Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում

Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում
03.07.2014 | 17:28

3 հուլիսի 2014, Երևան: Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել թ.174 հիմնական դպրոցի տնօրենը: Ըստ լուրերի՝ պատճառը եղել է դպրոցում ինչ-որ կազմակերպության կողմից ստուգումների արդյունքում տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը, ըստ որի` բացահայտվել են հրամանագրված անձինք, որոնք չեն աշխատել դպրոցում և աշխատավարձը յուրացվել է տնօրենի կողմից: Կրկնում եմ՝ ըստ տարածված լուրերի, որոնց մասին քաղաքապետարանը, ինչպես իրենք են ասում, տեղյակ չէ: Ես այս մասին արդեն հարցում եմ ուղարկել քաղաքապետին, պատասխանի մասին նույնպես կտեղեկացնեմ հասարակությանը:

Սակայն ասելիքս այլ է: Միայն այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ դպրոցի տնօրենը խարդախ ճանապարհով յուրացնում է կրթությանը հատկացված պետական միջոցները: Եթե թ. 27 հիմնական դպրոցի դեպքում այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը տնօրենի կողմից աշխատանքից ազատման պատճառ չդարձավ, այլ հասավ դատարան, որտեղ արդեն նախկին տնօրենը հրապարակավ ընդունեց իր մեղքը, վերականգնեց պետությանը հասցրած վնասը և քաղաքապետի հրամանով 1,5 տարով ազատվեց թե՛ տնօրենի, թե՛ մանկավարժի պաշտոններից, թ.174-ի տնօրենն ավելի ամոթով էր, ազատվեց իր դիմումի համաձայն: Այս փաստն արդեն վկայում է այն մասին, որ այս տնօրենի մասին տարածված լուրերը մոտ են ճշմարտությանը:

Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում, ինչպե՞ս է, որ այս երևույթները չեն կանխվում պատկան մարմինների կողմից, և ոչ միայն չեն կանխվում, այլև շատ տարածված մտածելակերպ կա՝ «Իսկ ո՞վ չի անում, որ...»: Արդյո՞ք քաղաքային իշխանությունը պայքարում է այս հանցավոր երևույթի դեմ, չի երևում, որովհետև նա հրապարակային ոչ մի քննադատական խոսք, նախադասություն, միտք այդպես էլ չարտահայտեց թ.27 դպրոցի նախկին տնօրենի վարքագծի մասին, իսկ թ.174 դպրոցում իրականացված ստուգումների վերաբերյալ լռում է, կարծես խոսքը պետական անվտանգության մասին է: Եզրակացությունս հետևյալն է. եթե արատավոր երևույթի մասին պետական մարմինը լռում է, ուրեմն այն նրա կողմից խրախուսվում ու թաքցվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել: Գուցե թաքցնելը երկուստեք ձեռնտու՞ է: Մեր հասարակությունն ու մասնավորապես կրթությունը պատանդ են մնացել պաշտոնյաների ծանոթների, բարեկամների ամբիցիաների ձեռքին, մինչև ե՞րբ....

Անահիտ Բախշյան
«Բարև, Երևան» խմբակցության անդամ

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ