Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

«Հայրենասիրությունը սկսվում է հայրենի բնությունը ճանաչելուց»

«Հայրենասիրությունը սկսվում է  հայրենի բնությունը ճանաչելուց»
16.05.2014 | 11:22

«Իրատես de facto»-ի հյուրը Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի տնօրեն, ֆիզիկոս ՆՈՐԱՅՐ ԽՐԻՄՅԱՆՆ է:

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓԼՈՒԶՄԱՄԲ ԿԱՍԵՑՎԵՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՄԵԶԱՆՈՒՄ»


-Պարոն Խրիմյան, լինելով ֆիզիկոս, շատ կապված եք բնության հետ: Սա բացատրվում է զուտ մասնագիտակա՞ն հետաքրքրություններով, թե՞ այլ պատճառ էլ կա:
-Փոքրուց ունեցել եմ լավ ուսուցիչ` Հարություն Երանոսյանը, ում հետ կապը շարունակվել է նաև համալսարանում ուսանելուս տարիներին: Նա մեզ` քաղաքաբնակներիս, ամեն կերպ փորձում էր ճանաչելի դարձնել Հայաստանը: Նրան եմ պարտական, որ շփվել եմ մեր բնության, ինչպես նաև պատմական հուշարձանների հետ: Հայրենասիրությունը սկսվում է հայրենի բնությունը ճանաչելուց: Երբ ճանաչում ես պատմական հուշարձանները, դա նաև խորացնում է գիտելիքներդ ազգիդ պատմության մասին: Հայաստանի բոլոր լեռնագագաթները բարձրացել եմ:
-Ինչպե՞ս եկաք դպրոց:
-Մինչև 1992 թվականը եղել եմ գիտաշխատող: Խորհրդային համակարգի փլուզմամբ կասեցվեց գիտության առաջընթացը մեզանում: Ես` Մոսկվայում գիտությունների թեկնածուի թեզը պաշտպանած, գիտության ոլորտում երկու հեղինակային իրավունք ունեցող, տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ մասնագետս, որոշեցի աշխատել մանկավարժական ոլորտում: Կային առաջարկներ Ռուսաստան կամ այլ երկիր տեղափոխվելու, բայց ես նախընտրեցի մնալ և աշխատել Հայաստանում:
-Գիտության առաջընթացի բնականոն ընթացքի կասեցո՞ւմը Ձեզ մղեց մանկավարժության ոլորտ:
-Այո: Ես մտածում էի, որ իմ մեջ կուտակված մտահղացումները, նպատակները կարող եմ իրագործել կրթության ոլորտում: 1996 թվականից եմ Լեոյի անվան դպրոցի տնօրեն: Ասեմ, որ այս հարցում ինձ համար հրապուրիչ էր նաև Լեոյի անունը: Ես մտածում էի, որ Լեոյի անձը, անունը պիտի խթան դառնան, որ ես երեխաներին ծանոթացնեմ մեր պատմությանը, մեր հուշարձաններին, մեր բնաշխարհին: Փորձում եմ ամեն ինչ անել այս ուղղությամբ: Կրթության ոլորտում ես և ինձ նմանները «սպիտակ ագռավներ» էինք համարվում, որովհետև մեր կարիերան կրթական ոլորտից չէր սկսվել, մենք այլ միջավայրից էինք եկել դպրոց: Իսկ դպրոցը, պարզվում է, ունի շատ խութեր, որոնց հետ ես նախկինում չէի առնչվել:
-Եվ այդ խութերը, կարծեմ, ավելի զգալի դարձան հետխորհրդային շրջանում, քանի որ խորհրդային համակարգի փլուզմամբ հանրակրթության ոլորտում ևս մի բնականոն ընթացք կասեցվեց: Ինչպե՞ս դրան դիմակայեցիք:
-Այո, այդպես է: Քանդվեց ոչ միայն մեր տնտեսական համակարգը, այլև ողջ արժեհամակարգը: Շատերը մինչև հիմա էլ կարոտախտով են հիշում խորհրդային դպրոցը: Բայց չմոռանանք, որ դա զորանոցային դպրոց էր, իր տեսակով շատ մոտ էր գերմանական լիցեյին: Այդ դպրոցն ունեցել է, իհարկե, նվաճումներ, մենք էլ այդ դպրոցի սաներն ենք եղել և կարող ենք վկայել այդ նվաճումների մասին: Այդ նվաճումների հարցում մեծագույն դերը կարգապահությանն էր, ամենը գալիս էր զորանոցային կարգապահությունից: Բայց քանի որ հինը քանդվեց, և Թումանյանի խոսքով` նորն էլ չգիտեինք, թե ինչ է, հայտնվեցինք անորոշության մեջ: Ժողովրդավարական մոտեցումները երկսայրի են: Մենք, այո, ընդունում ենք, որ մարդը չպետք է մեծանա վախի մթնոլորտում, բոլոր հարաբերությունները պիտի կառուցվեն հավասարը հավասարի սկզբունքով, բայց մեր հասարակությունը դեռ դրան պատրաստ չէր:
-Ժողովրդավարության և ամենաթողության սահմանները հաճախ են խախտվում: Սա՞ էր խանգարում դպրոցին:
-Այո: Դպրոցը, կրթությունն այն ոլորտը չէ, որին կարելի է մակերեսային մոտեցում ցուցաբերել: Երեխայի կրթության, դաստիարակության հոգսն ամբողջությամբ չի կարելի թողնել դպրոցի ուսերին: Երեխան դպրոցում չի դաստիարակվում: Ավելի մեծ է այս իմաստով ընտանիքի դերը: Դպրոցը կարող է կողմնորոշել, ուղղորդել: Իհարկե, շատ բան է որոշում ուսուցչի անձը: Բայց դպրոցին շատ ֆունկցիաներ են վերապահում, որը դպրոցն ի վիճակի չէ իրագործելու: Մեր ամենամեծ բացթողումներից մեկն այն էր, որ հասարակությանը չնախապատրաստեցինք վերափոխվելուն: Մարդիկ մինչև այսօր մտածում են, թե տասներկուամյա կրթությունը ժամանակավոր բան է, մի օր պիտի վերանա: Երբ այս համակարգը ներմուծվում էր մեզանում, հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ դրանով պիտի կանխեն կրկնուսույցների մոտ պարապելը:
-Բայց անցել են տարիներ, և մենք տեսնում ենք, որ կրկնուսույցների ինստիտուտը չի կորցրել իր կարևորությունը, շարունակում է մնալ պահանջված:
-Կրկնուսույցները փարավոնների ժամանակից են եկել և շարունակելու են լինել: Ճապոնիայի, Կորեայի, այլ երկրների կրթական համակարգերում մեծ տարածում ունեն կրկնուսույցները: Դա նաև լուծում է երիտասարդների զբաղվածության խնդիրը: Դպրոցը չի կարող լուծել անհատի լիարժեք դաստիարակության, կրթության խնդիրը: Անհատը մասսայի մեջ կորչում է: Եթե ուսուցիչը մի դասարանում գործ ունի 30-40 աշակերտի հետ, հնարավոր չէ, որ յուրաքանչյուրի նկատմամբ կարողանա ցուցաբերել անհատական մոտեցում: Ամեն մի երեխան մի աշխարհ է: Դե փորձիր ամեն մի աշխարհին անհատապես մոտենալ: Ժամանակը չի հերիքի:

«ԱՅՍՕՐ ՈՒՍՈՒՑՉԻ, ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԼՈՒՐՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵԼ»


-Կրթական համակարգի փոփոխությունների թիրախը միայն աշակերտները չեն, անշուշտ: Կարևորագույն օղակ է նաև մանկավարժական կոլեկտիվը: Դուք ընտրում եք Ձեր մանկավարժներին, որոնց պիտի վստահեք կրթական գործընթացի կազմակերպումը Ձեր ղեկավարած դպրոցում: Ի՞նչ սկզբունքով եք կատարում այդ ընտրությունը, ո՞ր հատկանիշներն եք կարևորում մանկավարժի կերպարում:
-Ցավոք, մեզ ընտրության հնարավորություն տրված չէ: Մենք առաջնորդվում ենք կանոնակարգով: Ցանկացած կանոնակարգ թերի է, իդեալական չէ: Իսկ մեր կանոնակարգը մի քանի բարեփոխումներից հետո, իմ կարծիքով, ավելի վատացավ: Այսօր ընտրում ես հայոց լեզվի ուսուցիչ, բայց պիտի ստուգես ոչ թե նրա լեզվական գիտելիքները, ոչ թե պահանջես շարադրություն գրել, այլ սահմանադրության, դպրոցի կանոնադրության, տարբեր օրենքների վերաբերյալ նրա գիտելիքները քննես: Պատճառաբանվում է, որ եթե մարդը մասնագիտական դիպլոմ ունի, արդեն չպիտի անցնի մասնագիտական քննություն: Ես կարծում եմ, որ այսօր ուսուցչի, դպրոցի տնօրենի լուրջ ընտրություն պետք է կատարել: Այսօրվա գործող տարբերակը, կարծում եմ, չի նպաստում կրթության որակի բարձրացմանը, մանավանդ` ավագ դպրոցում: Քննադատություններն էլ անպակաս են այս ոլորտում: Ավագ դպրոցն այնպես են փնովում հասարակության մեջ, այնպես են քննադատում, սևացնում տնօրենների դերը, որ այս պայմաններում շատ դժվար է անհրաժեշտ հեղինակություն ապահովել:
-Ավագ դպրոցի տնօրենը բացասական համարո՞ւմ ունի հասարակության մեջ:
-Շատ խիստ չորակենք, բայց կա նման բան: Հեռուստատեսությամբ անընդհատ խոսում են դրամահավաքի մասին, մեղադրում տնօրենին: Բայց դրամահավաքն ընդունված է աշխարհի շատ առաջադեմ երկրներում: Խնդիրն այն է, թե ինչ նպատակի է ծառայում այդ դրամահավաքը:
-Դրամահավաքը կանխելու մի տարօրինակ ձև էլ հանրակրթական դպրոցների սաներին մշակութային օջախներ այցելելուց հետ պահելն է: Որքա՞ն է խելամիտ երեխային թանգարան կամ թատրոն չտանելը, եթե դա մարդու ձևավորման կարևորագույն գործոններից է: Ձեր դպրոցում գործում է Լեոյի անվան թանգարան-սրահը, որի դերը մեծ է Լեոյի անձին և գործունեությանը կրթօջախի սաներին ծանոթացնելու առումով: Արդյո՞ք մեծ բացթողում չէ, երբ երեխան չի այցելում իր ազգի երևելիներին ներկայացնող թանգարաններ, չի դիտում հայ դասականների ստեղծագործությունների թատերական ներկայացումները:
-Իհարկե, մեծ բացթողում է, և մենք ամեն կերպ աշխատում ենք այն լրացնել: Մենք ունենք հայոց լեզվի, պատմության լավ ուսուցիչներ: Մեր սաները պարտադիր կերպով լինում են Թումանյանի, Չարենցի, պատմության թանգարաններում, Ազգային պատկերասրահում, Մատենադարանում: Լեոյի թանգարան-սրահի նյութերը հավաքելիս էլ ինձ շատ օգնել են հենց երեխաները: Մենք այդ նյութերը ձեռք ենք բերել պետական արխիվից, գրականության և արվեստի թանգարանից, Մատենադարանից: Այնպես որ, մենք կարևորում ենք թանգարանների հետ աշխատանքը:
-Հույս հայտնեմ, որ այսուհետ կլրացնեք բացը նաև Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի մասով:
-Դա, իրոք, մեր բացթողումն է: Մանավանդ որ Դեմիրճյանի գլուխգործոց «Վարդանանքը» շատերին հայտնի է, բայց քչերը գիտեն, որ Լեոն էլ է գրել «Վարդանանք»: Մենք այն բեմադրել ենք մեր դպրոցում, ապա քննարկում ենք կազմակերպել Լեոյի և Դեմիրճյանի «Վարդանանք»-ների թեմայով:
-Քննարկումները նպատակ ունեն ոչ միայն մարզելու երեխաների միտքը, այլև լեզո՞ւն:
-Թեստային համակարգը զրկում է մարդուն ստեղծագործելու հնարավորությունից: Մարդիկ, փաստորեն, շարադրություն գրել չգիտեն: Ես մի քանի օր առաջ լսում էի Սիրիայից եկած երեխաների խոսքը և զարմացած էի, որ նրանք ավելի անկաշկանդ են խոսում հայերեն, քան հայաստանցի, երևանցի դպրոցականները: Մեր երեխաները բառապաշար չունեն: Սրա մասին պետք է մտածել:
-Դպրոցական տարիների Ձեր սերն արշավների նկատմամբ ինչպե՞ս է դրսևորվում մանկավարժական աշխատանքում:
-Ամեն տարի` մայիսի 28-ին, մենք մեծ խմբով` աշակերտներով, ուսուցիչներով, բարձրանում ենք Արա լեռան գագաթը:
-«Հայրենասիրությունը պետք է սկսվի բնությունը ճանաչելուց» կարգախոսի մի դրսևորո՞ւմ է դա:
-Այո՛: Ոչ միայն բնությունը, այլև հուշարձանները: Երբ շփվում ես դարերից եկող քարերի հետ, մեծ լիցք ես ստանում: Մեզանում աշխարհիկ շինությունները գրեթե չեն պահպանվել: Ավելի շատ եկեղեցիներն են պահպանված, բայց կան նաև բերդեր, որոնք նույնպես պետք է ճանաչել: Օրինակ,` անցյալ տարի մենք եղանք Ներքին Թալինի Դաշտադեմ գյուղում, ուր պահպանված է մի բերդ, որը Անին է հիշեցնում: Լինում ենք Ամբերդում: Երեխաները մեծ տպավորություններով են վերադառնում այդ արշավներից: Կարևոր ենք համարում նաև դպրոցի շփումները այլ կրթօջախների հետ: 1998 թվականին ես նամակով դիմեցի Արցախի կրթության նախարարին, ցանկություն հայտնելով համագործակցել այնտեղի Լեոյի անվան դպրոցի հետ, եթե կա այդպիսին: Պատասխանեցին, որ այդպիսի դպրոց չկա, բայց մեզ առաջարկեցին կապվել Շուշիի Աբովյանի անվան դպրոցի հետ: Մենք առայսօր սերտ կապերի մեջ ենք այդ դպրոցի հետ: Նրանց զգալի քանակությամբ գրքեր ենք նվիրել, ունեցել ենք փոխայցելություններ: Չորս տարի առաջ մեր դպրոցը շուրջ մեկ ամիս նշում էր Լեոյի ծննդյան 150-ամյակը: Շուշիի և Քարինտակի դպրոցները, ինչպես նաև Հայաստանի շատ մարզերի դպրոցներ մասնակցեցին այդ տոնակատարություններին: Սա համագործակցության լավ օրինակ է:

«ՄՈՒՂԱՄԻՑ ԱՆՑԵԼ ԵՆՔ ՌԱԲԻՍԻՆ»


-Ձեր գիտական հետաքրքրություններն ինչպե՞ս են իրացվում:
-Մինչև դպրոցում աշխատանքի անցնելս արդեն մի քանի գրքերի համահեղինակ էի: Ես կարծում եմ, որ «ֆիզիկա» առարկայի գիտելիքները պետք է ավելի մատչելի ձևով տալ երեխային, համադրել գիտելիքը բնության երևույթների հետ: Մեր դպրոցական ծրագրերում «ֆիզիկա» առարկան ուսուցանելիս ելակետ են վերցնում մաթեմատիկան, այնինչ ավելի հեշտ է ուսուցումն սկսել բնությունից: Եթե հետագայում երեխայի մեջ կզարգանա հետաքրքրությունը, նոր թող մեջտեղ գան մաթեմատիկական հաշվարկները, մաթեմատիկական բարդ գիտելիքները: Այս մոտեցմամբ են գրված «Զարմանահրաշ ֆիզիկա», «Տրամաբանական խաղեր» գրքերը, որոնց համահեղինակն եմ: Տրամաբանական խաղերը նպաստում են երեխայի տրամաբանական որակների զարգացմանը, իսկ դա ոչ միայն պետք է ֆիզիկայի բնագավառում, այլև կյանքի բոլոր իրավիճակներում: «Տրամաբանական խաղերը» ԿԳ նախարարության երաշխավորված գրքերի ցանկում է ընդգրկված: Բայց ես միայն ֆիզիկայի, կրթության մասին չէ, որ գրում եմ, ունեմ բազմաթիվ այլ հոդվածներ: Հիմա մի հոդված եմ պատրաստում Այնշտայնին հայերեն թարգմանած մարդու՝ Հակոբ-Գրիգոր Ճրճրյանի մասին: Գերմանական «Հորիզոն» շաբաթաթերթում 1975 թվականի ապրիլի 24-ին լույս է տեսել իմ և գերմանացի ընկերոջս՝ Դիտրիխ Պետցոլդի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին: Ի դեպ, Դիտրիխ Պետցոլդը տասը տարի ապրել է Հայաստանում, հետագայում ամուսնացավ քենուս հետ: Այժմ նրա տղան՝ քսանիննամյա Մարտին Պետցոլդը, աշխարհի ամենաերիտասարդ հայ պատգամավորն է Գերմանիայում, Անգելա Մերկելի կուսակցությունից է:
-Հուսանք, որ հայանպաստ գործունեություն կծավալի Գերմանիայում:
-Անպայման այդպես կլինի: Նա Ձեր թերթում հանդես է եկել վերջերս: Իրեն համարում է գլխով գերմանացի, սրտով՝ հայ: Շատ կարևոր է այսպիսի մարդկանց գոյությունը: Ես մեծ ցավ եմ ապրում, երբ Հայաստանից հեռանում են մարդիկ, իմ աշակերտները: Եվ գնում են այնպիսիք, որոնք վատ չեն ապրում: Մենք միշտ էլ դժվար ժամանակներ ունեցել ենք: Ես հիշում եմ, որ իմ մանկության տարիներին ամբողջ Երևանը ու նաև ամբողջ Հայաստանը սպասում էր ժամը հինգին, որ միացներ ռադիոն և Բաքվի հաղորդած մուղամները լսեր: Հիմա, փա՜ռք Աստծո, մուղամից անցել ենք ռաբիսին:
-Փաստորեն, «առաջընթաց» կա: Հույսով սպասենք իրական առաջընթացների և ամփոփենք զրույցը:
-Երբ ասում էի, որ ընտանիքն է դաստիարակության հիմնական օղակը, դա կարող եմ հաստատել նաև իմ անձնական օրինակով: Իմ ծնողներն ինձ տվել են հայեցի, մշակութային դաստիարակություն, մեր տանը հյուրընկալվել են ժամանակի անվանի գրողները՝ Շիրազը, Կապուտիկյանը, երգել եմ Չեքիջյանի ղեկավարած համալսարանական երգչախմբում, ջութակ եմ նվագել: Այս ամենի համար պարտական եմ ծնողներիս: ՈՒ նույն ոգով էլ դաստիարակել եմ իմ երեխաներին:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am
‚‚Â˘ĂƒÂ˘Ă‚Â¬/1692523431" rel="nofollow">Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
31.08.2024