Հունվարի 17-ին, ՀՀ կառավարությունում կայացած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջին պաշտոնական հանդիպումը նախատեսվածից երկար տևեց։ Մամուլի ասուլիսին սպասող լրագրողները փորձում էին հասկանալ` ո՞րն է պատճառը։ Գրեթե բոլորին հուզող այդ հարցին պատասխանեց Վրաստանի վարչապետը. «Մեր առաջին պաշտոնական այցը բարեկամ երկրում շատ ջերմ անցավ։ Շնորհակալ եմ վարչապետ Տիգրան Սարգսյանին իր ընդունելության համար։ Մեր զրույցն անցավ այնպես, ասես հին ընկերներ լինեինք»։ Նա ընդգծեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց մեծ մասն ընդունվել է, «Մնացել են մի քանի հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Հուսով եմ, որ մենք փոխզիջումներ կգտնենք»,- ասաց վրաց վարչապետը` չմանրամասնելով, թե որ հարցերի մասին է խոսքը, միևնույն ժամանակ հավելեց. «Մենք նոր կառավարություն ենք և հույս ունենք, որ բարիդրացիական հարաբերությունները կզարգանան հարևան երկրների հետ` հատկապես տնտեսական ուղղությամբ»։
Եվ քանի որ Վրաստանի վերջին խորհրդարանական ընտրություններում հայ համայնքը քվեարկել է Բիձինա Իվանիշվիլու օգտին, հիմք ընդունելով նրա նախընտրական ծրագրում տեղ գտած հայկական համայնքի և հատկապես Ջավախքի սոցիալ-տնտեսական և մշակութային խնդիրների լուծումը` վրաց վարչապետից փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ի՛նչ քայլեր են իրականացվելու Վրաստանի հայության համար։ «Շատ հայ բարեկամներ ունեմ ոչ միայն Վրաստանում, այլև Վրաստանից դուրս։ Ընտրություններից առաջ այցելել եմ հայաշատ տարածքներ և արժանացել եմ ջերմ ընդունելության, և մենք շատ լավ զգում էինք միմյանց։ Ընտրությունների արդյունքները փաստում են դրա մասին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի հայությանն այդ օգնության և վստահության համար։ Այժմ գնդակը մեր դաշտում է, և այն, ինչ խոստացել եմ նախընտրական և ընտրական շրջանում, անպայման կիրականացնեմ։ Մեր կառավարությունն անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի Վրաստանի հայությունը զգա, որ ապրում է իր սեփական երկրում` ինտեգրվելով վրաց հասարակությանը։ Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել` ինչ խոստացել եմ Վրաստանի հայերին ընտրությունների ժամանակ, իրականացնելու եմ»,- ասաց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
Այն, որ առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ երկուստեք հետաքրքրող հնարավոր բոլոր հարցերը քննարկվել են, և հանդիպումն անցել է ջերմ ընկերական մթնոլորտում, իր խոսքում փաստեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և հավելեց. «Մենք արձանագրեցինք, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը մենք ի վիճակի չլինենք լուծելու համատեղ քննարկումներով։ Կա մեծ ներուժ մեր երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու և զարգացնելու համար։ Մենք արագ ձևավորելու ենք աշխատանքային խմբեր և նախապատրաստելու ենք մեր հաջորդ հանդիպումը միջկառավարական հանձնաժողովում։ Բոլոր ոլորտներում ունենք հեռուն գնացող հետաքրքիր ծրագրեր»։ Եվ որպես խոսքից գործի անցնելու օրինակ ՀՀ վարչապետը նշեց, որ այսօր ստորագրվել է երկու համաձայնագիր մշակույթի և մաքսային ոլորտներում։
Ժամանակի սղության պատճառով հնչեց երեք հարց, որոնցից մեկը «Ռուսթավի-1» ընկերությանն էր, ինչն էլ հունից հանեց Բիձինա Իվանիշվիլուն. «Այդ հարցը սպառված է։ Ձեր ընկերությանը պատասխանել ենք, որ նախարարի խոսքն աղավաղվել է։ Հիմա նորից բարձրացնում եք այդ հարցը, չեմ հասկանում` ինչո՞ւ»։ Իսկ հարցն ուղղված էր երկու վարչապետներին` լրագրողը նրանց խնդրեց մեկնաբանել Վրաստանի արտգործնախարարի այն խոսքը, թե ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այլ կերպ ասած, Վրաստանի վարչապետի այս պահվածքը փաստեց նրա քաղաքական գործչի հմտության պակասը։ Իսկ Հայաստանի վարչապետը բարձրացված հարցն այսպես մեկնաբանեց. «Շնորհակալություն եմ հայտնում վրաց իմ գործընկերոջը և գործընկերներին, որ նրանք ԼՂՀ-ի կարգավորման հարցում զբաղեցնում են հավասարակշռված դիրքորոշում։ Հատկապես ուզում եմ նշել, որ շատ հաճախ ԼՂՀ-ի կարգավորման շուրջ արված հայտարարություններն աղավաղվում են։ Եվ մենք շնորհակալ ենք մեր վրաց գործընկերներին, որ նման աղավաղումների դեպքում օպերատիվ արձագանքում են, որպեսզի չլինեն այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն համապատասխանում Վրաստանի կառավարության դիրքորոշմանը»։ Տիգրան Սարգսյանի խոսքից հետո Բիձինա Իվանիշվիլին մանրամասնեց. «Երկու խոսք ավելացնեմ ԼՂՀ-ի խնդրի վերաբերյալ։ Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել ենք այդ մասին։ Այսօր Ալիևի դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ փոխանցեցի պարոն Տիգրան Սարգսյանին։ Այդ հարցի շուրջ մանրամասնորեն չեմ ուզում խոսել։ Ինչպես երևում է, այդ հարցի լուծումն ապագայում ծանր է լինելու։ Ցանկանում եմ, որ հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով, և երկու պետությունները գտնեն հնարավոր լուծման ուղիները»։
Ի դեպ, եթե պետական մակարդակներում թարգմանություններն արվեն այնպես, ինչպես այսօրվա ասուլիսում, ապա աղավաղումներն անխուսափելի կլինեն, իսկ եթե ասուլիսը ներկայացնեինք առանց ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան թարգմանչին խմբագրելու, երկու վարչապետներն էլ խայտառակ կլինեին, համենայն դեպս, Վրաստանի վարչապետը` հաստատ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ