«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՓՂԻՆ ՇՈՇԱՓԵԼՈՎ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ

ՓՂԻՆ ՇՈՇԱՓԵԼՈՎ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
18.01.2011 | 00:00

Մեր թերթը մշտապես հետևում է տարածաշրջանում էներգակիրների նոր մայրուղիներ կառուցելու, այդ խնդրի հետ կապված աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունների և սպասվող ցնցումների մասին «դետեկտիվ պատմությանը»։ Այս թեման մեր հետաքրքրությունների կիզակետում էր մնում, չնայած նախագծի գլխավոր օղակի` «Նաբուկո» գազամուղի վերաբերյալ եղած հակասական կարծիքներին, այդ թվում և` Հայաստանում։ Սակայն այսօր անչափ կարևոր առիթ կա ևս մեկ անգամ անդրադառնալու այդ նյութին, քանի որ, չնայած բոլոր հնարավոր վտանգներին, այսօր կարելի է ասել, որ «Նաբուկոն» երևակայական խոսակցությունների փուլից թևակոխել է իրականացման փուլ։ Ներդրողների համար այդ հստակ ազդանշանը, որ նախագիծը կկենսագործվի, սկզբում տրվել էր Բաքվում, հետո նաև Աշգաբադում և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի այցերի ժամանակ։ Եվրամիությունը և Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով համաձայնագիր են ստորագրել, որի պայմանների համաձայն` երկիրը պարտավորվել է «նշանակալի ծավալներով» գազ մատակարարել Եվրոպային։ Եվրամիությունը դա կարևոր քայլ է համարել, որը հնարավորություն է տալիս նվազեցնելու դաշինքի կախվածությունը ռուսաստանյան մատակարարումներից։ Ստորագրման կապակցությամբ Բառոզուն ասել է. «Սա լուրջ ճեղքում է։ Սույն համաձայնագիրը հավաստում է Եվրոպայի անմիջական ելքը դեպի Կասպյան ավազանի գազ, ինչը թույլ կտա իրականացնել «Հարավային միջանցք» նախագիծը։ Գազի մատակարարումների նոր ուղեգիծը կբարձրացնի եվրոպացի սպառողների և ձեռնարկությունների էներգետիկ անվտանգությունը»։ Էներգետիկայի Եվրամիության գծով հանձնակատար Գյունտեր Օտինգերն իր հերթին նշել է. «Որպես գազ ներմուծողներ մենք կարիք ունենք նոր մատակարարների, ի դեմս Ադրբեջանի մենք ունեցանք ևս մի գործընկեր»։ Ստորագրված հռչակագրում նշվում է, որ Ադրբեջանն ու Եվրահանձնաժողովն ընդհանուր նպատակ են սահմանել. Ադրբեջանը բավականաչափ գազ կմատակարարի, որպեսզի հնարավոր լինի «Հարավային միջանցքի» ստեղծումը։ Միևնույն ժամանակ Եվրոպան և Ադրբեջանը ենթակառուցվածք կապահովեն Եվրոպային գազ մատակարարելու համար։ Մոտավորապես այդ նույն ոգով են անցել հանդիպումները նաև Աշգաբադում։ Ինչպես հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, «Աշգաբադը պատրաստ է զարգացնելու եվրոպական ուղղությունն էներգետիկ քաղաքականության մեջ, և դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները կան»։ Աշխատանքային են դիտվում փոխադարձաբար լրացնող երկու տարբերակ` Կասպիականի հատակով խողովակաշարի կառուցում Թուրքմենստանից Ադրբեջան և գազի տեղափոխում հեղուկանավերով։
Ներկա պահին «Հարավային միջանցքի» դերին հավակնում են խողովակաշարերի մի քանի նախագծեր, որոնք բնական գազի փոխադրման ընդհանուր համակարգ են ստեղծում` շրջանցելով Ռուսաստանը։ Բայց Եվրամիությունը նախ և առաջ պաշտպանում է «Նաբուկո» նախագիծը, որը ենթադրում է կառուցել մի հսկայական` 3300-կիլոմետրանոց խողովակաշար, որը պետք է Բաքվից տարեկան մինչև 31 մլրդ խմ գազ տեղափոխի Ավստրիա։ Գազամուղն անցնելու է տարածաշրջանի մի շարք երկրներով, չեն բացառվում նրա ճյուղավորումներն ընդհուպ մինչև Աֆրիկա։ Այդ «աղմկալից» նախագիծն օրակարգում է արդեն մի քանի տարի, և «Հարավային միջանցք» համապարփակ համադրույթի առնչությամբ ապագայագուշակ ձեռնարկումները միանգամայն հիշեցնում են այն կույրերի «տեսլականը», որոնք փղին շոշափելով «տեսնում էին» այն, ինչ ցանկանում էին։ Համենայն դեպս, Կրեմլի պաշտպանությունը վայելող «Հարավային հոսքի» և «էներգետիկ աշխարհաքաղաքականությունը» շարունակելու Մոսկվայի անսասան ցանկության հետ կոշտ մրցակցության պայմաններում հետազոտողներից յուրաքանչյուրը` նայած նպատակներին, ջանում է իրողությունները մեկնաբանել սեփական ձգտումների ու շահերի դիտանկյունից։ ՈՒ թեև «Գազպրոմի» վերջին հայտարարությունները շինծու անտարբեր էին («մեզ դա չի հուզում»), կրքերը հիրավի բորբոքվում են, հատկապես նախագծերի քաղաքական բաղկացուցչի և այն բանի պայմաններում, որ գլխավոր «անդրազգային գաղափարի» վերջնական ընտրություն կատարելու ժամանակը շտապեցնում է և, ինչպես լինում է հույզերի բռնկման նման պայմաններում, իր ծանրակշիռ խոսքն ասաց Ռուսաստանի վարչապետը։ Պուտինը կարծում է, որ «Նաբուկո» գազամուղի նախագիծը հաջողության քիչ հնարավորություն կունենա Ռուսաստանի «Հարավային հոսք» գազատարի համեմատությամբ։ «Նաբուկոյի» հիմնական խնդիրը «մատակարարվող հումքի և այդ համակարգը լցնելու աղբյուրների երաշխավորված ծավալների բացակայությունն է», ասել է նա և ավելացրել. «Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի այդ գազամուղով, Իրանի հանքավայրերը դեռևս հետազոտված չեն, իսկ հումքի ադրբեջանական ծավալները փոքր են։ Դեռ ավելին, Ադրբեջանը մատակարարումների պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ»։ Բայց նրա այդ բացառիկ տեսակետը ձեռնտու չէ Եվրոպային, որը միանգամայն հակառակ կարծիքի է։
ՈՒստի բացառված չէ, որ առևտրային իմաստով նախագծերից մեկը կարող է արդեն մոտ ժամանակներս ձախողվել։ Հիշեցնենք` «Նաբուկոյի» շինարարությունը նախատեսված է 2012 թվականին, իսկ «Հարավային հոսքինը»` 2014-ին։ ՈՒշադրություն դարձնենք մի շատ հետաքրքիր հանգամանքի. դեռևս ամռանը ռուսները կտրուկ մերժում էին երկու նախագծերը միավորելու բոլոր առաջարկությունները (այն ժամանակ թուրքերը դրա համար նույնիսկ անվանում էին մտածել` «Հարավային Նաբուկո»), մինչդեռ այժմ այդ հարցում նրանք «հպարտ լռություն» են պահպանում։ Բայց ԱՄՆ-ն Իտալիայում իր դեսպան Դևիդ Թոռնիի շուրթերով անսպասելիորեն արտահայտեց սեփական շահագրգռությունը մրցակցող երկու նախագծերի միավորման նկատմամբ։ Հնարավոր է, որ դեր էր խաղացել Օբամայի նախասիրած «գերբեռնումը», իսկ հնարավոր է, որ ազդած լինի նստավայր երկրի կլիման։ Չէ՞ որ ավելի վաղ համանման գաղափարներով հանդես էին եկել նաև «Հարավային հոսքի» գծով «Գազպրոմի» իտալական գործընկերոջ` Eni կոնցեռնի ներկայացուցիչները, իսկ Իտալիայի և Ռուսաստանի իշխանությունների հարաբերությունները բավականին ջերմ են։
Այդուհանդերձ, հանուն արդարության պետք է նշել, որ ռուսական հոռետեսության մեջ ճշմարտության բաժին կա, և, եվրոպացի վերլուծաբանների անչափ լավատեսական կանխատեսումներով հանդերձ, առայժմ մի շարք էական խնդիրներ կան նրանց կողմից առաջ մղվող նախագծում։ Այսպես, Թուրքմենստանի հետ կապված երկու նախագծերը (գազի փոխադրումը ծովով) շատ ծախսատար է թվում, բացի այդ, չի սահմանված բուն ծովի կարգավիճակը։ Հավանաբար տարածաշրջանում ստեղծվող էներգետիկ նոր միությունների պատճառով էլ հենց շտապ կարգով Մոսկվա էր թռել Իրանի պատվիրակությունը` Կասպիականի կարգավիճակը մշակելու համար, իսկ Թուրքմենստանի նախագահը դիմել էր Կասպիական երկրներին` շտապ կարգով լուծելու տարածքային վեճերը։ Բացի այդ, այն հույսերը, թե թուրքմենական գազը կլցնի «Նաբուկոյի» ունակության ազատ հզորությունները, փոքր-ինչ կասկածելի են։ Առայժմ Աշգաբադը շատ հաջող է աշխատում և՛ չինական, և՛ իրանական ուղղությամբ, մշտապես ավելացնելով ծավալները և, ըստ էության, դա ներառում է թուրքմենական արտադրության հավելաճերը։ Էլ ավելի շատ են ադրբեջանական գազի հետ կապված խնդիրները։ Այսպես, նույնիսկ վերջին համաձայնագրերի ստորագրումից հետո Բաքուն առայժմ չի որոշել` արդյոք «Շահ Դենիզ» խոշոր հանքավայրի երկրորդ փուլից գազ կհասնի՞ «Նաբուկո» գազամուղին, թե՞ պայմանագրերը կկնքվեն նվազ մասշտաբային նախագծերով։ Իր հայտարարության մեջ Եվրամիությունը հաղորդել է, որ Ադրբեջանը մոտակա ամիսներին կորոշի, թե նախագծերից որը կօգտվի «Շահ Դենիզ-2-ի» գազից։ Դաշինքը հույս ունի Ադրբեջանի դիրքորոշումն իմանալ մինչև մարտ ամիսը, երբ պետք է ներդրումային որոշում կայացվի «Նաբուկոյի» վերաբերյալ, որպեսզի նախագծին 200 մլն եվրո գումարի օգնություն տրամադրելու Եվրամիության խոստման ժամկետը չլրանա։ Այնպես որ, արդեն հաստատված սովորույթի համաձայն, Բաքուն, ինչպես փորձված խարդախամոլ, թևքում պահում է նշում արած նավթաքարտն իր քաղաքական շահաբաժինների համար։ Ասենք, ակներևաբար տնտեսական մեծ ծրագրերի և հսկայական ներդրումների այդ նոր պայմաններում Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունն ակնհայտորեն տեղին չէ։ Դժվար է պատկերացնել, որ այդ փաստաթղթերի ստորագրումից և նախագծերի իրացումից հետո Ղարաբաղում պատերազմը կարող է անտարբեր թողնել Արևմուտքին։ Թերևս կա միանշանակ հնարավոր մատակարար, որը կարող է «Նաբուկո» նախագիծը դարձնել հաջող։ Խոսքն Իրանի մասին է, բայց նախագծի գլխավոր «ոգեշնչողներից» մեկի` Վաշինգտոնի համար նրա թեկնածությունն անընդունելի է։ Թեհրանը մեկ անգամ չէ, որ եվրոպացիներին «հյուրասիրել է» իրականության կոշտ չափաբաժնով և հայտարարել, որ «առանց Իրանի մասնակցության «Նաբուկո» խողովակաշարի մասին խոսակցությունները ոչ մի բանի չեն հանգեցնի, բացի խողովակաշարից` առանց գազի», սակայն իրավիճակը, ըստ էության, չի փոխվում (ճակատագրի հեգնանքով հենց Իրանի հարավային Պարս հանքավայրը և Իրանի հետ կապված եվրոպացիների նախնական պլաններն էին տվել «Նաբուկո» անվանումը)։ Ճիշտ է, կան նաև գազատարը լցնելու այլ հավակնորդներ` Իրաքը, Եգիպտոսը, հնարավոր է նաև Իսրայելը, որտեղ վերջերս գազի խոշոր հանքաշերտեր են հայտնաբերվել։ Այդժամ իրավացի կլինեն այն փորձագետները, ովքեր պնդում են, որ և՛ «Նաբուկոն», և՛ «Հարավային միջանցքի» ամբողջ նախագիծը բացառապես տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման սցենարներ են։ Հետաքրքիր է, որ այսօր ԱՄՆ-ը հայտարարում է, թե նավթի ու գազի արդյունահանման և փոխադրման հետ կապված խնդիրներն ինքը ջանում է քննել առանձին և նվազ քաղաքականացնել այդ գործառույթները։ Այդուհանդերձ, միանգամայն ակներև է, որ թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիները մտադիր են պահպանել վերահսկողությունը տարածաշրջանի էներգետիկ հաղորդակցությունների և կովկասակասպյան տարածաշրջանում իրենց ջանքերով ստեղծված էներգետիկ համալիրի նկատմամբ։ Նրանք պատահաբար չեն նշում նոր էներգետիկ խնդիրները։ Եվ դրանցից գլխավորները «եվրոպական էներգետիկ անվտանգության ամրապնդման» հետ մեկտեղ «Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ածխաջրածնային բնապաշարների իրացման շուկան առավելագույնս ընդլայնելու միջոցով նրանց տնտեսական զարգացմանն օժանդակելու» մտադրություններն են։ «Մեր ուզածն այն է, որ համոզվենք` Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները կարող են իրենք որոշումներ ընդունել իրենց բնապաշարների արդյունահանման և արտահանման վերաբերյալ` ելնելով սեփական շահերից»,- ընդգծում են Վաշինգտոնում։
Համապատասխանաբար կանխատեսվում է աշխարհաքաղաքական կենտրոնների, նախ և առաջ, Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության նոր, ավելի լուրջ մակարդակ` հանուն տարածաշրջանում իրենց ազդեցության։ Ինչ սցենարներով կարող են զարգանալ իրադարձությունները, եթե նկատի առնենք, որ առայժմ Կրեմլը և նրա «գլխավոր ստորաբաժանումը»` «Գազպրոմը», մտադիր չեն հանձնվելու։ Նախ, ռուսաստանցի շատ վերլուծաբաններ կարծում են, որ ռուսական կողմի պատասխան քայլը կարող էր լինել իրանական գազն Ադրբեջան-ՌԴ-Բելառուս տարածքով ձգվող գազամուղով կամ Մերձկասպյան գազատարով (Թուրքմենստան-Ղազախստան-ՌԴ-Բելառուս) Եվրոպա տարանցելու մասին խորհրդա-իրանական պայմանավորվածությունների վերականգնումը։ Ընդ որում, նրանք հույս ունեն, ինչպես ԽՍՀՄ-ի օրոք, «իրանական գազն օգտագործել ներքին կարիքների համար», իսկ Եվրոպային վաճառել սեփական գազն այդ նույն ծավալով։ Այսինքն, դեպի Եվրոպա ռուսական լրացուցիչ արտահանության և միաժամանակ Իրանը մրցակցից Ռուսաստանի գործընկերոջ վերածելու հնարավորություն է ի հայտ գալիս։ Դե ինչ, «երանի նրան, ով հավատում է», բայց շատ դժվար է պատկերացնել, որ «Գազպրոմի» ճիրաններից» պոկվել ձգտող եվրոպացիներն իրենց փողերը կներդնեն այդ արկածախնդրության մեջ։ Ավելին, դժվար է պատկերացնել, որ Իրանն իր հազարամյա քաղաքական փորձով ու կայուն հիշողությամբ կհրաժարվի ինքնիշխանությունից և տարածաշրջանում ինքնուրույն ու կարևոր դեր խաղալու հնարավորությունից։
Եվ հաջորդը, ամենահրատապը մեզ համար։ Ինչպես հայտնի է, Մոսկվան վաղուց և հետևողականորեն փորձում է որպես սեփականություն ստանալ կամ վերահսկողություն սահմանել նախկին ԽՍՀՄ-ի երկրներով անցնող խողովակաշարերի նկատմամբ։ Հայաստանում դա նրան հաջողվեց ամբողջ ծավալով (ի տարբերություն Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի)։ Սակայն Կրեմլի հաջորդ քայլը, ամենայն հավանականությամբ, միտված կլինի Հայաստանին փաստացի ինքնիշխանությունից զրկելուն, նպատակ ունենալով եթե ոչ մեկընդմիշտ, ապա տևականորեն նվազեցնելու սեփական գազի տնտեսության վրա ազդելու նրա հնարավորությունները։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ