Ավագանու ընտրությունների ավարտվող քարոզարշավի առանձնահատկությունների կարճ քրոնոմետրաժը։
ա) Դրանք ավելի ակտիվ ստացվեցին, քան խորհրդարանական և նույնիսկ նախագահական ընտրությունների քարոզարշավը. պատճառներին չանդրադառնանք, տարողունակ կստացվի, պարզապես երկու ամենակարևոր գործոնները հատկանշենք. այն կրում էր նախագահականի իներցիան, դրա համար էր նաև այդքան ակտիվ, և ապա` վերջինն էր եռաֆազ ընտրական մարաթոնում, և ըստ դրա է որոշվելու կուսակցությունների տեղն ու դերը ապագա քաղաքական քարտեզում:
բ) Առաջին անգամ այսպես «հուժկու» ձևով կարևորվեց ՏԻՄ ընտրությունը, որպես ինստիտուտ, դրան միակցվեց քաղաքական բաղադրիչը, ինչը հասարակության, այդ թվում` քաղաքական ուժերի, որքան էլ պարադոքսալ թվա, հասունացման ցուցիչն է ազդագրում:
գ) Քաղաքական բոլոր ուժերը կանգնեցին պատմական և քաղաքական «ինվենտարիզացիայի», մի կողմից` պարտադրված, մյուս կողմից` ցանկալի հրամայականի առաջ:
Ծանրանալու ենք վերջինի վրա: Այս գործոնը յուրաքանչյուր կուսակցության, ինչպես ասվում է, «խելագարության հասցրեց յուրովի»:
ՀՀԿ. սրա դեպքում աչքառ ելան ներքին խնդիրները, որոնք «տակից» զարգանում էին խորհրդարանական և նախագահական ընտրություններին: ՀՀԿ մոդերատորը սերնդափոխության հարցը դրեց` մի կողմից, մյուս կողմից` անչափ հետաքրքիր կոնֆիգուրացիա կիրառեց. նա առայժմ չի փոփոխելու գործադիր մարմինը: Գրեթե չի փոխելու: Հարց. այդ ինչպե՞ս եղավ, որ, մի կողմից, արմատական քայլերի գնացող, ոստիկանությանը Գյումրու կրիմինալի, դրանից առաջ էլ ոստիկանապետին Րաֆֆու մոտ աղոթքի ուղարկած «ռեժիսորը» ցանկացավ այդքան «դանդաղ շտապել» կառավարության հարցում: Սա մտքներում պահեք, որպես առաջադրանք, որովհետև այն նույնպես տարողունակ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում, այսօրվա համար ֆիքսենք. ՀՀԿ-ն վաղուց, շա՜տ վաղուց էր կանգնած տրանսֆորմացիոն հրամայականի առաջ, ինչը, կարծես, արվում է, բայց դեռ վաղ է ինչ-որ արդյունք արձանագրելը, հավատալը, որ այն վերջապես կհաջողի «հալալման» ու «զուլալման» գործընթացում:
ԲՀԿ. կարելի է կարծել` «նույն ձեռքն» է գործում նաև այս կուսակցության դեպքում: Հալալման-զուլալման: Այստեղ ևս ներքին քարտեզը ճշգրտելու խնդիր է լուծվում: Բայց եթե ՀՀԿ-ի դեպքում մոդերատորը մեկն է, այստեղ մոդերացիա է իրականացնում մոտ հինգ «ռեժիսոր»: Կարծում ենք, «նույն` ՀՀԿ-ի ձեռքը» կհաղթի: Հազար ու մի պատճառով, որը շարադրելու ժամանակ նույնպես չկա: Իսկ կարծում ենք, որովհետև ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում էնդշպիլի հնարավորությունն իրենն է, զի գրիչն իր ձեռքում է, ստորագրություններն ու վավերացումներն ինքն է վերջնագրում:
«Ժառանգություն». ֆիքսենք շատ կարճ. նա վերադարձավ իր պատկերին: Այսօր արդեն կարծիքներ և հարցականներ կան` կհաղթահարի՞ «Ժառանգությունը» վեց տոկոսի, չէ` դաշինք է, տասը տոկոսի նիշը: Հարցը մնում է անպատասխան: Մեր կարծիքով, անշուշտ: Նույն` վերը նշված նախագահական ընտրությունների իներցիան կօգնի:
ՀՅԴ. մեր հարյուր-եսիմ-քանիամյա «քոփակ բիձեն» անչափ լուրջ խնդրի առջև է կանգնած: Չասենք ճակատագրական կլինի նրա համար վեց տոկոսի չհաղթահարումը (բայց դե, ասում են` չի հաղթահարի) և արդեն ոչ թե մեր, այլ իր շարքերի համար: Իրենք ևս հալալման ու զուլալման պատմական գործընթացի առջև են կանգնած: Դրսից ահագին ժամանակ է` նորմալ ֆինանսավորում չեն ստանում` քաղաքական պատճառներով, իսկ շարքերի մոտ առանց այն էլ սկիզբ առած անվստահությունը վերնախավի նկատմամբ, ըստ մեր աղբյուրների, կհասնի պիկին:
ՀԱԿ. հանգուցյալների մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ