Բուռն էր 2020 թ. մայիսի վերջը, և մենք ջանացել ենք ընթերցողներին ժամանակին տեղեկացնել, թե ինչպես, չնայած կորոնավիրուսի համայնաճարակին, գործնականում աշխարհի բոլոր երկրները, նրանց թվում՝ Հայաստանի հարևանները, շարունակում են պատրաստվել անակնկալներով լի ինչ-որ սցենարի։ Եվ գործնականում ամենուրեք բարձր լարվածություն է զգացվում։ Առանձին խնդիր է Հունաստանի և Թուրքիայի միջև ծագած հերթական վեճը։ Թուրքիայի ԱԳՆ-ն մայիսի 28-ին արձագանքել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հայտարարությունը, որում վերջինս Թուրքիայի հասցեին օգտագործել է «բարբարոսներ» բառը։ Հայերիս լիովին հասկանալի են Հունաստանի բացասական հույզերը։ Անհասկանալի է, թե ինչու են այդքան «նեղացել» թուրքերը։
«Ամոթալի է Թուրքիան «բարբարոս» անվանելը նրանց կողմից, ովքեր սահմանին անգթորեն են վերաբերվում անմեղ մարդկանց՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Հունական պետությունը նախ պետք է իր «բարբարոսությանը» վերջ տա,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խամի Աքսոյը։- Հունաստանի նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ երկխոսության փոխարեն նա ընտրում է Թուրքիայի հետ լարվածության քաղաքականությունը և հանրությանը մոլորության մեջ գցում՝ շահարկելով ներքաղաքական շարժառիթները։ Մենք խոհեմ արարքների կոչ ենք անում հույն առաջնորդներին, որոնք գործում են «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով»։ Աքսոյը նաև նշել է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում փաստեր կան հունական կողմից փախստականների հիմնական իրավունքների և ազատությունների «բացահայտ խախտման» մասին։ «Հունաստանը պետք է հարգի փախստականների իրավունքները և նրանց նկատմամբ բռնություն ու դաժան վերաբերմունք չկիրառի։ Բացի դրանից, նրանք, ովքեր իրենց քաղաքակրթության օրրանն են համարում, պարտավոր են հարգելու նաև նրանց, որոնց լեզուն ու հավատն ուրիշ են»,- ընդգծել է Աքսոյը։ Բայց նա անտեղի և չափազանց ուժեղացնում է ստեղծվող իրավիճակի դրամատիզմը։ Իսկ ի՞նչ է եղել իրականում։
Մայիսի 27-ին Աթենքը հայտարարել է, որ Հունաստանը կուժեղացնի ոստիկանական պարեկությունը Թուրքիայի հետ իր սահմանում, քանի որ երկիրը պատրաստվում է գաղթականների սպասվելիք նոր հոսքին։ Եվ 400 ոստիկան է ուղարկվելու Մարիցա գետի հյուսիսարևելյան սահմանամերձ մարզ՝ «որպես նախազգուշական միջոց», հայտնել է Հունաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Թեոդորոս Քրոնոպուլոսը։ Սահմանամերձ շրջանը մարտին ընդհարումների վայր էր դարձել այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել էր, որ այլևս չի արգելելու, որ ապաստան փնտրող գաղթականներն ու այլ անձինք հայտնվեն Եվրամիության անդամ երկրներում։ Մի քանի օր տևած բախումների ժամանակ գաղթականները, որոնք փորձում էին անցնել սահմանը, քարեր էին նետում հույն ոստիկանների վրա, որոնք արցունքաբեր գազ են կիրառել նրանց դեմ, հիշեցրել է թուրքական «Daily Sabah» թերթը։ Բայց Անկարայի և Աթենքի հարաբերությունների ներկայիս վատացման պատճառն է դարձել Հունաստանի արտգործնախարար Դենդիասի ավելի վաղ արած հայտարարությունը. «Նրանք, ում միջազգային հանրությունը դատապարտել է մարդկային տառապանքները քաղաքական նպատակներով օգտագործելու համար, իրավունք չունեն որևէ մեկին մարդու իրավունքներ սովորեցնելու»։ Հունական ԶԼՄ-ների այդ մեջբերման մեջ «բարբարոս» բառն օգտագործված չէ։ Այնուամենայնիվ, չի կարելի բացառել, որ նախարար Դանդիասն իսկապես «ի սրտե» Թուրքիան «բարբարոս» է անվանել, և ՆԱՏՕ-ի կազմում գտնվող երկու երկրների միջև հերթական սրացումն առկա է։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը մայիսի 26-ին հայտարարել է, որ իրենց հայտնի են թուրքական իշխանությունների որոշ հայտարարություններ, ըստ որոնց՝ «Հունաստանը շուտով ճնշման կբախվի իր սահմաններին, հատկապես ցամաքային»։
Այդ առթիվ հունական կողմը սկսել է լայնացնել ցանկապատը Թուրքիայի հետ սահմանում, ինչը խիստ քննադատել է Անկարան։ Թուրքական իշխանությունները պնդում են, որ պետք է խորհրդակցել ցանկապատի լայնացման առնչությամբ, նշելով, որ սահմանային Մարիցա գետի հունը «բնական ու արհեստական պատճառներով զգալիորեն փոխվել է» 1926 թ. սահմանը որոշելուց հետո, ուստի պահանջվում է «տեխնիկական համաձայնեցում», և Թուրքիան թույլ չի տա «կատարված փաստի» արձանագրում իր սահմանին։ Հունաստանն իր հերթին նշում է, որ սահմանի գիծը չի փոխվել, և ինքը պարտավորված չէ Թուրքիայի հետ խորհրդակցելու սահմանի իր կողմում ենթակառույցներ սարքելու առթիվ։ Բայց չէ՞ որ Հայաստանը պայքարում է Թուրքիայից անլեգալ գաղթի դեմ, որը հատկապես ուժեղացել էր կորոնավիրուսի բռնկումից առաջ։ Աթենքում հիշում են, որ ընթացիկ տարվա փետրվար-մարտին Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներից (գլխավորապես Սիրիայից, Պակիստանից և Աֆղանստանից) հազարավոր գաղթականներ սկսեցին շարժվել դեպի թուրք-հունական սահմանը այն բանից հետո, երբ Էրդողանի կառավարությունը հայտարարեց, որ այլևս չի խոչընդոտելու Հունաստանի հետ սահմանը հատելու գաղթականների փորձերին։ Այդ ժամանակ հույն սահմանապահները, ոստիկանությունը և զինծառայողները ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ և այլ միջոցներ կիրառեցին՝ փորձելով խանգարել սահմանն անցնելուն։ Թուրքական աղբյուրների տվյալներով՝ այդ բախումների ժամանակ առնվազն երեք գաղթական սպանվել է, շատերը՝ վիրավորվել։
Այսպես, թե այնպես, եթե որևէ մեկը կարող է «նեղանալ» հույներից, ապա ոչ թուրքերը. Հունաստանը միլիոնավոր հիմքեր ունի Թուրքիան «բարբարոս» անվանելու համար։ Հո էսկիմոսները կամ պապուասնե՞րը չեն օկուպացրել Հյուսիսային Կիպրոսը՝ կղզու այդ մասում իրականացնելով տեղի հույների ու հայերի եղեռն։ Թուրքերի փորձերը՝ հարևանների թիկունքում «պայմանավորվելու» Միջերկրական ծովի առափնյա տարածքի հարցով, նույնպես առանձնապես չեն ուրախացնում և՛ Հունաստանի, և՛ Կիպրոսի հույներին։ Այդ կապակցությամբ զարմանալի չէ, որ Հունաստանն ու Կիպրոսը հակաթուրքական այն նոր դաշինքի նախաձեռնողներից են, որի ստեղծման մասին համաշխարհային ԶԼՄ-ները հայտնել են 2020 թ. հունիսի 3-ին։ Ճիշտ է, նոր դաշինքն ստեղծվել է ոչ թե Հունաստանի կամ Կիպրոսի, այլ Եգիպտոսի հովանու ներքո։ Հենց Եգիպտոսն է հայտարարել Թուրքիայի դեմ նոր միություն ստեղծելու մասին, որի մեջ են մտել Հունաստանը, Կիպրոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Ֆրանսիան՝ դիմակայելու համար Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններին։ Մենք այս տարի արդեն մի երկու անգամ հայտնել ենք, որ, ի դեմս ԱՄԷ-ի Թուրքիան համաշխարհային ասպարեզում բավական անհաշտ հակառակորդի է ձեռք բերել։ Եգիպտոսն իսկույն կանգնել է ԱՄԷ-ի կողքին, իհարկե այն պատճառով, որ Լիբիայում թուրքական միջամտությունը մի շարք սպառնալիքներ է պարունակում Կահիրեի համար։ Եվ բնական է, որ հունական երկու պետությունն էլ մտան նոր դաշինքի մեջ։ Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիները տեսնում են, որ թուրքերն են իրենց սպառնալիքներով սադրում հույներին, ոչ թե հակառակը։ Եվ Անկարայի սպառնալիքների ներքո Հունաստանի չհանձնվելու ցանկությունը լիովին բնական վարք է։
Եվ ահա՝ միջանկյալ արդյունք. հունիսի 5-ին աշխարհի բոլոր առաջատար ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ Աթենքի հանդեպ Անկարայի վարքը վերջին շրջանում բավական ագրեսիվ է, և հունական առափնյակում նավթ արդյունահանելու թուրքական հավակնությունները Հունաստանը սադրանք է համարում։ «Մենք պատերազմ չենք ուզում, բայց ուզում ենք հասկացնել, որ կանենք հնարավոր ամեն ինչ մեր ինքնիշխան իրավունքներն առավելագույնս պաշտպանելու համար»,- ասել է նախարարը։ Այն ուղղակի հարցին, թե Հունաստանը պատրա՞ստ է պատերազմելու Թուրքիայի հետ, նա պատասխանել է՝ այո։ Իհարկե, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հույներին որևէ հնարավորություն չեն տա ճիշտ այնպես, ինչպես 1973 թ. շրջափակեցին Հունաստանը, երբ Աթենքը Կիպրոսին օգնության ուղարկեց իր ռազմանավերը, բայց անգլիացիներն ու ամերիկացիները կանգնեցրին հույներին՝ սպառնալով կրակ բացել հունական նավերի վրա։ Այնպես որ, սպասենք իրադրության զարգացման հույն-թուրքական ուղղությունում։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ