«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը իր բլոգում գրում է, որ Հայաստանում հետպատերազմյան այս փուլում հանրային սուր հարցադրումները և զգացմունքային քննարկումներն անխուսափելի են։
«Ի վերջո կատարվել է ամենասարսափելին, աղետալին՝ մենք թույլ ենք տվել մի պատերազմ, մեծագույն մի ողբերգություն, որի դեմը պիտի առած լինեինք։ Մեղքերը՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների, յուրաքանչյուրիս բաժինը, ակնհայտ են։ Սակայն զուր են հանրային սուր բանավեճերը, մեր հասարակության խմորումները, դաժան առերեսումները իրականության և ճշմարտության հետ, եթե յուրաքանչյուրս իր տեղում չի գործում իր ամբողջ պատասխանատվությամբ»,– գրել է նա։
Ըստ Բլեյանի՝ անգամ իշխանության փոփոխությունը ոչինչ չի տա առանց ներհայաստանյան հաշտության։ «Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև նա չարեց ամենակարևորը՝ չբացառեց պատերազմը. սա հասկանալի է։ Դիմում եմ Ազգային ժողովին, իշխող խմբակցությանը՝ «Իմ քայլին»։ 2018-ին դուք ձևավորվել էիք որպես թարմության, փոփոխության ուժ, ոչ որպես մեկ հոգու խմբակցություն։ Ձեր մեջ ուժ գտեք՝ անելու անհրաժեշտ փոփոխությունները, ձեր նախաձեռնությամբ։ Սա կբերի երկրում կառավարելիության վերականգնմանը, և հանրային հուզումների հանդարտեցման միջավայր կհաստատի»,– գրել է նա։
Աշոտ Բլեյանը նաև նշել է, որ բարդ քննարկումներ և շատ-շատերի համար դժվար ձևակերպումներ այսուհետ լինելու են շատ երկար ժամանակ. դրանից պետք չէ վախենալ։ «Մենք հիմա պետք է սովորենք ապրել հազարավոր վիրավոր մեր 18-20 տարեկանների հետ, պատերազմին մասնակցած ու լրիվ ուրիշ մարդ տուն վերադարձած մեր տղաների հետ, որոնց մեջ քիչ չեն նաև բլեյան դպրոցի սաները։ Մենք՝ որպես սերունդ, պետք է փորձենք նրանց ներումին արժանանալ ոչ միայն նրանց կյանքի ու կենցաղի հնարավորինս բարելավելու մեր ջանքերով, սա ենթադրվում է, այլև ի վերջո փոխելով մեզ ներսից, նրանց հետ ապրենք հասարակական հաշտության-համակեցության պայմաններում…»,– գրել է նա։