Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Մեր մանրանալու պրոբլեմի հիմքում ընկած է հզոր հարևանների մշտական առկայությունը

Մեր մանրանալու պրոբլեմի հիմքում ընկած է հզոր հարևանների մշտական առկայությունը
07.03.2023 | 07:34

Մեր պատմության ու էության հետ առնչվող հիմնարար բնույթի չլուծված պրոբլեմներից է մեր ազգային հոգեբանության մանրանալու ու խուրդա դառնալու և, ըստ այդմ, աստիճանաբար պետական մտածողությունը համարյա լրիվ կորցնելու երևույթ-ֆենոմենը։


Ինչքան էլ պնդենք, որ այդ պրոբլեմը մենք վաղուց ենք հասկացել, այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ այն ունի բազմաթիվ մութ ծալքեր, որոնք հասկացված չեն։
Ընդհանուր առմամբ, դա վերաբերում է մեր պատմությանը, որի ուռա հայրենասիրական շարադրանքը մեր հոգեբանության մեջ բազմաթիվ թյուրիմացություններ է ծնել, որոնք էլ այսօր մեզ արջի ծառայություն են մատուցում։


Բանը հասել է նրան, որ մեր արհեստական փոքրիկ օթյակից դիտելով աշխարհը՝ աշխարհակալ ժողովուրդներին երբեմն սխալ ենք հանում, այն էլ՝ առանց հայելու մեջ նայելու։
Պետք է նաև ընդունել, որ Արտաշեսյանների պիկից հետո մենք անընդհատ ունեցել ենք հոգեբանական անկման ու խուրդայանալու ընթացք, որը շարունակվել է նաև Արշակունիների օրոք։


Այնպես որ, արդեն Խորենացին հստակ կերպով տեսնում էր այդ հոգեբանական անկումը և աշխարհին նայում էր խեղճի տեսանկյունից, որի համար ուժեղներն ուրիշներն են։
Նույն ձևով հայկական ժողովրդական հեքիաթների մեջ սուլթանն ու թագավորը ուրիշներն են և, ընդհանրապես, խեղճ լինելու հանգամանքը զգացվում է մեր բոլոր հեքիաթներում, նույնիսկ, եթե դրանք իմաստուն ու արժեքավոր մտքեր են պարունակում։
Հոգեբանորեն մեր մանրանալու ու փոշիանալու պրոբլեմի հիմքում, պատմական որոշ էտապից հետո, ընկած է հզոր հարևանների մշտական առկայությունը, որոնք, որպես համեղ պատառ, ուզում են տիրել Հայաստանին՝ հնարավորինս պառակտելով երկիրը, որն արդեն պառակտված էր՝ իր աշխահագրական առումով կտրտված լինելու պատճառով։
Բայց դրա հետ միաժամանակ հարց է առաջանում, թե բա դրանից առաջ որն էր պատճառը, որ մենք չէինք այդ ուժեղը, որ ուրիշները մեր արանքում մնային։
Չէ որ մենք տարածաշրջանում ամենամեծ տարածք զբաղեցնող ու նաև մեծաթիվ ժողովուրդներից մեկն էինք։


Դրա բնական պատճառը այն կարող էր լինել, որ մենք համապատասխան հզորություն չունեինք։
Եվ, ընդհանրապես, այն տպավորությունն է ստեղծվում, որ մեր գումարային հզորությունը երբեք չի համապատասխանել մեր հնարավորություններին, որի պատճառը կարող էր լինել այդ հզորության վատնումը պառակտված մասերի միջև անիմաստ ներքին պայքարով։
Մի հանգամանք, որը ներկայում ևս արտահայտվում է մեր մարդկանց միջև փոխադարձ ագրեսիայի բարձր մակարդակով, որն էլ իր հերթին չի թողնում ձևավորել շատ թե քիչ լուրջ ու միասնական ազգային գաղափար։


Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8282

Մեկնաբանություններ