«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՉԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ» ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«ՉԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ» ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
16.11.2010 | 00:00

Ռուս-թուրքական նոր հարաբերությունների գործընթացի մեջ ներարկված հայ-թուրքական հաշտեցման ծրագրի կանխատեսելի ձախողումը ստիպեց ՀՀ իշխանություններին առաջացած վակուումը լցնել ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարացմամբ։ Եթե այս համաձայնագիրը Ռուսաստանի համար ուներ ռազմավարական նշանակություն, ապա այս պարագայում Հայաստանի համար այն ունեցավ միայն իրավիճակից բխող նշանակություն։ Որքան էլ ցավալի է, այնուամենայնիվ, փաստ է, որ հայկական և հատկապես հայդատական քաղաքականությունը միշտ էլ սահմանափակված է եղել միայն իրավիճակային իրողություններով և անընդունակ է եղել հանդես գալու տարածաշրջանում սեփական շահերից բխող ռազմավարությամբ։ Դեռ ավելին, իրենց քաղաքագետներ համարող թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական այրերն ու հայդատականները երբևէ չգիտակցեցին, որ ցեղասպանության ճանաչման խնդրի քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություններում արժեզրկելու է նրա էության նշանակությունը։ Որպես կանոն, ցանկացած խնդիր ներգրավելով քաղաքական գործընթացների օրակարգում, շահագրգիռ կողմերի համար հրամայական է դառնում սեփական շահերի ու հետաքրքրությունների անզիջում պաշտպանությունը, սակայն ոչ երբեք խնդրի ճշգրիտ ընդունումն ու դրա ինտելեկտուալ լուծումը։ Քաղաքական պայքարում հանուն անցյալի ճշմարտության ճանաչման կողմերի մերժողական ու ծայրահեղ ստիպողական դիրքորոշումներն ավելի քան անհաշտ ու թշնամական դարձրին մինչ այդ սառեցված կամ համեմատաբար խաղաղ հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, որպես Հայ դատի բաղկացուցիչ մաս, դեռևս առկա է, իսկ նրա համար ընթացող հայդատական պայքարը շարունակվում է իմիտացիոն սկզբունքով և ապարդյուն։
ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Մինչդեռ հայկական լեռնաշխարհի վրա հայոց անկախ պետականության ստեղծման գաղափարի ակունքները գալիս են դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակի խորքից, սակայն ոչ երբեք 19-20-րդ դարերի ցեղասպանության պարտադրումներից։ Ազատ, անկախ և միացյալ ազգային պետության հիմնումը, համայն հայության մեկտեղումն այդ պետության հովանու ներքո, ազգային պետականության պահպանումն ու նրա զարգացումը միշտ էլ եղել են հայ ազգի գլխավոր նպատակները։ Հենց այս նպատակների մեկ հավաքական ամբողջությունն ամրագրվել է որպես «Հայ դատ», վերջինիս ուղեծրի մեջ առկա մնացած բոլոր էլեմենտները միայն մասն են վերոնշյալ գաղափարի։ Սակայն այսօր պետությունն ու ազգը շեղվել են ազգային հիմնական նպատակներից։ Ազգային նպատակներ այլևս գոյություն չունեն, առաջնորդ նպատակներն են միայն նյութական հարստացումն ու կեղծ հեղինակացումը։ Հայկական պահանջատիրությանն այսուհետ փոխարինում է տարածքային իրավիճակից բխող հարմարվողականության քաղաքականությունը, որն ավելի ընդգծված է Արցախի, Նախիջևանի, Ջավախքի և Արևմտյան Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությամբ։ Հստակ է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետականություն, իր այդ գոյավիճակի պահպանման դիմաց վճարում է հայ ազգի ոգու, ազատագրական պայքարի, զարգանալու և ազգային նպատակներ հետապնդելու իրավունքների որոշմամբ։
Հայ քաղաքական էլիտայի ամբողջատիրական այս համակարգն ապատեղեկացրել ու բթացրել է հայ ազգային միտքն ու ռացիոնալիզմը։ Ազգը բացարձակապես անտեղյակ է իր ճակատագիրը որոշող գործընթացներին։ Նրան պարտադրում են սնվել սուտ և կեղծ հայրենասիրական կարգախոսներով, ստիպում են խոնարհվել կեղծ և հիթ-շոուներով սարքված հերոսների ու հերոսապատումների առջև։ Ողջ ազգը ենթարկված է մանիպուլյացիոն հարվածների, որոնց արդյունքում հայ հասարակությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ մարդկային զանգվածների բացարձակապես չհիմնավորված կարծիքներն ընկալվում են որպես գիտական օբյեկտիվ փաստարկներ։ Եվ որքան բարդանում են հայ հասարակության առջև ծագած խնդիրները, այնքան հեշտանում է մարդկանց գիտակցությունն ավելի շատ մանիպուլյացիայի ենթարկելը։ Ժամանակակից քաղաքականության փլուզվող արժեհամակարգի փլատակների վրա անհուսորեն դեգերող Հայաստանը վտանգի մեջ է։ Այդ վտանգն առաջացավ հենց այն պահին, երբ պետությունը դարձավ կործանվող աշխարհակարգի ու համաշխարհային տնտեսության ողորմելի կցորդը։ Օտարերկրյա օգնությունները նշանավորվեցին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից բացառիկ վերահսկողության կիրառումով Հայաստանի բնական պաշարների վրա։ Դրամական օգնությունից կախվածությունը Հայաստանը վերածել է օտար պետության ստրուկի։ Մինչդեռ, որպես կանոն, նման օգնություն ստացող նոր զարգացող երկրների բնակչությանն այդ օգնությունից ոչինչ չի հասնում, այն մնում է միայն տվյալ երկրի ղեկավարության սեփական գրպաններում, ինչի արդյունքում ԱՄՀ-ին մնում է իրականացնել երկրի բնական պաշարների դուրսհանումն ու օտարումը։ Հայ ժողովուրդն արդեն կորցրել է իր ապագայի տեսլականն ու ծրագիրը։ Ազգային ժառանգական ներուժը, որը կոչված էր ընդունելու այն իրողությունը, որ առկա քաղաքական մշակույթը սպառել է իր գոյապահպանման բոլոր ռեսուրսները և պիտի մերժեր ինտեգրումը սպառված քաղաքականության չափանիշներին, այն էլ կրկնօրինակման եղանակով, որդեգրելու էր իր ազգային մշակույթի ոսկեձույլ ակունքների վրա ստեղծվող նոր քաղաքակրթության և նոր որակի պետականության գաղափարը։ Նոր քաղաքականության ստեղծման համար պահանջվում է աշխարհայացքի և գիտելիքների բեկումնային փոփոխություն հայ մտավորականության և պետականության գիտակցության մեջ, մի բան, որ իսպառ բացակայում է հայ քաղաքական մշակույթի փիլիսոփայության մեջ։ Առայսօր հայոց քաղաքական էլիտան առաջացած խնդիրները փորձում է լուծել քաղաքական, աշխարհաքաղաքական կամ տնտեսաքաղաքական խնդիրների լուծման ձևաչափերի ու բանաձևումների շրջանակների մեջ, այն էլ սեփական հետաքրքրություններից բխած կորպորատիվ սկզբունքներով։ Մինչդեռ ծառացած խնդիրները բոլորովին այլ կատեգորիաների հարթակներում են և պահանջում են վերանայել քաղաքակրթության և աշխարհակարգի արժեքային համակարգերը հայ ազգային էվոլյուցիայի ծրագրերի մեջ։
Ցանկացած ժողովուրդ, հատկապես հայը, իր մեջ կրում է ի սկզբանե տրված ազգային ոգու իռացիոնալիզմը, չգիտակցված գիտակցությունը, ազգային բնազդը։ Այն մղում է ժողովուրդներին ապրելու, արարելու, ստեղծագործելու` յուրովի պահպանելով իր բացառիկ տեսակն ամբողջ պատմության գոյության ընթացքում։ Իռացիոնալիզմի արտահայտված առարկայական և ոչ առարկայական ձևը հայ ազգի պատմական նախասահմանված դերն է, որով նախանշվում է ազգային իր տեսակի առանձնահատկությունը։ Հայ ազգն իր էթնոսի մշակույթի և ժամանակակից քաղաքականության մեկ միավորն է։ Որպես կանոն, այն մշակութային-քաղաքական միավոր է և ակունքն է բոլոր ժամանակների հայոց պետականության ազգային դերի և ձևի բոլոր քաղաքակրթական տարածքների մեջ։ Սակայն քաղաքական էլիտան իրականացնելով տարատեսակ վակխանալիաներ` «ի պատիվ գինու հեթանոսական Աստծո` Դիոնիսոսի կատարված տարատեսակ տոնախմբություններ` ուղեկցված տռփամոլությամբ, սանձարձակությամբ, արբեցողությամբ ու անառակությամբ», խեղաթյուրել է ազգային ինքնագիտակցությունը։ Հայրենասիրությունն ու ցեղային ոգու հպարտությունը դատապարտված են, և դրա ցանկացած դրսևորումը որակվում է որպես ապօրինի և խիստ պատժելի գործողություն։ Ժողովրդի «ընտրած» պառլամենտի անդամները պատասխանատու չեն իրենց ընտրողների առջև, այլ ենթակայական կամակատարներն են իրենց ղեկավարների։ Բյուրոկրատական և իրավաբանական քայքայիչ գործունեության հետևանքով իրենց իսկ ստեղծած սահմանադրության և անձի ազատության խեղաթյուրող ու սահմանափակող «շարժում մարդկային համակեցության կանոնների դեմ. թափառաշրջիկություն, սեռական հարաբերությունների ազատություն, թմրամոլություն, անարխիա և այլն» մոտեցումներով ազգի պատմական մշակութային-քաղաքական նախասահմանված դերը դատապարտել են կործանման։
«ՉԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ» ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2005-ի նոյեմբերի 27-ին հայ ազգային քաղաքական էլիտան խաբեությամբ ստիպեց ժողովրդի մեծամասնությանն ընդունել ՀՀ Սահմանադրությունը, որի ընդունումով Արցախի ազատագրված տարածքները Հայաստանը դեյուրե ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության բաղկացուցիչներ։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի` «...Միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը...» կետերն ընդունելով` ընդունվեց միջազգային համաձայնագրերի գերակայությունը սեփական օրենսդրական ակտերի նկատմամբ, և դա այն պարագայում, երբ Հայաստանը, մասնակցելով ԱՊՀ ստեղծման գործընթացին, ստորագրել էր փաստաթղթեր, ինչով ՀԽՍՀ-ի և ԱԽՍՀ-ի ներմիութենական սահմանը միանշանակորեն վերահաստատվել էր որպես Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջպետական սահման։ Ադրբեջանի ներկայիս քաղաքական ղեկավարները ձգտում են դեֆակտո վերականգնել ՀՍԽՀ և ԱԽՍՀ ներմիութենական և ապա միջազգային փաստաթղթերով դեյուրե վերահաստատված Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջպետական սահմանների ամբողջականությունը` հիմնվելով միջազգային նորմերի վրա։ Վերջին շրջանում ԼՂՀ-Ադրբեջան սահմանագոտում տեղի ունեցած մարտական գործողություններն այս տեսանկյունից սպասելի էին և կանխատեսելի։ Ադրբեջանի զինված ուժերի գործադրած ռազմական տակտիկական գործողություններն իրենց բնույթով մեկ անգամ ևս հաստատում են, որ երբեք չպետք է բացառել «չկանխատեսված» պատերազմի հավանականությունը։ Այն կարող է սկիզբ առնել փոքր և հատվածային հարձակումներից և ապա վերածվել վերահսկողությունից դուրս մնացած ավելի քան մեծ բախման։ Եվ հենց այս կոնտեքստում պիտի հատուկ ուշադրություն դարձվի և հաշվի առնվի այն իրողությունը, որ երբևիցե Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անդամ պետություններին չի ընդունել որպես դաշնակիցների և գործընկերների։ Մոսկվան լավ է հասկանում, որ նման դաշինքները ձևական արձանագրություններից այն կողմ չեն անցնում։ Սակայն, երբ հայտնի կդառնա Ռուսաստանի և «դաշնակից» Հայաստանի միջև կնքված փոխօգնության ձևական պայմանագրի և ապա ՀԱՊԿ-ի նույնքան ձևական դերակատարությունը, Ռուսաստանը միանշանակ հնարավոր կհամարի պատերազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս պատերազմը կհանգեցնի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը` ի հաշիվ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի թուլացման ու տարածաշրջանից դուրսմղման։ Հատկանշական է նաև, որ Ղարաբաղը մասնակի կամ ամբողջական և վերջնականորեն Ադրբեջանին հանձնելու հեռանկարը ռուսական քաղաքականության մեջ Ադրբեջանն ընդգրկելու լավագույն նախապայմաններից գլխավորն է։ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը բավականին լավ է գիտակցում այս կարևորագույն հանգամանքը, և չի բացառվում, որ նրա վերջին քաղաքական և ռազմական ակտիվացումը պայմանավորված է հենց այս գործոնով։ Հակառակ այն իրողության, որ Ադրբեջանն աստիճանաբար ձևավորվում է որպես տարածաշրջանի կայունության և անվտանգության դեմ լուրջ սպառնալիք, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը հակված է պահպանելու տարածաշրջանում առկա իրավիճակը։ Սպիտակ տունը խուսափում է որոշակի լրացուցիչ ազդեցություն ստեղծելուց, գիտակցելով, որ այն բավականին հաջող առիթ կարող է հանդիսանալ Ռուսաստանի համար տարատեսակ ճնշումներ գործադրելու տարածաշրջանի երկրների վրա։
Ինչպես աշխարհում գոյություն ունեցող բոլոր ազգերը, նույնպես էլ հայն իրավունք ունի իր ազգային ըմբռնումներին հարիր հասարակարգ ձևավորելու իր ազգային պետության սահմանների ներսում։ Իրավունք ունի նաև երազելու և այդ երազը վերածելու գործնականորեն իրականացվող նպատակի։ Իրավունք ունի վերականգնելու իր պատմական հայրենիքի ճշգրիտ սահմաններն ու պաշտպանելու իր պատմական ձեռքբերումներն օտարի ոտնձգություններից։ Այստեղ խոսքը վերաբերում է հայ ազգին, որի օրինաչափությունը բխում է ցեղի բարոյական ըմբռնումից, որը հավատում է իր ապագայի հաղթանակին, մնացել է ոգով արի ու իրական տերն է իր երկրի և ոչ նրան դեպի ստրկություն տանող, երկրի տարածքները, պետականությունն ու արժեքները վաճառքի հանած տնտեսաքաղաքական էլիտայի։ Եվ հակառակ վերջինիս առկայությանը մեր ազգային կյանքում, մենք պարտավոր ենք ինքներս տեր կանգնելու մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը։ Երկրի անվտանգությունը, լինելով բարդ և բազմաշերտ մի ամբողջական համակարգ, սկիզբ է առնում և հիմնվում, նախ, տարածքային մեծության և ձևի, սահմանների բնույթի և ապա բնակչության քանակի, ազգային միատարրության, նրա ոգու և հոգեբանության առանձնահատկությունների, բնական պաշարների, գիտական, տնտեսական և տեխնոլոգիական զարգացման պոտենցիալի և այլ իրողությունների վրա։ Սակայն սկզբնական հիմքը դիտարկվում է տարածքը։ Երկրի անվտանգությունը սկիզբ է առնում պետական սահմաններից, նրա ձգվող երկարությունից։
ՀՀ-ն և ԼՂՀ-ն ընդունելով որպես մեկ ամբողջություն, եթե այն դիտարկենք պատերազմական տեսանկյունից, նախ, աշխարհագրական նշանակալի մեծություն չի կազմում ռազմական գործողությունների պոտենցիալ տարածքը։ Այս տարածքում հարտլանդի բացակայությունն անցանկալի և ռազմավարական առումով գրեթե անհնարին է դարձնում պաշտպանական որևէ լուրջ տակտիկական զորաշարժ։ Այս իրավիճակը պարտադրում է ինչպես պաշտպանական համակարգի գերարդիականացում, այնպես էլ զինված ուժերում հարձակողական էլիտար զորախմբերի յուրովի կազմավորում ու հատուկ տակտիկական ուղղվածության ստորաբաժանումների ձևավորում։ Հայկական զինված ուժերն ստիպված են ռազմական պաշտպանության նոր շրջաններ ստեղծելու։ Ժամանակի հրամայականը պահանջում է այն, մի կողմից տեղափոխել դեպի Արևելք` մինչև Կուր գետը, մյուս կողմից էլ` պաշտպանական շրջանները պիտի ձևավորվեն գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ տեղափոխումը կարդարացվի ինչպես ռազմավարական, այնպես էլ պատմական տեսանկյունից։ Հայկական պաշտպանական համակարգը խնդիր ունի ավելի քան մատչելի դարձնել կասեցումը հակառակորդ բանակի` հնարավոր առաջխաղացման պարագայում։ ՀՀ զինված ուժերը պիտի որդեգրեն ռազմական հարվածների կանխարգելիչ ստրատեգիան, ինչը, ըստ էության, նախատեսում է առաջին հարվածի իրավունքի վերապահում։ Մինչդեռ պատերազմական գործողությունների պարագայում, հայկական կողմը անվերապահորեն պիտի ընտրի հարձակողական մարտավարություն` խնդիր ունենալով բացարձակապես իր վերահսկողության տակ վերցնելու ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի հայկական տարածքները` ներառյալ ծովային նավահանգիստները։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«ՀՅԴ-Դրո» գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ