Սերժ Սարգսյանն իր նախագահական շրջանը կավարտի խոստացած 94 տոկոս տնտեսական աճի դիմաց տալով ընդամենը 18 տոկոս աճ, այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկին հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Աղքատության մակարդակը 23 տոկոսից պետք է իջներ 11 տոկոս, բայց պաշտոնական թվերով բարձրացել է 30 տոկոս, մեր տվյալներով՝ 36 տոկոս: Տասը տարում երկիրը խաղաղ պայմաններում լքել է 320 հազար մարդ: Երկրի բյուջեն դոփում է տեղում, խոսք էին տվել 3,5-4 մլրդ դոլար բյուջե, բայց մեր բյուջեն կազմում է 2,4 մլրդ դոլար և շատ չի տարբերվում տասը տարի առաջվա բյուջեից: Սակայն կա մի խայտառակ փաստ՝ երկրի պետական պարտքը 1,5 մլրդ-ից հասել է 5,2 մլրդ դոլարի, իսկ համախառն պարտքը կազմում է 8,5 մլրդ դոլար: Չնայած այդ տասը տարում երկիր է մուտք գործել 12 մլրդ դոլար փող՝ տրանսֆերտների ու վարկերի տեսքով, երկրի ՀՆԱ-ն 11,9 մլրդ դոլարից իջել է 10,6 մլրդ դոլարի: Սա կատարյալ ճգնաժամ է: Մենք գնում ենք ոչ թե մի տեղ, մենք գնում ենք հստակ պարտություն, առջևում տնտեսական կոլապսն է», հայտարարեց Բագրատյանը: Նա նշեց, որ երկրի սպառումը 10 տարիներից 7-ում եղել է ավելի, քան երկրի ՀՆԱ-ն: Այսինքն՝ պարտքով ենք ապրել: Նրա խոսքով՝ քիչ է` վատ ենք ապրում, մի հատ էլ պարտքով ենք ապրում:
«Եթե մենք այս պարտքերը հանենք, երկրի բնակչության կենսամակարդակը կիջնի երկու անգամ, աղքատությունը կաճի 2 տոկոսով: Մենք հլա մի բան էլ կոլապս կարող ենք ունենալ, ասենք՝ դեֆոլտի նման մի բան, երբ որ չենք կարա նույնիսկ զինվորի սնունդ հասցնել սահման: Ես ձեզ սա զգուշացնում եմ»,- ասաց Բագրատյանը:
Նա նշեց, որ այս պայմաններում հարց է ծագում՝ ի՞նչ մտածենք, որ մի բան անենք: Նա ասաց, որ չի տեսել, որ վերջին երեք վարչապետները լրջորեն գիտակցեն ու գիտակցում են երկրի իրավիճակը: Ըստ Բագրատյանի՝ բոլորը կարծես երջանիկ ապրում են ԵԱՏՄ-ում, բայց երբ հարցնում ես՝ հայտնի չէ, թե ինչ է սպասվում առջևում, այդպես չէ՞, պատասխանում են՝ ճիշտ ես: Հրանտ Բագրատյանը կանխատեսում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո՝ մայիս-հունիս ամիսներին Հայաստանին սպասում են նոր պարտքեր: «Իսկ այս անգամ մեզ պարտք կտա միայն Ռուսաստանը քաղաքական զիջումների, ինքնիշխանության դիմաց: Առջևում սպասվում է դա, կամ էլ մենք հունիսին պետք է հայտարարենք, որ մի շարք պարտքերի սպասարկումը դադարեցնում ենք: Դրա համար, երբ որ նայում ենք ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ծրագրերը, դրանց ծրագրերը այն չեն, թե մեկ ամիս հետո, հինգ ամիս հետո ինչ պիտի լինի: Դրանց ծրագրերը էն մասին են, թե մինչև վաղը մենք ձգելու ենք, թե չէ», ասաց նա: Այս պայմաններում, ըստ Բագրատյանի, իրենք փորձել են ստանալ մի մոդել, որի հիման վրա հաշվել են մակրոտնտեսական թվերը, թե ինչպես կարող են լարված աշխատանքի շնորհիվ երկիրը դուրս բերել այս վիճակից: