Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄՈԴԵԼՆ ՈՒ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԸ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄՈԴԵԼՆ ՈՒ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԸ
12.07.2011 | 00:00

Եվրոպան Հին Հռոմի ժամանակներից ի վեր ինտեգրման մի շարք նախագծեր է տեսել, համեմատաբար հաջողներից (Հռոմեական Սրբազան կայսրություն) մինչև արյունալիները (Երրորդ ռայխ)։ Եվ ահա մենք վկաներն ենք դառնում մայրցամաքի միավորման նորանոր ծրագրերի։ Թեև առկա խնդիրների պայմաններում, թվում է, բոլոր այդպիսի նախագծերը պետք է մոռացության մատնվեին։ Բայց առայժմ նրանց, կարծես, չեն խանգարում ո՛չ իրենց շենգենյան գոտու խափանումները, ո՛չ պետական սահմանների մասին խոսակցությունները` փախստականների հոսքից հետո, ո՛չ ֆինանսական աղետը Հունաստանում, ո՛չ եվրագոտու ապագայի համընդգրկուն հարցերը (դրա իմաստն այն է, ինչպես վկայում են փորձագետները, որ շատ կառավարություններ համոզված են, թեև ոչ միշտ են բարձրաձայնում այդ մասին, որ միասնական արժույթի բացակայությունն իրենց կօգնի ավելի հեշտորեն դուրս գալու ճգնաժամից)։ Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն եվրոպական քաղգործիչները դեռևս վստահորեն խոսում են «Արևելյան գործընկերության» կարևորության և նրա կազմավորման հույսերի մասին։ Ընդ որում, Եվրամիությունը, կարծես, ամենևին մտադիր չէ վերացնել Եվրամիության և ապագա համագործակցության երկրներից յուրաքանչյուրի միջև «ասոցիացիաների» մասին երկկողմ համաձայնագրերի կնքման բանակցություններ վարելու մանդատները։ Ավելին, հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահը կարող է մասնակցել այդ նախաձեռնության մասնակից պետությունների` սեպտեմբերին Վարշավայում նախատեսված գագաթնաժողովին, որ Սարկոզին մեծ նշանակություն է տալիս Եվրամիության հարևանության ծրագրերի միջև «հավասարակշռության կարևորության» հարցին, և առանձնակի տեղ է հատկացնում ՈՒկրաինայի եվրոպական հակումների պաշտպանությանը։
Վերհիշենք, որ «Արևելյան գործընկերության» նախագծի հաստատումից անմիջապես հետո Մոսկվան սկսեց անսքող կասկածամտությամբ նայել եվրոպական այդ նախաձեռնություններին։ Շատերն այն գնահատում էին որպես մարտահրավեր և «վարքագծի կանոնների» խախտում «ռուսական ազդեցության գոտում»։ Միառժամանակ անց Ռուսաստանը փոքր-ինչ հանդարտվեց և որոշեց, որ Եվրոպան նման «զվարճությունների» սիրտ չունի։ Եվ ահա՝ նոր և անակնկալ գլխացավ։ ՈՒ երևի առանձնապես ցավալի է, որ այն գալիս է «արյունակից եղբայրների» և «հավատարիմ զինակցի»` Յանուկովիչի կողմից։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ ՈՒկրաինայի նախագահն ընտրվելուց անմիջապես հետո Արևմուտքին հավաստիացրեց, որ ՈՒկրաինան երկրորդ անգամ չի ընկնի Մոսկվայի ազդեցության տակ, որ ինքն ՈՒկրաինան տեսնում է որպես եվրոպական «չմիացած պետություն», որ երկիրը պետք է «կամուրջ լինի Արևելքի ու Արևմուտքի միջև, Եվրոպայի ինտեգրված մաս»։ Եվ այս հայեցողության պսակը դարձան հետևյալ խոսքերը. «Մենք պետք է իրատես լինենք և մեր ջանքերը կենտրոնացնենք Եվրամիությանն անդամակցության վրա»։
Շատ շուտով պարզվեց` նրա խոսքը գործից չի տարբերվում։ Այսպես, Կիևում ուկրաինական ու եվրոպական փորձագետներն արդեն սկսել են աշխատել «ՈՒկրաինա-Եվրամիություն» ասոցացման համաձայնագրի նախագծի վրա, իսկ հունգար դիվանագետների պատվիրակությունը քննարկում է «Արևելյան գործընկերություն» և «Դանուբյան նախաձեռնություն» եվրանախագծերի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության խնդիրներ։ Եվ միայն «հարված թիկունքին» կարելի է գնահատել այն, որ ՈՒկրաինայի նախագահը, ուկրաինական ժողովրդի հանդեպ ունեցած ծառայությունների համար, Յարոսլավ Իմաստունի շքանշանով պարգևատրեց Լեհաստանի արտգործնախարար Ռադիսլավ Սիկորսկուն, որին համարում են «ՈՒկրաինայի գլխավոր երկրպագուն Եվրոպայում»։ Խիստ հատկանշական է, որ թե՛ Կիևում, թե՛ Վարշավայում կարծում են, որ չափազանց կարևոր է ասոցացման համաձայնագիրն ստորագրել այս տարի, երբ Լեհաստանը կնախագահի Եվրամիությունում (երկրորդ կիսամյակին), քանի որ ավելի նպաստավոր պահ ՈՒկրաինան կարող է և չունենալ։ Նկատենք՝ Վարշավայում շեշտը դրել են ՈՒկրաինայի վրա՝ որպես այդ կարգավիճակում իրենց գլխավոր առաջնայնություններից մեկի։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա. ավանդաբար Լեհաստանը շահագրգռված է կայուն և զորեղ հարևանով, որը միաժամանակ ընդունակ է դիմակայելու ռուսական կայսրապետական գաղափարախոսությունից բխող վտանգներին ու սպառնալիքներին։ Այդուամենայնիվ, լեհերի պնդմամբ, իրենք փաստորեն արտահայտում են ամբողջ Եվրամիության ցանկությունը` որքան հնարավոր է արագ նախապատրաստել ասոցացման համաձայնագիրն ՈՒկրաինայի ու Եվրամիության միջև, և պատրաստ են «բովանդակություն հաղորդել» այդ փաստաթղթին։ «Բանակցությունները գտնվում են Եվրահանձնաժողովի ձեռքին, բայց շնորհիվ այն բանի, որ համապատասխան գերատեսչությունների մեր նախարարները կիմանան ԵՄ-ի դիրքորոշումը, մենք կարող ենք ուկրաինացի գործընկերներին հուշել, թե որ հարցերում արժե փոխզիջման գնալ, իսկ որ հարցերում Եվրամիությունն ընդունակ է օգնելու իրենց, առաջարկելով այն, ինչ առաջարկել է մեզ, այսինքն` անցումային շրջան կամ եվրաստանդարտներին հարմարվելու հետ կապված ծախսերի հատուցում»,- ընդգծել է Սիկորսկին։
Լեհ դիվանագետների հավակնոտ ծրագիրը հետևյալ տեսքն ունի. սեպտեմբերին Վարշավայում կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովում ՈՒկրաինան ու Եվրամիությունը կհայտարարեն, որ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, իսկ Կիևում կայանալիք դեկտեմբերյան գագաթնաժողովում փաստաթուղթը կնախաստորագրվի։ Յանուկովիչն իր հերթին մեկ անգամ ևս հաստատել է. «Մեզ համար ամենակարևոր առաջնահերթությունը Եվրամիությանն ՈՒկրաինայի ինտեգրման արագացումն է»։ Օրակարգում, բացի ասոցացման համաձայնագրից, վիզային անցակարգի դյուրացումն ու ազատ առևտրի գոտու ստեղծումն է։ Իհարկե, այս ամենով հանդերձ առայժմ Եվրամիությանն անդամակցության հեռանկարի մասին խոսք չկա, իսկ անցակարգային հարցերի հետ կապված «ուղեցույցի» կենսագործումն ՈՒկրաինայում այնքան էլ արագ առաջ չի շարժվում, ինչպես ենթադրվում էր Բրյուսելում։ Մինչև ասոցացման համաձայնագրի հետ կապված համաձայնեցումների ավարտը, այսինքն Կիևի կողմից եվրաստանդարտների փաստացի ներդրումը, դեռ մնացել է, մասնավորապես, ապրանքների մաքսատուրքերի վերացման հարցը։ ՈՒկրաինացիներն այստեղ տարեկան մոտ 300 մլն եվրո են կորցնում, բայց երկարաժամկետ հեռանկարում շահած դուրս կգան` օտարերկրյա ներդրումների շնորհիվ։
Հատկանշական է նաև այն, որ ուկրաինական շատ քաղգործիչներ ու փորձագետներ համոզված են, որ երկխոսության ակտիվացումը ոչ միայն արագացնում է պետության եվրաինտեգրման գործընթացը, այլև ուկրաինացի քաղգործիչներին հնարավորություն է տալիս զերծ մնալու Ռուսաստանի ճնշումից, քանի որ, նրանց կարծիքով, «իրականում Յանուկովիչն ու ամբողջ իշխանությունն իրենց տեսակով արդեն Եվրոպայում են, նրանք հիանալի են հասկանում, որ ՈՒկրաինան ապագա չունի Ռուսաստանի հետ»։ Նկատենք նաև, որ արդեն կտրուկ փոխվում են նաև բնակչության տրամադրությունները։ Սոցիոլոգիական բոլոր հարցումները հաստատում են, որ հասարակության շրջանում եվրոպական վեկտորը գերիշխում է։ Այս փոփոխություններում մեծ ավանդ ունեն նաև եվրոպական և եվրատլանտյան գործընկերության կենտրոնները, որոնք վերջին տարիներին հասարակության վերափոխման ինստիտուտի կողմից ստեղծվում են երկրի բոլոր մարզերում։ Այսպես, օրերս, ուշադրություն դարձնենք, «ռուսական Ղրիմում»` Խերսոնում, բացվեց 18-րդ կենտրոնը` Բելգիայի թագավորի ակտիվ աջակցությամբ։ Չափազանց կարևոր է, որ նման հաստատություններն իրենց աշխատանքում կողմնորոշվում են ոչ միայն դեպի երիտասարդությունը, այլև դեպի ավագ սերնդի մարդիկ։
Ինչո՞վ է պայմանավորված ուկրաինական արտաքին քաղաքականության վեկտորի նման կտրուկ փոփոխությունը։ Շատերն ՈՒկրաինայում պնդում են, թե եվրոպական ընտրության հարցում նրանց, որքան էլ տարօրինակ լինի, օգնել է Ռուսաստանի վարչապետը։ Հիշեցնենք, ապրիլի սկզբին Վլադիմիր Պուտինն այցելեց ՈՒկրաինա` Մաքսային միության մեջ մտնելու կոշտ առաջարկությամբ։ Իսկ դա երկրի համար լրիվ կփակեր Եվրամիության հետ ասոցացման ուղին։ Այդ ժամանակ էլ Վիկտոր Յանուկովիչը, թերևս, վերջնականորեն ընտրեց եվրոպական վեկտորը։ Նա հավանաբար գիտակցեց, որ եթե անգամ զիջումներ անի Ռուսաստանին, ապա, միևնույն է, գազի ցածր գնի չի հասնի։ Սակայն, այդուամենայնիվ, հունվարի սկզբին ՈՒկրաինայի վարչապետ Ազարովը հերթական անգամ անհաջող փորձ արեց պայմանավորվածության հասնելու գների իջեցման հարցում և անգամ փորձեց վերջնագիր ներկայացնել Պուտինին՝ սպառնալով բարձրացնել տարանցման գները։ Ի պատասխան Ռուսաստանի վարչապետը հայտարարեց, թե գազը կէժանանա միայն մի դեպքում՝ եթե ՈՒկրաինան մտնի Մաքսային միության կազմի մեջ։ Ավելին, Ռուսաստանն ՈՒկրաինային առաջարկեց գազը գնել եվրոպական գնով, բայց 40 տոկոս զեղչով` պայմանով, որ ուկրաինական էներգահամակարգը միաձուլվի «Գազպրոմին»։ Դրան ի պատասխան Ազարովը հայտարարեց, որ ՈՒկրաինան կարիք չունի Ռուսաստանին զիջումներ անելու գազի գնի վերանայման հարցում։
Սակայն հարկ է նշել, որ սակարկությունները, ամենայն հավանականությամբ, դրանով չավարտվեցին։ Եվ ուկրաինական իշխանությունների եվրոպական «սիրախաղերից» հետո Պուտինն անսպասելի ժամանեց Ղրիմ։ Ինչո՞ւ այդքան անսպասելի և, ինչպես սովորաբար լինում է, առանց երկար նախապատրաստության։ Իհարկե, ոչ միայն շփվելու իր բարեկամների հետ, որոնք պատրաստվում էին նրան այծի կաթ հյուրասիրել։ Խոսակցության հնարավոր թեման, փորձագետների կարծիքով, նաև նախկին վարչապետ Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակն էր և ՈՒկրաինայի փոխհարաբերությունները Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ (Ռուսաստանը վերջերս մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ ամերիկյան ռազմանավեր են մանևրում Սև ծովի իր սահմանների մերձակայքում, ինչը, ի դեպ, ՈՒկրաինայի հետ համատեղ անցկացվող զորախաղեր են եղել միայն)։ Սակայն, ինչպես չեն մոռանում ընդգծել ռուս դիվանագետները, Պուտինը Ղրիմ է մեկնել ուկրաինական կողմի հրավերով։ Եթե դա այդպես է, ապա, հնարավոր է ուկրաինացիները «հասունացել» են գազի զեղչի դիմաց որևէ համարժեք փոխանակություն առաջարկելու համար։ Իսկ գուցե ուկրաինացի քաղգործիչներն աշխատում են սակարկե՞լ Ռուսաստանի հետ։ Կհաջողվի՞, արդյոք։ Ի՞նչ կնախընտրեն Մոսկվայում։ Դա պարզ կդառնա, հավանաբար, շուտով, չէ՞ որ արդեն բոլորը «քար են կտրել» ևս մեկ` այս անգամ ամառային «գազային պատերազմի» սպասումով։
Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ դեռ վերջերս միանգամայն անվիճարկելի թվացող դոգմաները վերանում են աղետալի արագությամբ։ Դեռ երբեք աշխարհը չի փոխվել նման արագ և գրեթե անկանխատեսելի տեմպերով։ Բայց միաժամանակ պետք չէ մոռանալ հնուց եկող մի ճշմարտություն. «Համաձայնության դեպքում փոքր գործերը մեծանում են, իսկ անհամաձայնության դեպքում` մեծերն են փոքրանում»։ Այսօր միավորված Նումիդիայի վերջին կառավարիչ Միցիփսի այդ ասույթը, որ թևավոր խոսք է դարձել, օրախնդիր է ինչպես Մեծ Եվրոպայի արևմուտքում, այնպես էլ արևելքում։ Բայց եթե «կամավոր համաձայնությունը» ստանում են գազի խողովակների «փողի» սպառնալիքով, ապա այդ համաձայնությունն էլ կարող է ավերիչ լինել։ Եվ վերջում. ակնհայտորեն, նախկին խորհրդային երկրների համար Եվրամիության հետ հարաբերություններն ինքնանպատակ չեն, այլ բազմաթիվ տնտեսական և քաղաքական խնդիրների լուծման, ինչպես նաև ինքնիշխանության պահպանման միջոց։ Սակայն այն փաստը, որ նրանք ավելի շատ հենվում են Արևմուտքի վրա և ո՛չ Ռուսաստանի, պետք է Կրեմլին ստիպեր մտորել Ռուսաստանի տեղի ու դերի, ինչպես նաև այն մասին, թե զարգացման ռուսաստանյան մոդելը համապատասխանո՞ւմ է, արդյոք, արդի աշխարհի պահանջներին։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ