Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐՆ ԷԼ «ԳԻՏԱԿՑԱԿԱՆ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐՆ ԷԼ «ԳԻՏԱԿՑԱԿԱՆ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
12.07.2011 | 00:00

Նախորդ շաբաթվա վերջին ձախ ուժերը միավորվել ու համաժողով էին հրավիրել` «Դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման հեռանկարը Հայաստանում»։ Հիմնական նախաձեռնողները ՀԴԿ-ն ու «Հնչակյան» կուսակցությունն էին` ի դեմս Արամ Գասպարի Սարգսյանի և Վահան Շիրխանյանի։ Հրավիրյալների թվում էին դաշնակցականները (Հրայր Կարապետյան, Արծվիկ Մինասյան), «Ժառանգությունը» (Արմեն Մարտիրոսյան), ԱԺՄ-ն (Վազգեն Մանուկյան), «Շրջադարձ» ՀԿ-ն (Էմմա Խուդաբաշյան) և այլք։
Ե՛վ Արամ Սարգսյանը, և՛ Վահան Շիրխանյանը ծավալուն ելույթներով անդրադարձան երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին` համեմված քաղաքական շեշտադրումներով։ «Կեղտոտ փողերը լվանալու, հետո դրանք ապահով պահելու համար ժողովրդից գողացած գումարները դուրս են հանվում երկրից։ Արդյունքում ժողովուրդը կողոպտվում է։ Դեմոկրատական սոցիալիզմի կողմնակիցներն այս վիճակից դուրս գալու համար առաջարկում են կազմաքանդել (այս բառը վերջին տարիներին քաղաքական գործիչների շուրթերից հնչած ամենակիրառվող բնորոշումն է- Ռ. Խ.) օլիգարխիկ համակարգը, պատժել նրանց, ովքեր մտածում են, որ իրենց դեմ խաղ չկա` ընդհուպ մինչև նրանց ունեցվածքի ազգայնացումը։ Բայց սա ամենևին էլ չի ենթադրում կուլակաթափություն»,- փաստեց Արամ Գասպարի Սարգսյանը։ Ի դեպ, այս ուժերն էլ ցանկանում են հեղափոխություն իրականացնել, բայց, բարեբախտաբար, ո՛չ արյունով, ո՛չ էլ արաբական սցենարով։ Հեղափոխություն` մարդկանց գիտակցության մեջ։
Իր մասով տնտեսական վերլուծություն անելուց հետո Վահան Շիրխանյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին։ «ԼՂՀ-ն Հայաստանի անբաժանելի մասն է, կորցնելով Արցախը` կորցնում ենք Հայաստանը։ Դիմում եմ ազատամարտիկ Սերժ Սարգսյանին, խնդրելով, որ նա իր վրա վերցնի ազատամարտիկների խնդիրների առաջնահերթ լուծումը։ Դա մեծ դժվարություն չէ»։
Այսպիսով, ըստ համաժողովի նախաձեռնողների, Հայաստանում քսան տարի է, ինչ ծայրահեղ լիբերալ-դեմոկրատական համակարգն է գործում, որն սպառել է իրեն ու անհապաղ պիտի փոխարինվի դեմոկրատական սոցիալիզմով։ Մինչ սոցիալիզմի գաղափարներն ու, ինչպես իրենք նշեցին, Սինգապուրի փորձը Հայաստանում «կտեղայնացվեն», համաժողովի ավարտին մասնակիցներն ընդունեցին ուղերձ` կարևորելով Հայաստանի զարգացման ազգային ծրագրի մշակումն ու գաղափարական ծրագրերի միջև ընտրության կայացումը։ «ՈՒժ տալով մեզ` ուժ կտաք ձեզ», նշանաբանն են ընտրել դեմոկրատ սոցիալիստները։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ