ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում

ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում
07.10.2020 | 16:40

Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ադրբեջանի կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի դատախազական միջազգային կառույցներում։ Ուշադրություն է հրավիրվել, որ Ադրբեջանի կողմից, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացվում են լայնածավալ ռազմական գործողություններ:

Դատախազը նշել է, որ Հայաստանի և Արցախի բազմաթիվ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական, այդ թվում նաև բնապահպանական, բնակչության քաղաքացիական պաշտպանության, կրթական ենթակառուցվածքները թիրախավորված հարվածներ են ստանում հեռահար հրթիռների միջոցով, որոնց հետևանքով Հայաստանի և Արցախի պետական սահմանին մերձ բնակավայրերի, Արցախի՝ շփման գծից զգալիորեն հեռու քաղաքների, գյուղերի բնակչության շրջանում 20-ից ավելի քաղաքացիական անձ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ են մահացել, մեծ թվով քաղաքացիական անձինք մարմնական վնասվածներ են ստացել, անձանց գույքին պատճառվել են մեծածավալ վնասներ։
Արթուր Դավթյանը շեշտել է նաև, որ Ադրբեջանի ռազմական գործողություններում անմիջականորեն ներգրավված են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան զինյալներ, առկա տվյալները վկայում են զինված հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության, նրա ազդեցությամբ հակամարտության էսկալացիայի խորացման մասին:


Գլխավոր դատախազը ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդին կոչ է արել օգտագործել իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու ազդեցությունը՝ նպաստելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և իրենց միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված միջազգային հանրության, հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ամենաբարձր մակարդակով գործադրվող ջանքերին:

Դիտվել է՝ 2422

Մեկնաբանություններ