«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՇԱՏ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ՎՐԱՍՏԱՆ

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՇԱՏ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ՎՐԱՍՏԱՆ
07.12.2010 | 00:00

Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շուրջ զարգացումները վկայում են, որ Հայաստանում օրենքն ու օրինականությունը միայն թղթի վրա են և խոսելու համար։
Նոյեմբերի 12-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` 2009 թվականի ապրիլի 147-Ա որոշմամբ կասեցվել է Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը շահագործելու՝ «Սիփան-1» ընկերությանը տրված լիցենզիան, և ընկերությունը դատարան է դիմել: Անցած ուրբաթ՝ դեկտեմբերի 3-ին, կառավարությունն աճուրդով վաճառեց հանքի շահագործման իրավունքը. 198 միլիոն դրամ վճարելով` «Սագամար» ընկերությունը դարձավ հանքի նոր շահագործողը: Պաշտոնապես չասվեց, թե ով է «Սագամար» ընկերության սեփականատերը, բայց նախարարի որոշման և աճուրդի միջև ընկած ժամանակահատվածում արձանագրված զարգացումները վկայում են, որ այս գործում Արմեն Մովսիսյանը զուտ պետական պաշտոնյա ու կարգավորիչ չէ:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի վերը նշված 147-Ա որոշումից երկու ամիս անց՝ 2009-ի հունիսին դատարանը վճռել է. «Արգելել նախարարությանը Լիճքվազ-Թեյի հանքավայրի հանքարդյունաբերական իրավունքն այլ անձի տրամադրելու վերաբերյալ որևէ գործողություն կատարելը, ինչպես նաև հանքի վերաբերյալ այլ անձանց տեղեկություն տրամադրելը, առանց «Սիփան-1» ընկերության համաձայնության»: Նախարարը, սակայն, չի ենթարկվել դատարանի որոշմանը և հայտարարել է, որ աճուրդը կայանալու է, հանքով հետաքրքրվողներ կան: ՀՀ պետական այրերն ու խորհրդարանի ՀՀԿ-ական մեծամասնությունը մատը մատին չեն խփել դատարանի որոշումն անտեսող իրենց նախարարին կարգի հրավիրելու համար: Բայց, «զարմանալի» «զուգադիպությամբ», նախարարի այս հայտարարությունից հետո դատարանը հակառակ որոշում է կայացրել՝ ի վնաս «Սիփան-1»-ի: Մեկ այլ «զուգադիպություն». նախարար Ա. Մովսիսյանը գործարարից խլում է Սյունիքում գտնվող հանքի շահագործման իրավունքը, իսկ Սյունիքի մարզպետը Սյունիքում հանքարդյունաբերական գործարան է կառուցում: Հիմա կա՞ն միամիտներ, որ այս ամենը դեռ զուգադիպություն են համարում և դեռ զարմանում, թե ինչու են դատարկվում Սյունիքի գյուղերը, և ինչու են շատ գործարարներ իրենց բիզնեսը Հայաստանից տեղափոխում Վրաստան:
Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ բողոքողներին Արմեն Մովսիսյանն ասում էր, թե սյունեցի է ու բոլորից լավ գիտի Սյունիքը: Կապան քաղաքի և Լենաձոր գյուղի ավագանիների որոշումները և բնակիչների բացասական վերաբերմունքն անտեսող նախարարի համար դատարանի մեկ վճիռն անտեսելն ի՞նչ է որ: Դեռ կա՞ն միամիտներ, որ մտածում են, թե համապատասխան օղակներն այս ամենին տեղյակ չեն: Եթե տեղյակ չեն, վատ է: Եթե տեղյակ են ու բան չեն անում, շատ վատ է: Եթե տեղյակ են և նախարարի նման պետական շահի փոխարեն իրենց շահն են հետամտում, շատ-շատ վատ է: ՈՒ զարգացումները վկայում են, որ երրորդ տարբերակն է:
Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի աճուրդի ժամանակ Արմեն Մովսիսյանն ասել է, որ դատական գործընթացը խնդիր չէ. եթե դատարանը որոշի հանքի շահագործման իրավունքը «Սիփան-1»-ին վերադարձնել, պետությունը կվերադարձնի «Սագամարի» գումարը և հանքը կտա «Սիփան-1»-ին: Դժվար թե Հյուսիսային պողոտայի համար տներից զրկված քաղաքացիներին օրինական փոխհատուցում չտվող մեր պետությունը նման բան անի, բայց եթե անգամ անի, ի՞նչ պատկերացում կկազմի գործարարը մեր պետության լրջության մասին, ուր նախարարը դատարանի որոշմանը չի ենթարկվում` քաջ գիտակցելով, որ դրանից կարող է մեծապես տուժել պետությունը: Պետություն, ուր կառավարիչները մեծ-մեծ խոսում են միայն բիզնեսի համար գրավիչ պայմաններ ապահովելու մասին՝ տարբեր հեռուստաընկերությունների եթերից։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ