38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին
31.05.2013 | 11:07

Ինձ համար 2013-ի մինչ օրս կայացած ամենակարևոր հասարակական իրադարձությունը նախագահական կամ քաղաքապետական ընտրությունները չէին, այլ մարտի 19-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մի քանի մտքերը. առաջինը՝ հարուստ լինելը վատ բան չէ, միայն պետք է հասկանալ, թե մարդն ինչ ճանապարհով է հարստացել, երկրորդ՝ կեղծ բարեգործությունն այսօր փոխարինում է բարությանը, իսկական բարերարությանը, երրորդ՝ հասարակությանն անհրաժեշտ է համերաշխության մթնոլորտ (շարադրում եմ մոտավոր իմաստը): Նրա այդ խոսքերը պայթուցիչի (դետոնատորի) դեր կատարեցին՝ գրելու այս հոդվածը:

Եվ արդարության օրենքները վերածվեցին անիրավության և հարգվեց ավելի արծաթսիրությունը, քան Աստվածսիրությունը և մամոնան, քան Քրիստոսը:


Մեջբերման խմբագրված տարբերակը`
Արիստակես ԼԱՍՏԻՎԵՐՑՈՒՑ (XI դ.)

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
1844 թ. «Բազմավէպը» գրում էր. «Դիւրին և գովելի բարիք մըն ալ ան է՝ որ մարդ բարերարներուն երախտագէտ ըլլայ, անոնց յարգը ճանչնայ ու գովէ. աս պարտքէս ազատ են միայն անհոգ, նախանձոտ, վատասիրտ ու տգէտ մարդիկ»: Վերջին 15 տարում՝ անասելի դժվարություններ հաղթահարելով ու չհաղթահարելով, գրել եմ տասնյակ գրքեր ու հարյուրավոր հոդվածներ՝ երախտագիտությունս հայտնելով մեր բարերարներին, ճանաչել եմ նրանց հարգը ու գովաբանել: Գրել եմ խորհրդանշական մետաղադրամի պայծառ, բարեբեր, ազգապահպան երեսի՝ ավերսի, հիմա կխոսեմ մտածելակերպով գեղացի, բթամիտ, անբարո, ագահ, ցինիկ, արծաթասեր ու Քրիստոսադրուժ դարձերեսի՝ ռեվերսի մասին: Ես այդ իրավունքը վաստակել եմ: Բայց դա կանեմ ոչ թե մերկապարանոց հայտարարություններով, այլ պատմական փաստերի վերլուծությամբ և մեր ժամանակների հետ համեմատություններ կատարելով:
Սկզբում մտադիր էի այս ամենը ներկայացնել առ մամոնայի զավակներին բաց նամակի տեսքով, սակայն դրանից հրաժարվեցի: Որովհետև կնմանվեր աղերս-հորդորի, լավագույն դեպքում՝ օգնության հենց նրանց: Բայց հաշվի առնելով վերջիններիս էությունը և ունակությունները՝ դա կլիներ անիմաստ: Բացի այդ, ինչպես նրանք իմ նկատմամբ որևէ պարտավորություն չունեն, այնպես էլ ես՝ իրենց հանդեպ, չեմ ցանկանում այդպիսիքին որևէ կերպ աջակցել: Այդ իսկ պատճառով սա չուղարկված նամակ է: Սա նախատեսված է հասարակության պարզ, աշխատասեր, խղճակորուստ չունեցող անդամների համար:
Եվս մեկ բան. հնարավորինս կխուսափեմ, բայց ամբողջովին չեմ հրաժարվի կոնկրետ անուններ տալուց, որովհետև առավել կարևորում եմ Հայաստանի բիզնես-խավի էությունը, այդ հանրակցության վարքագիծը ծնող պատճառները պարզաբանելը: Բացառություններն են հաստատում օրինաչափությունները, և կխոսեմ ընդհանրության օրինաչափությունների մասին:

ԼԵԶՎԱԿԱՆ ԽՆԴԻՐ
Մեր պատմագրության մեջ «վաճառական» եզրը հավասարազոր է արդի «բիզնեսմեն»-ին: Բայց քանի որ առաջինը հնաբույր էր, իսկ երկրորդը թարգմանելու մոլուցք կար, նոր երևույթը որակելու համար 1993-ին շրջանառության մեջ դրվեց «գործարար» եզրը: Այնինչ վերջինս մեր լեզվում նշանակել է սարդ, իսկ գործ՝ սարդոստայն (տե՛ս 1984 թ. «Պատմաբանասիրական հանդեսում» Բ. Չուգասզյանի հոդվածը)։ Ես կգործածեմ «ձեռնարկատեր» եզրը, որովհետև հանրապետությունում բիզնեսով զբաղվող ցանկացած ոք այս կամ այն կերպ ունի ձեռնարկատիրական կազմակերպաիրավական ձև, ձեռնարկատեր է:
Է՛լ ավելի անընդունելի է «ձեռներեց» եզրը (ասենք՝ անհատ ձեռներեց): Հանրային գործունեության ամենատարբեր ոլորտներում կան ձեռներեց, ունակ, կարող մարդիկ, բայց նրանք հո բիզնեսմեննե՞ր չեն:
Արևմտահայերը մինչ օրս «բիզնես» բառը որակում են «գործ» եզրով (դիցուք, երբ մեկը մյուսին հարցնում է՝ գործ ունի՞ս, նկատի ունի՝ բիզնես ունե՞ս): Բայց արդի արևելահայերենում «գործ» բառն ունի միանգամայն այլ իմաստ:
Այս ամենը նկատի ունենալով՝ ստորև կգործածեմ «ձեռնարկատեր» եզրը, բայց և չեմ հրաժարվի «բիզնես»-ից ու «բիզնեսմեն»-ից:

ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆՁՅՈՒՂՆԵՐ
Փողը (դրամը, ստակը) կործանեց Հայաստանը, բայց փրկեց հայությանը:
Եթե ասեմ, թե առևտրով զբաղվելը ի վերուստ շնորհ էր հային՝ կհամարեն սնապարծություն, բայց պատմական փաստերն են այդ մասին վկայում: Քրիստոսից 5 դար առաջ Հերոդոտոսը գրում էր, որ Արմենիայից Բաբելոն տանող ճանապարհին՝ Եփրատի ափերին, հայերն ունեին 15 առևտրային կայան: Աստվածաշնչում՝ Եզեկիելի մարգարեությունում, նշված է, որ Թորգոմա տնից արտահանվում էին ձիեր, ջորիներ, մետաղյա իրեր:
Առևտուր անելու քաղաքակրթական գենը բուռն զարթոնք ապրեց հատկապես միջնադարյան Հայաստանում: Անին, Արծնը, Արտաշատը, Դվինը, Վաղարշապատը, Վանը, Արճեշը, Ջուղան, Խլաթը, Կարսը, Սեբաստիան և այլ քաղաքներ առևտրից ու արհեստներից հարստացան: Առևտրային քարավանները Հնդկաստանից գալիս էին Հայաստան և անցնում Պարսկաստան, Հռոմեական կայսրության պրոտեկտորատներ: Դա ոչ միայն ապրանքների, այլև բարքերի, սովորույթների, կենցաղավարության և արատների փոխանակում էր. հարստության ռևերսը հանգեցրեց բարոյական անկման, սոցիալական անարդարության և արտաքին վտանգների:
Արիստակես Լաստիվերցին Արծնի մասին գրում էր. «Արդ, առաջվա ժամանակները, երբ առատորեն բարի գործերով էր զարդարված՝ ամեն ինչ սրա ուզածի պես էր լինում, և սա նման էր նորահարս կնոջ, որն ամենքին ցանկալի էր վայելուչ գեղեցկությամբ ու պայծառ զարդերի պատճառով»:
Ամենքին ցանկալի նորահարս կնոջ հետ թե ինչպես են վարվում, պարզ է: Եթե սրան հավելենք, որ բիզնեսով էին զբաղվում ոչ միայն իշխանները, այլև թագավորները, ապա պարզ է դառնում, որ հանուն հենց իրենց բիզնեսի վաճառեցին արքայությունն ու անկախությունը: Եվ Լեոն գնաց-տեսավ Անին ու գրեց. «Կա քուրձ՝ ոսկու տակ, և ոսկի՝ քուրձի տակ»: Մեզ մնացին փլատակներ ու ոսկի՝ քուրձի տակ:

ԱՅԼ ԻՐԱՎԻՃԱԿ
Անկախության կորուստը մեզ դուրս նետեց պետականակերտման բնականոն ծիրից: Անիի անկումից հետո սկսվեց զանգվածային արտագաղթ, և ազգովին, ստիպված դարձանք վաճառական: Որովհետև սեփական իշխանության չգոյությունը հային անմիջապես հուշեց, որ իր միակ փրկությունը, համեմատական անկախության երաշխիքը փողն է: Այս դրույթը մասամբ արտահայտեց պոլսեցի Գ. Բաղդասարյանը, 1908-ին գրելով. «Ան որ կը բաղձայ անկախ դիրքի մը տէր ըլլալ պէտք է նախ կամք ունենայ և զայն գործածէ իր փափաքին յաջողութեան համար: Դրամ պէտք է անկախ դիրքի մը ձեռք ձգելու և զայն պահելու համար: Եթէ, սակայն, դրամ շահիլը դիւրին ալ ըլլայ, դեռ հնար չէ անկախ դիրքի մը տէր ըլլալ և մնալ անոր մէջ՝ ցորչափ դրամը չպահուի: Դրամ պահիլը ամենէն դժուարին գործն է աշխարհի մէջ»:
Արևմտահայության՝ վաճառականության նվազ ընդունակ հատվածը մնաց բնօրրանում, իսկ առավել ձեռներեցները նետվեցին Կ. Պոլիս ու Զմյուռնիա, Կահիրե և Ալեքսանդրիա՝ իրենց կապիտալներով ոչ միայն հիմնելով գաղթօջախներ, այլև դարեր շարունակ պահել-պահպանելով դրանք:
Նորջուղայեցիները սփռվեցին Վենետիկ և Ամստերդամ, Մադրաս ու Կալկաթա, առևտրատնտեսական համայնքներ հիմնեցին ինդոնեզական Բաթավիա (Ջակարտա), Սուրաբայա, Սմարանգ քաղաքներում, ոտք դրեցին Տիբեթ ու Սիամի թերակղզի, ափ իջան Աստրախանում և հատելով Ռուսաստանի տարածքը՝ հասան Ստոկհոլմ:
Արևելահայությունը թիրախ դարձրեց Մոսկվան ու Պետերբուրգը, «նվաճեց» Թիֆլիսն ու Բաքուն:
Ավելին, հայությունն ստեղծեց արմենոպոլիսներ՝ Գերլա, Նոր Նախիջևան, Գրիգորիուպոլիս, Էլիզաբեթշտադ: Իսկ Նոր Ջուղայի և նրա 400-ամյա պատմության մասին արժե առանձնակի նշել: Դա մեր ժողովրդի իսկական ոսկին է՝ քուրձի տակ: Դա բացառիկ երևույթ է համաշխարհային պատմության մեջ, և եթե գեթ մեկ ժողովուրդ նման գանձ ունենար, այն կդարձներ իր պետության հայտանիշը՝ բրենդը:
Սակայն կար մի բնական պարադոքս. պետականության բացակայությունը մեզ՝ առևտրատնտեսական բազմադարյան հարստագույն փորձառություն ունեցող հայերիս, զրկեց ավանդույթներն ի մի ժողովելու, համադրելու, սեփական տնտեսական գիտություն ունենալու հնարավորությունից (նախանցյալ դարի հեղինակներից մեկը, սա նկատի ունենալով, գրեց, թե մենք բանասիրական ազգ ենք): Իսկ նրանք, ովքեր գլխներին իշխանություն ունեին, առաջին հերթին ձեռնամուխ եղան տնտեսական տեսություններ ստեղծելուն:
Ռուսաստանը, որ համաշխարհային առևտրում գրեթե դերակատարություն չուներ (հիշարժան են լոկ երկու վաճառականներ՝ Նիկիտին ու Կոտով), ի դեմս պետական ճորտ Ի. Պոսոշկովի, հիմնադրեց իր տնտեսագիտությունը: Այս իրավազուրկ անձը 1724-ին գրեց «Գիրք աղքատության և հարստության մասին», և նման հանդգնության համար Պյոտր Մեծը նրան բանտարկեց. մեկ տարի անց Պոսոշկովը վախճանվեց հենց Պետրոպավլովյան ամրոցում, իսկ նրա գիրքը տպագրվեց միայն 1842-ին: Արևելքի և Արևմուտքի, Ասիայի ու Եվրոպայի միջև առևտրային թոհուբոհից հեռու, այդ իմաստով իրենից հետաքրքրություն չներկայացնող, ցրտաշունչ Շոտլանդիայում 1776-ին Ադամ Սմիթը լույս ընծայեց իր «ՈՒսումնասիրություններ ժողովուրդների հարստության էության և պատճառների մասին» հիմնարար աշխատությունը՝ դառնալով տնտեսագիտության «հայր»: Ռուսները դա թարգմանեցին և 1866 թ. հրատարակեցին երեք հաստափոր հատորներով՝ հավելելով Սմիթի հետևորդների՝ Ռիկարդոյի, Սեն-Սիմոնի, Ֆուրիեի, Մալթուսի և այլոց տեսությունները:
(Կասկածում եմ, թե 1991-ին անկախացած Հայաստանի ղեկավարներից գեթ մեկը Սմիթ հետազոտած լիներ, այլապես չէին անի այն, ինչ արեցին):
Իսկ ինչպիսի՞ն էր հայոց տնտեսագիտական միտքը: Տնտեսության բավիղներում կողմնորոշվելու կարիք զգացվեց XIX դ. կեսերին՝ Արևմուտքում կապիտալիզմի սաղմնավորման շրջանում:
1847 թ. Ն. Զորայանը «Բազմավէպում» տպագրեց խիստ ուշագրավ հոդվածաշար, հրապարակումներից մեկում մասնավորապես նշելով. «Ազգի մը հարստութիւնը իր ժողովրդին չբավելը շատ անգամ նոյն հարստութեան քիչութենէն չի, այլ անոր գեշ բաժնուելէն ու գեշ գործածուելէն»: Մեկ տարի անց Մխիթարյան միաբան Ղ. Ինճիճյանը Վիեննայում հրատարակեց տարրական, պարզունակ տեղեկություններ պարունակող «Գիտութիւն վաճառականութեան» գիրքը, ուր ուղղակիորեն փաստեց. «Ազգերնուս վաճառականութեան հարմար բնութիւնը, բնական խելքի սրութիւնը, որ նոյնիսկ եվրոպացիներէն ավելի է կըրնանք ըսել, ճարպկութիւնը և ուրիշ կատարելութիւնները մեզի հայտնի են. հայտնի է միանգամայն, որ ազգերնուս ասանկ ցրուած վիճակին մէջ վաճառականութիւնը մեր ազգին դայեակ, նեցուկ ու զորութիւն է: Բայց որչափ որ ասոնք ճշմարիտ են, այնչափ ալ մէկալ կողմանէ ստոյգ է, որ վաճառականութեան գիտութեանը վերաբերած գրքեր մեր մէջը պակաս են, որոնք թէ որ ըլլային ու վաճառականութեան ուսումն ու գիտութիւնը պզտիկուց տղոց սորվեցնէր, ազգերնուս թէ՛ նիւթական և թէ՛ ուսումնական վիճակը ուրիշ կ’ըլլար»: Անգլիայում բիզնեսով զբաղվող Հովհ. Հովակիմյանը և նրա որդի Գառնիկը, ազգակից վաճառականներին օգնելու նպատակով, փոխանակ Սմիթ թարգմանեին, 1860 թ. Փարիզում լույս ընծայեցին մի անհայտ անգլիացու (անհայտ, քանզի հարկ չէին համարել անգամ հեղինակի անունը նշել) «Պատմութիւն նախնեաց վաճառականութեան եւ ճանապարհ հարստութեան» անարժեք գիրքը: 1905-ին պոլսեցի Կ. Սոլախյանը հրատարակեց ընդհանուր գիտելիքներ կրող «Վաճառականի մը ընթացքը»: Եվ վերջ, այսքանն էր: Աշխարհացրիվ հայոց բիզնեսը շարունակեց զարգանալ անձնական փորձառության, սեփական պրակտիկայի հիման վրա, առանց ազգային տեսական մշակումների:
(Հերվա հարդը քամուն տալու մտադրություն չունեմ, բայց կասեմ:
Մտածելով, թե անկախ Հայաստանի ուսանողը պիտի քաջատեղյակ լինի նախնյաց վաճառականության դարավոր ավանդույթներին, ցանկանալով «պզտիկուց տղոց սորվեցնել», շուրջ 10 տարի առաջ դիմեցի երեք առաջատար բուհերի ղեկավարների՝ առաջարկելով գոնե ֆակուլտատիվ դասընթաց կարդալ: Ռեկտորները պատրաստակամություն ցուցաբերեցին և, ըստ կարգի, ուղարկեցին տնտեսագիտության ֆակուլտետների դեկանների, սրանք էլ՝ ամբիոնների վարիչների մոտ, նրանց, ովքեր ժամանակին սերտել ու տարիներ շարունակ հաջողությամբ դասավանդել էին մարքսիզմ-լենինիզմ, գիտական կոմունիզմ, դիալեկտիկական մատերիալիզմ։ Բնականաբար, մերժում ստացա. չէի տեղավորվում իրենց դասախոսական բիզնեսի տրամաբանության մեջ):

ԽԶՈՒՄ
Խորհրդային իշխանությունը ծնեց հայի նոր, յուրահատուկ տեսակ, որն արմատապես տարբեր էր կապիտալիստական աշխարհի հայից: Բոլշևիկները վերացրին մասնավոր սեփականությունը, մեռցրին քրիստոնեական հավատը՝ ազգային բարեգործության ոգեշնչողին, և ստեղծեցին կոմունալ բնակարան, ուր ո՛չ փող կար, ո՛չ Աստված, ո՛չ մամոնա: Կոմունիստական իշխանությունն ինքը զբաղվեց բիզնեսով՝ դրանում ընդգրկելով «հոմո-սովետիկուս»-արևելահայությանը: Ինքն զբաղվեց բարեգործությամբ՝ կառուցապատելով ու սոցիալապես ապահովելով: Եթե դարեր շարունակ փողն էր պաշտպանել հային, նրա ինքնությունը, ապա կոմունալ տանտերն ինքն ստանձնեց իր բնակիչների պաշտպանությունը, այն բնակիչների, որոնց ամբողջությունը կոչվեց «սովետական ժողովուրդ»: Սպանեց ձեռներեցության ոգին, փողի հետ վարվելու մշակույթը: Պատահական չէ, որ երևան եկան այնպիսի ապուշ ասացվածքներ, ինչպիսիք էին՝ «Փողը ձեռքի կեղտ է», «Փողն էլ հո խելք չի՞, որ չունենամ»:
Հայության մի ամբողջ հատվածի մեջ առաջացավ էության, բնույթի խզում:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ