Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Երբ պատասխանատու ես երկրիդ դրոշի ու հիմնի առաջ

Երբ պատասխանատու ես  երկրիդ դրոշի ու հիմնի առաջ
25.12.2012 | 12:04

Թերթի տարեվերջյան այս համարում երևի թե ավելի կպատշաճեր ընդհանրական հայացք գցել 2012-ին հայկական սպորտի անցած ուղուն: Սակայն ի սկզբանե երեք շատ ընկալելի պատճառով հրաժարվեցինք այդ մտքից: Նախ, ողջ տարին փորձել ենք հնարավորինս ընդգրկուն անդրադառնալ հայկական սպորտի զարգացման միտումներին՝ թե՛ ձեռքբերումների, և թե՛ բացթողումների մեջ չմնալով սոսկական վիճակագիր կամ փաստ արձանագրող (կներեք, սակայն պիտի ասեմ՝ դա մեր ու մեր թերթի համեստ առավելությունն է): Երկրորդ՝ ոլորտի համար համապատասխան կառույց ունենք յուր «յուղը վրեն», նախորդի համեմատ գործից կարծես թե շատ ավելի հասկացող նախարարով. թող իմացածի չափով խոսի. առաջնայնություն չխլենք: Երրորդ՝ իսկ ո՞վ ասաց, որ եթե թիրախավորվենք մեկ կամ երկու մարզիկի վրա, ասելիքը պակաս ամփոփ կամ պակաս համապարփակ կլինի: Մանավանդ որ խոսքը երկու այնպիսի մարզիկի մասին է, ովքեր համաշխարհային սպորտում մեր լուրջ հայտը լինելու բոլոր տվյալներն ունեն (միայն թե Աստծո հովանավոր աջը շարունակի մնալ նրանց վրա): Խոսքը վերաբերում է ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանին ու Գոռ Մինասյանին՝ մեկը տասնյոթ, մյուսը՝ տասնութ տարեկան, սակայն իրենց տակավին պատանեկան հասակի մեջ արդեն իսկ լուրջ հետագիծ թողած:


ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հայթաղցի Անդրանիկ Կարապետյանն առաջին անգամ մեր տեսադաշտում հայտնվեց անցած տարվա փետրվարին` հանրապետության մեծահասակների առաջնությունում: ՈՒնենալով վաթսունչորս-վաթսունհինգ կիլոգրամ անձնական քաշ՝ նա մրցակցում էր 69 կիլոգրամայինների հետ ու երկամարտի 275 (130+145) կիլոգրամով ցույց տվեց, եթե չեմ սխալվում, չորրորդ արդյունքը: Մարզիկի լրջությունը, գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը, աչքի զարնող տեխնիկական պատրաստվածությունը, սրանց գումարած ահռելի ֆիզիկական ուժը ստիպեցին մասնագետներից հետաքրքրվել պատանյակի մասին: Հարցիս՝ ո՞վ է, պատասխանեցին, որ նախապատրաստում են մայիսին Պերուում կայանալիք ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը:
Լիմայում Անդրանիկը 62 կգ քաշային կարգում երկամարտում ցույց տվեց 255 (120+135) կգ արդյունք, վերադարձավ մեծ բրոնզե ու պոկում վարժության փոքր ոսկե մեդալներով: Ոսկին, որ ակնհայտորեն պլանավորված էր հայկական գրանցման համար, իր հետ Իրաք տարավ Կարար Մոհամեդ Կադումին (262 կգ), արծաթը բաժին հասավ ռուս Սերգեյ Պետրովին (256 կգ):
Առաջնությունում մեր մարզիկի հետ չար խաղ խաղաց հրում վարժությունը: Տասնվեցամյա պատանյակը, ով, ի դեպ, մասնակիցների մեջ ամենակրտսերն էր, երկրորդ վարժությունում կարողացավ գլխավերևում պահել միայն նախապես պատվիրած քաշը: Ասել է թե՝ ձախողեց երկու մոտեցում, այլապես… Սակայն, քանի որ այս «այլապեսը» կատեգորիա չէ, չգնանք ենթադրելիի ճանապարհով: Ռեալ փաստը մնում է երկամարտի երրորդ տեղն ու հանրապետության առաջնությունում բարձրացրած կիլոգրամների կողքին աշխարհի պատանեկանում արձանագրված ցուցանիշների անհավասարազորությունը: Այստեղ եկեք չընկնենք մանրամասների հետևից, քանզի դրանց տեղն ու ժամանակը դեռ կգան:
Օգոստոսին լեհական Չեխանովում հանդես գալով 69 կգ քաշային կարգում՝ Անդրանիկը երկամարտի 283 (130+153) կիլոգրամով դարձավ աշխարհամասի բրոնզե մեդալակիր՝ անձնական քաշի պատճառով երկրորդ տեղը զիջելով ռումինացի Ալեքսանդրու Պինտեային: Ի դեպ, արծաթյա էր պոկում վարժության նրա 130 կիլոգրամը:
«Մրցաշրջան-2012»-ը շնորհալի պատանյակի համար սկսվեց փետրվարին կայացած հանրապետության առաջնությամբ: Իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանն անձնական 70,6 կիլոգրամի պարագայում ցույց տվեց 318 (145+173) կիլոգրամ արդյունք՝ նվաճելով արծաթե մեդալ:
Միջազգային մրցահարթակում մարզիկի տարվա առաջին բեմելը Գվատեմալայում էր, մայիսին, մինչև քսան տարեկանների աշխարհի առաջնությունում: 69 կիլոգրամայինների պայքարում Անդրանիկը զարմանալիորեն թույլ հանդես եկավ՝ ցույց տալով տասներորդ արդյունքը՝ 296 (136+160): Այստեղ միջանկյալ նշենք, որ մրցումներին մարզիկը մասնակցել է՝ ունենալով 67,2 կգ անձնական քաշ: Անդրանիկի այսօրինակ ցածր արդյունքի կապակցությամբ մենք մամուլով հոդաբաշխ բացատրություն պահանջեցինք ոլորտի պատասխանատուներից՝ պայմանով՝ չլինել նաիվ ու չասել, թե մարզիկը պատրաստ չէր մրցումներին կամ այդ օրը վատառողջ էր, քանզի, եթե վատառողջ էր, ի՞նչ տրամաբանությամբ էր երրորդ մոտեցումում նրա համար պատվիրվում 174 կգ քաշ, երբ մինչ այդ հաղթահարելի էր եղել 160-կիլոգրամանոց ծանրաձողը: Ինքներդ էլ հասկանում եք, որ պատասխանը եղավ քար լռությունը: Ինչ՝ ինչ, մեր պատասխանատուները հրաշալի են տիրապետում ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս հայտնվելու պատեհության արվեստին, իսկ, անհրաժեշտությամբ պայմանավորված, որևէ մեկին փուռը տալը կամ թիկունքում թաքնվելը կատարելության հասցրած բան է նրանց մոտ:
Ինչևէ: Որ սխալն իրենը չէր, մարզիկն ապացուցեց հունիսին կայացած Հայաստանի պատանեկան առաջնությունում: Անձնական քաշի 72,5-ի պարագայում ¥ուշադրություն դարձնո՞ւմ եք մարզիկի քաշի տատանումներին¤ Անդրանիկը երկամարտում արձանագրեց 320 կգ (150+170) արդյունք: Համեմատության համար ասենք, որ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի անցած տարվա չեմպիոնն անձնական քաշի 76,63-ի պայմաններում երկամարտում ցույց է տվել 313 կիլոգրամ արդյունք:
Սեպտեմբերին Եվրոպայի պատանեկան առաջնությունում (Բուխարեստ) մարզիկն ապշեցուցիչ ելույթ ունեցավ: Երկու վարժությունում էլ մեր հրաշամանուկը, ով, ի դեպ, միանգամայն օրինաչափորեն ճանաչվել է առաջնության լավագույն մարզիկ, մրցահարթակ էր ելնում, երբ մրցակիցներն ավարտած էին լինում մրցելույթները: Երկամարտում նրա 330-ը (154+176) ամբողջ քսանութ կիլոգրամով ավելի էր երկրորդ տեղը գրաված ռուս Արտյոմ Լեֆլերի արդյունքից ¥ի դեպ, առաջին վարժության 154-ն ու երկամարտի 330-ը աշխարհի պատանեկան ռեկորդներ էին¤: Ավելին, այն տասնմեկ կիլոգրամով գերազանցում էր նաև 85 կգ քաշային կարգում հաղթած Իգոր Կոնոտոպի արդյունքը: Թող որ ավանս կա բերվելիք համեմատության մեջ, սակայն այն Ձեզ չի՞ հիշեցնում լեգենդար Յուրի Վարդանյանի փայլուն մրցելույթը Մոսկվայի օլիմպիական խաղերում: Ի դեպ, մրցակցեր մեր տղան 94 կիլոգրամայինների հետ, այդ նույն 330 կիլոգրամով կդառնար բրոնզե մեդալակիր: Այս համեմատություններն անում ենք նրա համար, որ ընթերցողը շոշափելիորեն զգա, թե ինչ տրամաչափի մարզիկ ունենք` ի դեմս այս դյուցազնի, ու ինչ բարեբախտություն էր, որ պատանեկանի մարզչականում չկրկնեցին մարզիկի քաշը գցելու երիտասարդականի մարզչականի մանկական սխալը:
Նույն այդ սեպտեմբերին Անդրանիկ Կարապետյանն ունեցավ մի նոր պոռթկում: Այս անգամ՝ աշխարհի պատանեկանում: Ինչպես եվրոպականում, այստեղ էլ նա տիրացավ առաջնության ողջ ոսկուն՝ ձեռքի հետ վերախմբագրելով պոկում վարժության (155 կգ) ու երկամարտի (331 կգ) աշխարհի իր իսկ ռեկորդները (հրում վարժությունում 176 կիլոգրամը սանձահարելուց հետո մարզիչները նրան արգելեցին երրորդ անգամ մոտենալ ծանրաձողին): Ի դեպ, այդ հրավառությունը տեղի ունեցավ հանրապետության անկախության օրը:

ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆ
2010 թվի պատանեկան օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիր Գոռ Մինասյանի աճի դինամիկան ևս սկսենք դիտարկել 2011 թվականից: Գյումրեցի այս հսկան հանրապետության մեծահասակների առաջնությունում (փետրվար) 377 (172+205) կիլոգրամով երկրորդն էր իր համաքաղաքացի Հայկ Հակոբյանից հետո:
Մայիսին Պերուում մասնակցեց պատանիների աշխարհի առաջնությանը: Նրա առավելությունը մրցակիցների նկատմամբ այնքան բացահայտ էր, որ վերջիններս դատապարտված էին միայն արծաթե և բրոնզե մեդալների համար պայքարելուն: Այստեղ Գոռի յուրաքանչյուր երկրորդ մոտեցումը ոսկյա էր: Երկամարտում մարզիկը ցույց տվեց 379 (174+205) կգ արդյունք` դառնալով ծանրամարտում առանձնակի հարգ ունեցող քաշային այս կարգի հաղթող, հողագնդի ուժեղագույն պատանի ծանրորդ: Ի դեպ, երկրորդը իրանցի Ալիռեզա Ղազեմինեջադն էր (367=166+201 կգ), այն Ալիռեզան, ով 2010-ի պատանեկան օլիմպիական խաղերում Գոռին հաղթել էր մեկ կիլոգրամի առավելությամբ: Հետաքրքրության համար հիշատակենք այդ խաղերում երկու ծանրորդների ունեցած արդյունքները` Ղազեմինեջադ` 351=155+196 կգ, Մինասյան` 350=160+190 կգ:
Մարզիկի հաջորդ միջազգայինը հուլիսին Մալայզիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունն էր: Փաստացի չունենալով վերականգնվելու կարգին ժամանակահատված (թե ի՞նչ հանգցնելու կրակ ունեինք, հայտնի է մեկ Աստծուն, մեկ էլ ոլորտի մեր պատասխանատուներին)՝ նա, լինելով մրցաշարի ամենակրտսեր մասնակիցը, ծանր մրցակցության մեջ մտավ իրանական Ալիռեզա Ղազեմինեջադ-Բահադոր Մուլաեի տանդեմի, ռուս Սերգեյ Օրեշնիկովի հետ: Պոկում վարժության 178-ը ոսկյա էր, երկամարտի 384-ը՝ փոքր-ինչ համեստ, թեպետ նախորդ մրցաշարի համեմատ դարձյալ աճ էր գրանցվել՝ 5 կիլոգրամ: Առաջնությունը մարզիկն ավարտեց չորրորդ տեղով՝ մրցանակային երրորդ տեղը տանուլ տալով անձնական քաշի պատճառով:
Օգոստոսին Գոռն արդեն Լեհաստանում էր, Եվրոպայի պատանեկանում: Այստեղ նա դրության բացահայտ տերն էր, հարթակ էր դուրս գալիս լոկ այն ժամանակ, երբ մրցակիցներն ավարտած էին լինում մրցելույթները: Չեխանովում մարզիկը ծանրաձողին մոտեցավ ընդամենը չորս անգամ: Յուրաքանչյուր երկրորդը սեփական ցուցանիշները բարելավելու համար էր: Հաղթեց երկամարտի 390 կգ արդյունքով (181+209) պոկում վարժությունում` սահմանելով Եվրոպայի ու աշխարհի պատանեկան ռեկորդ:
Մարզաձևի հանրապետության պատասխանատուների` Գոռի համար կազմած գերհագեցած մրցումային ծրագիրը մարզիկին սեպտեմբերին բերեց Բուխարեստ, որտեղ անցկացվում էր քսան ու քսաներեք տարեկանների աշխարհամասի առաջնությունը: Ռումինիայում մեր պատանին ունեցավ բացառապես արծաթե մրցելույթ (պոկում՝ 179 կգ, հրում՝ 216 կգ, երկամարտ՝ 395 կգ): Սակայն իրականում մրցակցային տարին փայլուն էր ավարտված, ու այստեղ էականը նույնիսկ նրա նվաճած մեդալներն ու տիտղոսներն էլ չէին: Ամենակարևորն այն էր, որ մրցումից մրցում Գոռը գնում էր վերընթացով, արդյունքները մշտապես բարելավելով ու դա՝ անկախ առաջնությունների միջև ընկած ժամանակահատվածի սեղմությունից, մրցակցային տարում ունեցած ծանրաբեռնվածությունից, որը, այնուամենայնիվ հարկ համարենք նկատել, հիմնավորված չէր ու ավելի շուտ հետևանք էր ում-ում ամբիցիաների բավարարման:
2012-ի առաջին իսկ մրցաշարում պատանի մարզիկը նվաճեց նոր բնագիծ: Հայաստանի առաջնությունում ցույց տվեց 411 (186+225) կիլոգրամ արդյունք՝ մուտք գործելով «400-ականների» ակումբ, նվաճելով մեծահասակների չեմպիոնի կոչումը: Երեք ամիս անց` մայիսին, մասնակցեց քսան տարեկանների աշխարհի առաջնությանը (Գվատեմալա)՝ դարձյալ լինելով մրցակիցներից ամենակրտսերը: Պոկում վարժությունում նշանառության տակ վերցված 190 կգ կշռող ծանրաձողը նրան բերեց արծաթ: Հրում վաժությունում թեպետ 230 կիլոգրամը չենթարկվեց մարզիկի կամքին ¥բավարարվեց 227 կգ բարձրացնելով՝ բրոնզե մեդալ¤, սակայն էականն այստեղ այն թիրախ ունենալն էր, որը ժամանակի մեջ լուծելիք խնդիր էր: Երկամարտի 417-ը մարզիկին բերեց առաջնության մեծ բրոնզը: Մեդալային առումով սա նախորդ տարվա երիտասարդականի համեմատ մեկ քայլ առաջ էր, իսկ բարձրացրած կիլոգրամների առումով՝ անհամեմատելի:
Տարին Գոռ Մինասյանը եզրափակեց ընթացիկ ամսում Իսրայելում կայացած քսան և քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցելով: Պոկում վարժության 191, հրում վարժության 230 ու երկամարտի 421 կիլոգրամները սահմանային նոր ցուցանիշներ էին նրա մարզական կյանքում: Ինչպես անցած տարվա բուխարեստյան համանման առաջնությունում էր, այստեղ էլ մարզիկն ունեցավ բացառապես արծաթազօծ մրցելույթ: Ճիշտ է, այստեղ էլ նա զիջեց Ռուսաստանը ներկայացնող Մահոմեդ Աբուևին, ով նրանից, ի դեպ, մեծ է երկու տարով, սակայն այս անգամ վրացի Լաշա Տալախաձեն, ով նույնպես մեծ է նրանից, մնաց մեր մարզիկի թիկունքում (սա հոգեբանական նուրբ գործոն է, այդ պատճառով ենք վրացուն հիշատակում, թե չէ մրցակիցը մրցակից է և, խոշոր հաշվով, ի՞նչ նշանակություն ունի նրա ազգությունը):


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ. Գ. Անկեղծ ասած, չգիտեմ՝ գոհացրի՞ քեզ, հարգելի ընթերցող, ու խմբագրությանը տարվա այսօրինակ ամփոփումով, թե՞ ոչ, սակայն ինքս հոգեկան բավականություն ապրեցի մեր այս պատանյակների անցած ուղին վերհիշելով, պատանյակներ, ովքեր տարիքով իրենցից շատուշատ ավագներից ավելի ավագ են իրենց հասունությամբ, լրջմտությամբ, երկրի առջև ունեցած պատասխանատվությամբ, դրոշ բարձրացնել ու հիմն հնչել տալու իրենց կարողությամբ: Շնորհավոր Ամանոր ու Սուրբ ծնունդ:

Դիտվել է՝ 3155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ