«Այս օրենքի ընդունումից հետո մեր բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ»,- ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը գործադիրի երեկվա նիստում` ներկայացնելով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որն էլ հաստատվեց: «Նոր մոտեցումը կնպաստի՞ ուսանողների թվի ավելացմանը, եթե չմոռանանք, որ վերջին 3 տարում նկատվում է դիմորդների թվի նվազեցում: Եվ հետո, հեռակա ուսուցման ոլորտում կատարված փոփոխությունները լիովին կվերականգնե՞ն հեռակա ուսուցումը»,- հարցրինք նախարարին։
«Այս նախագիծը կնպաստի ուսանողների թվի ավելացմանը: Հասարակության մեջ տպավորություն կա, որ բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների ներգրավվածության տոկոսը շատ բարձր է, սակայն այն 51-52 %-ի շրջանակում է, այն դեպքում, երբ միջազգային չափանիշը 60-65 %-ն է: Այնպես որ, այս ուղղությամբ անելիքներ շատ կան: Այո, այս տարի մի փոքր դժվար տարի է սպասվում՝ բարեփոխումների հետևանքով շրջանավարտների թիվը 10000 կլինի, ինչը հաջորդ տարի կկարգավորվի: Ինչ վերաբերում է հեռակա ուսուցմանը, ապա փոխվելու է մոտեցումը: Եթե այժմ տարին երկու անգամ կարճ ժամանակով հեռակա ուսուցման ուսանողը հրավիրվում է սովորելու, ապա այս նախագծով փոխվում է գործող օրենքի տրամաբանությունը: ՈՒսանողը, որը բակալավրական կրթության համար պետք է հավաքի 250 կրեդիտ 4-6 տարվա ընթացքում, և այն ուսանողը, որը աշխատում է, բակալավրիատի համար այդ կրեդիտները կարող է հավաքել 8 տարում՝ անցնելով մասնակի ուսուցման համակարգի, որը ամբողջությամբ փոխարինում է հեռակա ուսուցմանը: Այդ դեպքում հեռակա բաժնում սովորող ուսանողը ոչ թե տարվա մեջ երկու անգամ մեկ ամսով ձևականորեն դասի կգա, այլ կկարողանա այդ տարիների ընթացքում բաշխել իր կրեդիտները»,- ասաց նախարարը:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ