Հարգելի պարոն նախարար. ստացա «նախարարության կողմից քննարկված» իմ հարցադրումների պատասխանը, թեպետ խնդրել էի անձնական հանդիպում, և հասկացա, որ նախարարությունում կամ դիտավորյալ չեն ուզում ընկալել Ձեզ ներկայացված մեր ԾՐԱԳՐԻ էությունը, կարևորությունը կամ հասու չեն դրան, ինչն ավելի վատ է, որովհետև հարցականի տակ է դրվում ոլորտի կառավարման արդյունավետությունը: Մինչդեռ, «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկումներում («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 29. 08. 2019 թ.) Դուք շեշտում եք, որ «մեր երկրի տնտեսությունը, ներառյալ գյուղատնտեսությունը, հետ է աշխարհի առաջատար, նաև Եվրոպայի ցանկացած միջին երկրից եկամտաբերության 1500 և արտադրողականության 800-տոկոսանոց ցուցանիշով: ՈՒ իրավացիորեն նշում եք, որ այդ ահավոր ճեղքվածը, հետընթացը վերացնելը» ստիպում է մեզ մտածել այն փոփոխությունների մասին, որ պետք է անել տնտեսության ներկա արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու համար»:
Որո՞նք են այդ փոփոխությունները։ Ձեր կարծիքով` խնդիրը կլուծվի, եթե գտնեք ներդրողներ` հայ, թե անգլիացի, դա կարևոր չէ, նրանց հուշեք, որ մեր երկրում արտադրություն դնելը ձեռնտու է, որովհետև առկա է ԵԱՏՄ մեծ շուկան, ու ամեն ինչ կլինի ինչպես դրախտում: Երևի արդեն համոզվել եք, որ չի լինում ինչպես դրախտում, և որ առաջնայնորեն հույսներս պետք է դնենք մեզ վրա, մեր ռեսուրսների` բնաարտադրական, գիտատեխնիկական, ինտելեկտուալ և այլն, նաև ուսումնասիրելով Եվրոպական այն երկրների փորձը, որոնք, Ձեր փաստարկմամբ, մեզնից առաջ են 1500-800 տոկոսով:
Հենց այս միտումով էլ, հաշվի առնելով նաև, որ «Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ում առկա են ավարտին հասցված, ՀՀ հեղինակային իրավունքով ամրագրված, պետական փորձարկումների արդյունքներով 30 տոկոս շահութաբերություն և 20-30 տոկոս բերքատվության աճ ապահովող մի շարք նորարարական աշխատանքներ, որոնցից մեկի ներդրման աջակցության խնդրանքով բազմիցս դիմեցի Ձեզ ու, պատասխան չստանալով, նաև վարչապետին` խնդրելով, ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ուսումնասիրել, քննարկել ստեղծված իրավիճակը:
Բայց ոչ մի ուսումնասիրություն, առավել ևս, քննարկում չեղավ. չնայած իմ բազմաթիվ հեռախոսազանգերին, որ հարցը դիտարկեն իմ մասնակցությամբ։ 30 օր «չարչարվելուց» հետո, Դուք, պարոն նախարար, պատասխանում եք մեկ տարի առաջ ինձ հասցեագրված նույն նամակի կրկնօրինակով` «առաջարկությունը կարևորում եք, փաստում, որ ոլորտի 5 պրոֆիլային նախարարությունները համատեղ արձանագրությամբ որոշել են այն ներդնել պիլոտային որևէ ծրագրով, անհրաժեշտ գումարն էլ (ընդամենը 4 մլն դրամ) ունեք, բայց կառավարությունը չի թույլատրում տալ այդ գումարը, որովհետև խնդիրը նպատակային չէ, չնայած դրան, դիմել եք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, բայց մերժվել եք»:
Ի՞նչ հասկանանք Ձեր այս պատասխանից։ ԾՐԱԳԻՐԸ տապալողը կառավարության ղեկավա՞րն է, Դուք դիմել էք իրեն ու մերժվե՞լ եք, ո՞ր երկրում կա նաև ուրիշ կառավարություն-հիմնադրամ, որն ավելին է, քան բուն կառավարությունը։ Եվ, վերջապես, գովում եք ծրագիրը և իսկույն էլ հայտարարում, որ այն նպատակային չէ: Ամբողջ 5 տարի խնդրում եմ Ձեր նախարարությանը բացատրել այս թնջուկը. լավն է, բայց վատն է, որովհետև նպատակային չէ:
Լավ, Դուք խիղճ չունե՞ք, մնացածի մասին էլ չեմ խոսում։
Պարոն նախարար, ենթադրելով, որ Ձեզ թյուրիմացության մեջ են գցել Ձեր աշխատակիցները, սխալ են ներկայացրել ԾՐԱԳՐԻ էությունը, կարևորությունը, ես կփորձեմ խիստ համառոտ մեկ անգամ ևս ներկայացնել այն՝ ակնկալելով նաև ընթերցողի գնահատականը:
ԾՐԱԳԻՐԸ լուծում է մեր կողմից ստեղծված, Լոռվա արոտներում փորձարկված, «Ջրախնայիչ, բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիա և մեքենայի կիրառմամբ գյուղատնտեսության ոլորտում Ձեր նշած հետընթացը:
Մասնավորապես լուծվում են հետևյալ խնդիրները.
1. Հայաստանից Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան «փախչող» 8 մլրդ խմ ջուրը մնում է Հայաստանում, մեծանում է հողի խոնավությունը, կրճատվում է ոռոգման ջրի ծախսը:
2. Անջրդի հողատարածքներում, մասնավորապես արոտներում և խոտհարքներում, այս տեխնոլոգիայի կիրառմամբ, խոտի արտադրությունը կարելի է մեծացնել հնգապատիկ չափով:
3. Բարելավվում է խոտի որակը:
4. Կրճատվում է տարածքային հրդեհների հավանականությունը` հողի բարձր խոնավությամբ պայմանավորված բույսի մշտադալարության հաշվին:
5. Կրճատվում են ջրհեղեղները, ընկնում է դրանց թափը` հողում կլանված ջրաքանակի հաշվին:
6. Վերանում են հողատարման, հումուսատարման երևույթները: Հետագայում բնության արտադրած հումուսը մնում է Հայաստանում:
7. Բազմապատիկ մեծանում են բույսի աճի պայմանները. արմատային հողազանգվածում ծակոտկենությունը պահպանվում է 50 տոկոսի սահմաններում, ինչը նպաստում է բույսի առավելագույն աճին` ապահովելով փարթամ բուսական ծածկույթ, արմատային հզոր համակարգ:
8. Վերջինիս շնորհիվ մեծանում է գյուղամերձ հողատարածքների սեյսմակայունությունը, կրճատվում են սողանքները:
9. Վերաբացվում են խմելու ջրի լեռնային, ստորգետնյա աղբյուրները:
Այս ամենի մանրակրկիտ նկարագիրը, տեխնիկատնտեսական բնութագրերը, լուսանկարները զետեղված են վարչապետին ուղղված, Ձեզ փոխանցված նամակի 3 առդիրներում:
Հավելեմ 2 նոր փաստաթղթերի առկայությունը. ա¤ ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյան. «ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գտնում է, որ գիտատեխնիկական նորույթի ներդրումը նպատակահարմար է, քանի որ այն կբերի գարնանային ձնհալքի ժամանակ ձևավորվող հալոցքային ջրերի կուտակմանը հողաշերտում, դրանով իսկ նպաստելով հողում խոնավության պաշարների ավելացմանը, միաժամանակ հեղեղավտանգ գուտիներում հեղեղումների ռիսկի նվազեցմանը»:
Երկրորդ փաստաթուղթը, ստորագրված Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարինե Դանիելյանի կողմից, ներկայացնում եմ բուն փաստաթղթից՝ լուսանկարի տեսքով:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ