«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԻՆՉՊԵՍ Է ՈՉՆՉԻՑ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ

ԻՆՉՊԵՍ Է ՈՉՆՉԻՑ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ
16.11.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում հաստատվեց` ինչ հայտնի էր վաղուց. ուժը մարդուն տրվում է ի ծնե, հանուն հայրենիքի բարօրության խոսքը բխում է սրտից, իսկ հարստությունը պարզապես պատահականություն է:
Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունել էր կառավարության հրաժարականը: Նախագահի աշխատակազմի ղեկավար Կլոդ Գեանը հայտարարել է նոր կառավարության կազմը, հաղորդում է AFP գործակալությունը: Փոփոխությունները շատ չեն, բայց հիմնարար են. արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշներին փոխարինել է Միշել Ալիո-Մարին` նախորդ կաբինետում արդարադատության նախարարը, պաշտպանության նախարար Էրվե Մորենին փոխարինել է Ալեն Ժյուպեն: Արդարադատության նոր նախարար է նշանակվել Միշել Մերսիեն: Կառավարությունում եղել են և կառուցվածքային փոփոխություններ` նախարարությունների թիվը 37-ից կրճատվել է 31-ի, աշխատանքի նախարարությունը, որ ղեկավարում էր Էրիկ Վերտը, միացվել է առողջապահության նախարարությանը` Քսավիե Բերտրանի գլխավորությամբ: Նոր կառավարությունում ընդլայնվել են ներքին գործերի նախարարության իրավասությունները` հավելվել են միգրացիոն հարցերը, իսկ ֆինանսների և արդյունաբերության նախարարությունները միավորվել են էկոնոմիկայի նախարարության մեջ: Կատարված փոփոխություններն անակնկալ չեն. Նիկոլա Սարկոզին դեռ մարտից էր խոստացել: Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պատճառով սրված քաղաքական պայքարը ուշացրեց կառավարության կառուցվածքի ու կազմի փոփոխությունները: Նոր կառավարությունը ծանր աշխատանք ունի` 2012 թ. նախագահական ընտրություններից առաջ համոզել ֆրանսիացիներին, որ ճիշտ ճանապարհով են գնում:
Գերմանական Zeit-ը ներկայացրել է ԳԴՀ վիճակագրական վարչության ժողովրդագրական տվյալները. 2009-ին երկրում ծնվել է 665000 երեխա` 17000-ով պակաս 2008-ից: Ծնելության անկման պատճառը կանանց` երեխա ունենալու ցանկության պակասը չէ միայն, այլև կանանց թվի նվազումը: ԵՄ երկրներում ծնելության թվով առաջին տեղում են Ֆրանսիան և Իռլանդիան:
Անգլիական «Economist»-ի վերլուծաբանները գնահատել են Հայաստանի քաղաքական ու տնտեսական հնարավորությունները և կանխատեսումներ են արել զարգացումների վերաբերյալ: Ըստ նրանց` տնտեսական վիճակն անցյալ տարվա 14,4-տոկոսանոց անկումից հետո բարելավվել է, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերն այժմ առավել ապահով են թվում: Կառավարության երկարակեցությունը վտանգելու կամ նշանակալից փոփոխությունների հասնելու ՀԱԿ-ի հնարավորությունները մեծ չեն: «ՀԱԿ-ը համախմբված միասնական քաղաքական ծրագիր չունի և կառավարությանը քննադատում է` առանց այլընտրանքային քաղաքականություն առաջարկելու: Այսպիսի գործողությունները հազիվ թե համոզեն հասարակությանը, թե ՀԱԿ-ը կարող է համախմբված ընդդիմադիր ուժ ձևավորել»,- եզրակացնում է «Economist»-ը: Նրանք վստահ են, որ տնտեսական ակտիվության հեռանկարները 2011-2012 թթ. բարելավման միտում ունեն արտաքին տնտեսական միջավայրի վերականգնման և տեղական պահանջարկի ավելացման հաշվին, որը կնվազեցնի սոցիալական հուզումների հնարավորությունը: Գուցե իսկապես Ալբիոնը շատ մշուշոտ երկիր է, և անգլիացիներն ամեն ինչի մշուշների միջով են նայում, իսկ գուցե նրանք այլ խնդիր ունեն: Համենայն դեպս, լարվածություն նրանք տեսնում են միայն իշխանական կոալիցիայի ներսում և վստահ են, որ 2012-ի, 2013-ի ընտրություններում հաղթելու է նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն` օգտագործելով վարչական ռեսուրսները, իսկ ընդդիմությունը կրկին դժվարությունների կհանդիպի միասնական բլոկով հանդես գալու անհնարինության պատճառով: Արտաքին հարաբերությունների ոլորտում «Economist»-ը աղոտ հեռանկարներ է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և դժվար ջանքեր` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:
Նոյեմբերի 15-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեության ակտիվացումը, կարևորել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ՌԴ արտգործնախարարության ներդրումը հակամարտության հաղթահարման գործընթացում, նկատի ունենալով նաև վերջին` աստրախանյան հանդիպումը, և ափսոսանք է հայտնել, որ բանակցային գործընթացի ինտենսիվացումը համընկել է շփման գծում լարվածության ուժեղացման հետ: ԵԱՀԿ Աստանայի վեհաժողովում հարցի լուծման հնարավորությունների առնչությամբ Բրիշամբոն հույս է հայտնել, որ Աստանան նախագահներ Սարգսյանի և Ալիևի ևս մեկ հանդիպման վայր կդառնա, որին կարող են մասնակցել Մինսկի խմբի անդամ երկրների նախագահները: «Ես հույս ունեմ, որ դա կողմերին հնարավորություն կտա ընդունելու բարդ, բայց կարևոր որոշում», ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Նոյեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, հանդիպումներից բացի, նա կմասնակցի Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա-համերգին:
Թուրքիայի իշխանությունները նախապատրաստվում են խորհրդարանի առաջիկա ընտրություններին և սկսել են հանդիպումները ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, թեպետ պաշտոնապես նման որակումներ չեն տրվում: Անցյալ շաբաթ վարչապետ Ռ. Էրդողանը ժամանակ է հատկացրել Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանի հետ հանդիպմանը: Որևէ կարևոր կամ լուրջ մեսիջ հանդիպումը, բնականաբար, չի ունեցել, թեպետ շոյված լրագրողն արձանագրել է Էրդողանի «լավատես» ու «հուսադրված» մոտեցումները, «դրական պատգամները»: «Նա մասնավորապես շեշտեց, որ Թուրքիան որևէ պետության դեմ թշնամանքի տրամադրություն չունի»,- ուրախացել է Արա Գոչունյանը: Նրա հավաստմամբ` Էրդողանն ի սրտե հավատում է, որ պատմությունը թողնելով պատմաբաններին ու գիտնականներին` «մենք կարող ենք միասնաբար ընթանալ դեպի ապագա»: Գնացողներին` բարի երթ:
Նոյեմբերի 10-ին Թուրքիան ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը` կես տարով:
Ստրասբուրգում Մակեդոնիայից ստանալով նախագահությունը` Թուրքիան, ի դեմս արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, հաստատել է, որ իր համար առաջնահերթություն է Եվրախորհրդի ազդեցության ուժեղացումը, Թուրքիան ուշադրությունը սևեռելու է անկախ ինստիտուտների զարգացման վրա` ԵԽ մարդու իրավունքների հանձնախմբի, ռասիզմի և անհանդուրժողականության, խոշտանգումների դեմ կոմիտեների, մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխումների: Դավութօղլուն, հմայիչ ժպտալով լրագրողներին, նաև հավաստել է, որ Թուրքիան ցանկանում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով, բացի այդ` ուշադրության կենտրոնում է պահելու սառեցված հակամարտությունները և, իհարկե, ղարաբաղյանը:
Այնուամենայնիվ, անցած շաբաթը դժվար է Թուրքիայի եվրոպական հաջողությունների շաբաթ համարել. նոյեմբերի 9-ին Բրյուսելում հրապարակվեց Եվրամիության ընդլայնման հեռանկարների տարեկան զեկույցը, որտեղ Թուրքիայի առնչությամբ նշվում էր, որ այդ երկիրը դեռ պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալուն: ԵՄ ճանապարհի գլխավոր խոչընդոտներ համարվում են Կիպրոսի չլուծված հարցը և մամուլի ազատության սահմանափակումները: ԵՄ ընդլայնման հարցերով կոմիսար Շտեֆան Ֆյուլլեն ասել է, որ բավարար չեն առաջընթացի տեմպերը, և Թուրքիան պիտի շարունակի բարեփոխումները: Զեկույցում արձանագրված են նաև Հայաստանի հետ չկարգավորված հարաբերությունները և հայ-թուրքական չվավերացված արձանագրությունները: Նոյեմբերի կեսին Լոնդոնում գտնվող նախագահ Գյուլը BBC-ի հետ հարցազրույցում հոռետեսության ու պայծառատեսության օրինակ է տվել. նա վստահ չէ, որ մինչև 2025 թ. Թուրքիան ԵՄ անդամ կդառնա, և չի բացառում, որ թուրք ժողովուրդը չցանկանա անդամակցել, քանի որ «քաղաքական ու տնտեսական զարգացումներն աշխարհում միանգամայն այլ կերպ կարող են ընթանալ»: Գյուլը նաև նահանջի տեղ չի թողնում. «Մենք անելու ենք ամեն ինչ ԵՄ լիիրավ անդամ դառնալու համար, մենք կատարելու ենք բոլոր պահանջները, որ անհրաժեշտ են», ասել է նա, թեպետ համոզված չէ, որ նույնն է անելու ԵՄ-ն, որտեղ «արհեստական ու անազնիվ խոչընդոտներ են հարուցվում»: Նախագահ Աբդուլլահ Գյուլից քիչ չի զայրացել վարչապետ Էրդողանը և ավելի ագրեսիվ է եղել իր զգացումների արտահայտության մեջ. Էրդողանը France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ թուրքերը հոգնել են Եվրոպայի դարպասների առաջ սպասելուց, իսկ ԵՄ-ն չի կարող համաշխարհային խաղացող դառնալ առանց Թուրքիայի: ՈՒրեմն` Թուրքիան ինչո՞ւ է ուզում անպայման անդամակցել մի միության, որը համաշխարհային խաղացող էլ չէ: Էրդողանը համոզված է, որ անդամակցելով ԵՄ-ին` Թուրքիան կամուրջ կդառնա 1,5 միլիարդ մահմեդականների միջև: Գուցե հենց դա է ԵՄ դռները փակում Թուրքիայի առաջ:
Բարեգութ անգլիացիները ի տրիտուր ԵՄ փակված դռների առաջ սպասումների` որոշեցին մխիթարական մրցանակ հանձնել Թուրքիային` նախագահ Աբդուլլահ Գյուլին պարգևատրելով Chatham House-ի մրցանակով` Թուրքիայում և միջազգային ասպարեզում հաշտության և արդիականացման գործում ներդրումի և Թուրքիայի գործադրած դրական քայլերի նախաձեռնողը լինելու համար: Իսկ այդ նախաձեռնությունները թիվ ու համրանք չունեն` Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացին միանալը, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի հետ կապված խնդիրներում միջնորդական գործունեությունը, հայ-թուրքական մերձեցման փորձը: Ճիշտ է, Նոբելյան չէ մրցանակը, բայց մեկ է, հանձնողը վերստին արքայական ծագում ունի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
«Ermenihaber» գործակալության հաղորդմամբ` Աբդուլլահ Գյուլը կարծում է, որ հայ-թուրքական «գործընթացը չի մահացել». «Այսօրվա դեֆակտո գոյություն ունեցող գործընթացում ոչ ոք շահեկան դիրքերում չէ: Եթե միայն որպես այլընտրանք լիներ հիանալի համագործակցությունը, խնդիրների լուծումն ու բոլոր կասկածների վերացումը, սկիզբ կառներ լայնածավալ տնտեսական համագործակցություն: Կարճ ժամանակում պայթյուն կլիներ Կովկասում: Դրանից զուրկ լինելը ոչ մեկի օգտին չէ», իրեն թույլ է տվել երազել Գյուլը: Ավելին, նա համոզված է, որ հաղթահարված է հոգեբանական արգելքը: Կովկասի հետ կապված աշխատանքը շարունակվում է: «Սարգսյանի, Ալիևի, Պուտինի ու Մեդվեդևի հետ մշտական կապի մեջ ենք: Հարցի թեժությունը պահպանվում է»:
Հայաստանի արտգործնախարարն էլ անցած շաբաթ չէր հանգստանում. նա էլ Հնդկաստանում էր, Նյու Դելիում ներկայացնում էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը: «Հայաստանի և Թուրքիայի բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ոչ լուռ դիվանագիտություն, ոչ Ցյուրիխի երկրորդ փուլ, ոչ էլ նոր բանակցություններ: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք և որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ, թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը», պատասխանելով հարցերին` իր հերթին անկեղծացել է Նալբանդյանը: Հետո էլ վերջին հույսն է տվել` Հայաստանը պատրաստ կլինի առաջ շարժվելու, եթե Թուրքիան պատրաստ լինի առաջ շարժվելու կարգավորման գործընթացում առանց նախապայմանների:
Արտգործնախարարը, իհարկե, խոսել է և Ղարաբաղի մասին` կարևորել է Աստրախանի հանդիպումը, քննադատել Ադրբեջանի քաղաքականությունը. «Նոյեմբերի 7-ին նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարեց հիմնախնդրի լուծման ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Նա ազգային հերոս հռչակեց ադրբեջանցի զինվորին, որը շփման գծում դիվերսիոն հարձակման ժամանակ սպանել էր հինգ և վիրավորել երեք հայի` նշելով, որ «կան տասնյակ հազարավոր այդպիսի հերոսներ, որոնք սպասում են գերագույն հրամանատարի հրահանգին»: Նա թմբկահարեց, որ իր երկիրն ունի ոչ միայն մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, ռազմական հանդերձանք, ռազմական հնարավորություններ, այլև «բանակը մեծ վերելք է ապրում»: Քնքուշ դիվանագետ Նալբանդյանը զարհուրում է, որ Ալիևը երեխաների առաջ է սուր ճոճում ու թմբկահարում Ադրբեջանի ռազմական ներուժը, տարածքային պահանջներ ներկայացնելով ու պնդելով, որ Հայաստանն ու Երևանը ադրբեջանական հողի վրա են ու այդ մասին մանուկները պիտի իմանան: Իսկապես, ինչ զարհուրանք: «Սա 1939 թ. Գերմանիան չէ, սա 2010-ի Ադրբեջանն է», համենայն դեպս, հիշեցնում է արտգործնախարարը, հիշեցնելով նաև, որ այդ Ադրբեջանը 2004-2011 թթ. 18 անգամ մեծացրել է ռազմական բյուջեն:
Նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Լեռնային Ղարաբաղի բանակի զորավարժություններին, որոնք ծավալվել էին Աղդամի մոտակայքում: Ակներևաբար, հասցեատեր ունենալով հարևան երկրի նախագահին, նա ասել է. «Զորավարժությունները, որոնք առավելագույնս մոտ էին մարտական իրադարձություններին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար. եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թթ., այլ մենք վերջնականապես խնդիրը փակելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է»: Անցած շաբաթ, ավելի վաղ, Աղդամի շրջանի Ադրբեջանի վերահսկողության տարածքներում էր եղել Իլհամ Ալիևը ու էլի ասել էր, որ Բաքուն պատրաստ է Ղարաբաղը վերադարձնելու ուժով, եթե մոտ ապագայում Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները շոշափելի արդյունքներ չտան: ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Բաքվում նոյեմբերի 9-ին լրագրողներին ասել է. «Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի ջանքեր է գործադրում Ռուսաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Սկսվել են նախագահների եռակողմ հանդիպումները և նրանք շարունակվում են արդեն երկու տարի: Վերջին հանդիպումը Աստրախանում էր, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին զինծառայողների դիակների փոխանակման վերաբերյալ, և դա գործնականում առաջին քայլը դարձավ դիրքորոշումների մերձեցման հարցում: Դրանք ոչ մեծ քայլեր են, բայց միևնույն ժամանակ մենք քննարկում ենք օկուպացված տարածքների ազատագրման հարցը, Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Ղարաբաղի և Հայաստանի միջև միջանցքի ստեղծման հարցը»: Իսկ հետո նա նամակ է հղել ՀՀ ԱԳՆ և հերքել Ադրբեջանի լրատվամիջոցների` իրեն վերագրած հայտարարությունները` գրելով, թե Բաքվում ասել է, որ տեղյակ չէ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բովանդակությանը և չի ասել, թե քննարկվում են տարածքների վերադարձի, Հայաստան-Ղարաբաղ, Ադրբեջան-Նախիջևան միջանցքի ստեղծման հարցերը և պատրաստակամ է անկեղծորեն գործակցելու Հայաստանի հետ ԱՊՀ շրջանակներում: Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հրապարակել են ԱՊՀ գործադիր քարտուղարի մամուլի ասուլիսի ձայնագրությունը` հայտնի հայտարարություններով: Հետաքրքիր է` Հայաստանի ԱԳՆ-ն ի՞նչ է պատասխանելու Սերգեյ Լեբեդևի` ԱՊՀ գործադիր քարտուղարի նամակին:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտն այն կարծիքին է, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին և կոպիտ խախտումներով են ուղեկցվել: Ճշմարտությունը` ճշմարտություն, բայց այս գնահատականը հաստատ ենթատեքստ էլ ունի:
Նոյեմբերի 9-ին հերթական ամենամսյա հանրահավաքն էր հավաքել ՀԱԿ-ը: Առիթը Եվրամիություն-Հայաստան երկխոսության շրջանակներում Երևանում ընթացող մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինարն էր, և ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը հիմնականում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն էր արծարծում: Քաղբանտարկյալներից եվրաչինովնիկներ շրջագծում նա անդրադարձել է վերջին մեկ ամսում Հայաստանի քաղաքական կյանքի համարյա բոլոր կարևոր խնդիրներին և վերահաստատել, որ «արդարության ու բարօրության համար մղվող համաժողովրդական պայքարը, հակառակ բոլոր դժվարությունների ու խոչընդոտների, ի վերջո պսակվելու է հաջողությամբ»: Հաջորդ հանրահավաքը` դեկտեմբերի 10-ին:
Շվեյցարացի գիտնականներին հաջողվել է ստանալ Հիգսի բոզոնը` նվազագույն այն մասնիկը, որն անվանում են «Աստծո գեն»: Նրանք հույս ունեն պարզելու` ինչպես է առաջացել մարդկությունը, և բացատրելու` ինչպես է ոչնչից հայտնվում ինչ-որ բան:
Հայ առաքելական եկեղեցին շարունակում է նվերներ ստանալ` այս անգամ Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Ա-ի արձանը: Նվիրատուն Հայաստան-Ռուսաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն էր: Ինչ հուզիչ հոգատարություն, չէ որ մենք ոչ կմտածեինք, ոչ կքանդակեինք:
Ստեղծագործական յոթ միությունների նախագահների խորհուրդը սահմանել է ամենամյա մրցանակաբաշխություն` «Կեղանք» մրցանակով: Դեկտեմբերին հայտնի կդառնան առաջին կեղանքակիրները` այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք ստեղծագործական միություններին վարկաբեկելու, փաստերը խեղաթյուրելու, մշակույթի գործիչներին անվանարկելու տարեկան ռեկորդներ են սահմանել: Հաղթողներին տրվելու են դիպլոմներ և 1937 թ. թողարկված 3-ռուբլիանոցների պատճեններ: Եթե սրամիտ նախագահները չեն կատակում, հետաքրքիր է` իրենց ո՞վ և ի՞նչ հանգամանքներում է այդ 3-ռուբլիանոցները տվել, և ինչո՞ւ են իրենց «մեծագործություններին» նվիրված հրապարակումներն այդքան թանկ գնահատում, անհայտ ո՞ր արժանիքի համար:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ