Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Առողջապահության նախարարի հանդիպումը ԵՊԲՀ շրջանավարտների հետ

Առողջապահության նախարարի հանդիպումը ԵՊԲՀ շրջանավարտների հետ
01.07.2014 | 13:29

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս տարվա շրջանավարտները և առողջապահական ոլորտի տարբեր սերնդի առաջատար մասնագետները հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Ներկայացնելով հանդիպման հիմնական նպատակը` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»:
Ողջունելով մասնակիցներին, այդ թվում` իր ուսուցիչներին, ավագ և երիտասարդ գործընկերներին, Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիպման հիմնական նպատակն է բժշկական համալսարանն ավարտող շրջանավարտներին ներկայացնել ընտրության լայն հնարավորությունները:
«Ես կցանկանայի, որ շատ ակեղծ քննարկում ծավալենք, կիսվենք մեր անհանգստություններով, մտահոգություններով, որոնք սովորաբար ծառանում են մասնագիտական ընտրություն կատարելիս: Ես պետք է հիշատակեմ ականավոր բժիշկների, բժշկապետերի, պրոֆեսորների անուններ` ներողամտություն հայցելով, եթե չեմ ներառել բոլոր իմ ուսուցիչներին»,- ասաց նախարարը` խոստովանելով, որ հարազատ բուհում հանդիպմանը խիստ պատասխանատվությամբ է պատրաստվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բժշկի կյանքում մասնագիտության ընտրությունը երկրորդ կարևոր որոշումն է` ընտանիք կազմելուց հետո։
Նա ներկայացրեց բոլոր այն ուղիները, որոնք այսօր բաց են ԵՊԲՀ-ի շրջանավարտների առաջ՝ առանձին-առանձին անդրադարձավ առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-տեսաբան և պրակտիկ-բժիշկ դառնալու հնարավորություններին ու հեռանկարներին: Նախարարն առանձնակի շեշտադրեց շրջանավարտների ուսումն ավարտելուց հետո մարզեր ուղեգրվելու և այնտեղ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու լայն հնարավորությունը:
«Մարզերում որակյալ մասնագետների` մասնավորապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մեծ պահանջարկ կա: Պետք է նշեմ, որ մարզային ենթակայության շատ հիվանդանոցներ իրենց նյութատեխնիկական հագեցվածությամբ, արդիական սարքավորումներով այսօր չեն զիջում Երևանի բժշկական կենտրոններին»,- ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ մարզային իշխանությունների հետ բանակցային աշխատանքներ են տարվում մարզ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների համար ինչպես ֆինանսական, այնպես էլ բնակարանային ու կենցաղային բավարար պայմաններով ապահովելու ուղղությամբ:
Նաև տեղեկացրեց, որ մարզում աշխատող երիտասարդ մասնագետների համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում արտերկրում մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն կընձեռի:
Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար կձևավորվի այնպիսի մոտեցում, համաձայն որի մարզային բժշկական հաստատություններ ուղեգրվելը մասնագիտական լուրջ փորձ ձեռք բերելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի հնարավորություն է:
Ոլորտի ղեկավարը շրջաավարտներին հորդորեց առաջին հերթին առաջնորդվել մարդկանց անշահախնդիր օգնելու, ապաքինելու մեծ ցակությամբ: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր մասնագիտություն պետք է ընտրել պատասխանատվության բարձր զգացումով:
Որպես բժիշկ, վիրաբույժ և առողջապահության կազմակերպիչ կայացման գործում Արմեն Մուրադյանն առանձնակի կարևորեց իր ուսուցիչների դերը, ովքեր մշտապես սատարել են մասնագիտական առաջին քայլերը կատարելիս:
Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններ ուղղեց հանդիպմանը ներկա առողջապահական ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչներին` Յուրի Զոհրաբյանին, Հայրապետ Գալստյանին, Ռաֆայել Գրիգորյանին և ուրիշների, ինչպես նաև ավելի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ոլորտի զարգացման և կայացման գործում:
Նա ուսանողներին հորդորեց բաց չթողնել իրենց գործի գիտակ, ականավոր բժիշկների հետ շփվելու, նրանց աշակերտելու հրաշալի հնարավորությունը:
Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև աշխարհում և մեզանում հայտնի թրուենտների (մասնագիտությամբ բժիշկ, բայց մասնագիտությամբ չաշխատող), ովքեր իրենց հաջողությամբ դրսևորել են գրականության, արվեստի, քաղաքականության, երգարվեստի, լրագրության և շատ այլ ոլորտերում:
Նախարարը պատասխանեց ինչպես ուսանողներին, այնպես էլ` պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին կրթական, հետբուհական համակարգին, բժիշկների իրավունքներին և այլ հարցերի:

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ