով ուսուցիչներին, որոնք դեռևս կրում էին խորհրդային դպրոցի բարի ավանդույթները։ Ծրագրի գլխավոր նպատակն էր ընդհատել կրթական ավանդույթների ժառանգական շարունակականությունը։ ՈՒսուցիչները, որոնք արդեն հասել էին մասնագիտական հաջողությունների և իրենց իմաստնությունը պետք է փոխանցեին աճող սերնդին, փոխարինվեցին երիտասարդներով, որոնք դեռ սովորելու կարիք ունեին։


Այդ տարիներին, սոցիալական մի ծրագրի իրականացման շրջանակներում, առիթ եմ ունեցել մոնիտորինգ անցկացնելու Ճամբարակի և Վարդենիսի շրջանների սահմանամերձ երեսուներկու գյուղերի դպրոցներում։ Տպավորությունն այն էր, կարծես ավերիչ փոթորիկ էր եղել ոչ միայն դպրոցներում, այլ նաև նրանց կոլեկտիվների հոգիներում։ Օպտիմալացման պատճառով ուսուցիչների թիվը այնքան էր կրճատվել, որ միևնույն դասասենյակում, նույն դասաժամին ուսուցիչը դաս էր անցկացնում, ասենք երրորդ և ութերորդ դասարանցիների հետ։ Բողոքում էին, ասելով, թե ամբողջ դասին «վազում ենք մի դասարանից մյուսը»։ Այդ քանդիչ ծրագրի իրականացման համար դրամաշնորհ տվողները, այսպես ասած «սփոփիչ նվեր» էին արել. մեկ երկու գյուղում դպրոց էին կառուցել, որոնք գյուղացիները «փեթակ» էին կոչում, որովհետև շատ փոքր էին, իսկ դասասենյակները նախատեսված էին ընդամենը երեք-չորս աշակերտի համար։


Րաֆֆին ասում էր. «Օտարի օգնությունից քեզ շահ չկա։ Թե մի բան տվել է, տես թե տասը բան որտեղից է տանում»։ Իսկ տարան շատ բան, քանդելով մեր ամուր հիմքը՝ կրթական ավանդույթները։
Քանդելու հիմքը դրված էր, մնացածը ժամանակի խնդիր էր, որն արդեն իրականացրին տեղի ուժերը, մեծ ու փոքր նախաձեռնություններով։ Ինչպես ասում էր Վիկտոր Չեռնոմիրդինը. «ՈՒզում էինք լինի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ՝ Կալաշնիկով»։ Այդ նախաձեռնություններից մեկը գյուղական դպրոցները մարզպետարանների իրավասությանը հանձնելն էր։ Պարզվեց՝ մարզպետարանները մեր երկրի ամենակարող կառույցներն են. կարող են զբաղվել և գյուղատնտեսության, և սոցիալական, և կրթական խնդիրներով։ Դա կարող է լուծում կամ հեշտացնում է ադմինիստրատիվ խնդիրներ, բայց կրթական խնդիրները հաստատ չի լուծում։ Դեռ ավելին, գյուղական դպրոցի ուսուցչի հարցը երկրի գիտության և կրթության նախարարությունը չի կարող լուծել, դա իր իրավասություններից դուրս է։ ՈՒսուցչի «բախտը» հանձնված է դպրոցի տնօրենի քմահաճույքին։ Աբսուրդ է։
Իսկ վարչապետ Փաշինյանը հանձնաժողով է ստեղծում կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ ՈՒզում է, որ լավ լինի, բայց կստացվի ինչպես միշտ՝ Կալաշնիկով, քանի որ կոռուպցիոն ռիսկերը մնում են։


Այդ համակարգը լայն հնարավորություններ է տալիս մարզպետներին, որոնցից մեկը հայտարարաում է, որ թոշակի տարիքի հասած ուսուցիչներին պետք է փոխարինել «խանդավառ» երիտասարդներով։ Շատ ողջունելի է, որ երիտասարդ մասնագետների համար ասպարեզ է բացվում, բայց ուսանողական նստարանից դպրոցի դասարան մտնելուց առաջ հնարավորություն տվեք, որ նա մեկ-երկու տարի «վարպետության դասեր» առնի տարիների փորձ ունեցող, թոշակի գնացող ուսուցչի մոտ։ Վստահ կարելի է ասել, որ «խանդավառ» երիտասարդների ծրագիրը օպտիմալացման «թավշյա» տարբերակն է։ Ի դեպ, ուսուցիչներին թոշակի են ուղարկում ծննդյան հաջորդ օրը, որը կարող է լինել ուումնական տարվա սկզբում, մի քանի ամիս հետո, կամ ուսումնական տարվա ավարտից մեկ-երկու ամիս առաջ։ Աբսուրդ է։ ՈՒսուցիչը կամ աշակերտների ծնողները չեն կարող բողոքել, որովհետև հրաման է, և դպրոցի տնօրենի համար հարմար առիթ է դպրոցը նոր կադրերով սեփական հայեցողությամբ համալրելու համար։


Իսկ վարչապետը պայքարում է կոռուպցիայի դեմ։
Խոսքս ուզում եմ ավարտել Կոմիտասի հորդորով. «ՈՒսուցիչ պարոննե՛ր ու քույրե՛ր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը»:


Հարգանքներով՝
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 25035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ