Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ. Ինչ ցանես՝ այն էլ կհնձես

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ. Ինչ ցանես՝ այն էլ կհնձես
14.05.2014 | 12:22

Առաջին անգամ չէ, որ խոսում եմ թե՛ ավագ, թե՛ հիմնական դպրոցներում տարածված ահավոր կոռուպցիոն երևույթների մասին, որոնց դեմ իբր թե պայքարում են համապատասխան պետական մարմինները: Դրանք գաղտնիք չեն, բոլորը գիտեն ու խոսում են այս մասին: Այս մասին խոսում են նաև այն մարդիկ, ովքեր կոչված են արգելելու, հայտնաբերելու, պատժելու անօրինական դրամահավաքները: Կրթության տեսչությունը ստուգումներ է իրականացնում ավագ դպրոցներում՝ բացակայությունների համար գումար հավաքելու դեպքերը կանխելու նպատակով: Փաստն այն է, որ երևույթը դույզն-ինչ չի պակասում, այլ ծաղկում է, սակայն ոչ մի դպրոցի տնօրենի նման արարք չեն բացահայտում ու հրապարակում: Հիմա հարց՝ տեսչությունն ու նախարարությունն ուզո՞ւմ են վերացնել կոռուպցիոն այս երևույթը, թե՞ ոչ: Իսկ ինչո՞ւ՝ ոչ, որովհետև իրենք էլ են հասկանում, որ ավագ դպրոցներից շատ քչերն են կայացել, ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ իրենք էլ ծնող լինեին, չէին վստահի դպրոցի տված գիտելիքներին ու իրենց երեխաներին դպրոցի փոխարեն կրկնուսույցների մոտ կուղարկեին և փող կտային, որ ուսուցիչները բացակա չդնեին: Պետական պաշտոնյաները ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ ընդունելության քննությունների հարցաթերթիկները պետք է կազմվեն այնպես, ինչպես հստակ գրված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում, որ շտեմարաններն օրենքից դուրս են, որոնք պարտադրվելով աշակերտներին՝ նույնպես դառնում են կոռուպցիայի օրինականացված բուն:
(Շտեմարանների վերաբերյալ վերջին բացահայտումն էլ այն է, որ դպրոցական ծրագրերով ու դասագրքերում գոյականի 7 հոլովման հայեցակարգն է ընդունված, իսկ շտեմարաններում՝ 5: Նշեմ նաև, որ որոշ դասագրքեր ու շտեմարաններ գրել են նույն հեղինակները, իսկ պետական չափորոշիչն օրենքի ուժ ունի: Տեսնես սրա մասին ի՞նչ կասեն ԳԹԿ-ում): Տնօրեններն էլ մտածում են, էհ, էդ ինչո՞ւ վերևներում կօրինականացնեն կոռուպցիան, ես չեմ կարո՞ղ փող հավաքել բացակա չնշանակելու, բարձր գնահատականներ դնելու, դպրոցի ավարտական քննությունների ժամանակ իրենց երեխային անօրինական «սատարելու», «ձախ» ճանապարհով թեստեր ձեռք բերելու նպատակների համար: Փաստենք, որ ներքևներում շատ լավ գիտեն, թե վերևներում ինչ նպատակների համար են կոռուպցիոն քայլեր «մշակվում» ու իրականացվում, դրանց համահունչ՝ իրենք էլ իրենց տրամագծին համապատասխան կոռուպցիոն քայլեր են «մշակում» ու իրականացնում: Բայց տարբերությունն այն է, որ վերևում այդ քայլերն «օրինականացվում» են նույնիսկ օրենքով, ինչպես բացակայությունների սահմանն օրենքով ամրագրելը կամ հենց շտեմարանների գոյությունը, իսկ ներքևներին ասում են՝ այնպես արա, որ չբողոքեն ու չբռնվես, եթե բողոքեցին ու բռնվեցիր, գլխիդ ճարը տես, չենք օգնելու, իհարկե, նայած՝ ում: Դա էլ կախված է նրանից, թե ով է տնօրենի հովանավորը: Եթե ունենա «պինդ» հովանավոր, ապա ցանկացած դրամահավաք՝ ծնողների գրպանից, թե պետության, կարևոր չէ, կմարսի, իսկ եթե չունի, որը մեր իրականության մեջ քիչ է, ապա գնա՝ պատասխան տուր: Այդ թեժ գծերը, որոնք հիմա գործում են բոլոր պետական օղակներում, նույնպես կոռուպցիոն նպատակներ ունեն, գործում են որպես մահակ տնօրենների գլխին: Եթե դրանց նպատակը լիներ իսկապես կոռուպցիան վերացնելը, ապա դրա համար կա շատ պարզ ճանապարհ՝ վերևից ներքև աշխատել օրենքով, վերացնել կուսակցական պատկանելության անօրինական պահանջն ու տնօրեններ նշանակել ազնիվ ու առաքինի մանկավարժների: Այդպիսիք շատ են, բայց ընդունված խաղի կանոններին չեն կարող դիմակայել ու պարզապես դուրս են մղվում այդ դաշտից:
Առածն ասում է. «Ինչ ցանես, այն էլ՝ կհնձես», եթե իշխանությունն իսկապես ուզում է բարձրացնել կրթության որակը դպրոցներում, թող հստակ բարձրաձայնի, թե «դրամահավաք» ասելով ինչ նկատի ունի և առաջինն ինքը իր գործողություններից վերացնի կոռուպցիոն, հովանավորչական երևույթները:


Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ