Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Երբ գերխնդիրը սեփական բիզնես ապագան երաշխավորելն է

Երբ գերխնդիրը սեփական բիզնես ապագան երաշխավորելն է
31.03.2017 | 10:13

Եվ այսպես, խորհրդարանական նախընտրական քարոզարշավը մոտենում է պաշտոնական ավարտին։ Ինչպես նման դեպքերում սովորաբար լինում է, ընդհանուր առմամբ տարբեր տրամադրություններ և բավականին իրարամերժ տպավորություններ կան։ Փորձագիտական շրջանակներում, իհարկե, հասկանալի է, որ առաջատար դիրքեր գրավելու համար պայքարն ընթանում է բացառապես ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև։ Սակայն շատ հարաբերական է, երբ նշում ենք, թե այդ երկու ուժերի միջև պայքարն ընթանում է հավասարը հավասարի հետ։ Հանրապետական կուսակցությունը հնարավորություն ունի խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու, քանի որ այն պահից սկսած, երբ գործի կանցնեն ռեյտինգային թեկնածուները, աշխատեցնելով իրենց բոլոր լծակները (վարչական, ֆինանսական), ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի թվացյալ հավասարությունը կտրուկ կփոխվի։

Հաշվի առնելով ռեյտինգային ցուցակներում ներառված կոնկրետ մարդկանց հնարավորությունները՝ անձնական ազդեցությունը տվյալ տարածքում, ֆինանսական կարողություններն ու վարչական լծակները, անզեն աչքով էլ երևում է, որ այդ մրցապայքարում ՀՀԿ-ն ճնշող առավելություն կարող է ունենալ։ Նույնիսկ վերջին սոցիոլոգիական հարցումները, մասնավորապես, Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ԹՃԼԿԾ) ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հենց սկսում են հաշվի առնել ռեյտինգային համակարգը, տարածքներում ուժերի հարաբերակցությունը փոխվում է, և «Հանրապետականը» անմիջապես զգալիորեն առաջ է անցնում։ Նույնիսկ ընտրություններից մեկ շաբաթ առաջ կատարված հարցումներից պարզ էր դառնում, որ ՀՀԿ-ն մոտենում է 50 տոկոսի սահմանագծին։ Եվ ուրեմն, ավելի շեշտակի է ուրվագծվում ՀՀԿ-ի՝ ապագա խորհրդարանում նույնիսկ միայնակ մեծամասնություն ձևավորելու հեռանկարը:
Իհարկե, շատերի մեջ հարց է առաջանում՝ ի՞նչ է անելու Գագիկ Ծառուկյանը, եթե իր վերջնական գրանցված տոկոսները սպասվածից զգալիորեն նվազ լինեն (ասենք՝ 20-25 տոկոսի սահմաններում)։ Ի դեպ, ակներև էր, որ նախընտրական այս ընթացքում ԲՀԿ առաջնորդը, ինչպես իրեն երբեմն բնորոշ է, այսպես ասած, «կտրվեց հողից» և սկսեց խոսել նույնիսկ բացարձակ հաղթանակի և նման բաների մասին։


Ի սկզբանե հարց էր առաջանում, թե ինչով է իրականում պայմանավորված Ծառուկյանի վերադարձը։ Բնականաբար, հասկանալի է, որ առնվազն կան ընդհանուր խաղի կանոններ, որոնք սահմանվել են Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև։ Եվ միայն այդ խաղի կանոններն անվերապահորեն ընդունելով է Ծառուկյանը մտել խաղի մեջ։ Պատահական չէ, որ ավելի ու ավելի շատ են սկսել խոսել այն մասին, թե Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև վերջինիս հատկացվող քվեների լիմիտի առնչությամբ։ Ըստ այդմ, Ծառուկյանը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ անկախ նրանից՝ ինչ տոկոսներ է հավաքելու, այնուամենայնիվ, սահմանված չափաքանակից ավելիին հավակնել չի կարող։
Ի՞նչ հարցեր է լուծում Գագիկ Ծառուկյանը, երբ համապատասխան պայմանավորվածություններով մտնում է խաղի մեջ։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Ծառուկյանն ի վերջո լուծում էր իր հիմնական խնդիրը՝ ունեցվածքի անձեռնմխելիության հարցը, ինչպես նաև իր օլիգարխիկ ազդեցությունը պահպանելու խնդիրը։ Նրա բիզնես անվտանգության երաշխավորը միշտ էլ եղել է Սերժ Սարգսյանը։ Եվ պետք է ասել, որ Սերժ Սարգսյանը, անկախ Ծառուկյանի քաղաքական խաղերից, երաշխավորել ու ապահովել է Ծառուկյանի բիզնես կայսրության անվտանգությունը։ Նույնիսկ բոլորովին նշանակություն չի ունեցել, թե պատմական տվյալ ժամանակաշրջանում նա ինչ քաղաքական ռեպերտուարով է հանդես եկել՝ որպես ՀՀԿ-ի հետ կոալիցիայի անդա՞մ, թե՞, այսպես կոչված, այլընտրանք։ Անգամ 2015 թ. փետրվարյան «բուրժուա-դեմոկրատական» սրացումներից հետո, այդ թվում՝ միջանձնային, երբ Ծառուկյանը ստիպված կատարեց Սերժ Սարգսյանի պահանջն ու հեռացավ քաղաքական դաշտից, նախագահը կրկին ապահովեց նրա անվտանգությունը։ Ավելին, այդ աջակցությունն է՛լ ավելի տեսանելի դարձավ, իսկ հարաբերությունները առերևույթ անսովոր ջերմացան: Բնականաբար «օդում կախված» Ծառուկյանի գործունեության հետ կապված հարցերն էլ կարծես մոռացվեցին:
Եթե Սերժ Սարգսյանը շարունակեր մնալ երկրի ղեկին, ապա, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը չէր էլ մտածի իրեն նեղություն տալ։ Ինչպես ինքն է ասում, «ապրում էր սպիտակ մարդու կյանքով», առանց քաղաքական թոհուբոհի ու պարտավորության, զբաղվում էր մեծ սպորտով, ընդ որում՝ շատ հաջող, ժամանակ առ ժամանակ բարեգործական ակցիաներ էր անում, որոնք խրախուսում էր հենց Սերժ Սարգսյանը։ Այդպես էլ կշարունակեր ապրել։
Այսօր, սակայն, ամեն ինչ անորոշության շղարշով է պատված։ 2018 թ. նախագահության երկրորդ շրջանն ավարտելուց հետո դեռևս անհայտ է, թե Սերժ Սարգսյանն ինչ ձևաչափով է մասնակցություն ունենալու պետական կառավարման համակարգում։ Արդյո՞ք նրա կարգավիճակն այնքան բարձր է լինելու, որպեսզի կարողանա երաշխավորել Ծառուկյանի բիզնես կայսրության կայունությունն ու անվտանգությունը։ Բնականաբար, վերջինս լուրջ անհանգստություններ ունի, թե ով է լինելու իր տնտեսական կայունության, սեփականության հաջորդ երաշխավորը։ Եվ այդ հարցում անորոշությունն ու անհանգստությունը դրդել են Ծառուկյանին նորից մտնելու մեծ քաղաքականություն, որպեսզի գոնե քաղաքական լծակներ ունենա ազդելու հաջորդ ղեկավարների վրա։ Իր հարցերը նա ցանկանում է լուծել հիմնականում նաև իր քաղաքական ազդեցությամբ, ինչպես դա արեց 2007 թվականին, երբ ստեղծվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այն ժամանակ նույնպես գրեթե նույն խնդիրն էր դրված. Ռոբերտ Քոչարյանից հետո Ծառուկյանը չգիտեր՝ արդյոք կպահպանի՞ երկրի առաջին օլիգարխի կարգավիճակը, և Սերժ Սարգսյանը կմնա՞ իր ունեցվածքի երաշխավոր։ Այդ պատճառով «Բարգավաճ Հայաստանի» գլխավորությամբ մտավ քաղաքականություն։ Սերժ Սարգսյանը համաձայնեց ստանձնելու այդ դերը և այն կատարեց անցած 10 տարիների ընթացքում։ Ամենայն հավանականությամբ, դա բխում էր նաև Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածություններից: Հիմա, ըստ էության, պատմությունը կրկնվում է։ Ծառուկյանը դարձյալ ցանկանում է մտնել քաղաքական դաշտ՝ իր ազդեցությամբ նոր սակարկություններ սկսելու արդեն նոր երաշխավորի կամ հնարավոր երաշխավորների հետ և փորձելով լուծել գոնե իր նվազագույն ծրագիրը՝ բիզնես իմպերիայի կայունությունն ու իր անվտանգության հարցերը։


Ինչևէ, այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանը ցույց է տվել, որ որոշակի, և ոչ փոքր, քաղաքական ազդեցություն, այնուամենայնիվ, ունի։ Եվ հասկանալի է, որ ընտրությունների արդյունքի առումով շատ կարևոր է լինելու ձայները հաշվարկելու գիշերը, երբ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը նորից, պատկերավոր ասած ¥կամ գուցե և ուղղակի¤, նստելու են սեղանի շուրջ և որոշելու են ձայների բաշխման սխեման։ Պարզ է, ամենայն հավանականությամբ, խոսք է լինելու այն լիմիտի մասին, որից ավելիին Ծառուկյանը հավակնել չի կարող։ Ըստ էության, հիմնական ինտրիգը հենց դա է, և իրականում դրանից է բխելու, թե քանի կուսակցություն է անցնելու խորհրդարան։ Եթե տեղի է ունենում ձայների կենտրոնացում երկու քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, ապա դրանից է կախված լինելու, թե բանակցությունների արդյունքում քանի տոկոս է ազատվելու և բաշխվելու, այսպես ասած, ոչ ընդդիմադիր ուժերի միջև։ Բանն այն է, որ իշխանությունը համարյա պարտավորված է, նաև իր առջև խնդիր է դնում համալրելու կամ ձևավորելու ընդդիմադիր դաշտը, ընդ որում՝ թե՛ քաղաքական հայտնի դեմքերով, թե՛ աշխարհաքաղաքական հանդուրժողականության ապահովմամբ։ Այս պարագայում իշխանությունն իսկապես խնդիր ունի օրենսդիր մարմին անցկացնելու ինչպես արևմտամետ որոշ ուժերի, այնպես էլ գործիչների, որոնց ավելի ձեռնտու է պահել խորհրդարանում, քան նրանց թողնել փողոցում, որտեղ նրանք կմիանան հնարավոր հետընտրական զարգացումներին, ինչի մասին անընդհատ ակնարկում է ՕՐՕ դաշինքը։ ՈՒստի ձեռնտու է, որ հնարավորինս շատ ոչ ընդդիմադիր ուժեր համալրեն խորհրդարանի ընդդիմադիր հատվածը։ Խոսվում է, որ բացի «Հանրապետականից» և «Ծառուկյան» դաշինքից, խորհրդարան անցնելու գործնական հնարավորություն ունի ևս 4 ուժ՝ «Ելքը», «Ազատ դեմոկրատները», ՀՅԴ-ն և, ամենայն հավանականությամբ, «Հայկական վերածնունդը»։ Բայց, բնականաբար, նրանցից ոչ բոլորին կհաջողվի օգտվել ընձեռված հնարավորությունից: Իհարկե, շատ է ասվում, որ իշխանությանը ձեռք կտա նաև «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն անցկացնելը, որը, ըստ էության, իշխանության փոխարեն անում է սև գործը և քարոզում է Մադրիդյան սկզբունքները՝ հասարակությանը պատրաստելով նաև դրանց ընդունման հեռանկարին։ Սակայն, այնուամենայնիվ, թե՛ սոցհարցումները, թե՛ հանդիպումների տպավորությունները ցույց են տալիս, որ ամեն գնով, այդ թվում՝ ազատագրված տարածքները հանձնելով խաղաղություն ձեռք բերելու գաղափարն առանձնապես պոպուլյար չէ հասարակության մեջ, և կարծես «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն աստիճանաբար դուրս է գալիս խորհրդարան անցնելու մրցապայքարից։ Այստեղ կարծես անկարող է «հրաշք» գործել նույնիսկ առաջին նախագահի աննախադեպ ակտիվությունը:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ