«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԻՐԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՄՆՈՒՄ Է, ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՐՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ՍԱԿԱՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՁՈՌՔ ԲԵՐՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ

ԻՐԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՄՆՈՒՄ Է, ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՐՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ՍԱԿԱՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՁՈՌՔ ԲԵՐՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ
16.11.2010 | 00:00

Ամերիկա-բրիտանական դաշինքը ենթադրում էր Իրաքում, ինչպես նաև Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի նշանակալի ռազմաքաղաքական ներկայություն, ինչը պետք է ցուցադրեր տարածաշրջանային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի մենաշնորհի բացակայությունը։ Աֆղանստանում և Պարսից ծոցում անհամամասնորեն մեծ է բրիտանական ռազմաօդային, ռազմածովային ուժերի և ցամաքային զորքերի ներկայությունը։ Այդ մոտեցումը, անտարակույս, որոշ հաջողություն ունեցավ և ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային թույլ տվեց ինչ-որ, ոչ միշտ բացահայտ, քաղաքական քայլ անել տվյալ շրջաններում։ Այդ պայմանավորվածությունների իրականացման գործում նշանակալի դեր խաղացին ամերիկյան ու բրիտանական զինվորականները։ Ամերիկա-բրիտանական ռազմավարական համագործակցությունը ներկայումս ունի նպաստավոր հիմքեր` կապված արտաքին տնտեսական, անվտանգության ոլորտի շահերի զուգադիպման մակարդակի, եվրոպական և մերձավորարևելյան քաղաքականության հանդեպ հայացքների համաձայնեցվածության հետ։ Ինչպես հայտնի է, Բիլ Քլինթոնի վարչակազմը «թշնամական» դիրք էր գրավել Մեծ Բրիտանիայի պահպանողական կառավարության և հատկապես վարչապետ Ջոն Մեյջորի հանդեպ։ Վարչակազմի փոփոխությունը Վաշինգտոնում, ԱՄՆ-ում աջ պահպանողական ուժերի իշխանության գալը զուգադիպեց նրան, որ Մեծ Բրիտանիայում իշխանության ղեկին ամուր կերպով մնաց լեյբորիստական կառավարությունը և մասնավորապես լիբերալ վարչապետ Թոնի Բլերը։ Այդ բավական տևական իրավիճակում, երբ բրիտանական և ամերիկյան վարչակազմերի շահերը երբեմն չէին զուգադիպում, ամերիկա-բրիտանական հարաբերություններում կարևոր դեր էին խաղում զինվորականներն ու հետախուզական ծառայությունները, որոնք հարթում էին հակասությունները երկու պետությունների վարչակազմերի միջև։ Մի կողմից ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունն ու Մեծ Բրիտանիայի լեյբորիստականը անզուգական քաղաքական գործընկերներ են, բայց հակասությունները երկու պետությունների միջև մնում են և անգամ սաստկանում։
Միաժամանակ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի աջ պահպանողական վերնախավի համար շատ հեշտ է հաղթահարել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում եղած հակասությունները, քանի որ այդ վերնախավի սկզբունքները, նպատակներն ու խնդիրներն ավանդաբար հիմնվում են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի արմատական ազգային շահերի, ինչպես նաև անգլո-սաքսոնական պահպանողական վերնախավի արժեքների վրա։
Ներկայումս անգլո-սաքսոնական պահպանողական վերնախավի առավել կենսական խնդիրներից մեկը նախընտրելի դիրքերի ապահովումն է նավթային և էներգետիկ ոլորտում։ Կասկած չկա, որ դաշինք գոյություն ունի բրիտանական և տեխասյան նավթային ու էներգետիկ ընկերությունների միջև։ Սակայն այդ նախագծերի իրացումը տարբեր տարածաշրջաններում և հատկապես Կասպյան ավազանում, Կենտրոնական Ասիայում ու Իրանում սահմանափակվում է ազգային և անդրազգային քաղաքական ու տնտեսական այլընտրանքային խմբավորումների շահերով։ Քլինթոնի վարչակազմը ձգտում էր առավել լիակատար զուգորդել արտաքին քաղաքական և աշխարհատնտեսական նախագծերը, ինչը բախվեց, նախ և առաջ, դաշնակիցների ու գործընկերների` Մեծ Բրիտանիայի ու Սաուդյան Արաբիայի, եվրոպական առաջատար պետությունների նավթային և այլ ընկերությունների հակադարձ շահերին, Ռուսաստանի և տվյալ տարածաշրջանների պետությունների ազգային շահերին։ Մեծ Բրիտանիան հենց սկզբից ակտիվորեն հանդես էր գալիս Բաքու-Ջեյհան նախագծի դեմ, իհարկե, ոչ մի կերպ չհրապարակելով իր իսկական նպատակները։ Մեծ Բրիտանիան շահագրգռված չէ Թուրքիայի ու Իսրայելի ուժեղացմամբ, քանի որ դա թուլացնում է իր ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար։ Նա, ի տարբերություն ԱՄՆ-ի, կասպյան էներգապաշարների արդյունահանման և փոխադրման խնդիրը համարել է սոսկ աշխարհատնտեսական խնդիր։ Մեծ Բրիտանիան, ունենալով այնպիսի հզոր խաղի գործիք աշխարհատնտեսական ասպարեզում, ինչպիսիք իր նավթային ու ֆինանսական ընկերություններն են, տարածաշրջանում վարում էր մի քաղաքականություն, որը հանգում էր հետևյալին. նվազագույն ֆինանսական ծախսերով հասնել կասպյան նավթի ու գազի պաշարների առավելագույն վերահսկողության, ինչը ենթադրում էր դրանց արդյունահանման ու փոխադրման առանձնահատուկ ժամանակային սխեմա։ Ինչ-որ չափով դա զուգորդվում էր ԱՄՆ-ի շահերի հետ, քանի որ ամերիկացիները նույնպես ձգտում էին արգելակել Կասպյան ավազանի նավթի պաշարների արդյունահանումը և դրանք պահպանել որպես ապագայի ռազմավարական ռեզերվ։ Սովորաբար եվրոպական և ռուսական վերլուծաբանների աշխատանքներում կասպյան նավթի խնդիրների առնչությամբ ձեռնածվում են առավելապես արժեքային և շուկայական հարցերը` ավելացրած քաղաքական շահերը։ Դրա հետ մեկտեղ վերջին տասը տարում ուժեղացել են Արևմտյան ընկերակցության առաջատար պետությունների, նախ և առաջ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կենսապահովման խնդիրներն արտացոլող ռազմավարական էներգետիկ առաջնայնությունները։ Ելնելով այդ առաջնային նպատակներից, Մեծ Բրիտանիան եղել և մնում է շահագրգռված Բաքու-Ջեյհան նախագծի և արևմտյան ուղղությամբ Եվրասիայի ներքին տարածքներից նավթի փոխադրման ամբողջ ենթադրվող համակարգի ապաքաղաքականացմամբ։ Ենթադրելով, որ ինքն այլևս չի կարող դիմադրել Բաքու-Ջեյհան նախագծի իրականացմանը, Մեծ Բրիտանիան ձգտում էր դրա ապաքաղաքականացումն ապահովել այդ և այլ հաղորդուղիների նախագծերին Ռուսաստանի մասնակցության շուրջ նրա հետ պայմանավորվածության գալու միջոցով։ Շարունակելով այդ խաղը, հաշվի առնելով Իսրայելի և Ռուսաստանի հրեաների մեծ շահագրգռությունը, Մեծ Բրիտանիան Իսրայելի հետ 2001 թ. Մոսկվայում ծավալեց այդ նախագծի բազմակողմ գովազդ։ Առաջարկվում էր զգալիորեն կրճատել այդ երթուղով նավթի ենթադրվող հոսքը, մեծացնել ԱՄՆ-ի ֆինանսական մասնակցությունը և Ղազախստանի կառավարության հետ պայմանավորվածության հասնել նավթի մատակարարումների շուրջ։ Միաժամանակ, ԱՄՆ-ը շահագրգռված է նավթի փոխադրման բազմաճյուղ համակարգի զարգացմամբ, ինչը ենթադրում է ղազախական նավթի փոխադրման Թենգիզ-Նովոռոսիյսկ երթուղու տարբերակավորում (Սև ծով և Օդեսա-Բրոդի խողովակաշարով)։ Դրանով նվազում է Ռուսաստանի դերը և առհասարակ թուլանում են նրա դիրքերը Եվրոպային նավթ ու էներգառեսուրսներ մատակարարելու գործում։ Ընդ որում, բանը նավթի այդ հոսքի ծավալը չէ, այլ եվրոպական էներգետիկ շուկայից Ռուսաստանին դուրս մղելու սկզբունքային նպատակը։ Դա ամենևին չի հետա-քրքրում Մեծ Բրիտանիային, որը նավթի փոխադրման միայն արևմտյան երթուղիները չէ, որ ենթադրում է։
1999 թ. Մեծ Բրիտանիայի կառավարությունը, փաստորեն, առանց քարոզչական աղմուկի, կարևորագույն քայլ արեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, դրանով իսկ մրցակցային պայքարի մեջ մտնելով Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ իրանական շուկայի դիրքերի համար։ Բրիտանական ֆինանսական և քաղաքական վերնախավը ծայրաստիճան անհանգստացած էր Իրանում ֆրանսիական ու գերմանական նավթային, մեքենաշինական, քիմիական և այլ ընկերությունների ակտիվությամբ։ Ընդ որում, որոշ հեղինակներ Իրանի հետ հարաբերությունների հաստատման վաստակը վերագրում են Թոնի Բլերի լեյբորիստական կաբինետին, մատնանշելով պահպանողականների քննադատական վերաբերմունքն այդ երկրի նկատմամբ։ Իրականում հասունացել էր ժամանակն այդ հարցի լուծման համար, և, անշուշտ, Մեծ Բրիտանիայի այդ քաղաքականությունը համաձայնեցված էր ԱՄՆ-ի հետ։ Իրանական քաղաքականության մեջ Մեծ Բրիտանիայի քաղաքական ներթափանցումը տեղի է ունենում արագացված կարգով։ Մեծ Բրիտանիան, ըստ էության, միջնորդի շատ կարևոր դեր է խաղում Իրանի ու ԱՄՆ-ի, Իրանի ու Պակիստանի միջև։ Կասկած չկա, որ այդ դերը շատ ձեռնտու է Մեծ Բրիտանիային, քանի որ նրա համար ստեղծում է քաղաքական ու աշխարհատնտեսական նպաստավոր պայմաններ։
Իրանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի համար, որն ավանդական շատ դիրքեր է կորցրել արաբական աշխարհում, Հարավային Ասիայում, և չի կարող բավականաչափ արագ ամուր դիրքեր ձեռք բերել Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում (և, հարկ է նշել, չի ձգտում դրան, քանի որ դա պահանջում է ռեսուրսների ոչ տնտեսական նշանակալի ծախսումներ, ակտիվ, թանկ նստող քաղաքականության վարում, այդ տարածաշրջաններում հետախուզական-տեղեկատվական հնարավորությունների զարգացում, տեղական վերնախավի հետ պարտավորեցնող հարաբերությունների հաստատում)։ Դա բարդ ու հեռանկարային գործունեություն է, որ իրականացնում է ԱՄՆ-ը, ապահովելով դրանով իսկ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը։ Իրանի հետ Մեծ Բրիտանիայի գործընկերային հարաբերությունները, որոնցով շահագրգռված է Իրանը, քաղաքական և աշխարհատնտեսական շատ խնդիրների լուծման հնարավորություններ են ստեղծում մերձկասպյան ամբողջ շրջանում։ Սակայն Մեծ Բրիտանիայի համար առավել հրատապ ու կարևոր խնդիրն իրանական երթուղիներով կասպյան նավթի փոխադրման կազմակերպումն է։ Դա Մեծ Բրիտանիային հնարավորություն կընձեռի հաղթահարելու ԱՄՆ-ի «խնամակալությունը», ավելի անկախ դիրք գրավելու համաշխարհային աշխարհաքաղաքական ասպարեզում, զուգահեռաբար իր համար ապահովելու ներկայություն իրանական շուկայում և երկարատև ազդեցություն գործելու Իրանի կառավարության ու հասարակության վրա, ինչպես դա եղել է հարյուրամյակներ շարունակ։ Գործընկերությունն Իրանի հետ կարևոր է Մեծ Բրիտանիայի համար այնպես, ինչպես գործընկերությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում Մեծ Բրիտանիայի նպատակներն ու խնդիրները հար և նման են և մեծապես կանխորոշվում են տնտեսական շահերով։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի ու Իրանի առնչությամբ Մեծ Բրիտանիան համաշխարհային քաղաքական ասպարեզում կիրառում է միանման գործելակերպ, այդ թվում նաև ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար պետությունների հետ երկխոսության ժամանակ։
Այս կապակցությամբ որոշակի քաղաքական հակասություններ առաջացան ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև, ինչն արտացոլվում է Իրանի նկատմամբ իրականացվող քաղաքականության մեջ։ ԱՄՆ-ը սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո խնդիր դրեց արագորեն լուծել Իրանի հետ հարաբերություններում եղած խնդիրները։ ԱՄՆ-ը ներկա Իրանը չի համարում աշխարհաքաղաքական լուրջ հակառակորդ և պետություն, որից ագրեսիայի կամ զանգվածային ոչնչացման զենքի գործադրման վտանգ է սպառնում։ Արևմտյան ընկերակցությունը և ԱՄՆ-ն իրականում Իրանը համարում են զարգացող երկիր, որն աշխատում է լուծել իր բարդ տնտեսական խնդիրները, ինչպես նաև անվտանգության խնդիրները։ Արևմուտքը Իրանը համարում է «խոր պաշտպանության» մեջ գտնվող երկիր։ Միաժամանակ Իրանը ներկայացվում է որպես խոր բարեփոխումներ կատարող երկիր, որոնց արդյունքները կարող են վիթխարի ազդեցություն գործել ամբողջ իսլամական աշխարհի և հարևան շրջանների վրա։ ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերությունների քաղաքական արժեքը, առաջին հերթին, իսլամական աշխարհում նրա մեծ հեղինակությունն է և ահաբեկչության ու արմատականության դեմ պայքարում հնարավոր գործակցությունը։ Սակայն պարզվեց, որ իրանական հանրությունը դժվար է «վերադաստիարակվում» և «իսլամազերծվում»։ ԱՄՆ-ը նոր մարտավարություն է մշակել Իրանի առնչությամբ, որը ենթադրում է կազմակերպել Իրանի «նոր շրջափակում», նրա մեկուսացում Հարավային Կովկասում, արաբական պետությունների, Կենտրոնական և Հարավային Ասիայի պետությունների կողմից։ ԱՄՆ-ի կարևորագույն խնդիրն է թույլ չտալ, որ ստեղծվեն Իրան-Իրաք-Սիրիա բլոկ և Ռուսաստան-Իրան առանցք` Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի փոքր պետությունների մասնակցությամբ։ ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը որոշակիորեն նպաստում է Մեծ Բրիտանիայի նպատակներին։ Մեկուսացած Իրանն ավելի ընդունելի է Մեծ Բրիտանիայի, ինչպես և ցանկացած այլ տերության համար։
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ունեն պատմական քաղաքական փորձ և կարող են ցույց չտալ իրենց հակասությունները Իրանի առնչությամբ։ Միաժամանակ Կասպյան ավազանի և Թուրքմենստանի նավթի ու գազի փոխադրման նախագծերը ցույց են տալիս, որ այդ հակասություններն իրական և նշանակալի են երկու գործընկերների համար։ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ռազմավարական շահերը զուգադիպում են մի հսկայական մասում, բայց և հակադրվում են սկզբունքային հարցերում։ Մեծ Բրիտանիան, ինչպես ԱՄՆ-ը, զգալի ջանքեր է գործադրում Կենտրոնական Ասիայից աֆղանական երթուղով նավթի ու գազի փոխադրման նախագծերի իրականացման համար։ Բայց, միաժամանակ, Մեծ Բրիտանիան աշխատում է ստեղծել էներգապաշարների փոխադրման բազմաճյուղ համակարգ, իսկ ԱՄՆ-ը ներկա փուլում ձգտում է կազմակերպել Իրանի «ռազմավարական հաղորդակցական շրջանցում»։ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի գերագույն նպատակն է այդ երկրին հարկադրել ԱՄՆ-ի հետ ստորադաս գործընկերության` նրա ռազմաքաղաքական և տնտեսական դրության վատթարացման պայմաններում։ Հարաբերությունների զուգակշռության պայմաններում ամերիկա-իրանական կապերի վերականգնումն իմաստ չունի ԱՄՆ-ի համար, թեև Տեխասի նավթային ընկերությունները և ԱՄՆ-ի մի քանի տասնյակ խոշոր ընկերություններ այլ ճյուղերից պատրաստ են ձեռնամուխ լինելու Իրանի հետ գործակցությանը։ Այսպես թե այնպես, Ջորջ Բուշի վարչակազմը պետք է որոշում ընդուներ Իրանի հետ տնտեսական և քաղաքական գործակցության վերաբերյալ։ Սակայն նա պետք է տվյալ որոշման մեջ արտացոլեր նաև ԱՄՆ-ի ձախ լիբերալ վերնախավի, հրեական շրջանակների, ինչպես նաև տարածաշրջանում իր մի շարք դաշնակիցների շահերը։ Հիմա ԱՄՆ-ի կողմից Իրանին մինչև վերջ ճզմելու մի ժամանակամիջոց է։ ԱՄՆ-ը կորցնում է ճնշման կարևոր լծակները և չի կարող հենվել միայն անմիջական ուժային ճնշման վրա։ Այս պայմաններում Մեծ Բրիտանիայի միջնորդությունը հակասական նշանակություն է ստանում և կորցնում է իր գլխավոր դաշնակցի` ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու գործառույթը։ Բարաք Օբաման աշխատում է սոսկ շարունակել այն, ինչի պատրաստ էր Ջորջ Բուշը, բայց որին չհերիքեց ժամանակը, այսինքն, նոր, ավելի վստահորեն հարաբերություններ հաստատել Իրանի հետ։ Բարաք Օբամայի կառավարման ընդամենը կես տարին ցույց տվեց, որ նրա վարչակազմը չի կարողացել սկզբունքորեն նոր մոտեցումներ մշակել Իրանի հետ հարաբերություններում։
Իրանում բրիտանական քաղաքական ներկայությունը դեռևս խիստ սահմանափակ է։ Իրանական հասարակության մեջ, մտավոր շրջանակներում բավականին բացասաբար են վերաբերվում Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը։ Բրիտանական դեսպանությունն ու բրիտանական հիմնադրամները որևէ մարդասիրական կամ մշակութային ծրագիր չեն իրականացնում։ Միաժամանակ, Մեծ Բրիտանիան ակտիվորեն ձգտում է որոշակի քաղաքական ու տնտեսական նախագծերի մեջ ներգրավել իրանական մտավոր, քաղաքական գործիչների ու գործարարների։ Դրանով զբաղվում են Իրանի խորհրդարանի պատգամավորները, քաղաքական կուսակցությունների ղեկավարներն ու թերթերի խմբագիրները։ Մեծ Բրիտանիան աշխատում է քաղաքական բոլոր ուղղությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում` առավել հակաարևմտյանական։ Այդ ուղղությամբ աշխատում են բրիտանական համալսարանները, հետազոտական հաստատություններն ու կենտրոնները։ Հարկ է նշել, որ հենց բրիտանական կրթական ու հետազոտական հիմնարկներն են մշակել Իրանի հետ հարաբերությունների վերականգնման ու զարգացման հայեցակարգը։ Բրիտանական վերլուծաբանների գնահատմամբ, բրիտանա-իրանական հարաբերությունների զարգացումը բացառում է պատերազմական գործողության իրականացումը ԱՄՆ-ի կողմից ընդդեմ Իրանի, ինչը, անտարակույս, բարձր է գնահատում իրանական քաղաքական ղեկավարությունը։ Այդուամենայնիվ, Իրանում 2009 թ. կայացած նախագահական ընտրությունների ժամանակ իրանական իշխանությունները Լոնդոնին բավականին կոշտ մեղադրեցին երկրի ներքաղաքական գործընթացներին միջամտելու մեջ։ Բայց Իրանն ու Մեծ Բրիտանիան մեծ շահագրգռություն ունեն միմյանց հանդեպ, այդ թվում նաև ԱՄՆ-ի քաղաքականությանը դիմակայելու առումով։
Իսկ ընդհանուր առմամբ Իրանի հանդեպ բրիտանական քաղաքականությունը հաջողություն չի ունեցել։ Մեծ Բրիտանիան, օրինակ, չկարողացավ Ֆրանսիայի ու Գերմանիայի նման ազդեցություն գործել Ռուսաստանի վրա Իրանին սպառազինությունների մատակարարման գործում։ Ինչևէ, Իրանի վրա ճնշում գործադրելու խնդիրը մնում է, և այս իրավիճակում Մեծ Բրիտանիայի դերն իրանական ուղղությամբ ավելի սակավ նշանակություն է ձոռք բերում ԱՄՆ-ի համար։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ