Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՆՊԱՍՏԵՆՔ ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ՆՊԱՍՏԵՆՔ ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
29.07.2011 | 00:00

Ադրբեջանական քարոզչամեքենան արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի սկզբից ևեթ շրջանառության մեջ դրեց այնպիսի քաղաքական տերմիններ, որոնք, անշուշտ, միտված են սեփական քաղաքականության ամրապնդմանը: Մինչդեռ հայկական կողմը գործընթացին ներկայացավ անփույթ ու անպատրաստ, շատ դեպքերում կուլ տալով ադրբեջանական խայծն ու կրկնելով վերջինիս շրջանառած ադրբեջանանպաստ եզրույթները. «գրավյալ տարածքներ», «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ», «Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» և այլն: Մտահոգիչ է, որ տերմինաբանական այդ «խառնաշփոթը» շարունակվում է առայսօր:
ԱՅԴ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ «ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»
Արցախի մերօրյա տարածքների մասին պատկերացումը շարունակում է մինչ օրս մնալ աղճատված: 1993-ից մոգոնվեց չարաբաստիկ «գրավյալ տարածքներ» եզրույթը, որը ո՛չ պատմականորեն, ո՛չ իրավական առումով չի արտացոլում իրականությունը:
1997-ից սկսյալ հայաստանյան լրատվամիջոցներին, քաղաքական շրջանակներին մասամբ հաջողվեց ձերբազատվել ադրբեջանանպաստ եզրույթից, և «գրավյալը» փոխարինվեց «ազատագրվածով»: Սակայն, եթե ներհայաստանյան քաղաքական շրջանակների կողմից այս սխալը սրբագրվեց, ապա այլ է պատկերը արտաքին դաշտում: «Ադրբեջանական գրավյալ տարածքներ» ձևակերպումը այդպես էլ դուրս չի մղվում միջազգային կազմակերպությունների փաստաթղթերից: Ինչպես նկատում է պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, իրականում «գրավյալ տարածք» հասկացությունը պետք է օգտագործի հայկական կողմը, իսկ միջազգային հանրությունը պետք է քննարկի, թե Ադրբեջանը երբ պետք է ազատի իր կողմից գրավված հայկական տարածքները, մինչդեռ այսօր հակառակ իրավիճակն է:
Ի դեպ, վերջին շրջանում հայ դիվանագիտությունը, չնայած ուշացումով, բայց, ի վերջո, սկսեց շրջանառել «ԼՂՀ գրավյալ տարածքներ» եզրույթը: ԼՂՀ գրավյալ տարածքներ են ներկայումս ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող ԼՂՀ Շահումյանի շրջանի հյուսիսային հատվածը, որի տերերը 1992 թ. ողբերգական դեպքերի պատճառով դարձան փախստականներ։
Այն տարածքները, որոնք անվանվում են «ԼՂՀ-ին հարակից» կամ «անվտանգության գոտի», Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ևս հռչակված են որպես երկրի անբաժանելի մասեր: Սահմանադրության 142-րդ հոդվածը տալիս է հարցի հստակ պատասխանը. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը` հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»։ Այսպիսով, ազատագրված շրջանները մեր ամբողջական հայրենիքի անբաժան մասն են, և ոչ թե «գրավյալ են», այլ ազատագրված:
ՈՉ ԹԵ ԼՂ, ԱՅԼ ԼՂՀ
Հայաստանյան քաղաքական շրջանակները հաճախ են օգտագործում «Լեռնային Ղարաբաղ» թերի եզրույթը: Սակայն «Հանրապետություն» բառի «սրբագրումը» ոչ միայն պետության անվան ակնհայտ աղավաղում է, ԼՂՀ Սահմանադրության կոպիտ խախտում, այլև լուրջ բացթողում իրավաքաղաքական տեսանկյունից, քանզի կարող է ընկալվել, թե Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ-ն ոչ թե պետական միավոր է ճանաչում, այլ ընդամենը տարածք:
Դարձյալ դիմենք ԼՂՀ հիմնական օրենքին. Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին կետով արձանագրվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է»: Իսկ 2-րդ կետն ամրագրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»: Քաղաքական գործիչները պարտավոր են հարգել ԼՂՀ Սահմանադրությունը:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԱԶԵՐԻ ՉԷ
Շարունակվում է, այսպես կոչված, «ադրբեջանցի ազգի» ձևավորումը: Իսկ չձևավորված «ազգը», որ սեփական ինքնությունը հաստատելու լուրջ խնդիր ունի, փնտրտուքի մեջ է. դա է պատճառը, որ ադրբեջանցին մեկ իրեն կովկասյան թաթար կամ կովկասյան թուրք է համարում, մեկ էլ թե` ո՛չ թուրք ենք, ո՛չ մահմեդական, քրիստոնյա աղվան ենք կամ էլ ազերի: Հայերս, պարզվում է, այս հարցում նույնիսկ օգնում ենք քոչվորին. գիտակցո՞ւմ ենք, արդյոք, որ ամեն անգամ, երբ «ադրբեջանցի թյուրքին» «ազերի» ենք կոչում, ակամա հաստատում ենք բունիաթովների հորինած կեղծիքը, թե իրենք տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից են` «հազարամյա պատմությամբ»: «Մենք շարունակում ենք կրկնել մեր սխալները. թուրքին ասել ենք ադրբեջանցի, հիմա էլ ասում ենք ազերի: Մենք անփույթ ենք մեր կողմից օգտագործվող բառապաշարի նկատմամբ: Ինչո՞ւ մինչ օրս քաղաքական, հասարակական գործիչներին, լրագրողներին չի ասվում, թե որ բառը ինչպե՞ս, որտե՞ղ, ե՞րբ օգտագործել»,- տեղին դժգոհում է պրոֆեսոր Մանասյանը, զգուշացնելով` քանի դեռ իրերը չենք կոչել իրենց ճշգրիտ անուններով, հնարավոր չէ հաջողություն արձանագրել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Այնպես որ, ժամանակն է մեր քաղաքական բառապաշարը մաքրելու կեղծ ու ոչ հայանպաստ եզրույթներից, միաժամանակ շրջանառելով այնպիսիք, որոնք կնպաստեն սեփական քաղաքականության ամրապնդմանն ու հաղթանակին:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ