Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 11-ին Երևանում և մարզերում բողոքի ցույցերին: ԶԼՄ-ներն ընդգծել են ակցիայի մասշտաբային բնույթն ու ուշադրություն հրավիրել ձերբակալություններին: НТВ հեռուստաալիքը գրում է, որ դեկտեմբերի 11-ին Երևանում բողոքի ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության աշխատակիցների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև։ Ոստիկանությունն ձերբակալել է մի քանի տասնյակ ցուցարարների։
«Մարդիկ վանկարկում են «Հայաստանն առանց Նիկոլի» և «Նիկոլ դավաճան»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Vesti.ru-ն նույնպես հաղորդում է ցույցերի ընթացքում ձերբակալությունների և բախումների մասին՝ նշելով, որ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և մյուս ընդդիմադիր ակտիվիստներին։
Երևանում և մարզերում ցույցերը լուսաբանել է նաև «Իզվեստիայի» թղթակիցը՝ հայտնելով, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից ոմանց նստեցրել են ոստիկանական մեքենաներ, իսկ ակցիայի մյուս մասնակիցները երթ են կազմակերպել կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով «Հայաստանն առանց Նիկոլի» և «Նիկոլ դավաճան»։
ՏԱՍՍ-ը, անդրադառնալով ցույցերին, նշում է, որ Երևանի մի քանի փողոցներից միանգամից սկսվել են ընդդիմության կողմնակիցների երթերը, որոնք շարժվել են դեպի Ազատության հրապարակ։ Այնտեղից ընդդիմադիրներն իրականացրել են «արժանապատվության երթ»՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ ՏԱՍՍ-ի թղթակից նաև հայտնել է, որ Մոլդովական, Թոթովենցի, Ազատության և Ադոնցի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կանգնեցվել է, իսկ առավոտյան ցուցարարները կաթվածահար են արել Երևանի մետրոյի աշխատանքը:
ՌԻԱ Նովոստի-ն գրում է, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները երթով անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և հասնելով կառավարության շենք՝ հանրահավաք են անցկացրել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Գործակալությունն ավելի ուշ հաղորդել է, որ Երևանում ցույցերին զուգահեռ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը։ Ձերբակալությունների, ոստիկանության աշխատակիցների ու ցուցարարների միջև բախումներին անդրադարձել է Կոմերսանտը հաղորդելով, որ ցույցերի ընթացքում տուժել են երկու քաղաքացիներ։
Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 11-ի բողոքի ակցիաներին անդրադարձել են նաև ռուսական «Գազետա» թերթը, «Սպուտնիկ» ռուսական ռադիոն, «Ռեգնում» լրատվական գործակալությունը, «Լենտա»-ն։