Լատվիայի ղեկավարի հետ հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը խուսափում է մասնակցելուց սահմանազատման հանձնաժողովի նիստին։
Ի պատասխան, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում գտնվող Արաբաթը նիկոլական շուստրիությամբ պարզաբանում է, որ հայաստանյան կողմը գործադրում է ջանքեր՝ հայ-ադրբեջանական բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներ փոխադրելու համար, և որ վերը նշված նիստին հայաստանյան կողմի չմասնակցելը «տեխնիկական հարց է»։
Հույս ունենք, եզրափակում է Արաբաթը, որ այդ տեխնիկական դետալները համաձայնեցնելուց հետո այդ նիստը տեղի կունենա առաջիկայում։
Այս մանվածապատ զրույցը կարելի է մի քանի իմաստով մեկնաբանել։ Նախ, որ «Դիմադրության շարժումն» արդեն տալիս է որոշ արդյունքներ, որոնց շնորհիվ Նիկոլը կամա-ակամա հապաղում է սկսել Ադրբեջանը ճանաչելու և Արցախը դրա կազմ «մտցնելու» պրոցես։ Երկրորդ՝ հնարավոր է, որ առկա է պայմանավորվածություն Նիկոլ-Իլհամ քիրվաների միջև, ճանաչման պրոցեսի մեկնարկը ձգձգել, ինչը առիթ կհանդիսանա Ադրբեջանի հարձակման և, ըստ այդմ, ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու, «Դիմադրության շարժումը» բանակով խեղդելու, հընթացս՝ մի շարք տարածքներ (օրինակ՝ անկլավները) հանձնելու և, ի վերջո, ճանաչման պրոցեսն ավարտելու համար։ Եվ երրորդ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն, մեղմ ասած, «հիացած չէ» հայ-ադրբեջանական «խաղաղության» պրոցեսով, որը, նիկոլական սցենարով ընթանալու և ավարտվելու դեպքում, վերջ կդրվի ռուսական ներկայությանը և՛ Արցախում, և՛, ի վերջո, Հայաստանում, հետևաբար Նիկոլի վրա գործադրում է անհրաժեշտ ճնշումներ։
Ամեն դեպքում հստակ է, որ թուրքական և թուրքամետ ուժերի պլանների իրագործումն առժամանակ սառեցված է, ինչը հականիկոլական ուժերին հնարավորություն կտա իրագործել իշխանափոխություն, եթե միայն ժամանակային և մարդկային ռեսուրսներն օգտագործվեն արդյունավետ։
Տիգրան Աթանեսյան