Հեղափոխման հերթը հասավ դպրոցներին: Այսօր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ցույց են իրականացրել դպրոցի դիմաց՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Ցուցարարները նշել են, որ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը փորձել է թույլ չտալ իրենց մասնակցել «Իմ քայլը» նախաձեռնության ցույցերին: Այն, որ դպրոցի տնօրեններն իսկապես վաղուց պետք է հասկանային, որ իրենք կրթական հաստատություն են ղեկավարում, ոչ թե ՀՀԿ-ի ընտրական շտաբ ու խիստ շահութաբեր օբյեկտ, դեռ մի կողմ, բայց տնօրենի հրաժարական պահանջողները իրենց շեշտադրումները մի փոքր այլ են դրել:
Եթե հիմա յուրաքանչյուր հիմնարկության աշխատող պահանջի տնօրենի հրաժարականն այն բանի համար, որ թույլ չի տվել մասնակցել ցույցին, ինչն իսկապես դատապարտելի է, և տնօրենը պետք է դրա համար պատասխան տա, ի՞նչ կստացվի:
Խնդիրը պետք է այլ հարթություն տեղափոխել, ի՞նչ է կատարվում այդ ու ՀՀԿ-ական այլ տնօրենների դպրոցում, ինչպիսի՞ դրամահավաքություն է կատարվում, ի՞նչ բարքեր են տիրում կրթական այդ հաստատությունում: Ցուցարար ուսուցիչները պետք է հայտարարեն, թե ժամանակին ինչպես էին մի մարդու նման, կոպիտ ասած, քշվում ՀՀԿ-ական տարբեր հանրահավաքներին, ինչպես էին ներգրավվում ընտրական գործընթացներում ու ծնողներից ձայներ հավաքում... անթիվ են խնդիրները, էլ չենք խոսում կրթադաստիարակչական բազմաթիվ անհասկանալի մեթոդների մասին: Ասել կուզի՝ ճիշտ են անում ուսուցիչներն ու աշակերտները, որ իրենց իրավունքների համար պայքարում են ու պահանջում տնօրենի հրաժարականը, պարզապես հրաժարականի համար պետք է առավել թիրախային փաստարկներ նշել, որոնք ոչ պակաս խաթարում են կրթադաստիարակչական գործընթացը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ