«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԶՈՒԳԱԿՇԻՌ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆԸ

ԶՈՒԳԱԿՇԻՌ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆԸ
21.12.2010 | 00:00

Մոսկովյան ճանաչված քաղաքական գործիչները շատ են լուրջ ընդունել ամեն տեսակի «գունավոր հեղափոխությունները», «իրենց մաշկի վրա են զգացել» Արևմտյան ընկերակցության փորձերը Ռուսաստանին դուրս մղելու իր ավանդական ազդեցության գոտիներից, ինչը հանգեցրել է սպառնալիքների և գործընկերների «դավաճանության» մի տեսակ քրոնիկական ախտանիշի։ Եթե խոսելու լինենք դավաճանության մասին, ապա դա ինչ-որ չափով ընդունելի կլիներ «արյունակից» երկրների` Բելառուսի և ՈՒկրաինայի, քաղաքականության առումով։ Բայց կովկասյան երկրների վարքագիծն էլ է Մոսկվայում նույն կերպ ընկալվում։
Մոսկվայում այդ տրամադրությունները ջանում են ներկայացնել որպես հարավային ռազմավարական ուղղությունում շատ լուրջ սպառնալիք, ինչն արդյունք է ոչ թե մանրամասն վերլուծության, այլ, ավելի շուտ, մակերեսային քննարկման, փաստորեն, կիսատ-պռատ մեկնաբանությունների, որոնք, ավելի հաճախ, անում են լրատվամիջոցներ թափանցած, ի դեպ, մեծ մասամբ Ռուսաստանում կրթություն ստացած «ավտոբուսային քաղաքագետները»։ Եթե ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարցն արդեն «քաղաքացիության իրավունք» ստացած լիներ, ապա առարկայական բանավեճ կծավալվեր։ Ձևավորված ստանդարտների համաձայն, Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացում նախապատվություն կունենար իր հարևանների համեմատ, երբ դաշինք են ընդունվել կառավարման և զինված ուժերի վիճակի բացահայտորեն անհամարժեք չափանիշներ ունեցող պետություններ։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի նոր անդամների ընդունման հարցերի լուծումը լիովին կախված է քաղաքական այն խնդիրներից, որոնք Հարավային Կովկասում դեռևս հեռու են լուծված լինելուց։ Բայց ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության նախագիծն ամենաքիչը կախված է բուն տարածաշրջանում տիրող իրավիճակից։ Այդ հարցը կախված է ինչպես կոնկրետ խնդիրներից` կապված Սև ծովում ԱՄՆ-ի խնդիրների, ՈՒկրաինայի աշխարհաքաղաքական կողմնորոշման, թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարի, ինչպես նաև արևմտյան հասարակության տարածական, ժամանակային և ինստիտուցիոնալ սահմանների հետ, ուր կարող էին տեղ գտնել Թուրքիան և Ռուսաստանը որպես այդ գերդաշինքի առավել արևելյան մասնակիցներ։ Մինչև հիմա ամենահզոր պետության, աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների ոչ մի հայտարարություն ու բանաձև պաշտպանության և անվտանգության ոլորտներում, բացի քարոզչականից, ուրիշ ոչ մի նշանակություն չուներ։ ՈՒրեմն արժե՞ այդքան շատ աղմուկ բարձրացնել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության առթիվ։ Հնարավոր է, որ դա որոշակի նպատակներ ունի` կապված Մոսկվայում գաղափարների ու թղթերի պայքարի հետ, բայց դա չի կարող որևէ արդյունքի հանգեցնել սկզբունքային որոշումների ընդունման ոլորտում։
Սակայն Մոսկվայում այդ իրարանցման առավել ճշմարտանման վարկածը ներքաղաքական շահերն են Հայաստանում։ Քաղաքական պայքարը Հայաստանում շատ վտանգավոր և անկանխատեսելի բնույթ է ստանում, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտասահմանում, դիվանագիտական քաղաքական ու վերլուծական շրջաններում։ Համարվում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից մեծ մասամբ կախված կլինեն հետագա գործընթացները Հարավային Կովկասում և Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Այդ ակնկալիքներն այնքան էլ համարժեք չեն և չեն արտացոլում իրական գործընթացները։ Դրանք վկայում են, որ իրավիճակը և առհասարակ քաղաքական իրադրությունը Հայաստանում հաստատուն չեն, և երկիրն անհնար է դասել կայացած հասարակությունների շարքը։ Այս ամենն էլ ավելի է սրում Մոսկվայի հետաքրքրությունը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Մոսկվայում հնարքներ են որոնում, թե ինչ կերպ ազդեցություն գործեն ընտրությունների արդյունքների վրա, և, հավանաբար, որոշ քաղտեխնոլոգներ, որոնց մեջ քիչ չեն նաև Հայաստանի անկեղծ բարեկամները, այլ բան չեն գտել, քան ՆԱՏՕ-ի խնդիրներն առանցքային դարձնելը Հայաստանում ուժերի դասավորության մեջ և քաղաքական պայքարում, ինչը, ավելի շուտ, արվում է Երևանի շահագրգիռ խմբերի նախաձեռնությամբ։ Ընդ որում, այդ հարցի քննարկման համար ընտրվել է ոչ թե համացանցի ինչ-որ վիրտուալ «դաշտ», այլ կոնկրետ աշխարհագրական վայր` Մոսկվան։ Բայց եթե այդ «դաշտում» իշխանության և գործող ընդդիմության տարաձայնությունները դիտարկվում էին որպես շատ լուրջ ու սկզբունքային պայքար, ապա զարմանալի է միանգամայն այլ բան, այն, որ երկու քաղաքական խմբավորումները հաճույքով էին ընդունում իրենց պայքարի քննարկման այդ կանոններն ու սխեման։ Բայց եթե Սերժ Սարգսյանը, վայելելով Մոսկվայի բարյացակամությունը, փաստորեն, չարձագանքեց քաղտեխնոլոգիայի այդ հնարքին, ապա նրա ընդդիմախոսները վճռեցին, որ իրադարձությունները զարգանում են իրենց համար շատ վտանգավոր հունով և անցան հարձակման, վախենալով մոռացության մատնվելուց, ինչի մասին վկայում է ընդդիմության վարկանիշի կտրուկ անկումը։ Այդ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ այժմ խաղաթղթերը բացվել են և «անթոլոգիական հակառակորդներին»` ամերիկացիներին, ցուցադրեցին, թե ով ում հետ է, և ով ուր է գնում։ Իհարկե, ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ ընդդիմության առաջնորդների «ատլանտամետ» և «ամերիկամետ» ինքնաբավությունը նույնքան կասկածելի է, որքան և առհասարակ նրանց ունակությունը` վարելու համակարգային արտաքին քաղաքականություն, բայց ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին դարձրել են արևմ-տամետ այլընտրանքային կամ, ավելի ճիշտ, այլընտրանք քաղաքական դեմք, և նա շատ գիտակցաբար ընդունում է այդ խաղը, դա իրեն ձեռնտու է։ Վերջապես հայ իրականության մեջ ի հայտ է եկել ատլանտականության «պաշտոնապես հռչակված» գործիչ կամ գուցե և` «գործիչ, բայց ոչ ատլանտական»։ Արհեստականորեն ստեղծված կոմպլեմենտար տիպի «ատլանտականը» շատ պետք է ուրիշ, նախագահական պաշտոնի առավել հնարավոր հավակնորդներին։ Բայց այդ իրավիճակում պետք է հիշել ու հիշատակել բոլոր նրանց, ովքեր այցելել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և Պենտագոն` ձգտելով ստանալ այդ երկու «սրբազան» հիմնարկների աջակցությունը։ Հենց Լ. Տեր-Պետրոսյանն է վերջին տարիներին հետնապահը եղել Հայաստանի քաղաքականության ատլանտյան վեկտորում, թեև այդ ամենը, իհարկե, շինծու է և, անշուշտ, հարմարեցված է արտաքին պահանջարկին ու շահերին։ Չնայած ամերիկացիների հետ իր «նոր» հարաբերություններին, Սերժ Սարգսյանը միարժեքորեն կմնա զուտ ռուսամետ ձգողականության դաշտում, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը` ամերիկամետ։ Հարց է ծագում. ի վիճակի՞ են, արդյոք, գործուն և «գործունացված» հայ քաղաքական գործիչները լինելու «ատլանտականներ», «ամերիկամետներ», «եվրասիականներ», «եվրոպամետներ» և էլի ինչ-որ նման այլ բաներ։
Իսկ կշահի՞, արդյոք, խաղային այս իրավիճակում Ռուսաստանը և ի՞նչ հեռանկարով կարող է շահել։ Ստացվում է, որ Ռուսաստանը ձգտում է Հայաստանում հասնել հստակության, կանխատեսելիության և միաչափության, և ջանքեր է գործադրում ստեղծելու ատլանտյան «կուսակցություն», շեշտը դնելով խիստ մերժելի հնարքների վրա։ Բայց խաղային իրավիճակը կարող է շատ արագ ու հեշտ դետերմինացած ու մշտակա ձև ստանալ։ Միանգամայն ակնհայտ է, որ ամերիկացիները շեշտը չեն դնում ո՛չ Ս. Սարգսյանի, ո՛չ Լ. Տեր-Պետրոսյանի վրա, նրանք երկու անցանկալի անձինք են, որոնք շաղկապված են շատ շղթաներով ու պարտավորություններով և ամենաանհաճո ու անընդունելի հանգամանքներով։ Ժամանակն է միարժեքորեն հասկանալու, որ, փաստորեն, Հայաստանի ամբողջ քաղաքական վերնախավը դուրս է մնացել միջազգային քաղաքականությունից և չի կարող որպես գործընկեր ընկալվել ուժի համաշխարհային կենտրոնների կողմից։ Դա վերաբերում է ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այլև քաղաքական դասին, գործարար շրջաններին, վարչակազմին, որոնք պարզապես ընկալվում են որպես սպասարկու գործիչներ` զերծ որևէ դիրքորոշումից։ Բայց, այնուամենայնիվ, չնայած Ս. Սարգսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը քաղաքական մրցակիցներ են, ոչ մի հիմք չկա պնդելու, թե նրանք ինչ-որ սկզբունքորեն տարբեր նպատակներ են հետապնդում։ Նրանք իշխանության ձգտող երկու խմբավորման առաջնորդներ են և ամերիկացիների կողմից հենց այդպես էլ ընկալվում են։ Այժմ, ներքաղաքական դիմակայության լարված իրադարձություններից հետո, ԱՄՆ-ը հետևության է հանգել, որ պետք է աշխատել այն խմբավորման հետ, որը կլինի իշխանության ղեկին, բացահայտ և ուժեղ աջակցություն չցուցաբերելով ընդդիմությանը։ Առայժմ ԱՄՆ-ը Հայաստանում չի տեսնում իր համար «իդեալական» որևէ քաղաքական խմբավորում, որը կարողանար ամերիկամետությունը կամ ԱՄՆ-ի հետ շատ ավելի սերտ գործակցությունը համատեղել ժողովրդավարական չափորոշիչների պահպանման հետ։ Ներկայումս ԱՄՆ-ը ձգտում է որպես Հայաստանի ներքաղաքական «դաշտի» նախընտրելի գործընկեր դիտարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, ում նախապատվություններն ու նպատակները շատ ամբոխավարական են ու շահադիտական։ Նա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն է և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի տարբեր աղբյուրներից։
Ամերիկացիներն առկա իրավիճակում նախընտրում են աշխատել Հայաստանի նախագահի հետ, քանի որ ըստ նրանց, Ս. Սարգսյանը, առայժմ, պահպանում է իշխանության լծակները և միանգամայն ընդունակ է անցկացնելու համեմատաբար ազատ ընտրություններ և հասնելու ներկայացուցչական և գործադիր իշխանության շրջափոխման։ Ամերիկացիները երկու տարի շարունակ արդեն զբաղվում են Հայաստանի ընտրությունների նախագծմամբ` նախագահին ներկայացնելով քաղաքական գործիչների տիպերին, ընտրարշավի անցկացման մի քանի եղանակներին առնչվող մի քանի պայման, որոշ գնահատականներ տալով քաղաքական գործիչներին ու պաշտոնատար անձանց։ Առայժմ Հայաստանում իրացվում է ամերիկյա՛ն նախաձեռնությունների տրամաբանությունը, և ոչ թե ռուսական։ Բայց ի՞նչը կարող է հանգեցնել այս կամ այն տերության ազդեցության ուժեղացմանը Հայաստանում, ուր քաղաքական դասն ու հասարակական ակտիվ խավերն ամենևին հեղինակություն չունեն, բայց, այնուամենայնիվ, հասարակական-քաղաքական կայունությունը ոչ միայն հայկական գործոնի` որպես Թուրքիայի զսպման լծակի, օգտագործումն է, այլև Ռուսաստանի կողմից Հայաստանին` որպես իր դաշնակցի և գործընկերոջ օգտագործելը թույլ չտալու, նրան ռուսական քաղաքական խաղից հանելու փորձերը։ ԱՄՆ-ը թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը սարքում է ոչ միայն Թուրքիային իր արտաքին քաղաքական հավակնություններում զսպելու, այլև Հայաստանն այդ գործընթացի մասնակից դարձնելու նրան Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու նպատակով։
Պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանի ներկա քաղաքական ղեկավարները մարդիկ են, որոնք բավականաչափ քաղաքական փորձ չունեն, խիստ ենթակա են այս կամ այն լոբբիստական ազդեցությանը։ Չնայած իշխանությունը կենտրոնացած է նախագահի աշխատակազմի շրջանակներում, բայց դա սոսկ պաշտոնական իշխանությունն է։ Բայց պաշտոնականից բացի Ռուսաստանում չի թուլանում առևտրային ընկերությունների իշխանությունը, որոնք մեծ ազդեցություն ունեն ներքին և արտաքին քաղաքականության ասպարեզում, պաշտպանության և անվտանգության հարցերում։ Համաշխարհային տնտեսությանը համակած ճգնաժամը գուցե և կթուլացնի այս կամ այն ընկերության ազդեցությունը, բայց տվյալ ընկերությանն ու խմբավորմանը կփոխարինեն ուրիշները։ Ռուսաստանում մշակվել են կառավարման ոլորտի շատ փաստաթղթեր, որոնք հայեցակարգային նշանակություն ունեն, բայց այդ փաստաթղթերը դեռևս չեն աշխատում, գործարկված չեն։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ կրում է արտաքին մարտահրավերներին արձագանքելու բնույթ, ինչի պատճառով, ըստ էության, ռուսական քաղաքականությունը չի տարբերվում ԱՊՀ պետությունների քաղաքականությունից, որոնց դերն աշխարհում չես համեմատի Ռուսաստանի դերի հետ։ Այդ պայմաններում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող լինել բավականաչափ համակարգային ու հետևողական։ Ղարաբաղյան խնդրի «կարգավորման ռուսական նախագիծը», որ հակամարտության կողմերին էր ներկայացվել 2008 թ. աշնանը, մի պետության քաղաքականության «դասական» օրինակ է, որն այդպես էլ տարածաշրջանների առնչությամբ քաղաքականություն չի մշակել կամ ընդունակ չէ լուծելու տարածաշրջանային շատ խնդիրներ։ Սակայն ռուսական քաղաքական ղեկավարության բնույթը, այն հանգամանքներն ու պայմանները, որոնցում տեղի է ունենում արտաքին քաղաքականության մշակումը, թեև ունի շատ կարևոր նշանակություն, բայց, այնուամենայնիվ, երկրորդական է քաղաքական կուրսերի իրականացման գործում։ Ռուսաստանը բացահայտորեն փորձում է արտաքին քաղաքականության մեջ վերանայել առաջնայնությունները, ելնելով աշխարհում և տարածաշրջաններում տեղի ունեցող նոր միտումներից։ Ըստ երևույթին, Մոսկվայում քաղաքական շատ գործիչների թվում է, թե աշխարհում ու տարածաշրջաններում նպաստավոր պայմաններ են առաջացել նոր հարաբերություններ կառուցելու համար այն պետությունների հետ, որոնք առաջ երբեք չեն եղել Ռուսաստանի գործընկերներ ու դաշնակիցներ, իհարկե, առաջին հերթին, Թուրքիայի հետ։ Բայց Թուրքիայի հետ նորովի հարաբերություններ կարող են կառուցվել միայն փոխզիջումների կարգով, և այդ հեռանկարում ակնհայտ է դառնում Հայաստանի շահերը զոհաբերելու գայթակղությունը, ընդ որում, նրա ազգային արմատական շահերը։ Արդեն այժմ հասկանալի է դառնում, որ Թուրքիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատումն այնքան էլ հեշտ բան չէ, անգամ փոխադարձ շահագրգռության դեպքում։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բազմաբարդ է և կախված է տարբեր հանգամանքներից, տարբեր գործընկերների խաչաձև շահերից։
Եթե Սև ծովում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ-ի ներկա ծրագրերն իրականացվեն, այսինքն, այդ տարածաշրջաններում «երրորդ ուժ» հայտնվի, ապա Հայաստանի և հայ հանրության փորձերը` ճշգրտելու արտաքին քաղաքական նախապատվությունները, ավելի համառ կդառնան։ Առայժմ Հայաստանն անհաջող փորձեր է անում վարելու, այսպես կոչված, բազմավեկտոր քաղաքականություն, որը որպես այդպիսին է ընկալվում սոսկ դիվանագիտական համատեքստում, բայց երբեք ոչ իրական քաղաքականության առումով։ Այն, թե իբր ԱՄՆ-ն ուժեղ ճնշում է գործադրում Հայաստանի վրա աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիրների առնչությամբ, և հատկապես ղարաբաղյան հարցով, սոսկ հայկական իշխանությունների հնարածն է։ ԱՄՆ-ը իրականում ոչ մի փոքրիշատե շոշափելի ճնշում չի գործադրում։ Ճնշում չկա նաև ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրման առնչությամբ, և ոչ միայն հարկադրման միջոցներ կիրառելու ցանկության բացակայության պատճառով։ ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի կազմի գործառույթների և պատասխանատվության գոտու ընդլայնումը նույնքան խնդրահարույց է, որքան նրա եվրոպական գործընկերների։ ԱՄՆ-ն առայժմ որոշում չի կայացրել և շարունակում է գնահատել աշխարհառազմավարական հեռանկարը։ ԱՄՆ-ը միշտ նախընտրել է գործ ունենալ անմիջականորեն առանձին պետությունների հետ, քան ՆԱՏՕ-ի շրջանակներում հարաբերությունների միջոցով։ ԱՄՆ-ի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես պահուստային պետություն, որը լիաչափ և համարժեքորեն կօգտագործվի Հարավային Կովկասի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումից հետո միայն։ Իսկ ինչի՞ համար է ավելորդ իրարանցումը։ Եթե ընդունված է ասել, թե Ռուսաստանը չունի Հարավային Կովկասի վերաբերյալ լիովին մշակված պլան, ապա շատ ավելի մեծ չափով դա կարելի է ասել ԱՄՆ-ի առնչությամբ, որի շահերն այդ շրջանում շատ սահմանափակ են և հանգում են բացառապես նավթի արդյունահանմանն ու առաքմանը։ Մնացածը ստորադասված է այդ նպատակին։ 2010-ը վճռորոշ դարձավ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների և գործընկերության ձևաչափի որոշման գործում։ Ռուսաստանը նախընտրելի է համարում ու փորձում է զուգակշիռ քաղաքականություն վարել Հարավային Կովկասում, ինչը կհանգեցնի Հայաստանի հետ հարաբերությունների կազմալուծմանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ