Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու ամերիկյան օրենքին համապատասխան Կոնգրեսի կողմից Պրահայի քաղաքացիական կենտրոնի՝ օրերս Երևանում կազմակերպած սեմինարը թե սիմպոզիումը զգալի ուշադրության արժանացավ ռուսաստանյան լրատվամիջոցներում, իհարկե` բացասական թեքումով: Իրազեկվեց, որ իրենց քաղաքականագիտական կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով հայոց մայրաքաղաքում են հայտնվել 150 ջահել ընդդիմադիրներ ԱՊՀ երկրներից, բնականաբար նաև Ռուսաստանից: Ո՞րն է եղել միջոցառման թիրախը. երիտասարդ, տակավին անփորձ, չճանաչված, գուցե և ռոմանտիկ քաղաքագետներին սովորեցնել, թե ինչպես կարելի է պետական հեղաշրջում իրականացնել «օրինական» ճանապարհով: Որոշ հրապարակումներում հատուկ նշվում էր, որ Հայաստանը սեմինարի անցկացման վայր է ընտրվել բնավ էլ ոչ պատահականորեն. մերժելի Սերժ Սարգսյանին գահընկեց անելուց հետո ԱՊՀ երկրների դժգոհները ձգվում են Երևան հայկական ոչ բռնի թավշյա հեղափոխության փորձն ուսումնասիրելու և գալիք պայքարով ոգեշնչվելու պայծառ մղումներով:
Պարզվեց, որ ռուսաստանյան միջազգային RT հեռուստաալիքի պրպտուն թղթակիցները «փայլուն» օպերացիա են անցկացրել Երևանում և ամենայնս բացահայտել արևմտահակ խառնահավաքի սադրիչ բնույթը, մասնավորապես նրա հակառուսական-հակապուտինական էությունը: Ահա և ճանաչված քաղաքական հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը իր «երեկոներից» մեկում զրույցի էր հրավիրել նշյալ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Ստացվեց, որ հայուհին ու հրեան ի շահ Ռուսաստանի լույս աշխարհ հանեցին երևանյան երիտասարդական հանդիպման ողջ անիմաստությունն ու սնանկությունը և առավելագույնս ջախջախեցին այն: Ընդ որում, քննության ընթացքում ինտելեկտուալ քաղաքականագիտական միտքը համեմվում էր սարկաստիկ կամ զավեշտական մեկնաբանություններով. հասկացանք, ժողովրդական լեզվով ասած՝ մի խումբ ջահել տղաներ ու աղջիկներ եկել են սիրունատես Երևան, ուտում-խմում են ամերիկացիների հաշվին, ֆռֆռում, մի քիչ էլ արևմտյան հրահանգիչների օգնությամբ տոգորվում նորահայտ օրինական հեղաշրջումնների տեխնոլոգիաներով, որ հետո վերադառնան իրենց տներն ու շատ արագ և իրենք մոռացվեն, և մոռանան իրենց «սովորածը»: Իսկ ինչ վերաբերում է միջոցառման հայաստանցի կազմակերպիչներին, ապա նրանց ուղղված միջանկյալ բարոյական հորդորը հետևյալն էր՝ նույնպես ժողովրդական ոճով. ա՛յ հայեր, էլ ցավ ու դարդ չունեք, հիմա էլ ընկել եք Պուտինի, Լուկաշենկոյի ու առավել ևս միջինասիացի երկարակյաց բռնապետների հետևի՞ց: Ինքներդ համոզվա՞ծ եք, որ ձեր հաջողված թավշյա հեղափոխությունը հաջողակ կլինի նաև իր արդյունքներով:
Ի դեպ, հետաքրքրական էր Մարգարիտա Սիմոնյանի մի դիտարկումը՝ նույնպես առնչված երևանյան միջոցառմանը: Նշելով, որ մեր ժամանակների քաղաքական շատ իրադարձությունների ընթացքում ավելի լայնորեն են օգտագործվում կեղծ-մտացածին-սադրիչ լուրերը՝ ֆեյքերը, հայտնի քաղաքագետ լրագրողուհին հատուկ ընդգծեց, որ բավական հաճախ դրանք գործում են արդյունավետորեն: Սոսկ ճշմարտությունը անբավարար է, ասաց նա, շատ դեպքերում ֆեյքն ավելի «համոզիչ» ազդեցություն է ունենում: Նա պատահական չհամարեց, որ սիմպոզիումի ժամանակ ֆեյքյան թեման խրախուսական իմաստով հատուկ դասընթացի տեսք էր ստացել արևմտյան «ուսուցիչների» կողմից:
Արդարև, մեր ինչին է պետք այդ կարգի կատարելագործական թեկուզ և ոչ բռնի միջազգային սեմինարների անցկացումը մեր երկրում: Մի՞թե ակնհայտ չէ, որ եթե դրանք ֆինանսավորվում են ամերիկացիների կողմից ու առավել ևս կազմակերպվում են հետխորհրդային տարածքում, ապա ընդգծված հակառուսական ուղղություն պիտի կրեն: Ինչու՞ մոռանալ, որ ամերիկացիները ԽՍՀՄ-ի քայքայումից հետո իրենց գլոբալիստական նկրտումներում գերակա խնդիր են դրել ամեն ինչ անել, որ այլևս իրենց արժանի ոչ մի մրցակից լույս աշխարհ չգա, ու առավել ևս Ռուսաստանը:
Առհասարակ արժե՞ նույնիսկ նման մանրուքներով բարդացնել հարաբերությունները մեր միջազգային անվտանգության գլխավոր երաշխավորի՝ Ռուսաստանի հետ (գոնե «Իրատեսում» իրատես լինենք): Միգուցե եթե մեզ ճիշտ պահեինք, ապա գնված նորագույն 4 ռազմական ինքնաթիռների հետ մի երկուսն էլ նվեր կստանայինք:
Ո՜վ գիտե:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հ.Գ. Ինչու՞ ենք մենք այսքան սուբյեկտիվ մեր անկրկնելի եվրոպասիրության մեջ: Վերջերս հրապարակվել էր մայր ցամաքի՝ անցյալ տարվա «ամենաազատ» պետությունների ցուցակը: Բոլոր «ժողովրդավարական» ազատությունների հետ մեկտեղ առաջատարները միավորված էին նաև մեկ ընդհանրությամբ՝ նրանք բոլորն էլ տարբեր ձևերով ու չափերով օրինականացրել են... մանկապղծությունը՝ պեդոֆիլիան: Իսկ դրանցից մեկում ժամանակին նույնիսկ կազմավորվել է... մանկապղծական կուսակցություն:
Եվրոպական «արժեքներ»... Արդյո՞ք ոչ բռնի: