ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
15.04.2011 | 00:00

Արևմուտքին, Արևելքին և Հյուսիսին բավականաչափ հնարավորություններ ընձեռվեցին համոզվելու, որ Հարավային Կովկասում կա ընդամենը երկու պետություն, որոնք ընդունակ են լինելու ռազմավարական գործընկերներ. Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս հանգամանքը վաղուց է հասել Հայաստանի տարբեր գործընկերների գիտակցությանը` ռազմավարական, թե ոչ ռազմավարական։ Բայց դա շատ բարդ եղավ և ոչ մի պահանջարկ չունեցավ հայ քաղաքական վերնախավի շրջանում, որն զբաղված է անիմաստ բանսարկություններով։ Հայ քաղաքական դասն այդպես էլ չկարողացավ պատշաճորեն իրականացնել ազգային քաղաքականության բազմավեկտոր բովանդակությունը, թեև դրա համար եղել են շատ ռեսուրսներ ու հնարավորություններ։ Հայ քաղաքական գործիչներին միշտ թվացել է, թե իրենք ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում կարող են վարել միայն մեկ ուղղությամբ և Ռուսաստանի հետ առաջնային հարաբերություններ ենթադրող քաղաքականություն։ Նրանք այդպես էլ չկարողացան հասկանալ, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ առաջատար եվրոպական երկրները, իհարկե, տարբեր չափով, շահագրգռված են ղարաբաղյան խնդրով, և Արևմտյան ընկերակցության այս ու այն հայտարարությունը և քաղաքական մտադրությունները սոսկ խոսքեր են, դրանք իսկական շահեր չեն արտացոլում։ Սա շատ հմտորեն օգտագործեց Ռուսաստանը` իրեն ներկայացնելով որպես Հայաստանի միակ հովանավոր, ղարաբաղյան հակամարտության առթիվ նրա շահերի միակ պաշտպան։
Ղարաբաղյան խնդրի առնչությամբ Ռուսաստանի քաղաքականությունը տարբեր փուլերում ոճով ու բովանդակությամբ խիստ հարմարուն տեսք է ունեցել, թեև քաղաքական գրականության մեջ կան գնահատականներ, թե Ռուսաստանը միշտ հետևողականություն է դրսևորել ղարաբաղյան խնդրի լուծման մոտեցումներում և սկզբունքներում։ Երկար ժամանակ Ռուսաստանը վարում էր սպասողական քաղաքականություն և նախընտրում էր ստատուս քվոյի պահպանումը տվյալ իրավիճակում, չնայած ժամանակ առ ժամանակ նա նախաձեռնություններով էր հանդես գալիս` որպես որոշումների ընդունման գործում վճռական դեր խաղալու ԱՄՆ-ի փորձերի հակակշիռ։ Տարիներ ի վեր, հատկապես 1995-2003 թթ. Ռուսաստանը միանգամայն անմիջականորեն քննարկում էր ղարաբաղյան խնդիրը, նպատակ ունենալով ճնշում և ազդեցություն գործելու ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի վրա։ Ռուսաստանը, բավականին հաճախ, ազդանշաններ էր հղում Ադրբեջանին, թե այդ խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը կարող է փոխվել, եթե Ադրբեջանի որոշ դիրքորոշումներ փոփոխություն կրեն։ Այդ փորձերն էական փոփոխություններ չմտցրին ռուս-ադրբեջանական հարաբերություններում, բայց հանգեցրին հայ հասարակության և հայ քաղաքական վերնախավի կողմից Մոսկվայի քաղաքականության նկատմամբ զգալի անվստահության։ Այդ անվստահության համար հատկապես հիմք հանդիսացավ այն, որ Ռուսաստանն անտեսեց Հայաստանի սպառազինությունների պահանջարկը, և դրանց մատակարարումները խիստ նվազեցվեցին ու չէին կարող բավարարել պաշտպանության ու անվտանգության կարիքները։ Միաժամանակ, Ռուսաստանն այս կամ այն կերպ թույլ էր տալիս ռուսական սպառազինություններ մատակարարել Ադրբեջանին։ Ռուս-հայկական քաղաքական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց այդ իրավիճակը փոխվեց, և նման դժգոհություններ Հայաստանը չի ներկայացնում, Ռուսաստանից ստանում է անհրաժեշտ սպառազինությունների մեծ մասը։ Ռուսաստանը շոշափելի ներդրումներ է կատարել Հայաստանում, նախ և առաջ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում, բանկային հատվածում։ Դրա հետ մեկտեղ, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում իր դերի ակտիվացմամբ տարածաշրջանում նոր դիրքեր ձեռք բերելու Ռուսաստանի փորձերը 2008 թ. վերջին և 2009-ի սկզբին հանգեցրին այն բանին, որ Հայաստանը վերստին անհանգստություն ապրեց Ռուսաստանի քաղաքականության և մտադրությունների կապակցությամբ։ Հայկական կողմը փորձեց հարցը պարզել Մոսկվայում, բայց ստացած պարզաբանումներն առանձնապես չգոհացրին նրան։ Այդուամենայնիվ, քննարկվող ժամանակաշրջանը ռուս-հայկական հարաբերություններին բերեց նոր դրական նախաձեռնություններ, առաջին հերթին` ՀԱՊԿ-ի կառուցվածքի, պաշտպանության ոլորտի հարաբերությունների հետագա զարգացման, Ռուսաստանի կողմից 500 մլն դոլար վարկի տրամադրման, ինչպես նաև Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մտադրության առումով։ Միաժամանակ, Ռուսաստանն սկսեց անհարմարություն զգալ ղարաբաղյան թեմայի առթիվ, քանի որ նա դադարել էր տարածաշրջանային քաղաքականության արդյունավետ դերակատարում ունենալուց, և ավելի շատ ամերիկյան քաղաքականության կցորդ էր, քան Ռուսաստանի կամ Եվրամիության քաղաքականության ակտիվ մասնակից։ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, այսուհետ ևս կձգտի փորձեր ձեռնարկել շահագրգռելու Հայաստանին ու Ադրբեջանին ղարաբաղյան խնդրի որոշակի կարգավորման գործում։ Ղարաբաղյան թեմայի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը պակաս խնդրահարույց չէ, քան Ադրբեջանինը, բայց այս փուլում Ռուսաստանի առջև խնդիր է ծառացել «նոր», ավելի վստահելի հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, ինչը թույլ կտար ուրվագծել ղարաբաղյան հարցի լուծման սխեման` կարգավորման հիմնական գործընթացից դուրս, այսինքն` այն գործընթացից, որը վաղուց արդեն ուղղորդում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ 2008 թ. աշնանը, երբ ստորագրվեց Մայնդորֆի համաձայնագիրը, ԱՄՆ-ը հասկացրեց, որ ինքը ոչ մի «այլընտրանքային» որոշում, եթե այն իր համար անընդունելի լինի, չի համարի օրինական։ Սա, իհարկե, որոշակի դեր խաղաց այդ «մայնդորֆյան նախաձեռնության» ձախողման գործում, բայց 2010 թ. սկզբներին Ռուսաստանը փորձեց վերադառնալ լուծման այդ ձևաչափին։ Մոսկվայում շատ լավ են հասկանում, որ բոլոր շահագրգիռ կողմերի համար ընդունելի եղած մադրիդյան սկզբունքների վրա հիմնված կարգավորման գործընթացը, փաստորեն, ձախողված է, և որոշակի իմաստով` սպառված։ ՈՒստի, ուժի համաշխարհային կենտրոնները վաղ թե ուշ կառաջարկեն ղարաբաղյան խնդրի լուծման նոր ձևաչափ ու նոր սկզբունքներ։ Ռուսաստանը մտադիր չէ սպասելու նոր նախաձեռնություններ ներկայացնելուն և ձգտում է իր սեփական նախաձեռնություններով հանդես գալու, ակնկալելով, որ իր հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ ավելի կարևոր ու ավելի բովանդակալից են, քան այդ պետությունների հարաբերությունները ԱՄՆ-ի և ամբողջ Արևմտյան ընկերակցության հետ։ Կասկած չկա, որ ղարաբաղյան խնդիրը ապագայում մեծ բարդություններ կառաջացնի ռուս-հայկական հարաբերություններում, եթե Ռուսաստանը որևէ անընդունելի տարածքային զիջումներ առաջարկի, բայց առայժմ խոսքն Ադրբեջանի հետ այդ «նոր» հարաբերությունների ձևավորման մասին է, որոնք դեռևս հեռու են հեռանկարը բավականին հստակորեն հասկանալու փուլից։ Ներկայումս, այսինքն` 2011 թ., Ադրբեջանը զգալի խնդիրներ է ունենալու ԱՄՆ-ի ու Եվրամիության, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններում, և Բաքվում ավելի ու ավելի են հասկանում, որ 2008-2009 թթ. իրենք կորցրել են ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում առավելության հասնելու իրական հնարավորությունը, ուստի և հիմա ավելի ուշադիր են Ռուսաստանի առաջարկությունների նկատմամբ, որոնք, հնարավոր է, այլընտրանք չեն ունենա այդ խնդրի լուծման եզրափակիչ փուլում։
Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ամենից շատ անհանգստացած են ղարաբաղյան հակամարտության գոտում օտարերկրյա խաղաղարարներ տեղաբաշխելու ցանկացած առաջարկի կամ մտադրության առթիվ։ Ընդ որում, կասկած չկա, որ խաղաղարարները, վերջին հաշվով, կսկսեն խաղալ Ադրբեջանին ձեռնտու խաղի կանոններով, և դա անհնար կլինի հաղթահարել որևէ կանոնակարգով կամ համաձայնագրով։ Անհանգստացնում է ենթադրյալ ցանկացած պետության խաղաղարարների մասնակցության հնարավորությունը, բայց միանգամայն հասկանալի է, որ ինչքան էլ այդ հարցում ակտիվ լինեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, վաղ թե ուշ զորախմբում գերիշխող տեղ կգրավի Ռուսաստանը։ Սակայն, ռուսական զորքերն իրենց մասին տխուր հուշեր են թողել Լեռնային Ղարաբաղում, քանի որ անշեղորեն վարել են հայ բնակչության կամքի ու իրավունքների ոտնահարման քաղաքականություն, մասնակցել են բռնություններին, և երկու անգամ` 1991 և 1992 թթ. (այսինքն, խորհրդային և ռուսական զորքերը), մասնակցել են լայնածավալ պատժիչ ռազմարշավների, որոնց պատճառով ֆիզիկապես ոչնչացվել է ավելի քան 1000 հայ բնակիչ և ավերվել 40-ից ավելի հայկական բնակավայր, որոնց բնակչությունը մահվան սպառնալիքով դուրս է քշվել հարազատ վայրերից։ Որքան էլ փոխված լինեն քաղաքական և մյուս պայմանները տարածաշրջանում, այդ իրադարձությունները չեն կարող ջնջվել հիշողությունից, ղարաբաղյան գոտում խաղաղարարների տեղաբաշխման հարցը լուծելիս չեն կարող հաշվի չառնվել մի շարք գործոններ։ Պետք է ուշադրության առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը, որն անվտանգության ոլորտում սերտ համագործակցության մեջ է Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ, կարող է հիպոթետիկ համաձայնել ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղարար զորախմբեր մտցնելուն միայն այն պայմանով, որ խնդիրը պարտադիր լուծվի իր առաջադրած տարբերակով։ Հայաստանը կարող է խաղաղարարների ներկայությանը համաձայնել միայն իր առաջադրելիք պայմանների կատարման դեպքում, որոնք կվերաբերվեն շրջափակման վերացմանը, ճանապարհների բացմանը, երկրի ապամեկուսացմանը և այլն։ Ապագայում կարգավորման տարբեր պայմանների առկայության պարագայում, այդուամենայնիվ, հայ-ռուսական հարաբերությունների իրագործման առումով առավել վտանգավորը կլինի հակամարտության գոտի խաղաղարար զորքեր մտցնելու Ռուսաստանի ձգտումը։
Ներկայումս ղարաբաղյան խնդրի քննարկման գործում ստեղծվել է Ռուսաստանի համար ավելի քան նպաստավոր իրավիճակ, ինչը կապված է Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Թուրքիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետ։ ԱՄՆ-ը դարձել է Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի քաղաքականության նախաձեռնողն ու գլխավոր նախագծողը։ Թուրքիան խիստ թշնամաբար է վերաբերվում ուժի արևմտյան կենտրոններին, ինչը, այսպես թե այնպես, կհանգեցնի կամ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ձևական ներկայությանը կամ էլ դաշինքից դուրս գալուն։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և անգամ Մեծ Բրիտանիայի վերլուծական շրջանակներում Ռուսաստանի հետ միաբանվելու մտքեր են ծագում Թուրքիայի կողմից սպառնալիքների սաստկացման այս կամ այն սցենարի առթիվ, հատկապես նրա տարածաշրջանային քաղաքականության առումով։ Իհարկե, Արևմուտքը շատ ռեսուրսներ ունի Թուրքիայի նվաճողական տրամադրությունների և արմատական քաղաքական քայլերի դեմն առնելու համար, և դեռ շատ փուլեր կան անցնելու նրա նոր պահանջների պարզման ճանապարհին։ Արևմուտքն ունի նաև Թուրքիայի վրա ճնշում գործադրելու լծակներ, բայց Ռուսաստանին արդեն սկսում են հաշվի առնել` Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ու Եվրամիության համաձայնեցված որոշումներ ծրագրելիս։ Տվյալ պարագայում ԱՄՆ-ն ամենևին էլ շահագրգռված չէ Թուրքիայի հարևան կամ նրա ազդեցության գոտիներում գտնվող պետություններից որևէ մեկի քաղաքական և պաշտպանական թուլացմամբ։ Իր բարեկամական մտադրությունների և անգամ Թուրքիայի հանդեպ պաշտպանության և անվտանգության ոլորտի մտադրությունների լիակատար ցուցադրմամբ հանդերձ, ԱՄՆ-ն զբաղված է Թուրքիայի զսպմանն ուղղված աշխարհաքաղաքական նոր կառուցվածքի բազմակողմանի ու բարդ պլանավորմամբ։ ԱՄՆ-ը բնավ շահագրգռված չէ, որ Հայաստանը թուլանա, որ նա կորցնի այն դիրքերը, որոնցից կախված են իր կենսագործունեությունն ու պաշտպանությունը, և ղարաբաղյան խնդրի լուծման համար նրա վրա ճնշում չի գործադրի։ Ռուսաստանը չի կարող սպառնալիք ու վտանգ զգալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում ԱՄՆ-ի գերիշխող դերի հարցի առթիվ։ Առավել ևս, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, հնարավորություն ունի շրջափակելու ցանկացած որոշում և նախաձեռնություն` Հայաստանի միջոցով, որը շահագրգռված է հնարավոր սցենարների մեծ մասի շրջափակմամբ։ Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան խնդրում ստատուս քվոյի իրավիճակի շարունակմամբ, ինչը նրան հնարավորություն կտա, գոնե, կարգավորելու հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ` կարգավորման գործընթացի նմանակմամբ, ինչպես եղել է մինչև հիմա։ Ներկայումս Ադրբեջանն ու նրա թիվ մեկ գործընկեր Թուրքիան հայտնվել են բավականին բարդ միջազգային պայմաններում. երկուսն էլ մեկուսացման մեջ են արևմտյան քաղաքական դաշտում։ Իհարկե, Թուրքիան ու Ադրբեջանը բովանդակությամբ և ընդգրկմամբ միանգամայն տարբեր խնդիրներ ունեն Արևմուտքի հետ, սակայն նրանց քաղաքականությունն ու շահերը զգալիորեն փոխկապակցված են, և Արևմուտքը չի կարող դրանք դիտարկել առանձին-առանձին։ Միաժամանակ, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն այդպես էլ չկարողացան էական դիրքեր ձեռք բերել Մերձավոր Արևելքում ու իսլամական աշխարհում, որը լավ է հասկանում նրանց շահերի էությունն ու Արևմուտքի հետ տարաձայնությունների պատճառները։ Այսպես թե այնպես, Ռուսաստանն այս պայմաններում բավականին նպաստավոր դիրքեր ունի, եթե նկատի առնենք Ռուսաստանից, նրա առաջարկած աշխարհաքաղաքական նախագծերից Թուրքիայի ու Ադրբեջանի կախման ուժեղացումը։ Այսպիսով, Ռուսաստանը պատճառներ չունի մեծ զիջումների գնալու այդ պետությունների հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատման համար։ Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու շատ լծակներ ունի նաև առանց տարածաշրջանային հարցերում զիջումների գնալու։ ՈՒստի Հայաստանին վերաբերող հարցերում Ռուսաստանի որևէ զիջում միանգամայն զուրկ կլինի հիմքից։ Հայաստանի թուլանալու վտանգավորությունն սկսել են հասկանալ անգամ ամերիկացիները, և Ռուսաստանի համար դա միանգամայն անընդունելի է` երկարաժամկետ քաղաքականության նկատառումով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ