Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մետաքսի ճանապարհը և առասպելաբանությունը՝ Մոսկվան բացում է խաղաքարտերը

Մետաքսի ճանապարհը և առասպելաբանությունը՝ Մոսկվան բացում է խաղաքարտերը
05.06.2017 | 09:15

Պեկինի մայիսյան «Մեկ գոտի- մեկ ճանապարհ» համաժողովից հետո ռուս որոշ փորձագետների դատողություններում տարածաշրջանային բարդ խնդիրները չինացի ներդրողների և եվրասիական տարածքում, Մերձավոր ու Միջին Արևելքում, Աֆրիկայում չինական տրանսպորտային-հաղորդակցուղիների լոգիստիկայի ակնոցով ներկայացնելու միտումներ հայտնվեցին: Աշխարհաքաղաքական կշեռքի վրա նրանք կշռում են Ռուսաստանի դիրքերը ու որակում ավելի թեթև: Հրապարակ են եկել դրույթներ «Մոսկվայի պարտության», «Չինաստանին ու Թուրքիային՝ Վրաստանի հավատարմության երդումի», «Թբիլիսիի ժամացույցը Անկարայի ու Պեկինի ժամանակով դարձնելու» մասին: Թբիլիսին Վաշինգտոնին երկրորդ պլան է մղում, Պեկինի ու Թբիլիսիի համաձայնագիրը ազատ առևտրի գոտու ստեղծման մասին «մեկուսացնում է Մոսկվային ու Թեհրանին Մետաքսի ճանապարհի նախագծից», Տրանսկասպյան երթուղին «ուժ է հավաքում, ենթադրում է միջանցիկ ծովային ու երկաթուղային հաղորդակցություն Միջին Ասիայից Անդրկովկաս՝ ելքով դեպի Թուրքիա և ԵՄ-ի սահման»:

Թուրքիան «ճաշակում է աշխարհաքաղաքական հաղթանակը»՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սիրիայում քաղաքացիական պատերազմի յոթ տարիներին «ծրագրված ոչնչացնում էր սիրիական տրանսպորտային միջանցքը, որի վրա Չինաստանն ու Իրանը հույսեր էին դնում»: Ռուսաստանի ու Թուրքիայի միջև խզումը ռուսական կործանիչի միջադեպից հետո «կարգավորվեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Մոսկվայում թուրք լոբբիստների միջնորդությամբ», որ «չէին ցանկանում Պեկինին տխրեցնել» (միանգամից նկատեմ, որ Իսրայելը կապ չունի, Մոսկվայի ու Անկարայի միջև միջնորդական առաքելությունը իրականացնում էին Աստանան ու Բաքուն՝ ռուս ու թուրք դիվանագետների ակտիվ աշխատանքով և միայն մասամբ թուրք լոբբիստների): Պնդում են, որ «Մոսկվայի հետ հաշտվելուց հետո 2016-ի ամռանը Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը քարտ բլանշ է ստացել Չինաստանից՝ իրականացնելու երկար սպասված տրանսպորտային միջանցքը՝ Ռուսաստանը շրջանցելով»: Ավելին՝ «Մոսկվային այնքան են ապակողմնորոշել, որ նույնիսկ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը (2016-ի դեկտեմբերին) մնաց առանց անհրաժեշտ ուշադրության»:

Հավելեմ, որ հայտնվեցին նաև դատողություններ, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի սրումը բացատրում էին չինական գործոնով: Վերջին ժամանակներս այդօրինակ տեղեկատվական միտումները առավել բնութագրական են թուրքական, ադրբեջանական ու նույնիսկ հայկական հրապարակումներին: Ի՞նչ է կատարվում իրականում և ինչո՞ւ են նման հրապարակումների հեղինակներն անտեսում հարցի իրականում գոյություն ունեցող նյութական կողմը: Անկասկած, չինական Մետաքսի ճանապարհը, որի ուրվագծերը առայժմ գոյություն ունեցող փաստաթղթերում ընդամենը ընդհանուր գծերով են նկարագրված, գլոբալ նախագծի հավակնություններ ունի: Սակայն այդ խնդրով մասնագիտացած ռուս փորձագետների մեծ մասի կարծիքով՝ մայիսյան համաժողովը Պեկինում, չնայած միջազգային վիթխարի գովազդին, ավելի շատ խնդիրներ ի հայտ բերեց, քան Չինաստանի համար դրական արդյունքներ: Նախ և առաջ՝ ԵՄ-ն հրաժարվեց ստորագրել Պեկինյան փաստաթղթերի փաթեթը, որ հարց դարձրեց, թե որտեղ է վերջանալու «Մեկ գոտի-մեկ ճանապարհը», եթե վերջնական սպառողը դեմ է շինարարությանը: Հնդկաստանը համաժողովին չէր մասնակցում, իսկ Չինաստանի համար դա ամենակարճ ճանապարհն է Հնդկական օվկիանոս ելքի համար:

Ավելին, Չինաստանը Հնդկաստանի հետ ունի չկարգավորված սահմանային խնդիրներ Տիբեթում, Բութանում, որի հետ Դելին ունի նրան պաշտպանելու պայմանագիր, պատմական հակասություններ կան Աֆղանստանի ու Պակիստանի միջև և բազում այլ խնդիրներ՝ անմիջականորեն Չինաստանի սահմանների մոտ: Բավական է հպանցիկ հայացք նետել աշխարհագրական քարտեզին՝ հասկանալու, որ Մետաքսի ճանապարհի համար մնում է միայն մեկ երթուղի՝ Ղազախստանով Ռուսաստան, որ կապված է Տրանսսիբի մոդեռնացման հետ: Կամ, ինչպես կարծում են փորձագետները, պետք է «Տրանսսիբի լրացուցիչ ճյուղ կառուցել Ղազախստանի տարածքով՝ կամ Օրենբուրգ, կամ Վոլգոգրադ ելքով»: Դա Ռուսաստանի հաղթանա՞կն է, թե՞ պարտությունը: Չպետք է մոռանալ և Միջին Ասիայի իրավիճակի ապակայունացման ռեալ սպառնալիքի մասին: Պատահական չեն չինացի փորձագետներն արձանագրել, որ «միջազգային ահաբեկչության կենտրոնը» սկսել է Մերձավոր Արևելքից տեղաշարժվել Հարավ-Արևելյան Ասիա: Այս առումով հատուկ կարևորություն կարող է ստանալ հունիսի 8-ի Աստանայում բացվող Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովը, որտեղ ծրագրվում է իբրև լիիրավ անդամներ կազմակերպություն ընդունել Հնդկաստանին ու Պակիստանին: Դա կմեծացնի ՇՀԿ-ի աշխարհաքաղաքական նշանակությունը, այլ ոչ թե կթուլացնի, ինչպես կարծում են որոշ փորձագետներ: Թեպետ Պեկինի համար գաթակղություն է հայտնվում իր սուր խնդիրները լուծել «ՇՀԿ-ի տանիքի տակ»:


Այսօր երկու գլխավոր խաղացողներ՝ Չինաստանն ու Ռուսաստանը, տանդեմով են գործում: Մերձավոր Արևելքում ընդհանրապես, Սիրայում ու Թուրքիայում՝ մասնավորապես: Բայց առաջատար դերը խաղում է ոչ թե Պեկինը, այլ՝ Մոսկվան: Այդ ուղղությամբ Չինաստանի շարժման ռազմավարությունը ուղեգծում տեղավորվելն է: Այլ տարբերակ չկա, թեկուզ այն պատճառով, որ Պեկինը, ակտիվորեն զարգացնելով երկկողմ համագործակցություն աշխարհի այս կամ այն տարածաշրջանի երկրների հետ, սկսում է լուրջ խաղ միայն այն դեպքում, երբ հստակ պատկերացում ունի համագործակցության ձևի ու հեռանկարների մասին: Այդ պատճառով «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությունը՝ ուղղված եվրասիական մայր ցամաքը վիթխարի ինտեգրային առևտրական ճանապարհի վերածման, դեռ երկար ժամանակ հռչակագիր է լինելու: Եվրասիան նախ դեռ պետք է «հավաքվի». Իսկ ո՞վ կարող է դա անել: Առաջին հերթին հիմա պետք է ուշադրություն դարձնել Մերձավոր Արևելքի իրավիճակին, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգն ուղենշել է առճակատումը Սիրիայից Իրան տեղափոխել: Տարածաշրջանում պատերազմ է, մարդիկ են զոհվում, գոյություն ունեցող որոշ պետություններ չգիտեն, թե վաղը ինչ սահմաններում կարթնանան և կարթնանա՞ն, թե՞ ոչ՝ սկզբունքորեն: Այս իրավիճակում բացատրել Թուրքիայի նախագահի կամ Իսրայելի վարչապետի դրդապատճառները ինչ-որ «չինական գործոններով» հնարավոր է միայն մեծ երևակայության դեպքում՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների հիմքում դիտարկվեն Լենդլիզի «առևտրական շահերը»:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգում Միջազգային տնտեսական ամենամյա համաժողովն էր, որտեղ բացակայում էր Պեկինը, փոխարենը վարչապետի մակարդակով ներկա էր Հնդկաստանը: Ռուս-չինական տնտեսական համագործակցությունը փակուղում է, որ արձանագրեցին համաժողովը լուսաբանող բոլոր արտասահմանյան լրատվամիջոցները: Պատժամիջոցների առկայությամբ հանդերձ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կային, Չինաստանը չկար: Դա ո՞ւմ պարտությունն է՝ Մոսկվայի՞, թե՞ Պեկինի: Տևական ժամանակ է, որ Մոսկվան Մետաքսի մեծ ճանապարհի առաջ փակում է բոլոր դռները՝ բաց թողնելով միայն Ղազախստան-Ռուսաստան տարբերակը: Նաև դա է Մոսկվա-Թեհրան հարաբերությունների սառեցման պատճառներից մեկը: Որպեսզի Պեկինը Եվրոպա դուրս գալու համար ընտրի Մոսկվայի՞ն:

Նյութական հաշվարկներից ու տնտեսական շահավետությունից բացի՝ Մետաքսի մեծ ճանապարհը Չինաստանի համար աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական իմաստ ունի: Հարց, որ Մոսկվան ոչ մի կերպ չի լուծում Պեկինի համար, հակառակը՝ ստեղծում է պրոբլեմներ: «Շարքից հանելով» Թեհրանին՝ Մոսկվան փակում է նաև Հայաստանի Մետաքսի մեծ ճանապարհի մաս դառնալու հնարավորությունը՝ ահա ինչու վարչապետ Կարեն Կարապետյանը շատ կոնկրետ ու շատ արագ փակեց Հյուսիս-Հարավը՝ հեռանկար չտեսնելով: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով խաղից դուրս է գալիս նաև Ադրբեջանը, այսինքն՝ կոնֆլիկտը պետք է տարածաշրջանին, որ հնարավոր չլինի ինտեգրել միջազգային տնտեսական ծրագրերում՝ ինչո՞վ չինական գործոն չէ: Իսկ եթե ավելի խորանանք, բազում այլ գործոններ ի հայտ կգան, որ Մետաքսի մեծ ճանապարհը դեպի Ռուսաստան ուղղելով՝ Մոսկվան փորձում է լուծել իր խնդիրները, խեղաթյուրելով Պեկինի նախագծի բովանդակությունը: Հետևանքը դառնալու է տասնամյակների մեջ ռուսական տարածքներում չինական տնտեսական էքսպանսիան և ինքնավարության քաղաքական պահանջը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ