...Լուսանկարում Մխիթար Գալեյան ծնած ընտանիքն է` իմ հավերժ հերոսը , նրա հայրն ու մայրը։ Նա այն Մխիթար Գալեյանն է, ով մինչև վերջին շունչը մարտնչեց թշնամու դեմ` մինչև վերջ էլ հավատալով, որ Հայրենիքն է պաշտպանում։ Նա անմահացավ, բայց չտեսավ, որ իր ու հազարավոր մեր եղբայրների պաշտպանած Հայրենիքը դավադրաբար հանձնվել է թշնամուն, իսկ վերջին բեկորն` այս մի բուռ Հողն էլ դեռ վտանգված է։
Լուսանկարում հերոսի ծնողներն են, այն մարդիկ, ովքեր այս անբուժելի ցավը սրտում դեռ պայքարում են, որ մեր ապագա սերունդները Հայրենիք ունենան։ Պայքարում են, որովհետև թշնամուն թողնելու երկիր չունենք։ Եվ ինչքա՜ն ապազգային պետք է լինել, որպեսզի Հերոսի հորը բավական չէ, չեն ճանաչում, դեռ բռնի ուժով բերման ենթարկելու ապօրինի հրահանգ են կատարում։ Անմահացած
Հերոսի հոր վրա ձեռք բարձրացնելը դուրս է բոլոր բարոյական նորմերից։ Հետաքրքիր է` այս ապազգային հրահանգը կատարող ոստիկաններն ու քննիչները ի՞նչ են պատմելու իրենց սերունդներին։ Ասելու են` «Իմ աշխատանքն էր, կատարու՞մ էի»... Սա ՞ է լինելու «ինքնարդարացումը»։ Ոչ ոք ոչ մի արդարացում չի ունենալու։ Իսկ գիտե՞ք, որ վարչակարգերը միշտ գալու են ու գնան։ Այս հրահանգն արձակող հողատու, հայասպան խմբակն էլ է հեռանալու շատ շուտով։ Բայց մեզ համար մնալու է մի հավերժական հոգու ցավ , մի համազգային արժեք` Եռաբլուրը, որտեղ անմահացած տղերքն են` անմահների գունդն է։ Եվ սա չգրված օրենք է լինելու բոլոր ժամանակների համար։ Ինչպե՞ս եք նայելու հերոսացած մեր եղբայրների ընտանիքների աչքերին։
Հերոսների ծնողները մեր հոգևոր դաշտում այլևս սրբազան արժեք են։ Ու նրանք ամենամեծ իրավունքն ունեն իրենց պայքարն ու հոգու ճիչն արտահայտելու։ Մենք էլ պարտավոր ենք նրանց կողքին կանգնելու, եթե ուզում ենք որպես ազգ հարատևել։
Հանե՛ք ձեր սև ու կարմիր բերետները հերոսների ծնողների առաջև։ Ձեր երեխաները նրանց զավակների ` Հայրենիքին նվիրաբերած կյանքերի շնորհիվ են մեծանում։ Մենք առանց այդ էլ հերոս տղերքին ուժեղ, ազգային երկիր ենք պարտք։ Իսկ այդ հերոսների շարքերում նաև ոստիկանական զորքերի տարբեր ստորաբաժանումների հրաշք սպաներ էին, որոնք ,եթե ողջ լինեին, հաստատ կթողնեին ծառայությունը այսպիսի իրավիճակում ու չէին կատարի որևէ ապօրինի հրահանգ։
Իմ սիրելի Հերոսամայր, մեր սիրելի տիկին Աստղ, ես Ձեր ընտանիքի կողքին եմ` ոչ միայն որպես հայուհի, այլև որպես անմահացած հերոսի քույր։ Իսկ երբ իմ ներկայության կարիքը զգաք, Ձեր ընտանիքի շահերին կծառայեմ որպես ազգային արժեքների կրող լրագրող։ Այսպիսի իրավիճակները չեն ներվելու։ Առողջություն եմ մաղթում մեր հերոս Մխիթարի հայրիկին, Աստված ապավեն լինի Ձեզ ու իմ հերոս Մխոյի փոքրիկ եղբորը, որի աշխարհ գալուն սպասում ենք օր օրի։ Ամբողջ ազգն է նրան սպասում։ Եղեք ամուր։
Հասմիկ Պողոսյան