Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Գինեձոն, որն ավանդույթ դառնալու հավակնություն ունի

Գինեձոն, որն ավանդույթ դառնալու հավակնություն ունի
15.05.2023 | 22:38

Օրերս արվեստասերի սեղանին դրվեց «Ռոսլինի» այս տարվա առաջին համարը, որն հանդեսի տարեգրության մեջ ընդհանուր թվով յոթերորդն է։ Մեր այս չափից ավելի նյութականացած ժամանակներում, դեռ մի բան էլ երկրի, հանրույթի կյանքի բարդությունները վրադիր, դժվար է նման ձեռնարկների մասին մտածելը, առավել ևս իրականացնելը։ Սակայն, պարզվում է, կան հավատավորներ, կան դիմացինի մեջ երկուստեք բարձր որակներ տեսնողներ, ովքեր խիզախ գնում են համարձակ քայլերի ու նյութականացնում գաղափարներ։ «Ռոսլինի» պարագայում, ի դեմս հրապարակագիր Վրեժ Առաքելյանի ու Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսնական զույգի, գտնված է ու արդեն քանի՜ տարի գործում է այդ կապը։ Մեզ հայտնի խոշոր ձեռնարկներից մեկը 2020-2021 թվականներին իրականացված «Յոթանասուն ճանապարհ դեպի տաճար» մտահղացումն էր, որը, ներառյալ և Արցախ աշխարհը, Հայաստանի բոլոր մարզերի ընթերցում-քարտեզագրումն էր մեր գեղանկարիչների կողմից, գաղափար, որը մեկտեղեց ստեղծագործողներին, արվեստաբաններին ու լրագրողներին, հավաքեց մեկ միասնական, ընդհանրական հոգևոր (ու ինչու միայն հոգևոր) տարածքում՝ լսելի, հաղորդակից դարձնելով մեկմեկու։

Կյանքի աքսիոմատիկ ճշմարտություններից մեկն էլ աստվածաշնչյան «ի սկզբանե բանն էր» իմաստնությունն է, որտեղ բան ասված ընդհանրականն իր մեջ ունի բազմաթիվ բառահանդերձներ՝ գործ, ասելիք, փորձ, միտք, խորհուրդ․․․ Շարանը կարող եք հավել ըստ ձեր ճաշակի ու իմացության, դրանից բանաձևվածի իմաստն ու բովանդակությունը չեն փոխվում։ Ահա այս «ի սկզբանե»-ի գիտակցմամբ էլ հաստատվել էր ոչ միայն «Ռոսլին» արվեստի շարունակականությունն ապահովելու գաղափարը, այլև հանդեսի յուրաքանչյուր համարի գինեձոնն անելը, որի հիմքը դրվեց «Երևան» պանդոկում, մայիստասներկուսյան հրաշալի օրը։
Գինեձոնի գաղափարը Գրիգոր Մովսիսյանինն էր։ Նպատակը ոչ միայն հանդեսի հրատարակման փաստումն էր։ Ինչպես «Յոթանասուն ճանապարհ դեպի տաճար»-ի պարագայում էր, գաղափարի հիմքում ստեղծագործողի ու արվեստաբանի, ստեղծագործողի ու նրա գործունեությունը հանրայնացնողի դաշտի կայացումն էր, նրանց առերեսումը գեղարվեստական փաստի, այն արարողի անձի շուրջ։
Դարձյալ պիտի հղում անեմ մեր ժամանակներին ու նրա ունեցած ծանրություններին՝ ասելով, որ նման հղացման իրականացումն իրականում այնքան էլ հեշտ խնդիրներից չէ, եթե ցանկության հիմքում չկա մարդու ու նրա արած գործը տեսնել ու արժևորել կարողանալը, մարդու ու նրա արած գործը հանրության սեփականություն դարձնելու ես կասեի ոչ միայն ու ոչ այնքան ազնվությունը, որքան ասպետականությունը։ ՈՒստի կրկին փառք ու պատիվ ասենք Գրիգոր Մովսիսյանին ու նրա փառահեղ տիկնոջն այս ասպետականությունն ունենալու համար ու դառնանք գինեձոնի սեղանն իրենց ներկայությամբ մյուս զարդարածներին։
Ներկայացնելը սկսենք միջացառման պատվավոր հյուր, լոնդոնաբնակ մեր հայրենակից Լիլի Ադամյանից, ով իր լուսահոգի ամուսնու, Սփյուռքում տասնամյակներ շարունակ հայ խոսքի ու հայ մնալու կարևորությունը սերմանելու գործին լծված, բանաստեղծ, թատերագիր, հանրային, ազգային, մշակութային հանրահայտ գործիչ Սամուել Ադամեանի գործի նույնքան հետևողական ու նախանձախնդիր շարունակողն է, հայ մշակույթի անխոնջ սերմնացանը։ Այդ նաև նրա ձեռամբ ու մասնակցությամբ էր, որ «Ռոսլինի» հիմնադիր խմբագիր, հրապարակագիր Վրեժ Առաքելյանի հետ գինեթաթախ արեցինք հանդեսը՝ հանդիսության մասնակիցներին տալով օրն առօրյա հոգսերից կտրելու ու փոքր-ինչ խնդանալու վայելքի սկիզբը։
Գինեձոնի սեղանը տարբեր տարիքի, սերունդների ստեղծագործողների ու արվեստաբանների ձույլ միասնություն էր։ Մի կողմից իրենց հասուն տարիքի ավագությունը վայելող, հայ քանդակագործության դպրոցին «Լեռնային պար», «Անդրեյ Սախարով», «Ալեքսանդր Մանթաշյան», «Սլավիկ Չիլոյան» նվիրած, Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ թագավորի արձաններն ամբողջացման փուլի հասցրած վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանն էր ու նույն ճանաչմանը հասած, գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը, ում գույների կախարդական բույրի զգացողություն էր ապրել Հռիփսիմե Վարդանյանը՝ վարպետին նվիրված նյութը համարյա այդպես էլ վերնագրելով, մյուս կողմից միջին սերնդի ներկայացուցիչ, սակայն գեղարվեստի ու մասնավորապես դիզայնի, գրաֆիկայի մեջ իր հաստատուն խոսքն արդեն իսկ ասած, ասող Արթուր Մանուկյանն էր, մեկ այլ կողմից կինոռեժիսոր, վերջին տարիներին զուգահեռաբար նկարչության ու քանդակագործության մեջ ևս իրեն հաստատող Ռուբեն Քոչարը, ում իր երևելի հոր, հայ քանդակի ու առհասարակ հայ արվեստի երբևիցե խոշորագույն դեմքերից մեկին՝ Երվանդ Քոչարին ունեցած արտասավոր նմանությունից ոգևորված Տիգրան Արզումանյանն իր տարիների երազանքի՝ մեծագույն վարպետի արձանի իրականացման համար բնորդ լինելու մտքով էր վարակվել։
Մեր խնդրո շրջանակներից բնականաբար դուրս է վերը հիշատակած յուրաքանյուր ստեղծագործողի դիմանկարի ամբողջացումը, քանի որ, ի դեմս Տիգրան Արզումանյանի, Արթուր Մանուկյանի, Ռուբեն Քոչարի, այդ խնդիրն իրենց հրապարակումներում հաջողությամբ են լուծել Նարինե Նադարյանը, Զառա Մալոյանը, Մարիամ Միրզոյանը, իսկ Հռիփսիմե Վարդանյան հղումով Շմավոր Շմավոյանին անդրադարձն արդեն իսկ արել ենք։
Ինչ վերաբերում է գինեձոնին ներկա ու հանդեսի ամբողջացմանը մասնակցած մեր մյուս արվեստաբաններին, նրանք էին գեղանկարիչ, արվեստաբան ու մանկավարժ Գագիկ Ավետիսյանի կյանքի ու ստեղծագործության քննականով ներկայացած Քնարիկ Ավետիսյանն ու Սաթի Վարդանյանը, Էդուարդ Իսաբեկյանի գրաֆիկական աշխատանքների դիտարկումներն արած Օվսաննա Քարամյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի հարյուրամյա գործունեությունը վավերագրած Մարգարիտա Խաչատրյանը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հյութեղ պատմությունը հեղինակած Գայանե Ավետիսյանը։
Ի դեմս ՀՀ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանի, հանդեսն էջեր ունի նվիրած Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի օպերային արվեստին, արվեստի ինստիտուտին նվիրված դիտարկում է Աննա Ասատրյանի հոդվածը, չափազանց հետաքրքրական է արվեստաբան Մարտին Միքայելյանի «Հետո բացվեց վարագույրը, և գույները խտացան․․․» էսսեն, Վրեժ Առաքելյանի անդրադարձը պատկերագրքին, որը լույս է ընծայվել Հայաստանի նկարիչների միության 90-ամյակի առիթով։
Երևի թե ընդհանուր գծերով սա այն ամբողջն էր, որ կամեցանք ներկայացնել հանդեսի այս տարվա անդրանիկ համարի ու նրան նվիրված գինեձոնի առթիվ, սակայն աններելի վրիպում թույլ տված կլինեինք, եթե չհիշատակենք «Ռոսլինի» դիզայներական կորպուսին, որը փորձի ու երիտասարդության ուշագրավ շաղախ է՝ հետաքրքիր է փորձառու Վիտալի Ասրիևի կողքին տեսնել երիտասարդ դիզայներ Սերգեյ Մովսիսյանի աշխատանքն այն լավատեսական ակնկալիքով, որ այն ձեռագիր դառնալու հավակնություն կունենա, կունենա իր ինքնության դրոշմն ու կնիքը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 18394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ