«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«ՈՒսուցիչների զգալի մասն իրեն զգում է պատերազմական թատերաբեմում»

«ՈՒսուցիչների զգալի մասն իրեն զգում է պատերազմական թատերաբեմում»
24.05.2018 | 21:43

«Մեր դպրոցականները վերջին իրադարձությունների ժամանակ ցույց տվեցին, որ իրենք էլ կարող են դիրքորոշում ունենալ: Գուցե դիրքորոշումը լինի ոչ այնքան հիմնավոր, զգացմունքային, բայց ես կարծում եմ, որ դիրքորոշում ունենալն ամենաճիշտ ճանապարհն է ճշմարտության հասնելու համար: Իսկ այն, որ դպրոցներում կան ազատ մտածող մարդիկ, նաև մեր ուսուցիչների դաստիարակության արդյունքն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆԸ: Կրթական ոլորտը մաքրելու նոր կառավարության փորձին անդրադառնալով` բանախոսը նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը առավել հիմնավոր ընկալել է կրթութան և գիտության նախարարը, մնացած նախարարները, որ թվում էր, թե ավելի գործուն պետք է զբաղվեին դրանով, լռում են կամ առաջարկում են տեսական գաղափարներ:


Այն, որ դպրոցներում ունենք խնդիրներ և դրամահավաքության, և գնահատականների, և կադրերի նշանակման հետ կապված, լեզվաբանը չի ժխտում, սակայն, նրա կարծիքով, դրանք մեր երկրի առաջ ծառացած հրամայականների համեմատ երկրորդ-երրորդ պլանում են: Հավելում է նաև, որ չափազանց վտանգավոր է ուսուցիչների դերի նսեմացումը. «Մեր ուսուցիչների զգալի մասն իրեն զգում է պատերազմական թատերաբեմում: Մանավանդ որ նրանք ամենախոցելի խավն են և սոցիալապես, և դիրքով: Մարդիկ, որոնք ստանում են 60-70 հազար դրամ աշխատավարձ, իրենց զգում են որպես երկրի խորթ զավակներ»:
Նարինե Դիլբարյանը մատնանշում է նաև արտերկրի փորձը, օրինակ, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում ծնողները, իհարկե, կամավորության սկզբունքով, կարող են մասնակցել դպրոցի վերաշինությանը: «Դպրոցն այն տեղն է, որտեղ մեր երեխաներն են մեծանում, ամեն դրամահավաք չէ, որ պայմանավորված է կոռուպցիոն նկատառումներով»,- ասաց նա:

Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կարծիքով` դպրոցը պետք է ունենա հոգաբարձուների խորհուրդ, որը կվերահսկի, թե որտեղից են գալիս ու ինչ նպատակով են ծախսվում գումարները:
«Երևանին մոտ գյուղի դպրոցի երեխան ավարտում է դպրոցը, բայց մայրաքաղաքում երբևէ չի եղել, չի տեսել նախագահի, կառավարության շենքերը, չի եղել թանգարաններում, ինչու՞, որովհետև դպրոցի տնօրենը վախենում է փող հավաքի, էքսկուրսիա կազմակերպի,- ասաց սոցիոլոգը` նշելով նաև խնդրի հակառակ կողմը: Սոցհարցման արդյունքում պարզել են, որ մարզերից մեկի դպրոցների երեխաների 25 տոկոսը համապատասխան հագուստ չունի: Դրամահավաքն այս դեպքում նսեմացնող բաղադրիչ ունի: Երեխան բարդույթավորվում է, երբ ծնողը չի կարողանում վճարել: Սոցիոլոգը բերում է ԱՄՆ-ի օրինակը, ըստ որի` պետք է լինի հոգաբարձուների խորհուրդ, ծնողների մի մասը կմասնակցի դրամահավաքին, մյուս մասին կօժանդակեն հիմնադրամի միջոցներով . «Եվ դա կլինի ժամանակակից դպրոց: ԱՄՆ-ն ամեն աշակերտի համար և առաջին, և ավարտական դասարաններում, վճարում է հինգ ու կես հազար դոլար: Դպրոցի հոգաբարձուների խորհուրդը կրկնապատկում է այդ գումարը: Ինչու՞: Դպրոցն ունի բասկետբոլի թիմ, որը մասնակցում է մարզային մրցումների, ո՞վ պետք է ծախսերը հոգա, դպրոցականները որոշել են սիմֆոնիկ նվագախումբ ունենալ, ո՞վ պետք է երաժշտական գործիքներ գնի»:

Բանախոսը նշում է, որ կրթական համակարգի խնդիրներն ավելի կարևոր են, քան կոպեկները, որոնց հետևից ընկել են. «Իբր դպրոցի հիմնական խնդիրը կաշառակերությունն է: Ոչ, հնաոճ տեխնոլոգիաներն են, որոնք պետք է կարողանանք փոխել մոտակա 5-10 տարում: Մենք ապրում ենք պոստմոդեռնի դարաշրջանում, որն ունի իր պահանջները: Մեր շրջանավարտը չի համապատասխանում դարաշրջանի պահանջներին»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ