ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԿՌՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ»

«ԿՌՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ»
29.03.2011 | 00:00

Աշխարհի քաղաքական քարտեզի վրա կան աշխարհաքաղաքական յուրօրինակ կետեր, որոնցում տիրող իրավիճակից և որոնց կառավարիչների գործողություններից լրջորեն կարող է փոխվել ոչ միայն տարածաշրջաններում, այլև ավելի լայն ընդգրկման տարածքներում ու անգամ աշխարհում տիրող իրավիճակը։ Մերձավոր Արևելքում, շատ փորձագետների կարծիքով, բավականին երկար ժամանակ է, ինչ այդպիսի երկիր է Սիրիան։ Եվ ամենևին պատահական չէ, որ աշխարհի առաջատար քաղաքական գործիչները, առանց չափազանցության, ասում են, որ «Մերձավոր Արևելքի շատ խնդիրների լուծման բանալին Սիրիայում է»։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ինչպես նախկինում նրա հայրը, իր անկախ ու հավակնոտ քաղաքականությամբ շատ հաճախ խառնաշփոթ է ստեղծում արաբական աշխարհի միասնության և տարածաշրջանային խնդիրների մեջ, ավելին, խոչընդոտ է դառնում լայնածավալ աշխարհաքաղաքական սցենարների իրականացման ճանապարհին։ Բացի այդ, նա ձգտում է, և ոչ առանց հաջողության, տպավորություն ստեղծել, թե առանց Սիրիայի Մերձավոր Արևելքում անհնար է յոլա գնալ։ «Մեր երկիրը լուրջ խաղացող է տարածաշրջանային ասպարեզում։ Առանց մեզ հաշտության բանակցություններում առաջադիմությունն անհնար է»,- միշտ ընդգծում է Ասադը։ Եվ այն, որ մինչև այս շաբաթ թվում էր, թե Սիրիան անընկալունակ է Մերձավոր Արևելքն ախտահարած անկարգությունների համաճարակի նկատմամբ, շատերին հակեց վարկածներ կառուցելու «հեղափոխությունների հրձիգների» մասին։ Համապատասխանաբար, Դամասկոսում տիրող անդորրը լիովին ներդաշնակում էր այն սխեմային, որտեղ գլխավոր խնամակալի դերը վերապահվում էր Թեհրանին, որովհետև այդ երկրները վերջին ժամանակներս կապված էին ոչ միայն ընդհանուր շահերով ու հեռանկարների ներդաշնակությամբ, այլև նախագահների անձնական բարեկամությամբ։ Ավելին, եթե արաբական աշխարհում Իրանը բարեկամներ ուներ էլ, ապա Բաշար ալ-Ասադը գլխավորներից մեկն էր։ Եվ ահա հիմա դավադրության ևս մեկ տեսություն հօդս ցնդեց։
Սիրիայում հուզումների սկիզբը դրվեց մարտի 15-ին, երբ «Ֆեյսբուքում» կոչ հայտնվեց «Բաշար Ասադի դեմ ուղղված սիրիական հեղափոխության» մասին։ Այն ժամանակ մարդկանց մի ոչ մեծ խումբ հավաքվեց Դամասկոսի պատմական ծածկած շուկայի` Սուք ալ-Համիդիայի մոտ, վանկարկելով «Աստված, Սիրիա, ազատություն` այսքանը բավական է» կարգախոսը։ Հաջորդ օրը քաղբանտարկյալների մոտ 100 ազգականներ ու ակտիվիստներ հավաքվեցին Դամասկոսում ներքին գործերի նախարարության շենքի առջևի պուրակում, պահանջելով ազատ արձակել բանտերում հեծող սիրիացի այլախոհներին։ Իսկ արդեն մարտի 18-ին ցույցերը վերաճեցին կառավարության դեմ ուղղված բողոքի գործողությունների, որոնք ամենալուրջն էին Ասադի կլանի կառավարման ամբողջ ընթացքում։ Ի դեպ, այդ ընտանիքում տղամարդիկ միշտ առանձնացել են կոշտ խառնվածքով, որը հիմք է տալիս ենթադրելու, թե Դամասկոսի իշխանությունները չեն ընթանա Եգիպտոսի ու Թունիսի «բռնատիրական վարչակարգերի» հետքերով։ Առավել ևս, որ արտակարգ դրությունը, ինչպես երկրում մտցվել էր 48 տարի առաջ (1963 թ.), այնպես էլ պահպանվում է մինչ օրս։ Այդպես էլ եղավ, իսկ երիտասարդ Ասադը, թեև կրթություն է ստացել Արևմուտքում, լրիվ մոռացել էր «ազատական խաղիկները» և առանց այլևայլության փորձում էր կարգուկանոն հաստատել։ Անվտանգության ուժերը ցուցարարների վրա կրակ բացեցին հարավային Դերաա քաղաքում, որտեղ զոհվեց առնվազն երկու մարդ։ Այն ժամանակ, ինչպես սովորաբար լինում է արաբական երկրներում, չարտոնված ցույցերի մասնակիցները նստեցին մզկիթում, իսկ Սիրիայի անվտանգության ուժերը որոշեցին բռնությամբ ազատել այն։ Ընդ որում, «կենդանի կրակ» բացեցին։ Այնուհետև, զոհերի թիվը սկսեց արագորեն բազմապատկվել։ Հիմա հուզումները երևի չեն սահմանափակվել աշխարհագրական մեկ շրջանում. հաղորդումներ են ստացվում երկրի հյուսիս-արևմուտքում, արևմուտքում, արևելքում և Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ծայր առած բողոքի գործողությունների մասին։ ՈՒ թեև դրանք հույզերի թեժությամբ և մասնակիցների քանակով անհամեմատելի են Կահիրեի, առավել ևս Տրիպոլիի հետ, Սիրիայի ու նրա պատժիչ վարչակազմի համար դրանք շատ հատկանշական են։
Այդուամենայնիվ, ինչպես գրում են լրատվամիջոցները, «կառավարությունը բացահայտորեն գլուխը կորցրել է. մեծացել է անվտանգության ուժերի ներկայությունը (կաշվե բաճկոններով մի խայտաբղետ հավաքածու) ամբողջ երկրում ու հատկապես հյուսիս-արևելքում, որտեղ բնակվում է ստվարաթիվ և բավականին անհանգիստ քուրդ բնակչությունը, ինչպես նաև Հալեպում»։ Այս հաղորդումների իսկությունը, երկրի փակ լինելու պատճառով, դժվար է ստուգել, բայց այն, որ ցույցերից մեկի ժամանակ 38 մարդ է կալանվել, այդ թվում` մի քաղբանտարկյալի տասնամյա որդին, պերճախոս է։ Առավել ևս, ինչպես նշում են փորձագետները, բողոքի ցույցերի ալիքի կազմակերպիչների ինքնությունը մնում է չբացահայտված. «Գուցե դա կազմակերպված գործողությունների բացակայության նշան է, բայց հնարավոր է նաև այն բանի նշան, որ դժգոհությունը մեկ խմբով չի սահմանափակվում, և չի բացառվում որ հարաճուն անբարեկեցությունն ավելի ու ավելի մեծ թվով շարքային մարդկանց ընդգրկի»։ Եվ եթե դա այդպես է, ապա զայրացած քաղաքացիների դեմ մասսայական բռնություններով պայքարելը, հատկապես Քադաֆիի «խաղաղեցման մեթոդներից» և դրան աշխարհի արձագանքից հետո, բավականին բարդ է։ «Մարդիկ զայրացած են հարգանքի բացակայությունից, աշխատանքի բացակայությունից, կրթության ու առողջապահության ցածր որակից, ինչպես նաև այն բանից, որ կոռուպցիան լափում է իրենց փողերը»,- պնդում են սիրիացի այլախոհները։ Եվ եթե իրոք դա այդպես է, ապա Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Ասադի պնդումները, թե «Սիրիան կայուն է», և խոստումները, որ քաղաքական բարեփոխումները կանցկացվեն այս տարի, շատ քչերին կարող են հանգստացնել։ Ինչպես և իշխանությունների փորձը` մեղադրելու Իսրայելին և «թշնամական լրտեսներին» այն բանում, թե նրանք են կանգնած այդ բողոքների հետևում։ Այն դեպքում, երբ ամերիկացիները, առավել ևս իսրայելցիները, շատ սիրիացիների համար մարդկության ամենասիրելի մասը չեն, նման մեղադրանքները կարող են էլ ավելի մեծ վրդովմունք պատճառել, հատկապես, երբ ամենամերձավոր հարևաններն արդեն իրագործում են «արաբական ժողովրդավարության» դրույթները։
Ի դեպ, Սիրիայի իշխանությունները, ի տարբերություն նավթային արքաների, ոչ մի հնարավորություն չունեն թեթևացնելու իրենց քաղաքացիների տնտեսական դժվարությունները, անգամ եթե մի կողմ թողնելու լինենք նրանց քաղաքական պահանջատիրությունը։ Երկիրը տառապում է զանգվածային գործազրկությունից, շատ ցածր է ՀՆԱ-ի աճը, ներդրումները շատ չեն, տնտեսական բարեփոխումները շատ դանդաղ են կատարվում և ի վիճակի չեն զգալիորեն բավարարելու երկրի արագորեն աճող բնակչության վիճակը։ Որպես այս ամենի «պսակ», երկրի հյուսիսում արդեն տարիներ շարունակվող երաշտն աղետ է դարձել ֆերմերների համար, որոնց դրությունն առանց այն էլ ծանր էր։ Ավելին, ակնհայտ է, որ Ասադը ոչ մի տեղից ֆինանսական օգնություն ակնկալել չի կարող. արաբական հարուստ երկրների հետ հարաբերությունները բարդ են, հատկապես Թեհրանի ու Անկարայի հետ Դամասկոսի սիրախաղերից հետո։ Բայց թուրքերն ու իրանցիները նույնպես առանձնապես չեն ցանկանա «փողեր թափել» իրենց «բարեկամ Ասադի» համար։ Նրանց սեփական դժվարություններն էլ հերիք են, և հազիվ թե Թեհրանը մոռացած լինի, որ վերջերս Սիրիայի ղեկավարությունն Իրանի վարչակազմին իրազեկել էր, որ նա չպետք է իր վրա հույս դնի Իսրայելի հետ պատերազմի դեպքում, քանի որ ինքը շատ թույլ է։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նա ինքնըստինքյան մտքով իսկ չի անցկացնի օգնության ձեռք մեկնելու մի երկրի, որը կապված է «ահաբեկիչների», «Համասի» և «Հըզբոլլահի» հետ։ Այն դեպքում, երբ այնտեղ լավ են հասկանում Սիրիայի կարևորությունը, հատկապես իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում, այդուամենայնիվ, անհաշտ Ասադի հետ հարաբերությունները կարգավորելու բոլոր փորձերը արձանագրային սիրալիրությունից այն կողմ չեն անցնում։ Այսինքն, այս բոլոր գործոնները սկզբունքորեն չեն տարբերվում նրանցից, որոնք պայթեցրին իրավիճակը և մարդկանց փողոց հանեցին Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Իսկ այն, ինչ սկսվեց որպես բողոք կենսապայմանների առիթով, սովորաբար արագորեն դառնում է ազատության պահանջ։
Այսպիսով, Սիրիայի ղեկավարությունը, թվում է, գիտի, որ ինքը պետք է գոնե կիսատ-պռատ բարեփոխումներ կատարի։ Բայց մարդկանց խոր արմատավորված խնդիրները քաղցր-մեղցր խոստումներով լուծելու փորձը նման է ավերակներ փորփրելուն, որտեղ մարդիկ ու երեխաներ են թաղված։ Խնդրի լուծումը պետք է լինի նույնքան համարժեք ու էական, որքան լուրջ են հենց այդ խնդիրները։ Բայց միաժամանակ պետք է նկատել, որ քանի դեռ ոչ ոք Սիրիայում, թերևս նաև ամբողջ աշխարհում, չգիտի, թե ինչ է լինելու հետո, իշխանության համար ամենահեշտ, բայց միգուցե ոչ ամենաարդյունավետ ուղին պնդօղակների առավելագույն ձգումն է։ Այնպես, ինչպես քսան տարի առաջ ներկա նախագահի հայրը ճզմեց «մուսուլման եղբայրների» ապստամբությունը։ Սակայն ժամանակները հիմա ուրիշ են։ Բացի այդ, «վատ օրինակը վարակիչ է»։ Իհարկե, դոմինոյի էֆեկտը միշտ չէ, որ գործում է լրիվ ծավալով, բայց այն, որ տարածաշրջանի տարբեր մասերը կապված են միմյանց հետ, իսկ դրանց բնակչությունը վաղուց մրցակցության մեջ է, ապա պարզ է մեկ բան. այդ ջինին նորից շշի մեջ խցկելն անհնար կլինի առանց մեծ արյունահեղության, ինչն այժմ տեսնում ենք արաբական աշխարհի որոշ շրջաններում։ Ի դեպ, կապրենք, կտեսնենք, թե, ի վերջո, ինչ կկատարվի Քադաֆիի ու «կռվել մինչև վերջին փամփուշտը» կարգախոսի հետ։
Պարզ է մեկ բան. թեև Սիրիան ունի աշխարհիկ, ռազմականացված բռնապետություն, որն ավելի շատ նման է Թունիսի ու Եգիպտոսի տապալված բռնապետություններին, հնարավոր է հերթում հաջորդը չէ, բայց, այդուամենայնիվ, այդ երկիրը մոտենում է բեկումնային պահի։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ