Վերջին օրերին կրթական ոլորտի ամենաքննարկվող թեման «Այբ» դպրոցին կառավարության կողմից տարեկան ավելի քան 600 մլն դրամ ֆինանսավորում հատկացնելու իրողությունն է, ինչը, ըստ կրթության ու գիտության նախարարության նոր թիմի, քաղաքական որոշում է:
«Արարատյան բակալավրիատ» ծրագրի համար դպրոցին տրամադրվող ֆինանսավորման շուրջ արդեն տևական ժամանակ հեռակա բանավեճ է ընթանում կրթության և գիտության նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր ՄԵՍՐՈՊ քահանա ԱՐԱՄՅԱՆԻ միջև:
Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե պետք է ուսումնասիրել վերոնշյալ հաստատության ֆինանսական վիճակն ու «Արարատյան բակալավրիատի» աուդիտ անցկացնել, վրդովեցրել էր «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանին, որը, ըստ ԿԳ նախարարի, այս տարիներին կրթության ոլորտին մեծագույն վնաս է հասցրել:
Հոգևորականն էլ Facebook-ի իր անձնական էջում շտապել էր նկատել, թե իր ղեկավարած «Արարատյան բակալավրիատը» մեծագույն ձեռքբերում է, ապա անդրադառնալով նախարարի աշխատելաոճին, գրել. «Եթե «դուխ» ունես, այլևս «դուխից» չես խոսում, այլ գործ ես անում, ինչը հայտարարն է հոգու»:
«Կրթական օլիգարխը խուճապի մեջ է»,- հետևել էր նախարարի պատասխանը տեր Արամյանին:
Կրքերն այսքանով չէին հանդարտվել, և խնդրին անդրադարձել էր նաև դպրոցի հիմնադիր ու նվիրատու Դավիդ Յանը: Վերջինս, կարծես, «մատ է թափ տվել» նորանշանակ նախարարի վրա, ընդգծելով, որ եթե վերջինս չփոխի իր վերաբերմունքը «Այբ»-ի նկատմամբ, ապա իրենք՝ ամուսիններով, ստիպված կլինեն վերանայել կրթական համակարգին օժանդակելու իրենց ցանկությունը:
Ըստ «Այբ»-ի տնօրեն Արամ Փախչանյանի՝ ո՛չ «Այբ» հիմնադրամը, ո՛չ էլ դպրոցը երբեք քաղաքականացված չեն եղել: «Հիմնադրման օրվանից մեր գաղափարախոսության հիմքում ունեցել ենք հետևյալ դրույթը. մշտապես համագործակցել իշխանությունների հետ, քանի որ հանրակրթության առաջխաղացումը, առանց նախարարության հետ համագործակցության, պարզապես անհնար է»,- ասում է նա:
Նկատենք, որ նախարարությունը վերապահումներ ունի ոչ միայն «Այբ»-ում «Արարատյան բակալավրիատի» ֆինանսավորման, այլև այդ ծրագրի նկատմամբ առհասարակ: Ըստ նախարարի՝ ծրագիրը կրթական ոլորտում կարող է էլիտար կղզյակներ ստեղծել:
«Արդարացի՞ է արդյոք մի դպրոցի բավականին շատ գումար տրամադրել, որ այն դառնա հիանալի դպրոց, մյուս դպրոցում հիգիենայի տարրական պայմաններ անգամ չունենալով»,- մեկնաբանում են նախարարությունից:
Ի հակադրություն նախարարության մեկնաբանության՝ Փախչանյանը նկատում է՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում կան ավելի լավ ու ավելի վատ դպրոցներ, ինչն իրողություն է: «Այբ»-ն էլիտար դպրոց չէ, այն էլիտա ձևավորող է: Եթե զուտ այդ սկզբունքով շարժվենք, որ բոլոր դպրոցները լինեն հավասար, ապա նույն տրամաբանությամբ պետք է քանդենք ֆիզմաթ դպրոցն ու, առհասարակ, բոլոր կրթօջախները կազմալուծենք և արդուկով հավասարեցնենք բոլորը: Բնականաբար դա կհանգեցնի նրան, որ կվատթարանա կրթությունը: Պետք է լինեն կրթօջախներ, որոնք օրինակ կծառայեն մյուսների համար, բայց սկզբունքայնությունը, որ կրթություն ստանալու հավասար պայմաններ ունեն բոլորը, անառարկելի է»,- մեկնաբանում է տնօրենը:
Լավ ու վատ դպրոցներ ունենալու հարցում Փախչանյանի հետ համակարծիք է նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ աշխարհի բոլոր երկրներում էլ կան լավ ու վատ դպրոցներ, և դա ոչ միայն ֆինանսական ռեսուրսների պատճառով, այլև այն տրամաբանությամբ, որ երեխաներն ու նրանց ընդունակություններն են տարբեր:
Նախարարություն-«Այբ» հիմնադրամ լարված հարաբերությունները բուռն քննարկում են նաև Facebook-ի հայ օգտատերերը: Մարդիկ կրկին «դեմ»-ի ու «կողմ»-ի ճամբարների են բաժանվել: Փորձագիտական վերլուծություններից զատ՝ օգտատերերը կարծիք են հայտնում տեսածի ու լսածի մասին: Նրանցից ոմանք նշում են, թե «Այբ»-ում սովորելով՝ դիմորդները բուհական ընդունելություն հանձնելու համար դիմում են կրկնուսույցների օգնությանը: Կարծիք կա նաև, թե կրթական մակարդակն այս դպրոցում ցածր է՝ ի հակադրություն բարձր վարձավճարների:
«Իրատեսը» կապ հաստատեց դպրոց հաճախած աշակերտներից մեկի ծնողի հետ: Վերջինս, որ հայտնի քաղաքական գործչի կին է ու չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում հավաստիացրեց՝ երեխային «Այբ»-ից այլ դպրոց տեղափոխելու խնդիրը դպրոցի կրթական ցածր մակարդակը չի եղել:
«Բնավ, ուղղակի ես այլ արժեհամակարգի սպասումներ ունեի»,- ասաց նա՝ մանրամասնելով. «Ի սկզբանե ցանկացել եմ, որ երեխաս կրթություն ստանա այնպիսի միջավայրում, որտեղ գերակշռում են ազգայինն ու հոգևորը: «Մաշտոցյան գաղափարախոսությամբ». այս արժեհամակարգն էի ցանկանում տեսնել, որի մասին դպրոցի հիմնադրման օրվանից խոսում է տեր Մեսրոպը: Բայց այդ ամենը ես չնկատեցի, ու որոշեցինք փոխել դպրոցը»:
Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ կրթական բարձր որակը ապահովված է այդ դպրոցում, ավելին, լաբորատոր այնպիսի սարքավորումներ կան, որոնց հնարավորությունը Հայաստանի հանրակրթական որևէ դպրոց չունի: Երեխաներին հավելյալ՝ կրկնուսույցի մոտ պարապմունքի ուղարկելու խնդիր էլ, պարզվում է, չկա:
«Իրատեսի» հետ զրույցում, անդրադառնալով «Այբ»-ի շուրջ ստեղծված մթնոլորտին, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ հանրային վստահությունը պետք է շատ զգուշորեն օգտագործել: «Պետք էր սպասել, ստանալ ուսումնասիրությունների արդյունքները և հետո միայն հայտարարություններ անել։ Ճիշտ կլիներ, որ ծրագրի աուդիտ հայտարարվեր՝ ֆինանսական և իրավական, հանդիպում նախաձեռնվեր «Այբ»-ի ուսուցիչների, աշխատակիցների ու ղեկավարների հետ, հասկանային իրավիճակն ու հետո, այդ ամենն ամփոփելով, հրապարակեին որոշակի եզրակացություն: Բայց լրիվ հակառակը եղավ, ու հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ նախարարությունը կամ պետք է ապացուցի իր հայտարարության արդարացիությունը, կա՛մ հետքայլ անի ու ասի՝ սխալվել եմ»,- ասաց Խաչատրյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ նոր կառավարությունում այժմ հետհեղափոխական ոգևորություն կա, ինչն էլ նման հայտարարությունների առիթ է դառնում, բայց դա պետք է մի կողմ դնել ու սկսել սթափ մտածել:
ԿԳ նախարարությունը, կարծես, սթափ մտածելու առաջին քայլն արել է՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպելու «Այբ»-ի տնօրենության հետ ու քննարկելու ստեղծված իրավիճակը: Նախարարությունից մեզ տեղեկացրին նաև, որ եթե ֆինանսական աուդիտ անցկացնելուց հետո պարզվի, որ «Արարատյան բակալավրիատի» ֆինանսավորումը դադարեցնելու հիմքեր չկան, ապա «Այբ»-ը կշարունակի հատկացումներ ստանալ պետական միջոցներից:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ