ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մինսկը բազմակիլոմետրոնոց շղթա է կազմել

Մինսկը բազմակիլոմետրոնոց շղթա է կազմել
20.06.2020 | 08:25

Հունիսի 18-ի երեկոյան Մինսկի Անկախության պողոտայի երկայնքով բազմակիլոմետրանոց մարդկային շղթա կառուցվեց: Ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն էին հայտնում ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին ընտրարշավում: Ակցիան շարունակվեց 6 ժամ՝ հաղորդում է Tut.by պորտալը: Ակցիան սկսվեց երեկոյան 6-ի մոտ Բելպետֆիլհարմոնիայի մոտից, որտեղ ստորագրություններ էին հավաքվում ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հավանական մրցակիցների համար՝ Յուրաս Գուբարևիչի, Նիկոլայ Կոզլովի, Օլգա Կովալչուկի: Ակցիայի սկզբում միլիցիան մարդկանց խնդրեց շենքերին մոտ կանգնել: Երեկոյան 10-ին շղթան հասել էր մինչև Անկախության հրապարակ, որտեղ ավտոզակեր էին բերվել: ԳԱԻ-ն փակել էր պողոտայի որոշ հատվածներ: Համերաշխության շղթան մնաց կանգնած, երբ սկսվեց ուժեղ անձրև և կարկուտ: Կողքից անցնող ավտոմեքենաները ազդանշանում էին՝ ի նշան համերաշխության: «Վյասնա» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ շղթային 2000 –ից ավելի մարդ է մասնակցեկ: Հունիսի 18-ի առավոտյան բերման էր ենթարկվել Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր մրցակից, Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն, նրա շտաբը հաղորդել էր աջակիցների ռեկորդային թվով ստորագրությունների հավաքման մասին: Նրան որդու՝ Էդուարդի հետ տարել էին ԱԱԾ: Բիկտոր Բաբարիկոյին Պետական վերահսկողության կոմիտեում անվանել էին «անօրինական գործողությունների կազմակերպիչ»:

Բելգազպրոմբանկի, որ 20 տարի ղեկավարել է Բաբարիկոն, նախկին ու ներկա աշխատակիցների վրա գործեր են հարուցվել հարկեր չվճարելու, խաբեության և փողերի լվացման մեղադրանքներով: Մայիսի 29-ին կալանավորվել էր մեկ այլ հայտնի ընդդիմադիր Սերգեյ Տիխանովսկին՝ միլիցիոների նկատմամբ բռնություն կիրառելու գործով: Նախագահական մրցավազքին մասնակցում է նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան: Նա հայտարարել է անանուն սպառնալիքների մասին իր և երեխաների հասցեին: Իրավապաշտպան «Վյասնա» կենտրոնի տվյալներով՝ մայիսի 6-ից հունիսի 17-ը 98 մարդ կալանավորվել է քաղաքական հետապնդումների շրջանակներում: Կալանավորվածները խոսում են կտտանքների և անմարդկային վերաբերմունքի մասին Մինսկի իրավախախտումների մեկուսացման կենտրոնում:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բելառուսի իշխանություններին կոչ է արել ապահովել մրցակցային ընտրություններ: «Բելառուսի քաղաքացիները ցանկանում են, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական»՝ հայտարարել է նա հունիսի 18-ին Արևելյան գործընկերության սամիթի արդյունքներով ասուլիսում: Նախագահի ընտրությունները Բելառուսում օգոստոսի 9-ին են:
RFI


Հ.Գ. Ուրսուլա ֆոն դեր Լյայենը լավ չի ճանաչում Բատկային՝ Բելառուսում նրա բոլոր ընտրությունները եղել են ժողովրդարական, որովհետև Ալեքսանդր Լուկաշենկոն ինքը մարմնավորում է ժողովրդավարությունը: Նախընտրական իրավիճակը Բելառուսում թեժանում է: Երկու ընդդիմադիր թեկնածու ձերբակալված է, այդ թվում` բելառուսական և արևմտյան մամուլի համաձայն Մոսկվայի աջակցությունը վայելող թեկնածուն: Մինսկում և մյուս քաղաքներում լինում են մարդաշատ բողոքի ակցիաներ: 1994-ից Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ իրենց հաջողվել է երկիրը ապակայունացնող մայդան կանխել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Վիկտոր Բաբարիկոյի ձերբակալության մասին հարցին պատասխանել է, որ դա Բելառուսի ներքին գործն է, և Ռուսաստանը չի միջամտում հարևան երկրի ներքին գործերին: Բելառուսի նախագահը մասնակցելու է հունիսի 24-ին Մոսկվայում զորահանդեսին և մասնակցելու է ընտանիքի հետ միասին: Նա հայտարարել է. «Մեզ, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ քայլեր անել և տապալել Բելառուսի ապակայունացման մասշտաբային պլանը: Սա կատակ չէ, ես չեմ վախեցնում: Կար երկիրն ինչ-որ մայդանի բերելու պլան, որը մենք տապալել ենք: Այդպիսի նպատակ կար»: Նա ակնարկել է, որ Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու պլաններ ունեն ոչ միայն երկրի ընդդիմադիրները, այլ նաև երկրից դուրս ընդդիմադիրներին սատարողները: Լուկաշենկոն չի ասել, որ խոսքը Ռուսաստանի մասին է:
Մինսկում բողոքի ակցիան Վիկտոր Բաբարիկոյի, ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկու, քաղաքական գործիչներ Պավել Սևերինեցի և Նիկոլայ Ստատկևիչի ձերբակալությունների դեմ էր: Նախագահական քարոզարշավը Բելառուսում ուղեկցվում է իշխանությունների բռնաճնշումներով, ձերբակալություններով և ընդդիմադիր թեկնածուների օգտին զանգվածային ակցիաներով:


Երեկ վերջին օրն էր, երբ Բելառուսի նախագահի թեկնածուները կարող էին ԿԸՀ ներկայացնել անհրաժեշտ 100 000 ստորագրությունները և երեկ ձերբակալվել էր ընտրություններին Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից համարվող Վիկտոր Բաբարիկոն: Բելգազպրոմբանկի նախկին ղեկավարը և նրա որդին` Էդուարդ Բաբարիկոն, որ հոր նախընտրական շտաբի ղեկավարն է, Բելառուսի ազգային վերահսկողության կոմիտեի մեկուսարանում է: Պաշտոնապես հաղորդագրության համաձայն` նրանց ձերբակալել են վկաների վրա ազդելու և հանցանշանները թաքցնելու փորձի պատճառով: Բաբարիկոյին,
այնուամենայնիվ, հաջողվել է մինչև ձերբակալությունը ԿԸՀ ներկայացնել ստորագրությունները, 100 000-ի փոխարեն 400 000-ից ավելին: Բայց դա չի երաշխավորում նրա գրանցումը՝ ԿԸՀ-ն կարող է անվավեր ճանաչել ստորագրությունները:


Ստորագրություններ մտադիր են ներկայացնել նաև Լուկաշենկոյի այլ ընդդիմախոսներ՝ Տիխանովսկու կինը` Սվետլանան, որ որոշել է նախագահական ընտրություններին մասնակցել ձերբակալված ամուսնու փոխարեն: Հունիսի 11-ին քրեական գործ էր հարուցվել Բելգազպրոմբանկի աշխատակիցների դեմ: Բելառուսի նախագահն ակնարկել է, որ Բաբարիկոյին աջակցում են ռուս օլիգարխները: Բլումբերգը գրել էր, որ նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշումը Բաբարիկոն քննարկել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բաբարիկոն հերքել է: Նա հայտարարել է, որ եթե նույնիսկ իրեն ձերբակալեն, կշարունակի նախընտրական քարոզարշավը:
Այսքանից հետո Բատկան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու պետությունների միջև խնդիրները աղետալի չեն և հնարավոր է լուծում տալ։ Հանդիպումից առաջ Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք իսկապես ազնիվ և սիրալիր զրույց ենք ունեցել, թեև ոմանք կարծում են, որ մեր միջև լարվածություն է բորբոքվում, ճիշտ չէ, միշտ էլ ինչ-որ տարաձայնություններ կան։ Կարծում եմ՝ մենք կհարթենք ։ Դրանք աղետալի խնդիրներ չեն»,-նշել է Բելառուսի նախագահը:


«Կայծ է հարկավոր շարժիչը գործի գցելու և առաջ շարժվելու համար»,- նշել է Լավրովը, ինչին համաձայնել է Լուկաշենկոն՝ նշելով, որ «Ռուսաստանն ու Բելառուսը եղբայր պետություններ են»։ «Ուստի, եթե ինչ-որ մեկը ցանկանում է մեզ լարել միմյանց դեմ և վատացնել մեր հարաբերությունները, չի ստացվի»,- ասել է Լուկաշենկոն: Նա հավելել է, որ երկու երկրներն ի զորու են հաղթահարել մի քանի համավարակներ՝ տնտեսական, քաղաքական, նավթագազային և տեղեկատվական:
Վերջին նորությունը՝ Բատկան ընտանիքով կմասնակցի Մոսկվայում հաղթանակի 75-ամյակի շքերթին: Իրոք, բազմադեմ է նա ու ամեն ինչի պատրաստ, որ շարունակի նախագահել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ