Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Զնդանելով մարդու պայքարող տեսակը՝ դուք ամորձատում եք հասարակությանն ու պետությունը դարձնում չբեր

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Զնդանելով մարդու պայքարող տեսակը՝ դուք ամորձատում եք հասարակությանն ու պետությունը դարձնում չբեր
29.07.2013 | 22:55

«Չենք վճարելու 150 դրամ» ակցիան, մեծ հաշվով, 50 դրամի կռիվ չէր: Իհարկե, 50 դրամը, հատկապես այն պարագայում, երբ ընտանիքի անդամները օրական մի քանի անգամ ստիպված են օգտվել հասարակական տրանսպորտից, բավականին մեծ բեռ է ընտանեկան բյուջեին, սակայն, մեծ հաշվով, բողոքի ինքնաբուխ ակցիաները քաղաքացիական զարթոնքի և այս կամ այն մակարդակի պետական մարմինների կողմից թույլ տրված կամայականությունների դեմ պայքարի գեղեցիկ և ուսանելի օրինակներ էին, քաղաքացիական զարթոնքի լավ նախապայման, և հաղթանակն այստեղ ոչ թե 50 դրամի խնայողությունն էր, այլ պետության կառավարման գործում քաղաքացու դերի բարձրացումը: Իհարկե, տրամաբանական է, որ ձեռք բերված, առայժմ թեկուզ համեստ, հաջողությունը պետք է հող հանդիսանար քաղաքացիների նոր պահանջների համար, սակայն այս պայքարը պետք է առավել ընդգրկուն դառնար ոչ թե այս կամ այն «ճ» կլասի պաշտոնյայի հրաժարականի պահանջով, այլ նորանոր քաղաքացիական նշաձողերի նվաճմամբ: Այս դեպքում ինձ համար խիստ ցավալի է, որ մենք, արբենալով քաղաքացիական զարթոնքից և արձանագրված ձեռքբերումներից, մոռանում ենք, որ քրեակատարողական հիմնարկներում և դատարաններում դեռևս կան մարդիկ, որոնց միակ մեղքն այն է, որ ոչ վաղ անցյալում ազնվորեն պայքարել են քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, որոնք, ինչու չէ, նաև մեր անտարբերության արդյունքում, հայտնվել են բանտում կամ քրեադատավարական պրոցեսում: Օրինակ` Տիգրան Առաքելյանի դեպքը: Ինքս Տիգրանին երբեք անձամբ չեմ ճանաչել, բայց մշտապես տեսել եմ նրան` պայքարի այս կամ այն ճակատում` աննկուն, ազնիվ, անկաշառ: Այդ մարդը հիմա բանտում չէր լինի, եթե ժամանակին նույն ոգով նրան հասարակությունը պաշտպաներ, ինչպես պաշտպանեց վերջին ակցիաների ժամանակ բերման ենթարկված ակտիվիստներին: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ դեռ այն ժամանակ, երբ շատերը տեղաշորի տակ անգամ վախենում էին մտածել քաղաքացիական ազատությունների մասին, Տիգրանն իր ընկերների հետ պայքարում էր այդ ազատությունների համար, որի արդյունքում հայտնվեց բանտում: Ավելորդ չեմ համարում մեջբերել Տիգրան Առաքելյանի և նրա ընկերների դատավարությունից առաջ իշխանություններին ուղղված իմ կոչից մի հատված:

1. Սեփական երկրում պայքարող մարդու տեսակը հասարակության մերանն է, որը մարդուն բնակչից վերափոխում է քաղաքացու: 2. Պայքարող տեսակը արտագաղթի կանխարգելման կարևորագույն նախապայմանն է, անկախ նրանից, թե նրանց գաղափարները որքանով են ձեր քիմքին հարիր: 3. Զնդանելով մարդու պայքարող տեսակը՝ դուք ամորձատում եք հասարակությանը և քաղաքացի տեսակը՝ պետությունը դարձնելով չբեր: 4. Նրանց պահելով զնդաններում՝ դուք հարամում եք ինքներդ ձեր քառամյա հետընտրական անդորրը՝ ընդդիմադիր ուժերին և միջազգային կառույցներին պաս տալով այն գնդակը, որով գոլ են խփելու ձեր դարպասը: 5, Դուք կտրում եք այն ճյուղը, որի վրա նստած եք, որովհետև նրանց երազած Հայաստանում ապրելու են նաև ձեր երեխաներն ու թոռները: Վստահ եմ, որ դուք ձեր սերունդների համար այսպիսի Հայաստան չեք երազել: 6. Նրանց պահելով բանտերում՝ դուք խորացնում եք հասարակության մոտ անարդարության զգացումը, որովհետև ձեր իսկ կողմից մատնանշված շատ քրեածին կլաններ ազատ հերկում են քաղաքական դաշտը, իսկ նրանց միակ մեղքն այն է, որ մտածում են այլ կերպ, քան դուք: 7. Մի արմատավորեք այլախոհության ճնշումը, որովհետև իշխանությունից այլախոհություն մեկ քայլ է, և մեծ է հավանականությունը, որ վաղը ինքներդ կդառնաք այլախոհ: Այս ամենի գիտակցումով, թերևս, ժամանակն է, որ քաղաքացիական ակտիվիստները քայլեր ձեռնարկեն` իրենց բանտարկված տեսակը ազատ արձակելու պահանջով: Թե չէ ոմն Հենոյի կամ այլ կարգի պաշտոնյայի հրաժարականը պետության արժեքային համակարգում որևէ փոփոխություն չի բերում: Իսկ ամեն մի քաղբանտարկյալի առկայությունը պետության զարգացումը հետ է շպրտում առնվազն մեկ տասնամյակով:

Դիտվել է՝ 3121

Մեկնաբանություններ