Ես տագնապում եմ, որ ազգիս համբերության ցեցակիր թելը կտրվի, և ոչ մի կոպիտ հանգույց էլ չփրկի, որ այն կծիկ դառնա, որ, դեռ արյունը չչորացած, սուրը դուրս բերվի իր պատյանից և ճոճվի օդում, երբ «ի զեն» աղաղակը այլևս չի զարմացնում։
Իմ տագնապներին անտարբեր, սառը հայացքով է նայում իր Որդուն ամուր գրկած Տիրամայրը։
Նա էլ է չարի ներկա ժամանակը անհերքելի, կործանարար, մեղսակիր։ համարում, երբ մահվան ու կյանքի ավետաբեր հրեշտակները, տերողորմյայի քարերի պես, շարվել են կողք-կողքի, իսկ սատանայական ժամանակը քմծիծաղով խաղ է անում. «Խեր, շառ, Աստված»։
Մերը երկրորդն է՝ մեջտեղինը...
Փրկարար զվարթունները գնացել են նոր, առավել մաքուր մոլորակներ հայտնաբերելու։ Գիտեն, որ հինը ծերացել է, բարոյազրկվել, քայքայվել, սպառել է ինքն իրեն, իսկ վերակերտելը հեքիաթի ժանրից է արդեն։
Ես խռովեցի Տիրամորից։
Նա այլևս միջնորդ չէ, դերակատար չէ, հուսադրող չէ այս դժոխային, ծավալվող կրակը մարելու համար։
Ես վախենում եմ իմ ազգի ու այլոց ճակատագրերի մենակությունից։
Հռիփսիմե Հովհաննիսյան