Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

ԱՄՆ-ի օժանդակությունը Հայաստանին հասել է 2 միլիարդ դոլարի

ԱՄՆ-ի օժանդակությունը Հայաստանին հասել է 2 միլիարդ դոլարի
15.07.2017 | 01:16

ՀՀ նախագահի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների ընթացքում քննարկվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման դինամիկային և հեռանկարին նվիրված հարցեր: Հայ-ամերիկյան երկկողմ ծրագրերի և ձեռքբերումների, փոխգործակցության զարգացման թիրախային ուղղությունների, մի շարք հեռանկարային ոլորտներում կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակների ու դրանց իրականացման ուղղությամբ դեսպանության աշխատանքների մասին զեկուցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանն ու ԱՄՆ-ը նշում են միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, նախագահն ընդգծել է, որ այս տարիներին երկու երկրների միջև հաստատվել է ամուր գործընկերային կապ: ՀՀ-ն ու ԱՄՆ-ը համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, այսօր երկու երկրների միջև գոյություն ունի փոխըմբռնման բարձր մակարդակ:


«Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ը մշտապես ցուցաբերել է օժանդակություն, և ԱՄՆ կառավարության կողմից այս տարիներին Հայաստանին հատկացված տեխնիկական ու մարդասիրական օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդ դոլարի: Սա լուրջ ներդրում է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը մշտապես մեզ օժանդակել է մեր բարեփոխումներում: Աստիճանաբար օժանդակությունը վերածվում է տնտեսական համագործակցության, և այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800-ից ավելի ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն այդ գործում: Կարծում եմ, որ էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»-ի հետ պետք է որ լավ օրինակ հանդիսանա այլ էներգետիկ ընկերությունների համար: Հանքարդյունաբերության ոլորտում ևս «Լիդիան Ինթերնեյշնլը» լուրջ ներդրումներ է կատարում, ինչը նույնպես կարող է համագործակցության շատ լավ օրինակ հանդիսանալ:


Իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաղուց է ձևավորվել համագործակցություն, և այն, ինչ ունենք այսօր այդ ոլորտում, իհարկե, գնահատելի է, բայց ներուժը շատ ավելին է: ՈՒզում եմ նաև անպայման գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգտակար աշխատանքը Հայաստանում, որը այս տարիներին մշտապես եղել է բարեփոխումներին օժանդակող: Անշուշտ, մենք չպետք է մոռանանք Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը, որը ևս սերտ առնչություն ունի տնտեսության հետ. կադրերի պատրաստման լավ օջախ և դարբնոց է: Այստեղ էլ շատ կարևոր է, որ այդ համալսարանը մշտապես զարգացում է ապրում: Այնուհանդերձ, ինչպես բոլոր հարաբերություններում, մեզ դեռևս չի բավարարում այսօրվա հարաբերությունների մակարդակը. զարգացման շատ մեծ ներուժ կա՝ հաշվի առնելով ԱՄՆ տնտեսության զարգացածության մակարդակը, հաշվի առնելով այդ երկրի պատրաստակամությունը և, անշուշտ, մեծ ներուժ ունեցող հայկական համայնքի առկայությունը ԱՄՆ-ում:
Պարոն դեսպան, ես կցանկանայի, որ Դուք խոսեք այն աշխատանքի մասին, որ իրականացվում է տնտեսական համագործակցության ոլորտում, իհարկե, նաև այն ծրագրերի, որ կխթանեն զարգացումը»,- ասել է նախագահը: Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են դեսպան Հովհաննիսյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, խնդիրներն ու լուծմանը միտված ծրագրերը: Հանրապետության նախագահը տվել է նոր հանձնարարականներ:

Դիտվել է՝ 3183

Մեկնաբանություններ