«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԹԵ ՊԱՀԸ ԳԱ, ԵԹԵ ՄԵԶ ՊԱՐՏԱԴՐԵՆ, ԱՊԱ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԵՐ ՀԱՐՎԱԾԸ ԿԼԻՆԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ և ՎԵՐՋԻՆԸ»

«ԵԹԵ ՊԱՀԸ ԳԱ, ԵԹԵ ՄԵԶ ՊԱՐՏԱԴՐԵՆ, ԱՊԱ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԵՐ ՀԱՐՎԱԾԸ ԿԼԻՆԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ և ՎԵՐՋԻՆԸ»
16.11.2010 | 00:00

Լիսաբոնը ղարաբաղյան խնդրի համար փորձում է դառնալ առանցքային վայր: Բայց քանի որ պատմությունը կրկնվելու բնավորություն ունի, ըստ ամենայնի, այս անգամ ևս «վետոյի տրամաբանությունը» կգործի, և որևէ առարկայական-կոնկրետ պայմանավորվածություն Աստանայից առաջ ձեռք չի բերվի:
Եվ դա ոչ այն պատճառով, որ G-20-ի գագաթնաժողովում ոչ մի խոսք չեղավ ղարաբաղյան խնդրի մասին, երբ սեուլյան հետնաբեմում ընթանում էր բուռն «դիսկուսիա» ոչ միայն Կուրիլների, այլև տարածքային շատ այլ վեճերի շուրջ:
Այլ Աղդամի պատճառով:
Աղդամը, ոնց երևում է, ընդհանրապես փորձում է դառնալ ղարաբաղյան խնդրի «ալմա մատերը»: Պատահականությո՞ւն էր, որ հակամարտող երկու երկրների նախագահներն այնտեղ վիրտուալ հանդիպում ունեցան: Դիտարկենք խնդիրը:
Բայց նախ արձանագրենք, որ նույն ուրբաթ օրը Հայաստանում, բառիս բուն իմաստով, արտաքին քաղաքական անշլագ էր: Վերջին շրջանում ասես փոքր-ինչ մոռացված նախաձեռնողականությունը որպես էսկադրոն արշավում էր աշխարհով մեկ: Սերժ Սարգսյանը Ղարաբաղում էր: Այսօր կլինի Մոսկվայում: Տիգրան Սարգսյանը Բրյուսելում էր (գնացել էր մեր 100 մլն եվրոն բերելու): Էդվարդ Նալբանդյանը Հնդկաստանում էր: Ընդ որում, Օբամայից ժամեր անց: Իսկ գաղտնիք չէ, որ Հնդկաստանն այս պահին մտնում է ամերիկյան լուրջ պրոյեկտների մեջ:
Մի խոսքով, պատահականությո՞ւն էր հայաստանյան այս կոնֆիգուրացիան Լիսաբոնից առաջ: Հարկավ` ոչ:
Հայտնի է` Լիսաբոնում միաժամանակ ընթանալու են երեք կարևոր իրադարձություններ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, ՆԱՏՕ-ԵՄ գագաթնաժողով, ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթնաժողով: Չափազանցած չենք լինի, եթե ասենք, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համար Լիսաբոնը դառնալու է ինչ-որ առումով ճակատագրական: Բացի այն, որ քննարկվելու են «ալյանսի» զարգացման երկու պրոյեկտները (Ռասմուսենինն ու Օլբրայթինը), ԵՄ-ում ընթացող զարգացումները նույնպես հետաքրքիր ազդանշաններ են տարածում:
Առանց այն էլ իր լավագույն օրերը չապրող ՆԱՏՕ-ն նոր մարտահրավերների առաջ է կանգնել: Գաղտնիք չէ` փորձագետների մեծ մասը նշել ու շարունակում է արձանագրել, որ կառույցն սպառվել է, և ինչի համար ստեղծվել էր, իսկ ստեղծվել էր նախ և առաջ ԽՍՀՄ-ի դեմ պայքարելու, ուստի ԽՍՀՄ-ի տապալումից, Աֆղանստանում, Իրաքում մաշող պատերազմներից հետո մաշվել է նաև ՆԱՏՕ-ի մասին միֆը: ՈՒստի Լիսաբոնը նաև վայր է, ուր փորձ է արվելու կենդանացնել «ալյանսը», ինչը, նույն փորձագետների կարծիքով, անհույս գործերից է: Այդ է թերևս պատճառը, որ օրերս Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական պայմանագիր կնքեցին, ինչն էլ միջազգային հանրության մեջ ասոցացվեց նոր Անտանտի հետ` շարունակությամբ այնտեղ Ռուսաստանին ներառելու հեռանկարով:
Բայց մեր խնդիրն այսօր ՆԱՏՕ-ն չէ: Մեր խնդիրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ֆոնին Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների պայմանավորվածություններն ու դրանց նիշն են, որոնցից էլ կախված է լինելու, թե ինչ տեղի կունենա Աստանայում:
Հասկանալի է, բոլոր դեպքերում Ռուսաստանն ու Նահանգները բավականին լուրջ պայմանավորվածությունների կհանգեն Լիսաբոնում: Դե, Աֆղանստանի մասով կոնսենսուսն արդեն իսկ կա, «ՊՐՕ»-ների հետ կապված` նույնպես կլինի: Եվ, այնուհանդերձ, դրանք չեն հասնի այնպիսի նիշի, որ համաձայնություն կայանա նաև Ղարաբաղի, իսկ առավել ստույգ` այնտեղ տեղակայվելիք խաղաղապահների մանդատի շուրջ, ինչպես պնդում են որոշ շրջանակներ:
Կարծիքները խիստ տարբեր են: Մի մասը պնդում է, որ նախ Լիսաբոնում, ապա և Աստանայում լուրջ պայմանավորվածություններ, հետևաբար` պայմանագիր, չեն լինի, նախ և առաջ, այն պատճառով, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը չեն ցանկանում, որ հարցը լուծվի: Եվ եթե անգամ հիպոթետիկ պատկերացնենք, որ Հայաստանը «վեր է կենում ու ասում», որ տալիս եմ, դիցուք, երեք շրջան, նույն այդ գերտերությունները չեն թողնի:
Հակընդդեմ տեսակետն էլ պնդում է, որ Միացյալ Նահանգների համար խաղը փոխվել է. Մեծ Մերձավոր Արևելքի օրակարգը փաթեթով լուծելու, Իրանը ոչ թե ռմբակոծելով, այլ Ռաֆսանջանիով դեպ իրեն քաշելու, Ադրբեջանը ևս իրենով անելու համար Նահանգները ցանկանում է լուծել նաև տարածաշրջանի կոկորդին մնացած ղարաբաղյան խնդիրը:
Այստեղ պետք է պաուզան ձգել: Այսօր երկու գերտերությունների համար խնդիրը, այո՛, Ադրբեջանն է: Ինչպես և նշել ենք` օրակարգում է Ադրբեջանին սիրաշահելու խնդիրը: Այո, խաղի մեջ է Բժեզինսկին, որը վերջերս Ջեյմսթաունի Ֆոնդում ունեցած իր ելույթում շատ բաց տեքստով վերհուշ ապրեց, իսկ նման ծերուկի (համատեղելությամբ էլ` քրմի) վերհուշը ծիսակարգային իմաստով երբեք հենց այնպես չէ: Ջեյմսթաունի տախտակի մոտ հայտնված ծերուկը պատմում էր, թե ինչպես է ինքը 90-ականներին այցելել Բաքու, ինչ ահավոր ջերմ է ընդունել իրեն Հեյդարը, որը վախենում էր նրա հետ խոսել «գործից», բայց կեսգիշերին սկսեց խոսել Զբիգնևի հետ (ո՞վ դիմանա նրա քրմական հմայքներին):
Մի խոսքով, որ շատ կարճ ասենք, «խոսելու» արդյունքը եղավ Բաքու-Ջեյհանը: Բայց դա չէ կարևորը: Այլ այն, որ Զբիգնևը, ինչպես Ռուսաստանն ու Միլլերն այսօր, այն օրերին ասել էր, որ իրենց բացարձակապես չեն հետաքրքրում Ադրբեջանի ո՛չ նավթը, ո՛չ էլ գազը (թող գցեն ձորը), այլ էականը ռազմավարական գործընկերությունն է:
Այո, հիմա ևս ծերուկ Զբիգնևը կփորձի «Նաբուկոյի» համար «ռազմավարականությամբ» զբաղվել: Եթե դեռևս նրա տախտակը (նկատի ունենք շախմատային մեծ պարտիայի համար նախատեսված) չի փտել: Հետն էլ, եթե ամերիկյան կողմը և աշխարհն ընդհանրապես ու վերջնականապես «նադայել» չեն եղել իրենց անվերջ «գցող» Ադրբեջանից և յուր «յոլդաշ» Թուրքիայից:
Իսկ մեծ հաշվով, Ալիևներից Պուճուրը չգիտի, թե ինչ անի, ինչպես անի, ումով անի, ու մի քանի ոտքով ընկել է ռուսական «սապոգի» և ամերիկյան «տախտակի» թակարդը: Կկարողանա՞ այնտեղից դուրս թռչել: Մեծ հարց է: Մեր մարդկային խորհուրդը` պարոն միջազգային հանրությանը. բանակցեք այսուհետ Փաշաևայի հետ` Մեհրիբան (տիկինը «Պատվո լեգեոն» ունի, համ էլ բավարար «կոնտրոլի» տակ է պահում «ոսկե երիտասարդ»-խմիչքային սերեր ունեցող Պուճուրին. իսկ ընդհանրապես տիկինը շատ հմայիչ է, համ էլ վերջերս հայտարարվեց աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը. էն Միխոն էլ` Սաակաշվիլի, կմշտել էր նրա մեջքից ներքև փափուկ մասը` պաշտոնական Բաքու կատարած այցի ժամանակ):
Ընդ որում, Իլհամի համար կա ևս մի մեծ թակարդ:
Սերժ Սարգսյանը:
Բանն այն է, որ մինչև հիմա, իսկ առավել ստույգ` Քոչարյանի ժամանակ, կար, ինչպես ասում են, «կապրիզնի Իլհամ», կար «կապրիզնի Քոչարյան»: ՈՒ այդ պայմաններում Ալիևի համար հեշտ էր խաղալը. խաղը կանխատեսելի էր, Քոչարյանն էլ միջազգային հանրության համար առանձնապես հասկանալի չէր:
Հիմա այդպես չէ: Նույնիսկ սուղ հնարավորությունները Սերժ Սարգսյանը շատ հետաքրքիր «ռասկրուտկայի» մեջ է դնում: Ընդամենը թվում է, թե Հայաստանը չի խաղում: Սերժ Սարգսյանը չի խաղում-չի խաղում, մեկ էլ տակտիկական շատ հետաքրքիր «խոդ» է անում (ընդունեն, թե չընդունեն նրա օպոնենտներն այս հանգամանքը): Օրերս նրա Արցախ կատարած այցը ևս այդ կոնտեքստում էր: Այս մասին ներքևում, բայց մինչ այդ մեկ դիտարկում ևս:
ՀՀ երեք նախագահներից Սերժ Սարգսյանը նույնքան հետաքրքիր քաղաքականություն է վարում (ամիսը մեկ, եթե ոչ ավելի) Ղարաբաղ այցելելու առումով: Առաջին նախագահը հաճախ չէր այնտեղ գնում, ըստ լավատեղյակների` նախագահության վերջին երկու տարում կարծես չէր էլ եղել. Քոչարյանի և Սամվել Բաբայանի մասնակցությամբ ղարաբաղյան կողմի հետ մի հանդիպում սահմանի վրա էր տեղի ունեցել, երբ Տեր-Պետրոսյանն ստիպել էր, որ վերջիններս չհրաժարվեն ու որպես կողմ մասնակցեն Հռոմում տեղի ունենալիք բանակցություններին (էստեղ լրիվ ու ուրիշ հետաքրքիր թեմա է, չէ՞, բացվում, բայց դա թողնենք ուրիշ` տաք օրերի համար):
Քոչարյանը գնում էր ի անհրաժեշտություն և նույնպես ոչ հաճախ: Դե, գոնե մեր մեջ տպավորվել է նրա չկատարած այն այցը, երբ հոկտեմբերի 27-ից երեք օր անց նա հանդիպել էր Գրետա մայրիկի հետ, ասել, որ ուզում է հրաժարական տալ ու գնալ Ղարաբաղ, իր մորը Ղարաբաղում արդեն զգուշացրել է, որ գալիս է։
Վերադառնանք Լիսաբոն, այնտեղից էլ մտնենք Աստանա: Կրկին արձագանքելու գերտերությունների միջև սպասվելիք համաձայնությունների փաթեթին. մեկ անգամ ևս պնդելով, որ նրանց միջև հարաբերություններն ունեն դասական ձևակերպում. «Մահճակալն ընդհանուր է, բարձը` ոչ»:
Դառնանք այն տեսակետին, ըստ որի` «ֆիֆթի-ֆիֆթի» տարբերակով հնարավոր է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը խաղաղապահներ կանգնեցնեն հակամարտության գոտում:
Էս գլխից ասենք, սա այն դեպքն է, որի համար պետք է հաստատապես և առանց երկմտանքի ասել` երբեք:
Ոչ այն պատճառով, որ Սաբինան` Ֆրեյզեր, նույնպես բացառել է Դեյթոնի տարբերակը (հասկանալի չէ՞, որ այդ կարգի արտահոսքերը «վստահված» են հատկապես Սաբինային ու նրա ՃՄԽ-ին, և փաստաթուղթ ունենալ Աստանայում հնարավոր է, եթե հակամարտող երկրների առաջնորդներին մտցնեն մի սենյակ, դնեն նրանց ձեռքները գրիչ ու դուռը փակեն վրաները), այլ որ մոդեռնիստ Դիման ու «մաքուր տղա» Բարաքն այդքան չեն խմի (հիշում եք` «էդքան չեմ կարա խմեմ, որ էդ բանն անեմ» անեկդոտը), որ պայմանավորվեն 50-50-ի շուրջ: Ռուսաստանը երբեք ու երբեք չի համաձայնի դրան: Դե, գոնե այս փուլում:
Ահա և էստեղ «սոլո» է մտնում «ուրանի թեման»: Ո՛չ Հայաստանի մասով: Ռուսաստանի: «Կոնսպիրոլոգիայից» հասկացողները մի հսկա տեսություն են զարգացնում այս առիթով: Մեդվեդևը համաձայն է 50-50-ին: Պուտինը` ոչ: Պուտինի ուժային թևին` գեներալիտետին ճնշելու համար էլ իբր նետվել է Վրաստանում բռնված «ուրանի» թեման, որը կգնա կհասնի նրանց: ՈՒ, անհրաժեշտության դեպքում, կամրակայվի թե՛ որպես «միջուկային զենքի», թե՛ որպես ահաբեկչության «հոդված»:
Միֆերի ոլորտից գնանք Ղարաբաղ: Այո, այնտեղ պատերազմականին մոտ զորավարժություններ էին: Առաջին անգամ:
Իսկ Սերժ Սարգսյանը կամուֆլյաժ չէր հագել («վայեննի սվիտրով» էր. հիմա էլ սրա՞ն չնախանձի Վիկտոր Դալլաքյանը): Առաջին անգամ: Կարծում ենք, ոչ իր ազատությունը շեշտելու համար: Այլ որ` «երեկ իրիկուն էս կողքի սնից կախ էին արած երեք հրացան»: Հրացաններից մեկը վերցրել, Աղդամ էր հասել Ալիև Պուճուրը` կամուֆլյաժ հագած ու որպես պարտված բանակի զինվոր, բառերից ձուլված իր արձանն էր կանգնեցնում պատերազմում տանուլ տված, իր կողմից չվերահսկվող Աղդամի կողմերում:
Նրան կամուֆլյաժ չհակադրած, խաղաղասեր, սվիտրահագ Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, շատ հատու ու կոշտ, քան երբևէ, ասաց բաներ, որ ոչ այնքան հեքիաթասացի, որքան միջազգային հանրության համար էին:
Նա ասաց` եթե ուզում եք պատերազմ, կստանաք պատերազմ. «Ես վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թվականներին, այլ վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է։ Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանելու մեր հայրենիքը։ Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը կլինի կործանարար և վերջինը»:
Դո՛ւ ասացիր:
ՈՒ քանի որ դրանից առաջ էլ Իլհամչիկին էր ասել, միջազգային հանրությանը մնում է մեկ բան` հանձնարարել Լիսաբոնում Ռուսաստանին (որն այդ «ասումներում» այնքան էլ աննկատ խաղացող չէ)` զբաղվել ուժի չկիրառման, առավել ստույգ` դիպուկահարների հետքաշման մասին պայմանագրի ստեղծմամբ` Աստանայում ստորագրելու համար:
Որպեսզի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն լինի:
Որպեսզի բլիցկրիգի իրավունքի համար պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան իրար այդքան չմեղադրեն, օրումեջ իրար հետ չկռվեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ