Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Երբ քաղաքականությունը բիզնես է ու չոր հաշվարկ

Երբ քաղաքականությունը բիզնես է ու չոր հաշվարկ
06.03.2024 | 20:22

Վերջերս Եվրախորհրդարանն ընդունեց 2 բանաձև, որոնց համաձայն՝

* «Ադրբեջանի դեմ անհապաղ պատժամիջոցներ պետք է կիրառվեին. կասեցվելու էր էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը»:

* «Կասեցվելու էին Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները»:

* «Անհատական և թիրախավորված պատժամիջոցներ պետք է սահմանվեին Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ:

* «Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում կասեցվելու է Ադրբեջանից նավթի և գազի ներմուծումը»:

* «Ամրապնդվելու է Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացվելու է մշտադիտարկողների թվաքանակը, երկարացվելու է դրա ժամկետը: Դիտորդներ են տեղակայվելու Թուրքիայի հետ սահմանին»։

Իհարկե, հաճելի է լսել նման բանաձևեր, առավել ևս՝ Ադրբեջանի հանդեպ սանկցիաների կիրառման մասին:

Տհաճ է, որ սպասումները կրկին իրենց չեն արդարացնում, երբ դրանք դառնում են հերթական բլեֆ, դե իսկ, ժողովուրդն էլ կրկին էյֆորիկ վիճակի ու սին էքստազի մեջ է հայտնվում:

Զավեշտն էլ այն է, որ անգամ այս բանաձևերի ընդունման ֆոնին, Ալիևը մատ է թափ տալիս Եվրոպայի վրա, սպառնում, որ ինքնակամ կլքեն կառույցը, ու մեկ օր անց, նույն այդ կառույցից հնչում են հայտարարություններ, որ Ադրբեջանը նրանց լավագույն ու հավատարիմ գործընկերն է, որի հետ պատրաստվում են կնքել նոր համաձայնագրեր:

Ինչ խոսք՝ զարմանալի չէ, որովհետև նորություն չէ:

Ինչպես ասում են՝ «Ничего личного, только бизнес»!

Զարմանալի չէ նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ՝ Տոյվո Կլաարի վերջին հայտարարությունն այն մասին, որ «ԵՄ-ն կարևորում է Թուրքիայի՝ որպես «ռեգիոնալ լիդերի» մասնակցությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծման գործում: Անկարան կարող է լրջագույն ազդեցություն ունենալ տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում»:

Զարմանալի է, թե ինչպես ենք մենք ազգովի աշխարհաքաղաքական կենտրոնների մատուցած «կտերն ուտում ու կշտանում»:

Չնայած` ճարե՞րս ինչ...

Ստիպված վեկտոր ենք փոխում, ռևերս ու դիվերսիֆիկացիա ենք անում, մեր անվտանգային խնդիրները լուծելու համար այլ ուղիներ ենք փնտրում:

Դե իսկ, դա էլ դուր չի գալիս մեր ոխերիմ բարեկամ ու դաշնակից Ռուսաստանին, որն էլ ուլտիմատումներ է դնում, առայժմ «քաղաքակիրթ սպառնալիքներ» հնչեցնում ու դեռ սպասում է՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը շարունակելու հարցում Հայաստանի վերջնական որոշմանը, որպեսզի ըստ այդմ՝ իր հետագա անելիքն անի:

Իսկ Ադրբեջա՞նը:

Ադրբեջանը լուռ զինվում է, Էրդողանը հայտարարում է, որ «մենք Ադրբեջանի հետ լուծեցինք Ղարաբաղի խնդիրը, իսկ հիմա՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված կշարունակենք Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը», Միլլի Մեջլիսում էլ հնչում են՝ «քանի դեռ Հայաստանը ըստ արժանվույն սպառազինված չէ, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և մեր հողերին կցենք 8 օկուպացված գյուղերը»:

Իսկ մենք կրկին ցնծություն ու հիացմունք ենք ապրում, որովհետև ուր որ է ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ ստեղծվելու է «ֆրանս-հայ-հունա-հնդկական» ռազմական ալյանսը:

Չէ՞ որ վերջերս Հայաստան ժամանեց Ֆրանսիայի, այսօր՝ Հունաստանի, չի բացառվում, որ մոտ օրերս էլ՝ Հնդկաստանի պաշտպանության նախարարը:

Այդքանը բավարար է, որ մենք ազգովի մտածենք, թե նրանք Հայաստանի հետ ոչ թե զուտ ռազմական տեխնիկայի ու սպառազինության առքուվաճառքի, այլ դաշնակցային, ռազմաքաղաքական հարաբերությունների մեկնարկ են տվել:

Որ հանկարծ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ վրա հարձակվեն, այդ երկները մեր կողքին, մեզ հետ հավասար պետք է կռվեն, մեր սահմաններն էլ անսասան պահեն:

Սա էլ քիչ չէ, տեղական պետական բարձրաստիճան այրերն են վստահեցնում, թե բա այս պահին մենք ինքներս կարող ենք մեզ պաշտպանել, որ ռուս սահմանապահները մեզ պետք չեն, և Հայաստանը ինքը կարող է պաշտպանել իր սահմանները թշնամիներից:

ՈՒ մեկը չկա հարցնի այդ խենթ ու խրոխտ, «դուխով» այրերին, թե ինչպե՞ս պետք է իրականացվի հայ-թուրքական սահմանի հսկողությունը, եթե ընդունենք, որ ռուս սահմանապահները հեռանում են։

Արդյոք մեր բանակի և սահմանապահ զորքերի թվակազմը բավարարու՞մ է հայ - ադրբեջանական սահմանը ողջ երկայնքով հսկելու համար։

Եթե ռուս սահմանապահները հեռանան հայ-թուրքական սահմանից, հայկական բանակը և սահմանապահ զորքերը պետք է հսկեն հավելյալ ևս 311 կիլոմետր երկարությամբ սահման:

Ինչպե՞ս:

Անգամ, եթե սահմանների ողջ երկայնքով ամեն 10 մետրին կանգնեցնեք 1-2 զինվոր, ինչքանո՞վ է այն համարվելու անառիկ ու պաշտպանված, այն էլ Թուրքիայի պես գերռազմականացված պետության համար:

Ո՞վ չգիտի, որ լավ է, թե վատ, սահմանին կանգնած ռուս զինվորի հանգամանքով է պայմանավորված հայ-թուրքական սահմանի անձեռնմխելիությունը:

Որ եթե նրանք դուրս գան սահմանից, Թուրքիային կպահանջվի ժամեր, որ կտրեն Հայաստանը Արևմուտքից ու հասնեն արևելյան սահման:

Ո՞վ չի հասկանում, որ նման հայտարարությունները նոր իրականություն է ստեղծում՝ նախորդից ավելի վտանգավոր ու ավելի ռիսկային։

ՈՒ՞մ կարիք կա բացատրելու, որ միջպետական պայմանագրով ռուսները պահում են ԱՊՀ սահմանները, մասնավորապես, Թուրքիայի հետ սահմանը։ Եվ շատ հավանական է, որ գործող իշխանությունների արկածախնդրությանը ռուսները շատ հանգիստ պատասխանեն, ասելով՝ եթե պնդում եք, ապա ոչ մի խնդիր, և ոչ միայն Զվարթնոցից ենք դուրս գալիս, այլև՝ մյուս սահմաններից։

ՈՒ մենք կստանանք նոր իրականություն՝ բաց ու անպաշտպան հայ-թուրքական սահման։

Դե հա, նրանց փոխարինած եվրադիտորդները կգան կվերահսկեն ողջ սահմանը և այն կլինի անառիկ ու պաշտպանված:

Կամ այդ ինչ «մուխլյոժներ ու մուտիտներ» են անում Ներքին Հանդում տեղի ունեցածի շուրջ, թե բա եվրադիտորդներին չեն թուլատրել մուտք գործել այդ տարածք՝ պատճառաբանելով թե ռուս զինվորներն են արգելք հանդիսացել:

Եվ սա այն պարագայում, երբ անձամբ վարչապետն է 44-օրյա պատերազմի ժամանակ խնդրել Պուտինին, որ ռուսական զորքերը գան Մեղրիից մինչև Տեղ հատվածում կանգնեն, որպեսզի Ադրբեջանը չգրավի Սյունիքը, դեռ մի բան էլ ասվել է, որ եթե ռուսական զորքը Ռուսաստանի դրոշներով չկանգներ Սյունիքում, Ադրբեջանն այն գրաված կլիներ:

Ինչևէ…

Ցինիզմի, ստորության, դիլետանտության ու տգիտության սահմանագլխին ենք:

Իսկ այդ ամենը տանում է կոլապսի:

Հա՛յ ժողովուրդ, բազմիցս եմ ասել.

այո՛, մենք չպետք է կաշկանդված լինենք ցանկացած երկրից գնել ցանկացած սպառազինություն, ռազմաստրատեգիական ոլորտում համագործակցել ցանկացած պետության հետ:

Սակայն փաստ է, որ ոչ մեկը մեր փոխարեն մեզ չի պաշտպանելու, մեր հետ, առավել ևս մեր փոխարեն չի կռվելու:

Մեր խնդիրը՝ խաթարված ռազմաքաղաքական բալանսի վերականգնումն ու սեփական բանակի վերազինումն է:

Իսկ մինչ այդ, առանց վայրիվերումների ու արկածախնդրությունների, բալանսավորված ու կոմպլեմենտար արտաքին քաղաքականության վարումն է:

Այս պահին մենք այլընտրանք չունենք, բայց արկածախնդրությունների դիմելու «ռեսուրսներ» ունենք:

Բոլորը ճնշում են գործադրում.

ռուսն իր «փորացավով», Արևմուտքն իր պլաններով, Թուրքիան ու Ադրբեջանն էլ իրենց նկրտումներով:

Այս խառնիճաղանջ իրողությունների մեջ թատերաբեմ Հայաստանում սթափության ու հեռատեսության պակաս կա:

Մնում է հուսալ, որ չի կրկնվի 100 տարի առաջ տեղի ունեցածը (Ալեքսանդրոպոլի պայմանագիրը), քանզի բոլոր նախադրյալները տանում են դրան:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ